2017 թ. մայիսի 15-ը ազգային կոլորիտով տոնական օր էր Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 3 Գ դասարանի աշակերտների, ծնողների, դասվար Վ. Խումարյանի և երաժշտության ուսուցչուհի Տ. Օհանյանի համար: Նրանց ջանքերով կազմակերպվել էր «Ազգային գանձատուփ» խորագիրը կրող միջոցառում, որի ընթացքում աշակերտները հանդիսատեսին ներկայացան ազգային երգերով ու պարերով, ազգային խաղերով, ազգային հեքիաթի բեմադրությամբ և ազգային խոհանոցով: Առավել հուզումնառատ էր միջոցառման ավարտը, երբ աշակերտներն իրենց բոցահունչ արտասանությամբ, հայրենասիրական երգերով ու «Դեմ արտագաղթին» ուղերձ-պարով հիշեցին ազգային հերոսներին. «Փառք բոլոր նրանց, ովքեր կռվել են հնուց մինչև այսօր, մինչև մերօրյա Ավարայրը այս, շարժումն այս հզոր...»
Դասվար Վ. Խումարյանն իր ամփոփիչ խոսքում նշեց, որ իր նպատակն աշակերտներին ազգային գանձերին ծանոթացնելը և դրանք գնահատելն ու պահպանելն է եղել:
Միջոցառումն իր տեսակի մեջ յուրօրինակ էր: Դասարանի կատարած աշխատանքը բարձր գնահատեցին նաև տնօրեն Հ. Խումարյանը, փոխտնօրենները: