Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ ԿԱ ՄԻ ԲԱՑ ՏԵՂ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԼՑՆԵԼ ԲԱՐԻՆ ԳՈՐԾԵԼՈՎ

14:35, ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ.
ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ ԿԱ ՄԻ ԲԱՑ ՏԵՂ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ԼՑՆԵԼ ԲԱՐԻՆ ԳՈՐԾԵԼՈՎ

Անտարբերությունախտ, որը բաժանում է սրտեր, քանդում ընտանիքներ և խեղում ճակատագրեր: Մի հիվանդություն, որը բույն դնելով մեր կյանքում քայքայում է այն հիմնովին:

Շատ հասարակություններ արդեն հասցրել են քաղել անտարբերության դառը պտուղները:

Որքանո՞վ է անտարբերությունն իր կործանարար ազդեցությունն ունեցել մեր հասարակությունում:

Այս հարցի պատասխանը ստանալու համար որոշեցինք զրուցել այնպիսի անհատի հետ, ով իր գործի բերումով առնչվում է հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ:

Իմ զրուցակիցն է ՛՛Հայ մայրեր՛՛ բարեգործական-հասարակական կազմակերպության անդամ Մենուհի Հովսեփյանը:


    

-Արմինե, Ձեզ մայրաքաղաքի տարբեր հատվածներում կարող են տեսնել ՛՛Հայ մայրեր՛՛ բարեգործական կազմակերպության անունից դրամահավաք իրականացնելիս: Կմանրամասնե՞ք մի փոքր:

-Այո, իհարկե: ՛՛Հայ մայրեր՛՛-ը, ինչպես նշեցիք, բարեգործական-հասարակական կազմակերպություն է, որի հիմնական նպատակը մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների բուժումն ապահովելն է: Հկ-ն գործում է բարերարների ֆինանսավորմամբ, բայց մի քանի ամիս է կազմակերպվում են նաև դրամահավաքներ, որոնք ևս լրացնում են բուժման ծախսերը: Ստացված գումարով կազմակերպվում են ջրային, ձիարշավարանային և այլ թերապիաներ:


    

-Այսինքն՝ մանկական ուղեղային կաթված ունեցող բոլոր երեխաները կարող են գալ և ստանալ համապատասխան բուժո՞ւմ:

-Այո, միանշանակ, չնայած քանի որ հկ-ն բարեգործական է և թերապիաներն ու վարժություններն անվճար են իրականացվում, հիմնականում շեշտը դնում ենք անապահով ընտանիքների երեխաների վրա, այսինքն, նրանց, ում ծնողները բավարար ֆինանս չունեն բուժման ծախսերը հոգալու համար:


    

-Ի՞նչը դրդեց Ձեզ կամավոր դառնալ:

-Երևի թե ճիշտ կլինի ասել մարդկանց օգնելու ներքին մղումը: Ամեն մարդու մեջ կա մի բաց տեղ, որը պետք է լցնել բարին գործելով:

Շատ ցավալի է տեսնել հաշմանդամություն ունեցող երեխաների, բայց միանշանակ անպատմելի է այն, երբ հաշմանդամություն ունեցող երեխան բուժումից հետո վերականգնվում է և անգամ կարողանում դպրոց հաճախել: Հրաշալի է տեսնել այն ահռելի աշխատանքը, որ տարվում է նրանց հետ, մանավանդ երբ ինքդ էլ ինչ-որ կերպ ներդրում ես ունենում այդ գործում:


    

-Այնպես է ստացվել, որ առնչվել եք հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Ինչպիսի՞ վերաբերմունք ունեն մարդիկ:

-Այնքան տարբեր և հակասական են մարդկանց արձագանքներն ու վերաբերմունքը: Արհամարանք և անտարբերություն ես ստանում մարդկանցից, ումից չէիր սպասում՝ հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, և հակառակը: Իրոք որ սա այն հարցն է, երբ ընդամենը մարդու մեկ հայացքը, վերաբերմունքը և արարքը ամբողջությամբ նրա ներսի մարդու հայելային անդրադարձն են: Բայց, փառք Աստծուն, մարդկանց կարելի է ասել մեծամասնության կողմից ծրագիրը հավանության արժանացավ: Կային սրտացավ մարդիկ, ովքեր անգամ միացան ծրագրին:


