Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հերոս Հունան Ավետիսյանը կդառնար 50 տարեկան

18:46, կիրակի, 02 հունվարի, 2022 թ.
Հերոս Հունան Ավետիսյանը կդառնար 50 տարեկան
     Այսօր Արցախյան երրորդ պատերազմի հերոսամարտիկ, պահեստազորի սպա Հունան Գրիշայի Ավետիսյանը կդառնար 50 տարեկան, ով քաջաբար մարտնչել է հանուն հայրենիքի, հանուն Մաճկալաշենի հարատևման՝ զոհաբերելով սեփական կյանքը։ Այդ առիթով Արցախում գործող «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները անձամբ այցելել են հերոսի ընտանիք: Միության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել նահատակված հայորդու հիշատակին:
     «Կազմակերպության աշխատակիցները իրենց կարևորագույն առաքելությունն են համարում շարունակել մեր հերոսների կիսատ թողած գործը, մշտապես վառ պահել նրանց հիշատակն ու շարունակել նրանց պայքարը։ Հարազատներին ցանկանում ենք համբերություն ու լինել ուժեղ կյանքի այդքան ցավալի հարվածից հետո: Եկե՛ք հարգենք այն արժեքները, որոնք թողել են մեր հերոսները։ Եկե՛ք ապրենք արժանի մեր հերոսներին: Փառք ու պատիվ մեր սուրբ նահատակներին», -մեզ հետ զրույցում նշել է «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը։
     Հունան Գրիշայի Ավետիսյանը ծնվել է 1972 թվականին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում: Մասնակցել է Արցախի ազատագրմանը: 20 տարի շարունակ անմնացորդ ծառայել է հայրենիքին, մասնակցել Ապրիլյան քառօրյա պատերազմին: Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նետվել է ռազմադաշտ` պահելու հող հայրենին: Արիաբար մարտեր է մղել Վարանդայում, Մարտունու 2-րդ պաշտպանականի դիրքերում, մասնակցել հարազատ Մաճկալաշենի պաշտպանության համար մղված սուրբ պայքարին:
     Հերոս Հունան Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
     Այսօր հերոսի հիշատակին հարազատ Մաճկալաշենում միջոցառում է կազմակերպվել:
     Հավերժ փա՛ռք ու խոնարհում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
936 | 0 | 0
Facebook