Խնդրում ենք սպասել...
COMMENT.am

Հոդվածներ

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հուշագիրը (նոտա) Խորհրդային կառավարությանը

21:15, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հուշագիրը (նոտա) Խորհրդային կառավարությանը

III


     Եթե Գերմանիայում և մնացյալ Եվրոպայում Խորհրդային Միության վարած քայքայիչ քարոզչական աշխատանքը կասկած չթողեց Գերմանիայի նկատմամբ նրա դիրքորոշման առումով, ապա խորհրդային կառավարության դիրքորոշումը Գերմանիայի նկատմամբ արտաքին քաղաքական և ռազմական ոլորտներում էլ ավելի պերճախոս են: Մոսկվայում շահերի ոլորտների սահմանազատման ժամանակ խորհրդային կառավարությունը Գերմանիայի արտաքին գործերի նախարարին հայտարարեց, թե նա, բացառությամբ քայքայման գործընթացում գտնվող լեհական պետության մարզերի, մտադիր չէ ո՛չ օկուպացնել, ոչ բոլշևիկացնել, ո՛չ իրեն միացնել իր շահերի ոլորտում գտնվող պետությունները: Բայց գործնականում, ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը, Խորհրդային Միության քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված էր ընդամենը մեկ նպատակի՝ Մոսկվայի ռազմական իշխանությունը տարածել Սառուցյալ օվկիանոսից մինչև Սև ծով ընկած տարածքի վրա, ամենուր շարժվել դեպի արևմուտք, որտեղ դա հնարավոր է և հետագայում ամբողջ Եվրոպային պարտադրել բոլշևիզմը:

Կարելի է մատնանշել այս քաղաքականության խորացման հետևյալ փուլերը.

1. Ներածությունը հանդիսացել է Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի հետ փոխօգնության պայմանագրերի կնքումը 1939 թ. նոյեմբերին և այդ երկրներում ռազմական հենակետերի հաստատումը:

2. Խորհրդային հաջորդ շախմատային քայլն ուղղված էր Ֆինլանդիայի դեմ: Երբ խորհրդային պահանջները, որոնց ընդունումը խաթարելու էր ֆիննական ազատ պետության ինքնիշխանությունը, մերժվեցին Ֆինլանդիայի կառավարության կողմից, խորհրդային կառավարությունը ձևավորեց Կուզինենեի կոմունիստական կեղծ կառավարություն, և երբ ֆին ժողովուրդը հրաժարվեց որևէ առնչություն ունենալ այդ կառավարության հետ, , Ֆինլանդիային վերջնագիր ներկայացվեց, և 1939 թվականի նոյեմբերին Կարմիր բանակը ներխուժեց Ֆինլանդիա: Մարտ ամսին կնքված խորհրդա-ֆիննական հաշտությամբ Ֆինլանդիան ստիպված եղավ զիջել իր հարավարևելյան երկրամասերի մի մասը, որոնք անմիջապես բոլշևիկացման զոհ դարձան:

3.Մի քանի ամիս անց, այսինքն 1940թ. հուլիսին, Խորհրդային Միությունը գործողություն սկսեց բալթյան պետությունների դեմ: Համաձայն Մոսկովյան առաջին պայմանագրի՝ Լիտվան գերմանական շահերի ոլորտում էր լինելու: Խորհրդային Միության ցանկությամբ՝ Գերմանիայի կառավարությունը երկրորդ պայմանագրում հօգուտ Խորհրդային Միության հրաժարվեց այդ երկրի գերակշռող մասի նկատմամբ իր շահերից՝ անելով դա, ի ցավ սրտի, հանուն խաղաղության: Այդ մարզի միայն մի շերտը մնաց գերմանական շահերի ոլորտում: Հունիսի 15-ի վերջնագրից հետո ամբողջ Լիտվան, այսինքն Գերմանիայի ազդեցության ոլորտում գտնվող մասը նույնպես, առանց որևէ նախազգուշացման, գրավվեց Խորհրդային Միության կողմից, այնպես որ այդ ժամանակից ի վեր ԽՍՀՄ-ը դարձավ Արևելյան Պրուսիայի արևելյան սահմանակից: Գերմանիայի կառավարությունը դժվարին բանակցություններից հետո էլ դեռ ձգտում էր խնդրի բարեկամական կարգավորման և Լիտվայի այդ մասը տրամադրեց Խորհրդային Միությանը:

Դրանից շատ չանցած նույն եղանակով, այդ պետությունների հետ կնքած փոխօգնության մասին պայմանագրերը չարամտորեն օգտագործելու ճանապարհով, տեղի ունեցավ Լատվիայի և Էստոնիայի ռազմական օկուպացիան: Ամբողջ բալթիական երկրամասը, ի տրիտուրՄոսկվայի որոշակի հավաստիացումների, ենթարկվեց բոլևիկացման և օկուպացիայից մի քանի շաբաթ անց պարզապես զավթվեց խորհրդային կառավարության կողմից: Այս բռնակցմանը զուգահեռ Եվրոպայի դեմ սովետական դիրքերի ամբողջ հյուսիսային հատվածում տեղի ունեցավ Կարմիր բանակի մեծ կենտրոնացում:

Հարկ է ընդամենը հպանցիկ հիշեցնել այն մասին, որ այդ պետությունների հետ տնտեսական համաձայնությունները, որոնք, Մոսկվայի հետ կնքված պայմանագրի համաձայն, փոփոխության չպիտի ենթարկվեին, խորհրդային կառավարության կողմից միակողմանիորեն խախտվեցին:

