Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը խանգարում է ավիատոմսերի գինը

21:59, հինգշաբթի, 04 մայիսի, 2017 թ.
Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը խանգարում է ավիատոմսերի գինը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական աշխարհագրական» նախագծի ղեկավար Տիգրան Շահբազյանը նշեց, որ նախագիծը փորձում է տուրիզմի միջոցով բացահայտել Հայաստանի աշխարհագրական տեղերը, անհայտ վայրերն ավելի գովազդել, որպեսզի ավելի շատ տուրիստական հոսքեր ապահովեն նաև այդ ուղղություններով:

Նրա խոսքով, Հայաստանում տուրիզմով զբաղվողները հիմնականում այցելուներին տանում են եկեղեցիներ, մշակութային այլ հուշարձաններ, իսկ իրենց նպատակն է ներկայացնել շատերին անհայտ լեռները, ձորերը, որտեղ նույնպես շատ են հուշարձանները:

«Մարդկանց հետաքրքրում է նոր վայրեր գնալը: Հիմնականում աշխատում ենք հայ զբոսաշրջիկների հետ, չնայած դրսից հետաքրքրվողներ էլ կան: Որոշ տուրօպերատորների հետ համագործակցում ենք, բայց քանի որ Հայաստան զբոսաշրջիկը սովորաբար մեկ անգամ է գալիս, այդ մեկ անգամն ուզում է լինել ամենահայտնի վայրերում՝ Տաթև, Նորավանք, Հաղպատ, Հաղարծին և այլն: Բայց արդեն երկրորդ անգամ գալու դեպքում մենք նրանց առաջարկելու ուղղություններ

«Տրանսկովկասյան Արահետ զբոսաշրջության աջակցման» ՀԿ նախագահ Վահագն Վարդումյանն ասաց, որ իրենց հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծել արահետներ. «Կազմակերպությունը պետք է մի բան անի, որ Հայաստանում կազմակերպված ձևով չի արվել՝ արահետի կառուցում: Պետք է հարդարենք, տեսքի բերենք արահետները, բարեկարգենք վտանգավոր հանգույցները, բայց այնպես, որ բնությունն ընդհանրապես չվնասվի: Տուրիստը մեր արած աշխատանքը չպետք է նկատի: Բավական ծախսատար աշխատանք է, փորձում ենք հնարավորինս ներառել տեղի բնակչությանը, ունենք աջակիցներ»:

Հայաստանի տարածքում ստեղծվելիք արահետը, նրա ներկայացմամբ, պետք է ձգվի հյուսիսից հարավ՝ լեռներով, տեղ-տեղ նաև գյուղերով անցնի, «Դիլիջան» ազգային պարկում պետք է ունենանք 5-7-օրյա անդադար արահետ՝ իր վրանատեղերով, գյուղերում մնալու հնարավորություններով:

Վարդումյանն ասաց, որ այս ուղղությունը զարգացնելու դեպքում նոր տեսակի զբոսաշրջիկներ կարող են բերել Հայաստան: Նա նաև նշեց, որ էկոտուրիզմի զարգացման համար բնությունը հետաքրքիր պետք է լինի:

«Անընդհատ անտառահատումների մասին ենք լսում: Այդ վիճակը պետք է փոխվի: Հեռանկար չկա՝ առանց բնության», - հավելեց նա:

Խոսելով Հայաստանում այլընտրանքային տուրիզմի զարգացման հեռանկարներից, ասուլիսին ներկա արկածային տուրիզմի մասնագետ, լեռնային ուղեկցորդ Գոռ Հովհաննիսյանն ասաց, որ տուրիստական մշակույթի, ենթակառուցվածքների պակաս կա:

«Արկածային տուրիզում շատ մեծ դեր ունի անվտանգության կազմակերպումը: Շատ զարգացած երկրներից այստեղ եկող տուրիստական կազմակերպությունները, որոնք նպատակ ունեն ուսումնասիրել մեր հնարավորությունները, մեծ խմբեր բերել, տեսնում են, որ մենք չունենք միջազգային չափանիշներին համապատասխան լեռնային փրկարար ծառայություն, չունենք արահետներ, այլընտրանքային երթուղիներ, կազմակերպված շուկա», - նշեց նա:

Իսկ Շահբազյանը հավելեց, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը խանգարում է ավիատոմսերի գինը, նաև Հայաստանը շատ գովազդված չէ աշխարհում:


    

Անուշ Այվազյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3404 | 0 | 0
Facebook