    

-Արմինե, հետաքրքիր է՝ հիմնականում ովքե՞ր են սրտացավ և ովքե՞ր՝ անտարբեր:

-Ամենազարմանալին հենց սա էր: Հիմնականում ծրագրին իրենց ներդրումն էին ունենում երիտասարդ տղաները, հասուն տղամարդիկ, ծեր կանայք և երիտասարդ մայրերը: Եվ որքան էլ զարմանալի է՝ մեծ մասամբ սառը անտարբերության ՛՛էինք արժանանում՛՛ հիմնականում երիտասարդ աղջիկների, միջին տարիքի կանանց կողմից: Իրականում ցավալի է, երբ իգական սեռի ներկայացուցիչը մանավանդ երիտասարդ աղջիկը, ով պոտենցիալ մայր է, կարող է լինել այդքան անտարբեր:

Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ նշածս սեռատարիքային խմբերում բնականաբար բացառություններ լինում էին:


    

-Ի մի բերելով Ձեր իսկ ներկայացրած տվյալները՝ ինչպես կգնահատեք տիրող իրավիճակը:

-Այս վերջին մեկ տրվա ընթացքում ես բավականին շատ եմ նկատել, որ մանավանդ երիտասարդների շրջանում բարեգործություն կատարելու ցանկությունը գնալով մեծանում է: Կազմակերպվում են բազում միջոցառումներ, ակցիաներ, որոնց շրջանակներում նրաք օգնում են անապահով ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց և այլն: Եթե հաշվի չառնենք այն աճող անտարբերությունը, որը կա հասարակության մեծամասնության մոտ, ապա պետք է ասեմ, որ երիտասարդների շրջանում ակտիվություն է նկատվում:


    

-Ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է հաղթահարել անտարբերությունը:

-Անտարբերությոանը կարելի է հաղթել միայն ու միայն սիրով. չէ՞ որ Աստված էլ անտարբեր չգտնվեց և Իր Միածին Որդուն մեզ համար զոհեց: Մենք, որպես քրիստոնյա ժողովուրդ, չպետք է մոռանանք, թե ինչ է իրենից ներկայացնում քրիստոնեությունը: Իսկ քրիստոնեությունը հենց Աստծո սիրո դրսևորումն է: Մենք էլ պետք է այդ սիրուց դրդվելով հոգանք մեկս մյուսի կարիքը: Եվ հենց սա էլ կօգնի անտարբերությունը փոխարինել սիրով:


    

-Եվ վերջում կցանկանայի պատմեիք մեկ-երկու հետաքրքիր դեպք, որոնք Ձեզ վրա մեծ տպավորություն թողեցին դրամահավաքի շրջանակներում:

-Առաջին պատմությունը, որով կուզեի կիսվել կապված է երեխաների հետ: Մեկ անգամ երեխաների մի խումբ, ինչպես հասկացա համադասարանցիներ էին, որոշեցին օգնել մեզ, երբ իմացան ում է ուղղված դրամահավաքը: Նրանք բոլորով որոշակի գումար հավաքեցին և միասին հանգանակեցին: Սա ինձ մոտ շատ ուժեղ տպավորություն թողեց: Բայց ինձ համար ավելի տիպական ու հզոր էր այն, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին օգնում էին նաև հենց հաշմանդամություն ունեցող մարդիկ: Նրանք գումար էին հավաքում և գրեթե միշտ բերում էին ու նվիրաբերում: Սա իրոք շատ, անչափ տպավորիչ էր ինձ համար:


    

***

Անտարբերությունը նման է լճացած և չհոսող ջրի, սկզբում ամեն բան կարծես թե նորմալ է: Բայց երբ սկսվում են երևան գալ այդ ՛՛լճացած, չհոսող ջրի՛՛ դառը հետևանքները, հասցված վնասները ցավոտ են լինում, բայց շատ հաճախ՝ նաև անդառնալի…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2924 | 0 | 0
Facebook