Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հայփոստ»-ն անիվների վրա

22:30, երեքշաբթի, 23 ապրիլի, 2013 թ.
«Հայփոստ»-ն անիվների վրա
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 23-ին մասնակցել է «Հայփոստ» ընկերության ներկայացրած «Փոստմոբիլ» նոր համակարգի գործարկմանը:
    
     «Փոստմոբիլ» -ի գաղափարն իրագործվել է «Հայփոստ» -ի գործընկերների` Իտալիայի, ՌԴ-ի և Ֆրանսիայի փոստային օպերատորների հաջողված փորձի հիման վրա: Այն փոստային բաժանմունք է անիվների վրա` հարմարեցված Հայաստանի կլիմայական և լանդշաֆտային պայմաններին: Շարժական փոստային բաժանմունքն առցանց կապով միացված կլինի գլխամասին նույն համակարգով. այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     «Փոստմոբիլ» -ը հագեցած է էլեկտրաէներգիայի գեներատորով, համակարգչային սարքավորումներով, ջեռուցման, օդորակման, ինչպես նաև անվտանգության և տեսագրման համակարգերով: Սկզբնական շրջանում «Փոստմոբիլ» -ը պարբերաբար կայցելի Արագածոտնի գյուղական համայնքներ, որտեղ փոստային ծառայությունները նախկինում անհասանելի են եղել:
    
     Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում կարևորելով «Փոստմոբիլ» համակարգի ներդրումը Հայաստանում՝ Գ. Բեգլարյանը ընդգծեց, որ այդ համակարգի գործարկումը հնարավորություն կտա փոստային ծառայությունները հարմարավետ և մատչելի դարձնել հատկապես գյուղական համայնքների բնակչության համար:
    
     «Սա այն միջոցառումներից է, որտեղ պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի մեր բնակիչների համար ապահովել ծառայությունների բարձր որակ: «Փոստմոբիլ» -ը հագեցած է բոլոր հարմարություններով: Սպասարկման որակի բարձրացման հետևանքով գնային փոփոխություններ չեն նախատեսվում», -նշել է նախարարը:
    
     «Փոստմոբիլ» -ը պարբերաբար կայցելի Հայաստանի հեռավոր գյուղական համայնքներ՝ բնակիչներին հնարավորություն ընձեռելով օգտվել միևնույն բարձրորակ ծառայություններից, որոնք առկա են քաղաքների փոստային բաժանմունքներում: Ներդրված GPS համակարգը թույլ կտա վերահսկել երթուղին գլխամասային բաժանմունքից, ինչը կհանգեցնի անվտանգության և մատուցվող ծառայությունների մակարդակի աճին:
    
     Գագիկ Բեգլարյանին ներկայացվեց նաև Ֆրանսիայից, Կորեայից և ՌԴ-ից ներկրված փոստային ծառայությունների համար նախատեսված 25 ժամանակակից ավտոմեքենաների տեխնիկական հնարավորությունները:
    
     Նոր մեքենաները վառելիքի քիչ ծախս են նախատեսում, փոստային բաժանմունքներ հասնում են ավելի արագ և անվտանգ:
    
     Նախարարը տեղեկացրեց, որ հաջորդ տարի «Հայփոստ» ընկերությունը կհամալրվի ևս 26 մեքենաներով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3716 | 0 | 0
Facebook