Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թաջ Մահալ

Աննա Աննա
Հեղինակ`
Աննա Աննա
11:36, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Թաջ Մահալ

Թաջ Մահալը (հնդկերեն՝ ताज महल; պարսկերեն՝ تاج محل) դամբարան Ագրա քաղաքում՝ Հնդկաստանում, Ջամնա գետի ափին: կառուցվել է Շահ Ջահան մուղալ կայսեր կողմից իր ամենասիրած կնոջ՝ Մումթազ Մահալի համար, որը մահացել էր 14-րդ երեխային լույս աշխարհ բերելուց: հետագայում այստեղ է թաղվել նաև ինքը՝ Շահ Ջահանը։

Թաջ Մահալը (որին կարճ անվանում են նաև պարզապես «Թաջ») համարվում է մողոլական ճարտարապետության եզակի ու փայլուն նմուշը, որն իր մեջ միաձուլում է պարսկական, հնդկական և իսլամական ճարտարապետության տարրեր: 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է այս տաճարը որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ: Թաջ Մահալը հինգ գմբեթներով շենք է, բարձրությունը մոտ 74 մետր է՝ անկյուններում 4 մինարեթով (մզկիթներին կից աշտարակով, որի վրա բարձրանում են մոլլաները և բարձր երգաձայն աղոթքով հավատացյալներին աղոթքի հրավիրում): Մինարեթների բարձրությունը 42մ է։ Մինարեթները փոքր-ինչ թեք են կառուցված, որպեսզի քանդվելու դեպքում չվնասեն տաճարը։ Թաջ Մահալն ամբողջությամբ կառուցված է ձյունասպիտակ մարմարից։ Ողջ շինությունը դրվագազարդված է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից պատրաստված ծաղիկներով, տերևներով, ինչպես նաև Ղուրանի որոշ սուրահներով։ Կոթողի գեղեցկությունը լրացնում է կից, կանոնավոր հատակագծով պարտեզը: Թաջ Մահալի կառուցման համար անհրաժեշտ նյութերը մատակարարվում էին ոչ միայն Հնդկաստանից, այլ նաև ասիական շատ երկրներից: Աշխատանքների վայր դրանք հասցնելու համար օգտագործվել են հազարից ավելի փղեր: Կիսաթափանցիկ սպիտակ մարմարը հիմնականում բերվում էր Հնդկաստանի Մակրանա քաղաքից ու Ռաջաստան նահանգից, հասպիսը՝ Պենջաբ նահանգից, ժադեիտը՝ Չինաստանից, փիրուզը՝ Տիբեթից, լազուրիտը՝ Աֆղանստանից, շափյուղան՝ Շրի Լանկայից, և այդպես շարունակ: Ընդհանուր առմամբ համալիրի կառուցման համար օգտագործվել են 28 տեսակի թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, որոնք, հիմնականում, ձուլվել են բուն հիմքին՝ սպիտակ մարմարին: Ներքին պատերից շատերը զարդարված են ծաղիկների, մրգերի ու այլ պատկերների նուրբ զարդանախշերով: Այն դարպասի վրա, որով այցելուները մտնում են համալիրի գլխավոր այգին, կարելի է կարդալ Ղուրանից մի քանի տող: Թաջ Մահալի դիմաց տեղադրված հսկայան լողավազանը արտացոլում է դամբարանը: Կառուցման աշխատանքները սկսվել են մոտավորապես 1632 թվականին և ավարտվել 1653 թվականին։ Շինարարությանը մասնակցել են ավելի քան 22 000 վարպետ։ Թաջ Մահալի շուրջ հյուսված ամենահայտնի լեգենդներից մեկի համաձայն Յամունա գետի մյուս ափին՝ Թաջ Մահալի դիմաց, Շահ Ջահանը մտադիր էր մեկ այլ դամբարան կառուցել։ Դա էլ իր համար, որը պետք է լիներ սև մարմարից։ Երկու դամբարանները պետք է միմյանց միանային մոխրագույն մարմարից կառուցված կամրջով։ Սակայն նրա որդին՝ Ջահանգիրը, որին արդեն հոգնեցրել էին հոր անտեղի հսկայական ծախսերը, Շահ Ջահանին գահընկեց է անում և տնային կալանքի տակ առնում իր պալատում։ Շահ Ջահանի մահից հետո նրան թաղում են նույն դամբարանում՝ իր սիրած կնոջ կողքին։Ըստ մեկ այլ լեգենդի՝ համալիրի կառուցման աշխատանքներին մասնակցած վարպետների մեծամասնությունը Շահ Ջահանի հրամանով դաժանորեն սպանվել են, սակայն այս տեղեկությունը հաստատող ոչ մի փաստ գոյություն չունի: Ավելի ճշմարտացի է հնչում այն, որ նրանք բոլորը հատուկ փաստաթղթով պարտավորվել են երբեք այլևս ոչ մի տեղ նմանատիպ շինություն չկառուցել: Արգելվում է ինքնաթիռով թռչել Թաջ Մահալի վրայով։ Թաջ Մահալը Հնդկաստանի ամենաայցելվող վայրերից է. տարեկան 3-ից 5 միլիոն մարդ է այցելում դամբարան, որոնցից մոտ 200 000-ը՝ զբոսաշրջիկ: 2007 թվականին Թաջ Մահալը ներառվել է Աշխարհի նոր յոթ հրաշալիքների շարքում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11405 | 0 | 0
Facebook