Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բանաստեղծությունը ինձ համար հոգու արտահայտության միջոց է...

16:47, ուրբաթ, 15 մայիսի, 2020 թ.
Բանաստեղծությունը ինձ համար հոգու արտահայտության միջոց է...
     Թե ինչու է Լիանա Մովսեսյանը ընտրել Հայոց լեզու և գրականություն մասնագիտությունը, ինչ է բանաստեղծությունը իր համար և ինչ կարծիք ունի հեռավար դասընթացների մասին, փորձեցի պարզել նրա հետ ունեցած առցանց հարցազրույցի միջոցով։
    
     -Լիանա, ինչու՞ ընտրեցիր Հայոց լեզու և գրականություն մասնագիտությունը։
     -Դպրոցական տարիներին սիրում էի բոլոր առարկաները և դժվար էր կողմնորոշվել ապագա մասնագիտություն ընտրելու հարցում, բայց այս պարագայում մեծ էր դասավանդող ուսուցչուհուս դերը, ինչու չէ նաև ստեղծագործելուս ձրիքը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է սիրել իր լեզուն ու գրականությունը, դա հայ լինելու ինքնությունը պահպանելու միջոցներից ամենագլխավորն է։
    
     -Ի՞նչ գրքեր ես ընթերցել։ Սերդ դեպի գրականությունը ո՞ր գրողն է արթնացրել։
     -Շատ տարբեր գրքեր եմ ընթերցել ու ընթերցում` Պաուլո Կոելյո, Մարկ Արեն, Էրիխ Ֆրոմ, Վարդգես Պետրոսյան...Յուրաքանչյուրը ստեղծագործում է յուրովի։ Առհասարակ շատ եմ սիրում Համո Սահյան, Պարույր Սևակ։ Գրականության հանդեպ սերս ծնվել է հենց Սևակի ստեղծագործությունների միջոցով։
    
     -Ի՞նչ է տվել քեզ ԱրՊՀ-ն։
     -ԱրՊՀ-ի միջոցով, իհարկե, իրական սովորողի գիտելիքներն են խորացվում, մասնագիտական կարողություններով ենք զինվում, բայց իր մեծ դերն ունի նաև ինքնակրթությունը։
    
     -Ի՞նչ կարծիք ունես հեռավար դասընթացների մասին։
     -Հեռավար դասընթացներն ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Այսպես, բնականաբար, կարողանում ենք շարունակել նյութի ուսումնասիրությունը ըստ ծրագրերի, արհեստական լսարան ենք ստեղծում, փորձելով ապահովել բնականոն դասընթացը` չհաշված տեխնիկական խնդիրները։ Բայց, ըստ իս, ուսումնական գործընթացի կազմակերպումը այս եղանակով առաջ է բերում տարաբնույթ խնդրիներ։ Նախ անընդհատ կախվածություն տեխնիկական միջոցներից, մինչդեռ քարոզվում էր զերծ մնալ ճառագայթահարումներից, և հետո, տեսողական խնդիրներ, այնինչ կարելի է հանձնարարություններ տալ, իսկ քննություններին պարզ կլինի` ով ինչքանով է աշխատել։ Միևնույն է, մենք կապ պահպանում ենք դասախոսների հետ և ցանկացած հարցի դեպքում վստահ ենք, որ մեր կողքին են։ Ուղղակի ժամանակի կորուստ եմ համարում նստել և լսել դասախոսությունը, մենք հասուն մարդիկ ենք և կարող ենք ինքնուրույն սովորել, մնում է միայն պարբերաբար հանձնարարություններ տալ և վերահսկել։ Սա իմ անձնական կարծիքն է։
    

-Գիտեմ, որ ստեղծագործում ես, պատմիր դրա մասին։
     -Այո։Ստեղծագործում եմ դպրոցական տարիներից։ Իմ տարերքը չափածոն է դեռևս, չգիտեմ հետո ինչպես կստացվի։ Տպագրվել եմ «Ջրաբերդ», «Ստեփանակերտ», «Ազատ Արցախ» թերթերում, ուսանողական թերթում, մասնակցել եմ ստեղծագործական մրցույթների։ Չգիտեմ ինչու, բայց իմ բանաստեղծությունները մեծամասամբ տխուր են և հաճախ են ինձ նախատում դրա համար։ Առհասարակ գրում եմ, երբ տխուր եմ լինում, երևի դա է պատճառը։ Բանաստեղծությունը ինձ օգնում է արտահայտել մտքերս յուրովի, չգիտեմ, ես ինձ լավ եմ զգում հերթական քառատողը գրելիս։Բանաստեղծությունը ինձ համար հոգու արտահայտության միջոց է։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր անհատ իր մեջ Աստծու կողմից տրված որևէ շնորհ ունի, որն անպայման պետք է կիրառել, վեր հանել։ Ես ևս բացառություն չէի։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4138 | 0 | 0
Facebook