Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴԱՎԱՆԱՆՔԸ՝ ԷՋՄԻԱԾՆԱԿԱՆ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
14:53, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
ԴԱՎԱՆԱՆՔԸ՝ ԷՋՄԻԱԾՆԱԿԱՆ

Սուրբ Էջմիածնի Մատենադարան այցելելուց ընդամենը մի քանի րոպեների ընթացքին պատիվ ունեցա նվիրառուն լինել համեստ մի գոհարի: Արարատ քահանա Պողոսյանի աշխատասիրությամբ հրատարակված «Հայ Եկեղեցու Սուրբ Կաթողիկոսները» գրքույկն իր տեսակով առաջին պատմական ակնարկն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբադասված կաթողիկոսների կյանքի և գործքի մասին:

Տասներկու սրբադասված կաթողիկոսների մասին հավաքական այս պատումը ընթերցողի մեջ ձևավորում է մի համայնապատկեր, ուր տարբեր ժամանակներ գահակալած մեր սրբերը երևում են մի լուսապսակով՝ խորը դիվանագետներ, մեծ հայրենասերներ ու անմնացորդ նվիրյալներ:

Մեր ձեռագիր մատյանների ու ծաղկած մագաղաթների շարունակությունն է Արարատ քահանա Պողոսյանի վարքը, որը վկայությունն է նաև մեր լուսեղեն գրիչների առաքելության շարունակության: Աշխարհում որևէ բան պատահական չէ… և մի քանի րոպեների իմ կարճատև զրույցը Տեր հոր հետ մեկ անգամ ևս վավերագրեց, որ գաղտնի մի գիտությամբ մեր ձեռագիր մատյանների ու ծաղկած մագաղաթների զորությունը բանավոր թե գրավոր փոխանցվում է Հայ Սուրբ Եկեղեցու այսօրվա ծառայողներին, ովքեր անսասան են պահում մեր հավատի վեմը. Սբ. Թադեոս և Սբ.Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում և նահատակությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Պարթև, Սբ.Արիստակես Ա Պարթև, Սբ. Վրթանես Ա Պարթև, Սբ. Հուսիկ Ա Պարթև, Սբ. Ներսես Ա Պարթև, Սբ. Սահակ Ա Պարթև, Սբ.Հովսեփ Ա Հողոցմեցի, Սբ. Գյուտ Ա Արահեզացի, Սբ. Հովհան Ա Մանդակունի, Սբ. Հովհան Գ Օձնեցի, Սբ. Ներսես Դ Շնորհալի, Սբ. Մովսես Գ Տաթևացի. Կաթողիկոսների անունների զուտ թվարկությունն այլևս պարտավորեցնում է Հայ Առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հավատավորի՝ ակնածանքով և անսահման սիրով ապավինելու ոչ միայն անցյալի, այլ նաև Հայ Եկեղեցու մերօրյա քահանայական դասին՝ ի մասնավորի Սբ. Էջմիածնի մատենադարանի տնօրեն

Արարատ քահանա Պողոսյանի: Նրանց անպաճույճ ծառայությունն է, որ պահում է ժողովուրդ-եկեղեցի կտրված երակը՝ յուրաքանչյուրիս հաղորդակից դարձնելով մեր հավատի անսասան ուժին:
    
    

Հասմիկ Մելքոնյան Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6760 | 0 | 0
Facebook