4.Լեհական նախկին պետությունում շահերի սահմանազատման մասին Մոսկվայի հետ կնքված պայմանագրերով հստակ նշված էր, որ այդ սահմանմաններից դուրս ոչ մի քաղաքական քարոզչություն չպիտի տարվի, և երկու կողմի օկուպացիոն իշխանությունների գործունեությունն այդ մարզերում պետք է սահմանափակվի բացառապես խաղաղ շինարարությամբ: Գերմանիայի կառավարությունն անհերքելի ապացույցներ ունի առ այն, որ չնայած այդ համաձայնությանը, այդ մարզերի օկուպացիայից շատ չանցած Խորհրդային Միությունը ոչ միայն թույլ տվեց հակագերմանական քարոզչություն Լեհաստանի գեներալ-նահանգապետությունում, այլև աջակցեց բոլշևիկյան քարոզչության: Օկուպացիայից հետո այդ մարզերում անմիջապես ստեղծվեցին խորհրդային ուժեղ կայազորներ:

5.Դեռ այն ժամանակ, երբ գերմանական բանակն արևմուտքում պայքարում էր Ֆրանսիայի ու Անգլիայի դեմ, տեղի ունեցավ խորհրդային գործողությունը Բալկաններում: Չնայած այն բանին, որ խորհրդային կառավարությունը մոսկովյան բանակցությունների ժամանակ հայտարարեց, թե երբեք նախաձեռնություն չի ցուցաբերի բեսարաբիական հարցը լուծելու համար, բայց 1940թ. հունիսի 24-ին Գերմանիայի կառավարությունը խորհրդային կառավարությունից հաղորդում ստացավ այն մասին, որ նա որոշել է ուժով լուծել բեսարաբիական խնդիրը: Միաժամանակ հաղորդվեց, թե խորհրդային պահանջները տարածվում են նաև Բուկովինայի վրա, այսինքն այն մարզի վրա, որը պատկանում էր նախկին Ավստրիայի թագին, երբեք չէր պատկանել Ռուսաստանին և որի մասին Մոսկվայում ժամանակին երբեք չի խոսվել: Մոսկվայում Գերմանիայի դեսպանը խորհրդային կառավարությանը հայտարարեց, որ այդ որոշումը Գերմանիայի կառավարության համար կատարելապես անսպեսելի է և հանգեցնելու է Ռումինիայում Գերմանիայի տնտեսական շահերի ծանր խախտումների, ինչպես նաև խախտելու է Բուկովինայի գերմանական խոշոր բնակավայրերի կյանքի ընթացքը: Պարոն Մոլոտովը դրան պատասխանեց, թե հանգամանքը ժամանակավոր բնույթ ունի, և որ Խորհրդային Միությունը 24 ժամվա ընթացքում սպասում է Գերմանիայի կառավարության պատասխանին այդ հարցի վերաբերյալ: Չնայած այդպիսի կոպիտ գործողությանը Ռումինիայի դեմ, Գերմանիայի կառավարությունն այս անգամ էլ հանուն Խորհրդային Միության հետ խաղաղության ու բարեկամության, վարվեց ի օգուտ նրա շահերի: Գերմանիայից օգնություն խնդրող Ռումինիայի կառավարությանը նա խորհուրդ տվեց զիջել և Բեսարաբիան ու Հյուսիսային Բուկովինան հանձնել Խորհրդային Ռուսաստանին: Ռումինիայի կառավարոության դրական պատասխանի հետ Գերմանիան խորհրդային կառավարությանը փոխանցեց նաև Ռումինիայի կառավարության խնդրանքը՝ բավարար ժամանակ տրամադրել այդ խոշոր մարզերի բնակչության էվակուացիայի ու նրանց կյանքի ու գույքի ապահովման համար: Խորհրդային կառավարությունը նորից Ռումինիային վերջնագիր ներկայացրեց և դրա ժամկետի ավարտից առաջ՝ հունիսի 28-ին, սկսեց Բուկովինայի մի քանի մասերի ու ամբողջ Բեսարաբիայի օկուպացիան: Այդ մարզերն անմիջապես միացվեցին Խորհրդային Միությանը, ենթարկվեցին բոլշևիկացման և դրանով իսկ փաստորեն թալանվեցին:

Գերմանական շահերի ամբողջ ոլորտի օկուպացմամբ ու բոլշևիկացմամբ՝ խորհրդային կառավարությունը հստակ ու աներկբա գործեց մոսկովյան համաձայնություններին հակառակ: Չնայած դրան, Գերմանիայի կառավարությունը նույնիսկ այդ ժամանակ ԽՍՀՄ-ի նկատմամբ հավատարմություն պահպանեց: Գերմանիան ձեռնպահ մնաց ֆիննական պատերազմին ու բալթյան խնդրին միջամտելուց: Բեսարաբիայի խնդրում Գերմանիայի կառավարությունն աջակցեց խորհրդային կառավարությանը՝ ընդդեմ ռումինական տեսակետի և սրտի ցավով համակերպվեց խորհրդային կառավարության ստեղծած վիճակի հետ: Ավելին, երկու պետությունների միջև հնարավոր բախումը բացառելու համար, Գերմանիայի կառավարությունն իրականացրեց ԽՍՀՄ-ի զավթած տարածքներից գերմանացիների զանգվածային տեղահանությունն ու Գերմանիա տեղափոխումը: Գերմանիայի կառավարության կարծիքով՝ դժվար է գտնել սրանից ավելի լավ ապացույց ԽՍՀՄ-ի հետ խաղաղ համակեցության հասնելու մեր ձգտման մասին:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1536 | 0 | 0
Facebook