Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձախ գնալը թարսություն, թե հերթական պարաքայլ

15:05, երեքշաբթի, 02 մայիսի, 2017 թ.
Ձախ գնալը թարսություն, թե հերթական պարաքայլ
    
    

Երեք ձախ և երկու աջ տեղաշարժ, պարաշարքը շրջանաձև է, պարողները իրարից գտնվում են բավականաչափ հեռու, ձեռքերը բռնում ճկույթներով ու արմունկները ծալում այնպես, որ ստացվի սուր անկյուն. Եթե ձեզ երբևէ հետաքրքրել են դեպի ձախ գնացող պարերը, ապա հասկացաք, որ վերը նշվածը Սարիղամիշի «թարս» պարն է: Պարի թարս լինելը բացատրվում է դեպի ձախ գնացող քայլերի առավելությամբ: Դեպի ձախ գնացող պարերը հնում ժողովրդի կողմից կոչվել են «թարս» պարեր: Պարերից բացի` ձախով կատարվող ցանկացած գործողություն նույնպես թարս է համարվել: Օրինակ` միջադարում ձախլիկությունը համարվել է լուրջ և ֆիզիկական արատ և ավելի կասկածելի են եղել այն գործողությունները, որոնք կապված են եղել ձախի, ձախ կողմ գնալու հետ: Սուրբ գրքերի ուղեցույցում տեսնում ենք, որ ձախ գնալը, ձախորդությունը փորձանքների, անախորժությունների ու նեղությունների միջով անցնելն է, որոնք տանում են հոգևոր աճի և հավերժական առաջընթացի, եթե նա դառնում է դեպի Տերը:
     Այնուամենայնիվ, դեպի ձախ գնացող, թե թարս պարեր. տեսաբանների ու մասնագետներ կարծիքները տարբեր են:
     Պարը ծագել է դեռևս բնապաշտական ժամանակներում` Ք.ա 29-26-րդ դարերում և փոխանցվել մինչև քրիստոնեական ժամանակներ: Սակայն, բնապաշտական ժամանակներից փոխացվելով, պարերը բազմաթիվ փոփոխություններ են կրել` այնուամենայնիվ պահպանելով դեպի ձախ տեղաշարժը:
     «Հայ քաջեր» պարային համույթի ղեկավար Անդրանիկ Բաղդասարյանը «թարս» եզրույթի կողմնակից է և նրա համոզմամբ յուրաքնչյուր տարածաշրջան իրեն բնորոշ թարս պարն ունի, որն անմիջականորեն կապված է հենց այդ տարածշրջանի հետ: Օրինակ` հարավային շրջաններում, որտեղ տեղումների քանակը քիչ է, ժողովուրդը պարել է անձրև կանչող թարս պարեր, ինչը չենք նկատի հյուսիսային շրջաններում: Պարուսույցը նաև հավելեց, որ անկախ կլիմայական տարբերություններից` մի տարածաշրջան կարող է պարել մյուս տարածաշրջանի թարս պարը:
     Ազգագրագետ Նարինե Շամամյանը դեմ է դեպի ձախ գնացող պարերը թարս համարելուն: Նա ընդգծեց, որ ժամացույցի սլաքը` կախված նայելու դրքից, նույնպես կարող է ձախ պտտվել, բայց դա չի նշանակում, թե սլաքը թարս է պտտվում:
     Պարուսույց Անդրանիկ Բաղդասարյանը զրույցում նշեց, որ թարս պարերը չարխաբան նշանակություն ունեն: Այդպիսի պարերն ունեն ոլորապտույտ հետագիծ, ինչն էլ նպատակ ունի կանխել չար ոգու ներթափանցումը, չար ոգուն խճճել ոլորապտույտ շարժումների մեջ: «Եղել են անձրև կանչելու, հերոսներին փառաբանելու «թարս» պարեր, սակայն սրանց կողքին եղել են նաև հարսանեկան պարեր, որոնք սկսվել են ձախ ոտքից, սակայն թարս չեն համարվել»: Պարուսույցին հակադրվեց Նարինե Շամամյանը` շեշտելով, որ ազգագարական աղբյուրներում և պատմական տարբեր վկայություններում փաստեր չկան այն մասին, թե «թարս» պարերը կապված են երաշտի, չար ոգու խաբանման հետ: Ազգագրագետը մեջբերեց գերմանացի էթնոերաժշտագետ Քորթ Զագսի տեսակետը, որ դեպի ձախ գնացող պարերը կապված են կանացի սկզբի, հետ, իսկ դեպի աջ գնացողը` տղամարդու սկզբի: Ազգագրագետ Շամամյանը «թարս» պարերն ավելի շատ կապում է տիեզերքի հետ` բացատրելով, որ դրանց դեպի ձախ տեղաշարժը կապված է տիեզերքում կատարվող փոփոխությունների հետ: Սակայն պարուսույցի տեսակետը միանգամայն այլ է: Նա նշեց, որ դեպի դեպի ձախ գնացող պարերը կապված են նախնիների պաշտամունքի հետ. պարողները, դեպի ձախ գնալով, փառաբանել ու գովերգել են նախնիներին:
     Ազգագրագետը ձախ գնացող պարերի թարս անվանումը կապում է հնագույն ժամանակների հետ, երբ ձախով կատարվող և դեպի ձախ գնացող յուրաքանչյուր գործողություն բացասական բնույթ ուներ: Օրինակ աֆրիկյան ցեղերում ու հնդկական գյուղերում հնուց ի վեր կարծում են, որ ձախլիկներն ուժեղ թունավորողներ են, այդ իսկ պատճառով նրանց մուտքը խոհանոց արգելված է, իսկ խորհրդային շրջանում բացասական ու չարամիտ գործողություն էր համարվում ձախով գրելը:
     Այնուամենայնիվ թե' ձախ, թե' աջ գնացող պարաքայլերը պարարվեստում իրենց ուրույն տեղն ունեն և ազգագրական պարերի հիմքն են համարվում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2881 | 0 | 0
Facebook