Շուտով օրերը կանձրևե՜ն,
Կմերկանա՜ն ծառերը,
Ու ամե՜ն ինչ կթրջեն
Աշնան խոնավ ձեռքերը:
Թեթև քամին տերև՜-տերև՜
Մեր օրերը կտանի
Դեպի սա՜ռը, անշունչ ձմեռ
Ո՜ւ…կհիշենք Տերյանին:
Պոետները լա՜ց կլինեն-
Պատուհանին սևեռված,
Չքնաղ կանայք դո՜ւրս կելնեն
Շորերի մեջ փաթաթված:
Էլ չե՜նք տեսնի Կնոջ քնքո՜ւշ
Կոր գծերը հաճելի,
… Փողոցներում շորերի կո՜ւյտ,
…Տխո՜ւր դեմքեր այրերի:
Գարունը իր բուրմո՜ւնքն ունի,
Ամառը իր կի՜րքն անեղծ,
Ձմեռն ունի ձնծաղի՜կ,
Իսկ աշո՞ւնը…բանաստեղծ:
Մի նեղացրեք բանաստեղծին,
Երբ իր աշո՜ւնն է երգում,
Երբ խոսքերով ձմռան ցրտի՜ն
Սե՜ր կամ կիրք է բորբոքում:
Բանաստեղծը մի գարո՜ւն է
Տարվա բոլոր օրերին,
Գարնան նման հեռանո՜ւմ է
Գարուն մնո՜ւմ,
Գարո՜ւն սնում սրտերին:
Շուտով օրերը կանձրևե՜ն,
Կմերկանա՜ն ծառերը,
Կրկի՜ն, կրկի՜ն գործի կանցնեն
Բանաստեղծի ձեռքերը: