Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տիգրան Ուրիխանյանի նախընտրական ուղերձը | ՏԵՍԱՆՅՈՒԹ

FMG NEWS
Մամուլի խոսնակ`
FMG NEWS
13:21, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Տիգրան Ուրիխանյանի նախընտրական ուղերձը | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարգարժան հայրենակիցներ՝

Նախընտրական քարոզարշավն արդեն տևական ժամանակ ընթանում է: Տարբեր մարդիկ, թեկնածուներ, կուսակցություններ ու դաշինքներ փորձում են Ձեզ նոր բան ասել, նորովի ներկայանալ, ավելի լավը երևալ, փորձում են համոզել, որ արդեն հասկացել են Ձեր բոլոր խնդիրները, որ արդեն գիտեն թե ինչպես է պետք աշխատել և լուծել այն բոլոր պրոբլեմները, որ մինչ օրս չեն կարողացել: Միևնույն ժամանակ ցուցակագրում են բոլորին, ցուցակագրում են աջ ու ձախ, էլ վերագրանցում ու վերահաշվառում են մարդկանց, էլ գումարներ են խոստանում, էլ համոզում կամ ուղղակի փորձում են ազդել, երբեմն՝ վախեցնել: Բայց վստահ եմ՝ երկրում այլևս չկա գեթ մեկ մարդ, ով չի ճանաչում բոլոր գործիչներին, ով չգիտի բոլորի իրական կերպարներն ու ցանկությունները: Ավելի քան համոզված եմ, որ ոչ մեկին այլևս հնարավոր չէ ո՛չ մոլորեցնել, ո՛չ էլ շեղել: Հենց այդ պատչառով մեր երկրում ընտրողները բաղկացած են երեք խմբից.

1. սեփական կարծիքն ունեցող, իշխանության հետ անհամաձայն և որևէ ընդդիմադիր ուժի կողմնակիցներ;

2. իշխանության ներկայացուցիչների կողմից առաջարկվող ինչ-որ մի կարճաժամկետ շահ ընդունող և քվեարկող, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ընդունող, բայց չքվեարկող քաղաքացիներ; և

3. չեզոք, որևէ առաջարկի չվստահող, ընտրությունների հանդեպ անտարբեր մարդիկ, որոնց թիվը, ցավոք սրտի, բավականին շատ է:

Սակայն ակնհայտ է մեկ բան՝ բոլորը, համենայն դեպս բացարձակ մեծամասնությունն ուզում են փոփոխություններ, ձգտում են փոփոխությունների, ցանկանում են լույս տեսնել, ցանկանում են հավատալ ու չհիասթափվել, կարոտ են սկզբունք ու ամուր կամք ունեցող գործիչների: Բոլորն էլ սպասում են կիրթ, պատրաստված, փորձ ու հմտություններ ունեցող, դիմացինի փոխարեն սեփական անձը դնելու ունակ, սիրտ ու հոգի, հայրենասիրություն ու ինտելեկտ ունեցող գործիչների:

Ես ինքս այն մարդկանցից եմ, ով փոփոխություններ է ուզում, ով ցանկանում է մասնակցել այդ փոփոխությունների իրականացմանը, ով ցանկանում է փոխարինել անարդյունավետ կառավարողներին այնպիսի թիմով, որը կտանի Հայաստանը զարգացման ու առաջընթացի ճանապարհով, կլուծի սոցիալական ճգնաժամում ու անելանելի իրավիճակում գտնվող մարդկանց խնդիրները, կշրջվի դեմքով դեպի պրոբլեմների մեջ խորտակվող, ընչազուրկ ու հավատը կորցրած մարդկանց:

Մեր երկրում կան բավարար անհրաժեշտ միջոցներ շատ արագ իրավիճակը փոխելու համար, կան հնարավորություններ, որոնց ճիշտ գործածության դեպքում քաղաքացին մի քանի ամիս անց արդեն իր իսկ վրա կզգա շոշափելի առաջընթաց: «Ծառուկյան» դաշինքի առաջնային ծրագրային տասնհինգ կետերը հենց այդ հնարավորությունն են ապացուցում:

Հինգ տարի Ձեր աչքի առաջ աշխատել եմ Խորհրդարանում, աշխատել եմ արժանապատվությամբ ու ազնվորեն, իմ բոլոր օրենսդրական նախաձեռնություններն առանց բացառության ուղղել եմ միմիայն քաղաքացու օգտին, միշտ քվեարկել եմ բացառապես ժողովրդի շահից ելնելով ու միշտ հանրության պահանջով: Իմ քվեարկությունները հաստատել է Ազատության հրապարակում և այլ հարթակներում հնչեցրած յուրաքանչյուր խոսքս, բոլոր ելույթներս կոնֆլիկտ ու հակազդեցություն են առաջացրել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Վերահսկել եմ պետական կառույցների աշխատանքը, իսկ արտաքին դիվանագիտական աշխարհում բարձր եմ պահել երկրիս պատիվն ու սպասարկել պետությանս շահը: Եվ այս բոլոր տարիների աշխատանքի գնահատականը ակնկալում եմ ստանալ Ձեզանից այս ընտրություններին:

Պատիվ ունեմ ներկայացնելու «Ծառուկյան» դաշինքը: Առաջադրվել եմ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում, որովհետև հավատում եմ, որ դեռ կան մեր երկրում սեփական կարծիքը կարևորող, փողի հետևից չգնացող, ազնիվ ու պարկեշտ մարդիկ, որոնք չեն ծախի իրենց պատգամավորին այսրոպեական շահի դիմաց, կամ չեն դարձնի անտարբերության զոհ: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք կարճ ժամանակում դադարեցնել անկումը, կանխել ճգնաժամը, ոտքի հանել երկիրը և աշխատել չկարգավորված հակամարտության լուծման, փակ երկաթգծի վերագործարկման, սահմանների բացման, արտադրական հզորությունների վերականգնման ու, ամենակարևորը, կատարյալ օրինականության ու արդարության հաստատման ուղղությամբ:

Հինգ տարի եղել եմ Ձեր կողքին: Ապրիլի 2-ին սպասում եմ Ձեզ:


    

Աստված բոլորիս պահապան:

Աղբյուրը` FMG.NEWS
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3360 | 0 | 0
Facebook