Ատամնաբուժարան NOVA DENT
Տղամարդիկ ատամի, ատամնացավի նման մի բան են, երբ ցավեցնում են, պետք է հանել- գցել: Բուժում չկա: Հանելուց էլ անզգայնացնել պետք չէ, միևնույն է անզգա են: - Ո՞ր ատամն է, սա՞: - Բժշկուհի´ ջան, կարծես բոլորն են այդ կողմում ցավում: - Չէ´, այդպես չի լինում: Լա´վ, սա´ է, տեսնում եմ: Ցավը փոխանցվում է բոլորին: Ատամնաբուժական բազկաթոռին կիսապառկած տղան բավականին հաճելի արտաքին ունի ու շատ խնամքով հագնված է: - Այսպես հետևում եք Ձեր սանրվածքին, հագուստին, իսկ ինչո՞ւ ատամներին նույն կերպ չեք հետևո՞ւմ: Պատասխանը գիտեր: Դե, տղամարդն ի՞նչ պետք է պատասխանի որ: Զբաղեցնում է մինչև ներարկելը: - Հիմա կներարկեմ, մի 10-15 րոպեից կհանենք: Սա բուժվող ատամ չէ: - Չի՞ ցավի: Ձեր անունն ինչ է՞: - Ռիտա: Մի փոքր, մի ծակոց է ընդամենը: Որ ցավի, սեղմեք բազկաթոռի թևը, լա՞վ: Երբ ասեղը մտավ լնդի մեջ, տղան ձայն արձակեց ու ակամա մի ձեռքով գրկեց Ռիտայի մեջքը: Ռիտան խիստ հայացքով նայեց… Զգաց, որ տղային չի խաբի իր խիստ հայացքը: Հաճելի էր: Վահեն պատկանում էր տղամարդկանց այն դասին, որոնց կանայք անվանում են «սրտակեր»: - Դրսում սպասեք, կկանչեմ, - հանգիստ տղայի ձեռքը պոկեց իր մեջքից, դրեց բազկաթոռի թևակին: … - Հիմա կհանեմ: Ցավ չեք զգա, խոստանում եմ: - Չէ, չեմ կարող, կարող եմ միայն այսպես, - Վահեի ձեռքը գրկեց Ռիտայի մեջքը: Դե, թո´ղ գրկի, ինչ արած: Վաղուց այսպես զգույշ մեջքս չեն գրկել: …Աքցանով պահել է հանած ատամը և նայում է տղայի շագանակագույն աչքերին: Բալզակյան տարիքի ցանկացած կին հոգով մի քիչ արկածասեր է: Թեև, ավելի ստույգ` տարիքն այստեղ կապ չունի: Ինչպես ասում են` որքան ավելանում են տարիները, այնքան կինն ավելի հստակ է գիտակցում, որ իրենից «կարգին պառավ» դուրս չի գա: - Սա իմ այցեքարտն է, երբ զգաք, որ վերքն անհանգստացնում է, զանգեք ցանկացած ժամի: Երեք ժամ հաց չուտեք: * * * Երբ Ռիտան մտավ տուն, հասկացավ, որ նա իրենից առաջ արդեն տանն է: Ամբողջ բնակարանը տակնուվրա էր: Նարեկը` թիկնած բազկաթոռին` անշարժ, դատարկ աչքերով նայում էր մի կետի: - Այս ինչ ես արե՞լ, սրիկա´: Ե՞րբ պետք է ազատվեմ քեզնից: Կյանքս կերար, բավական չէ՞: - Ասա´ փողերիդ տեղը, կգնամ: - Ես հիմա ոստիկան կկանչեմ… Նարեկը բռնեց Ռիտայի մազերից ու քաշելով` գցեց գետնին: - Դու հասկանո՞ւմ ես, ինձ փո´ղ է հարկավոր, փո´ղ: Ես չեմ դիմանում… - Չունեմ, հասկացի´ր, ինչ ունեի, տվեցի քո բուժման համար: Բոլորը քո պատճառով երես են թեքել ինձանից: Կերա´ր կյանքս, հեռացի´ր ընդմիշտ…. Նարեկը ոտքով հարվածեց փորին: Ցավում է… - Իմ վերջին ականջողերն են մնացել, վերցրո´ւ, միայն չտեսնեմ էլ քեզ, չտեսնեմ ասեղներից քրքրված թևերդ, քո հիմարացած աչքերը: Աստվա´ծ իմ, ո՞ր մեղքիս համար… Ռիտան ականջներից հանեց ականջողերն ու շպրտեց հատակին… - Սա երկու օր, բա հետո՞: Հերթական ոտքի հարվածը կպավ երեսին: Քթից ու բերանից սկսեց արյուն գալ: Հասկացավ, որ ատամներից մեկն էլ կոտրվել է: Նարեկը մոտեցավ զգեստապահարանին ու հանեց Ռիտայի միակ ձմեռային մուշտակը: - Ձմռանն ի՞նչ եմ հագնելու: Նարե´կ, մի´ արա, խնդրում եմ… Բերանը լցվող արյունը խանգարեց շարունակել: Ցավոտ է… … երբ աչք ես փակում բոլոր արարքների վրա, ներում ես, որովհետև սիրել ես: … երբ ամիսներով հիվանդանոցի դռներն ընկած համոզում ես, որ թմրամոլ չէ, այլ ժամանակավոր թուլություն է: Ու գիտես, որ խաբում ես ինքդ քեզ: … երբ Քո տղամարդուն թողած, նայում ես ուրիշի տղամարդու աչքերին: … երբ հասկանում ես, որ դարձել ես լաթե կտորներից սարքած մի տիկնիկ` ապակե աչքերով: … երբ հասկանում ես, որ քեզանով արդեն խաղացել են, էլ պետք չես ու շուտով կհայտնվես շենքի մոտ գտնվող որևէ աղբամաններից մեկում: … երբ արթուն գիշերներ լուսացնելուց հետո, նա հանկարծ առավոտյան հայտնվելով` հայտարարում է, որ զզվել է քեզնից, որ էլ իրեն չես հետաքրքրում: … երբ հասկանում ես, որ էլ չես սիրում, չես կարող սիրել, չես կարող սպասել, չես կարող նրա համար արդուկել, լվանալ, ճաշ պատրաստել: Ցավոտ է… …երբ, այն ինչ ունեիր, հիմա քեզ լքել է ու թողել օտար, անծանոթ մի աշխարհում: Ցավոտ է…որ քեզ միայնակ ես զգում: Զանգն ընդհատեց մտքերը: - Ռիտա՞: Կներեք, ուշ ժամ է, բայց ատամս, որ այսօր հանեցիք…անհանգստացնում է: - Հեռո՞ւ եք ապրում: Հեռախոսով չեմ կարող: - Ինչ-որ բա՞ն է եղել, լա՞ց եք լինում: - Չէ´, ամեն ինչ լավ է: - Ռիտա´, ասա´ հասցեդ, ես հիմա կգամ: - Գրիր … Կգա՞ս: Կկանգնես այնպես, որ կարողանամ աջ ձեռքով հենվել ձեռքիդ ու ձախով ձեռքով հագցնեմ ոտքիցս դուրս եկած կոշիկը: Կգա՞ս, որ մեջս կուտակված հոգատարության ներուժն ինձ չայրի: Կգա՞ս, որ սև օրերս քո ներկայությունից ամաչեն ու դառնան ճերմակ հեքիաթներ: Ես կսպասե~մ… Ս.Ումառ-Հարությունյան |