Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մամուլի ներկայացուցիչը պետք է լինի ազատության կրողը

13:37, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
Մամուլի ներկայացուցիչը պետք է լինի ազատության կրողը
     Այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է: «Ազատ լրագրողների ասոցիացիան» շնորհավորում է մամուլի ներկայացուցիչներին՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
     Մեր նորանկախ պետությունն իր ստեղծման հիմքում դրեց նաև Հայաստանի Հանրապետության տարածքում խոսքի, մամուլի, խղճի ազատություն ապահովումը, բայց տարիների ընթացքում այդ ազատությունը աճելու փոխարեն նվազեց ու խեղճացավ: Այսօր, ցավոք, ունենք մի վիճակ, երբ բազմաթիվ մամուլի ներկայացուցիչներ իրենց մասնագիտական աշխատանքը կատարում են՝ դեմ գնալով իրենց սկզբունքներին:
     Շատերը կարողանում են թեկուզ բարդ իրավիճակներում, բայց հավատարիմ մնալ լրագրողի իրենց սկզբունքներին և երբեմն դեմ արտահայտվել խմբագիրների կամ այլոց պահանջները կատարելուն: Կան նաեւ լրագրողներ, որոնք միգուցե չցանկանալով, սակայն, կատարում են մասնագիտությանը ոչ վայել, պարտադրված քայլեր՝ վախենալով կորցնել աշխատանքը:
     Կա մի ճշմարտություն, եթե լրագրողը վստահ է իր գիտելիքների ու կարողությունների վրա, ապա որևէ մեկը նրան չի կարող ստիպել անել այն, ինչը հակասում է լրագրության սկզբունքներին: Այսինքն, եթե մամուլի ներկայացուցիչը ազատության կրող չի, ապա նա չի կարող լինել պրոֆեսիոնալ և իրապես հասարակական կարծիք կրող լրագրող:
     Նշենք նաև, որ իրապես ազատ լրագրողների համար նույնպես շատ բարդ է աշխատել մեր երկրում, երբ որոշ պաշտոնյաներ, կամ այլ անձինք, փորձում են լրագրողներին վիրավորել, սպառնալ և խոչընդոտել մեր աշխատանքը: Բայց ազատ լրագրողի համար դա չի կարող արգելք հանդիսանալ, որպեսզի նա թեկուզ դժվարությամբ, բայց ճիշտ կատարի իր առաքելությունը:
     Անդրադառնալով նաև ապրիլյան պատերազմի լուսաբանմանը՝ հարկ ենք համարում նշել, որ մեր բազմաթիվ գործընկերներ, վտանգելով իրենց կյանքը, փորձեցին հնարավորինս տեղեկացնել առաջնագծում տիրող իրավիճակի մասին: Գտնվեցին, իհարկե, մարդիկ, որոնք թերագանահատեցին այդ աշխատանքը, սակայն հայտնում ենք մեր շնորհակալությունը պատերազմական այդ թեժ օրերին սահմանում աշխատած մեր գործընկերներին:
     Հիշեցնենք, որ 1994 թ. մայիսի 3-ին աշխարհում առաջին անդամ նշվեց Մամուլի ազատության համաշխարհային օրը: 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Մայիսի 3-ն ընտրվել է այն պատճառով, որ հենց այդ օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2741 | 0 | 0
Facebook