Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ազատ Ասոյան

20:40, շաբաթ, 13 մայիսի, 2017 թ.
Ազատ Ասոյան
     Ազատ Ասոյանը ծնվել է 1994 թվականին Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում: Ասոյանների ընտանիքի երկու արու զավակները ծնվել էին նույն օրը (հուլիսի 26)` մի քանի տարվա տարբերությամբ: Ազատն ընտանիքի անդրանիկ զավակն էր: Նա դեռ մանկությունից սիրում էր այն ամենը, ինչ շրջապատում էր իրեն՝ տունը, խաղալիքները, դասագրքերը, հայրենիքը: Նա միշտ առանձնանում էր շրջապատում իր էներգիայով և մյուսների նկատմամբ դրական վերաբերմունքով:
     Ավարտելով դպրոցը՝ Ազատն ընդունվել էր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և ուսումնառության ընթացքում զորակոչվել էր բանակ: Կրթությանը զուգահեռ՝ Ազատը սիրում էր զբաղվել սպորտով:
     Ազատն առանձնակի ակնածանք էր տածում մեր բանակի նկատմամբ:
     «Բանակ՝ այս բառի մեջ այնքան իմաստ կա, որ սկսեմ բացատրել, չեմ ավարտի» , -կարդում ենք հերոսի երկտողերից մեկում: Նա իր պարտքն էր համարում հայոց սահմանները պաշտպանելը և սիրում էր կրկնել՝ «Այնպես պետք է ծառայեմ, որ զորամասում ինձնից հետո շատ խոսեն»: Հիշելով որդու այս խոսքերը՝հերոսի մայրը՝Մանուշակ Բալյանը, խորհուրդ է տալիս այսօրվա երիտասարդներին չվախենալ հայրենիքի սահմանը պաշտպանելուց:
     «Երբ ծառայության ընթացքում Ազատն արձակուրդ էր գալիս, օրերն էր հաշվում, թե երբ պետք է զորամաս վերադառնա, կարոտում էր Արցախը, անտառները, Եղնիկները» , -հիշում է հայրը՝Արթուր Ասոյանը: Ընկերները նույնպես հիշում են, որ Ազատը բնության մարդ էր, բնության մեջ իրեն ներդաշնակ էր զգում:
     «Բարձրանում եմ սահմանը պաշտպանելու...լավ մնացեք»:
     -Սա Ազատի վերջին հրապարակային գրառումն էր...
     Ազատը զոհվեց 2014թվականի հուլիսի 31-ին Մարտակերտի շրջանում՝ թշնամու հատուկ նշանակության դիվերսիոն խմբի ներթապանցման փորձը կասեցնելիս: Ազատը ծանր վիրավորում էր ստացել բայց մինչև վերջին շունչը կռվել էր հանուն հայրենիքի, հանուն ընկերների: Ազատի աչալրջության և քաջության շնորհիվ տապալվել էր անզեն հայ դիրքապահներին գերեվարելու թշնամու փորձը:
     Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության, նվիրումի և ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար Ազատ Արթուրի Ասոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» (2014թ․օգոստոսի 2), «Երախտագիտություն» (2015թ․մայիսի 9), «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով։
     Ազատը ցանկանում էր ամուսնանալ, որդի ունենալ և նրան Նարեկ կոչել: Ազատի զոհվելուց 1 տարի անց՝ 2015թվականի հուլիսի 7-ին, հերոսի մայրը լույս աշխարհ բերեց երրորդ զավակին ում ծնողները Նարեկ կոչեցին։
    
     Ազատը միշտ եղել է, կա ու կմնա մեր սրտերում...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
1
11027 | 1 | 1
Facebook