Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ազատ լրագրողների ասոցիացիան» կոչ է անում ոստիկանությանը՝ չխոչընդոտել ԶԼՄ-ների աշխատանքը

12:04, շաբաթ, 23 ապրիլի, 2016 թ.
«Ազատ լրագրողների ասոցիացիան» կոչ է անում ոստիկանությանը՝ չխոչընդոտել ԶԼՄ-ների աշխատանքը
     Երեկ երեկոյան «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած երթը լուսաբանելու ժամանակ բերման են ենթարկվել 1in.am կայքի օպերատորներ Նարեկ Բարսեղյանն ու Սևակ Սողոմոնյանը: Բացի դա, կոտրել են նաև օպերատորների տեսանկարահանող տեխնիկան՝ ուղիղ եթերի սարքը և տեսախցիկը: Ակցիայի ժամանակ բերման ենթարկվող օպերատորներից մեկը բղավում էր, որ ինքը լրագրող է և կարող է ցույց տալ իր վկայականը, սակայն ոստիկանները, միևնույնն է, նրան բերման ենթարկեցին: Դրանից հետո միջադեպի վայր է գալիս Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը և ոչ ավել, ոչ պակաս հայտարարում, թե «երեք օր է՝ հայտարարություն ենք տարածում՝ խնդրելով, հորդորելով մեր գործընկերներին՝ երբ ոստիկանությունը համապատասխան գործողություններ է իրականացնում, տարածություն պահպանել և չխանգարել ոստիկանության գործողություններին»: Իսկ ակցիայի ընթացքում մոտավորապես նույն հայտարարությունը բարձրախոսով հայտարարում էր Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը:
     Այսինքն, ստացվում է, որ ոստիկանության պատկերացմամբ՝ լրագրողները պետք է նման իրավիճակում ոչինչ չանեն, իսկ ոստիկանները. խոչընդոտելով լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարումը, հայտարարեն, թե իրենք համապատասխան գործողություններ են կատարում ու լրագրողներին հեռացնեն տվյալ տարածքից:
     Ցանկանում ենք ոստիկանությանը տեղեկացնել, որ գոյություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդված որում գրված է, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Նշենք, որ սա միակ ակցիան չէ, որի ժամանակ ոստիկանները նման հայտարարություններ են անում և խոչընդոտում լրագրողների աշխատանքը:
     Սա իր մեջ արդեն վտանգավոր միտում է պարունակում և ժամանակի ընթացքում համապատասխան արձագանքի չարժանանալուց հետո հնարավոր է ոստիկանների համար դառնա սովորություն, և ակցիա լուսաբանող լրագրողներն ու օպերատորները իրենց մասնագիտական պարտքը կատարելու համար պարբերաբար հայտնվեն ոստիկանության բաժիններում:
     «Ազատ լրագրողների ասոցիացիան» դատապարտում է մեր գործընկերների նկատմամբ տեղի ունեցածը և ոստիկանության պահվածքը՝ կոչ անելով ոստիկաններին՝ դուրս չգալ իրենց լիազորություններից և չխոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը: Սպասվում էր, որ ապրիլի սկզբից ԼՂՀ-ում ու ՀՀ սահմաններում այս լարված իրավիճակում ոստիկանությունը գոնե այս անգամ որոշակի զսպվածություն կդրսևորեր և ավելորդ լարվածություն չէր առաջացնի՝ առանց այն էլ լարված հասարակության մեջ, սակայն ինչպես տեսնում ենք՝ այս իրավիճակը ոստիկանների գործելաոճում որևէ փոփոխություն չի մտցրել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2818 | 0 | 0
Facebook