Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հավատա հոգեբանին ու խնդիրդ կլուծվի

15:15, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
Հավատա հոգեբանին ու խնդիրդ կլուծվի
     Մի քանի տարի առաջ հոգեբանական ծառայություններից օգտվելու գաղափարը շատերի համար ծիծաղելի կլիներ: Մեր օրերում կարծրատիպերը նահաջում են, բայց ոչ ամբողջովին: Սուսաննա Գրիգորյանը 20 տարեկան է: Տարիներ առաջ հոգեբանական խնդիր է ունեցել. «Սթրեսի պատճառով դարձել էի չափազանց դյուրազգաց ու նյարդային: Ծնողներս որոշեցին հոգեբանի մոտ տանել, դա ինձ համար ծիծաղելի էր, որովհետև ինձ մոտ կարծրատիպ էր ձևավորված, որ հոգեբանական ծառայություններից օգտվում են միայն լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ: Երեք անգամ հանդիպեցի հոգեբանի հետ, բայց հանդիպումները ոչ մի արդյունք չտվեցին, որովհետև ինձ մոտ ո'չ հավատ կար, ո'չ էլ ծառայություններից օգտվելու ցանկություն»:
     Հոգեբան Սաթենիկ Գրիգորյանը նշեց, որ ցանկացած պարագայում հոգեբանին դիմելիս պետք է դիմել ցանկությամբ ու մեծ հավատով, այլապես դրական արդյունքի հասնել հնարավոր չէ: «Բժշկի այցելելիս մարդ հավատում է, որ վերջինս իրեն կօգնի ազատվել անհանգստացնող խնդրից, նույնն էլ հոգեբանի դեպքում է: Եթե մարդ դիմում է շրջապատի խորհրդով և իր մոտ չկա ցանկություն, ապա հոգեբանական ծառայություններն անիմաստ են»:
     Մերօրյա հասարակությամ մեջ կան բազմաթիվ կարծրատիպեր, որոնք խոչընդոտում են օգտվել հոգեբանական ծառայություններից: Դրանցից մեկը հոգեբանին և հոգեբույժին մեկ հարթակում դիտարկելն է: Սաթենիկ Գրիգորյանն ասաց, որ մարդկանց մեծամասնությունը իրարից չի տարբերում հոգեբանին և հոգեբույժին: Հոգեբանի նպատակն է օգնել անձին, որպեսզի կարողանա լուծել իր խնդիրները և վերականգնի ներդաշնակությունը շրջապատող միջավայրի հետ:
     Սաթենիկ Գրիգորյանը նաև նշեց, որ ծառայություններից օգտվելու խոշչընդոտ կարող է հանդիսանալ ֆինանսը: Հայաստանում մեկ անգամյա հոգեբանական ծառայությունը տատանվում է 5.000-20.000 դրամի սահմաններում: «Ծառայություններից օգտվելու խոչընդոտ է համարվում նաև այն, որ այցելուն մտածում է, թե հոգեբանը կարող է բացահայտել իր բոլոր գաղտնիքները և իրեն ամոթով թողնել: Բայց պետք է գիտակցել, որ ցանկացած հոգեբան չափազանց հանդուրժող է և մեզ համար նորմալ են համարվում այնպիսի բաներ, որոնք հասարակության կողմից անընդունելի են»:
     Սակայն ներկայումս մեր հասարակության մեջ դրական տեղաշարժեր նույնպես կան: Աննա Մարգարյանը հոգեբանական խնդիրներ ունեցող հարյուրավոր մարդկանցից մեկն է եղել, սակայն չի հապաղել ու առանց շրջապատի միջնորդության` դիմել է հոգեբանի: «Խնդիրը հաղթահարելու ցանկությունն ինձ մոտ մեծ էր: Ես հավատի մեծ զգացումով նպաստեցի խնդրրի շուտափույթ լուծմանը և 3 հանդիպումից հետո դրական արդյունքն արդեն ակնհայտ էր»:
     «Ապագա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, բժիշկ-հոգեբան Արմեն Բեջանյանը զրույցում նշեց, որ վերջին 5 տարիների ընթացքում կենտրոնի այցելուների թիվը բավականին մեծացել է: Հիմա կենտրոնի աշխատակիցներն ազատ ժամանակ գրեթե չեն ունենում. «Պատճառ կարող է հանդիսանալ թե' հասարակական կարծիքի փոփոխությունը հոգեբանական ծառայությունների նկատմամբ, թե' ժամանակին զուգընթաց հոգեբանական խնդիրների առաջացումը»: Արմեն Բեջանյանի խոսքով` դիմում են տարբեր խնդիրներով` ընտանեկան կոնֆլիկտներից մինչև դեպրեսիաներ, սակայն վերջին տարիների ընթացքում դեպրեսիաները և սթրեսը գերակշռում են: Կենտրոնի տնօրենը շեշտեց, որ այցելուներին վստահություն ներշնչելու հիմական պայմանը գաղտնապահությունն է. «Ծառայություններից օգտվող անձը պետք է լիովին վստահի հոգեբանի գաղտնապահությանը, այլապես հանդիպումենրն ապարդյուն կլինեն, քանի որ այցելուն ամբողջովին չի ներկայացնի խնդիրը»:
     Հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրենը նշեց, որ իրենց մոտ հաճախում են տարբեր տարիքային խմբերի մարդիկ` երեխաներից մինչև մեծահասակներ, սակայն, կարելի է ասել, որ ամեն տարիքային խումբ իրեն բնորոշ հոգեբանական խնդիրն ունի. «Երեխաների մոտ հիմականում հադիպում են վախեր, մեծահասակների մոտ` դեպրեսիաներ ու սթրեսներ»: Այցելուների մեջ հատկապես գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները, տղամարդիկ շարունակում են չվստահել հոգեբաններին: Հոգեբանական ծառայությունների տևողությունը տարբեր է` կախված խնդրի բարդությունից ու այցելուի տրամադրվածությունից: Հոգեբանները փաստում են, որ դրական տրամադրվածությամ դեպքում այցելուի մոտ դրական տեղաշարժը նկատելի է 3-7 հանդիպումից հետո:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2981 | 0 | 0
Facebook