2017 թ. ապրիլի 19-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 8 Ա դասարանում /ուսուցիչ՝ Լ. Գրիգորյան/ անցկացվեց բաց դաս «Փրկեցե´ք Երկիրը» խորագրով: Դասը նվիրված էր Երկրի միջազգային օրվան: Ուսուցիչը նախօրոք նախապատրաստական աշխատանքներ էր իրականացրել աշակերտների հետ համատեղ: Նրանք թափոն շշերից պատրաստել էին ծառ, շշերի խցաններից հայկական գորգի զարդանախշ էին հավաքել խճանկարի ոճով, նաև պատրաստել և ձևավորել էին մոմակալներ՝ երկրորդ կյանք տալով դեն նետվող իրերին: Դասից մի քանի օր առաջ ամբողջ դասարանը մասնակցել էր դպրոցի տարածքի հողի մշակման աշխատանքներին, մաքրել, ծաղիկներ տնկել: Այս ամենը տեսաֆիլմով ներկայացվեց դասին: Դասն ամբողջությամբ անցկացվեց սահիկահանդեսի միջոցով: Աշակերտները խոսեցին Երկրի հիմնախնդիրների, մարդու գործունեության վնասակար ազդեցությունների մասին, փորձեցին անցում կատարել դեպի ավելի մաքուրը, ավելի անվտանգն ու գեղեցիկը:
Նրանք շնորհակալություն հայտնեցին Մայր Երկրին, կոչ արեցին բոլորին հոգալ Երկրի մասին: Դասի ընթացքում աշակերտները երգեցին հայտնի երգեր Երկրի մասին: Դասն ուներ դաստիարակչական նշանակություն, ապահովում էր միջառարկայական կապն անգլերենի, աշխարհագրության, էկոլոգիայի, կենսաբանության և քիմիայի հետ:
Դասը հուզիչ էր, հետաքրքիր, ուսուցողական: Դասի ավարտին դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը շնորհակալություն հայտնեց ուսուցչին և երեխաներին կատարված աշխատանքի համար և կոչ արեց ներգրավել դպրոցի բոլոր աշակերտներին և ուսուցիչներին Երկրի պահպանման գործում: