Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Սուրբ Զատիկ

Աննա Աննա
Հեղինակ`
Աննա Աննա
10:36, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
Սուրբ Զատիկ

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (եբր.՝ פסח ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha, ), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...» ։Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Սուրբ Զատիկ Ավանդույթներ

Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս» ։

Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում էին թարխունով, աղով և լավաշով։

Աղբյուրը` Սուրբ Զատիկ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
28348 | 0 | 0
Facebook