Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սարյանի այգու լուսավոր դեմքը

14:19, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Սարյանի այգու լուսավոր դեմքը


     Նստած էի Սարյանի այգում, երբ հանկարծ մի առույգ ձայն լսեցի.
    
     - «Բրյուսովցիների տեղն ես նստել, գիտե ՞ս» . -Վարպետ Արայիկն էր:

- «Նկարիչներին դժվար է հասկանալ, մանավանդ, եթե արվեստի հետ կապ չունես: Զրուցելով նրանցից շատերի հետ` խենթի տպավորություն կստանաս, տարբերվում են, դա փաստ է»:
     Այս ամենը ասելուց հետո վարպետը ժպտում էր, կարծես ցանկանալով ասել. - «Ես էլ նրանցից մեկն եմ և ընդունում եմ իմ տարօրինակ լինելը»:

62-ամյա Արայիկ Հովհաննիսյանը արդեն 40 տարուց ավել նկարում է, բայց երբեք չի հոգնում, հակառակը` ամեն նկար նկարելուց հետո իրեն պարուրում է մի նոր հոգեվիճակ, անփոխարինելի մի գոհունակություն: Նկարելու հետ զուգահեռ ուսում է ստացել` մեկնել է ԱՄՆ, այնտեղ 3 տարի սովորել փիլիսոփայություն և հոգեբանություն:
     - «Մարդ պետք է անընդհատ կրթվի ու զարգանա, չսահմանափակվի իր տաղանդով: Ես էլ երևի նկարիչ փիլիսոփա եմ, մի քիչ էլ հոգեբան»:
     Նկարիչը յուրահատուկ վերաբերմունք ունի օտար լեզուների հանդեպ:
     - «Թոռնիկս 3-րդ դասարանում է սովորում և հիանալի տիրապետում է 3 լեզուների» ․- ասում է պարոն Արայիկը:
     - «Ես շատ երկրներում եմ եղել և իմ հայերենով ու ռուսերենով հազիվ էի շփվում մարդկանց հետ: Կարողացել եմ մի կերպ բացատրել և հասկանալ որոշ բաներ, բայց ինչ վատ կլիներ եթե ազատ խոսեի տարբեր լեզուներով: Ես ամեն ինչ արել եմ, որ իմ երեխաները շատ լեզուների տիրապետեն և հիմա էլ նույնը թոռնիկներիս եմ հորդորում»:
     Կողմ լինելով 6-7 լեզու իմանալուն, չի ընդունում այն մարդկանց, ովքեր առաջին հնարավորության դեպքում լքում են Հայաստանը:
    
     Ինքն էլ բազմաթիվ հնարավորություններ է ունեցել բնակվելու օտար երկրներում՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում.
     - «Ապրել եմ այնպես, ինչպես ինքս եմ ուզել, ունեցել եմ այն, ինչի ձգտել եմ: Եղել եմ շատ երկրներում, բայց Հայաստանի նմանը դեռ չեմ հանդիպել»:
     Ամեն նոր երկիր գնալիս նոր ստեղծագործական զգացողություններ ու մտքեր է ունենում: Սա է պատճառը, որ հաճախակի է ճանապարհորդում: Եվրոպական երկրներից միայն Գերմանիայում չի եղել, և դա շեշտելիս չգիտեմ նրա աչքերում ավելի շատ գերակշռում էր ափսոսանքը, թե՞ գնալու ցանկությունը: Առանձնահատուկ վերաբերմունքով է խոսում Սերբիայի եւ Ռուսաստանի մասին:
     - «Այնտեղ մարդիկ պարզ են, հասարակ: Այն են ինչ կան, հետին միտք չունեն, կարծում եմ այս երկրներ այցելելուց հետո մարդկանց սկսեցի այլ կերպ պատկերել», - ասում է նա:

Շատ բաներ չի սիրում հայերի մեջ, հաճախ է վիրավորվում այգու այցելուներից: Ասում է, որ առանց նկարների հանդեպ որևէ հետաքրքրություն ունենալու մոտենում և անիմաստ մեկնաբանություններ են անում: Նեղանում է, զայրանում, բայց ամեն կերպ փորձում է համակերպվել: Այստեղ է նրա կյանքի շարունակությունը: Նա այստեղ զբաղվում է իր սիրած գործով, ունի սաներ ՝որոնց սովորեցնում է առավելագույնը, ինչքան որ ժամանակը ներում է: Ամեն առավոտ գալիս է Սարյանի այգի, դասավորում նկարները նույն հերթականությամբ և սպասում հաջորդ գնորդին: Այգի բացի գնորդներից երբեմն գալիս են նաև ծնողներ, խոսելով իրենց փոքրիկների տաղանդի մասին` վարպետին խնդրում են ուսուցանել: Այդպիսի մի դեպքի ժամանակ վարպետ Արայիկը ծնողից հարցրել է` ինչպիսի նկարիչ է ուզում դառնալ նրա որդին. - «Ուզում եք ձեր որդուն սովորեցնեմ բիզնե՞ս, թե՞ արվեստ» ։

Կինն առանց հապաղելու ընտրել է առաջին տարբերակը:

- «Հիմա ժամանակները փոխվել են. նկարիչները գործերի մեջ հոգի չեն դնում: Ավելի շատ նկարում են բիզնեսի, օրվա հաց վաստակելու համար»:

Կան փոքրիկներ էլ, ովքեր ունեն նկարելու ձիրք, տաղանդ, բայց ներկեր ու համապատասխան իրեր չեն կարողանում գնել և դուրս են գալիս նկարչությունից: Վարպետը հաճախ փորձում է օգնել նրանց ինչով կարողանում է, իր հնարավորությունն էլ այդքան չի ներում: Շատ հաճախ իր նկարների հետ վաճառում է նաև իր աշակերտների նկարներից: Ըստ նրա դա ոգևորում է սաներին: Երբեք չի ափսոսում վաճառել իր գործերը: Ասում է, որ չի հասկանում այն արվեստագետներին, որոնք նկարները պահում են իրենց արվեստանոցում, կամ էլ տասնամյակը մեկ ցուցահանդեսների են ներկայանում: Նա գտնում է, որ յուրաքանչյուր նկար իր տերն ունի: Որքան էլ անսովոր թվա, պարոն Արայիկը չի սիրում աշխատել իր արվեստանոցում.
     - «Գուցե տարօրինակ է, բայց իմ բոլոր ստացված կտավները ստեղծվել են որևէ բազմամարդ վայրում, շատերն էլ հենց այս այգում: Երևի Սարյանն է ոգեշնչում» . - կատակում է նկարիչը:
    
     Ինչպես ամեն օրվա վերջում այսօր էլ Պարոն Արայիկը խնամքով հավաքեց կտավները, ներկերը, դրեց գլխարկն ու մի քանի ջամով հրաժեշտ տվեց Սարյանին: Վաղ առավոտյան վերադառնալու է այլ կերպ լինել չի կարող:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3185 | 0 | 0
Facebook