Վահե Ղուկասյան / գրական, գեղարվեստական պատմվածքներ
24.09.2014 10: 42 Վահե Ղուկասյան, հեղինակ, գրող-ֆանտաստ: Ստեղծագործությունները հիմնականում ֆանտաստիկ ժանրի պատմվածքներ են, որոնց մեծ մասը հրապարակված է իր հեղինակային բլոգում՝ Vafant.blogspot.com: Առաջին պատմվածքները գրել է շուրջ չորս տարի առաջ, այն ժամանակ դրանք հրապարակվում էին Ֆեյսբուքում: Ստեղծագործությունների մի մասը հրապարակվել է մամուլում, կա թարգմանություն հունգարերոնով, տպագրվել է Naput հունգարական գրական հանդեսում, ունի ռուսերեն թարգմանություններ: Վերջերս ավարտել է «Գրողի տարածը» վիպակի աշխատանքները: Գլխավոր անալիտիկ համակարգիչը գտնվում է հիսուներորդ հարկում: Այն զբաղեցնում է մի ողջ սենյակ երկնաքերի հյուսիային թևում: Այնտեղ կուտակվում են բոլոր վիճակագրական տվյալները և բոլոր վիճակագրական տվյալներն այնտեղ դասավորվում են, վերադասավորվում, համեմատվում, վերլուծվում ու նորից դասավորվում: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ես ստացել եմ հատուկ անցագիր` հիսուներորդ հարկ բարձրանալու և գլխավոր անալիտիկ համակարգչից օգտվելու համար: Արդեն մեկ շաբաթ է,` ես չեմ կարողանում քնել, չեմ կարողանում ուտել: Վերջին գործս կապված էր ոմն Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանի հետ: Սա մի իրանցի առևտրական էր, ով որոնվում էր «Գլոբա Ֆարմա» դեղագործական հիմնարկի կողմից: Թիքեյանը չէր վերադարձել կարճաժամկետ արձակուրդից հետո` անհանգստացնելով ու զայրացնելով իր ղեկավարությանը: Ինձ հանձնարարված էր գտնել նրան: Թիքեյանը ծնված էր 2032 թվականին, նոյեմբերի տասին, 87-րդ թաղամասում` հետնախորշերում: Առաջին հերթին ես փորձեցի հավաքել բոլոր այն Թիքեյանների տվյալները, որոնք ծնվել էին նույն տարվա ընթացում: Ստացված թիվը ստիպեց ինձ մի քանի րոպե անշարժ նստել համակարգչի առջև, հետո տրորել աչքերս ու վերադառանալ տուն` հանգստանալու: Ուղեղս չդիմացավ ստացված թիվն ընկալելու փորձությանը: Ես պարզեցի, որ 2032 թվականին քաղաքում ծնվել է Ռադիֆ Յուսուֆ Թիքեյան անունը կրող 7 124 547 հոգի: Գրողը տանի` յոթ միլիոն հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր քառասունյոթ հոգի: Հաջորդ օրը ես նեղացրեցի որոնման օղակը: Ֆիլտրեցի Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանների այս ահռելի բանակը և առանձնացրեցի բոլոր նրանց ովքեր ծնվել էին 87-րդ թաղամասում: Արդյունքները ստանալուց հետո ես արձակեցի փողկապս, վառեցի սիգարետս ու սուրճի ագահ կում արեցի: 874 211 հոգի: Դեմոգրաֆիկ բումից հետո 87-րդ թաղամասի պես վայրերում բնակչությունը կարող էր անցնել մեկ-երկու միլիարդը, բայց ամեն դեպքում Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանների քանակն ահավոր էր: Ես մուտքագրեցի ծննդյան օրը` նոյեմբերի տասը: Ստացվեց հինգանիշ թիվ: 36 258 փոքրիկ Ռադիֆ Յուսուֆ Թիքեյան լույս աշխարհ էր դուրս պլստացել հենց նոյեմբերի տասին, հենց 2032 թվականին, հենց 87-րդ թաղամասում: Սուրճս վերջացավ: Ես վառեցի հաջորդ սիգարետս: «Գլոբա Ֆարմա» ընկերությունն ինձ տրամադրել էր մանրամասն ինֆորմացիա Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանի ուսման վերաբերյալ: Երբ ես փորձել էի ճշտել նրանցից վերջինիս բնակության վայրը, պատասխանել էին, որ չեն տիրապետում նման ինֆորմացիայի: Հավանաբար «Գլոբա Ֆարմայի» կորպորատիվ էթիկան սահմանափակում էր այդ տեսակ ինֆորմացիայի տրամադրումը ցանկացած այլ անձանց: Դե ինչ, ես շարունակեցի որոնումս` ավելի ու ավելի սարսափելով Գլխավոր անալիտիկ համակարգչի տվյալներից: Պարզվեց, որ թիվ 769 հիպերդպրոցում սովորել է 963 541 Ռադիֆ Յուսուֆ թիքեյան: Նրանցից 21 254-ը ավարտել է հիպերդպրոցը մեր Թիքեյանի հետ նույն տարվա ընթացքում: Նրանցից 7893-ն ընդունվել են նույն համալսարանի նույն ֆակուլտետը: Կոնկրետ խմբի, ամբիոնի և հերթափոխի մասին տեղեկություններ չկային, ուստի, զգալով վորոշակի թեթևություն, ես բաց թողեցի ուսման վեց տարիները, և միանգամից հայտնվեցի «Գլոբա Ֆարմա» ընկերության կադրերի բաժնի տվյալների մեջ: Անալիտիկ համակարգիչն ասում էր, որ ուսումն ավարտելուց հետո նույն ֆակուլտետից ուղիղ 451 Ռասդիֆ Յուսուֆ Թիքեյան ընդունվել է աշխատանքի «Գլոբա Ֆարմա», որոնցից 38-ը արձակուրդի են մեկնել միաժամանակ, սակայն վերադարձել է նրանցից միայն 37-ը: Ես ստուգեցի այն տուրիստական գործակալության տվյալները, որի ծառայություններից օգտվել էր մեր որոնյալը և, արդեն առանց զարմանալու, փաստեցի, որ նույն ժամանակահատվածում նույն հանգստավայր են մեկնել 64 Ռադիֆ Յուսուֆ Թիքեյաններ: Հետաքրքրության համար պարզեցի նաև մնացած 63-ի ով լինելը: Պարզվեց որ դրանցից երկուսը նույնպես ծնվել են 87-րդ թաղամասում, սակայն միայն մեկն է նրանցից ծնվել հենց 2032 թվականին: Իմ կարծիքով, Այս Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանը երբեք մենակ չի մնա աշխարհում: Ես ստուգեցի ֆիզիկական տվյալները: Հասակը` 183 սանտիմետր, մազերի գույնը` մուգ, սարդի պատկերով դաձվածք ձախ ձեռքի դաստակին: Ես վերցրեցի տոմս ու մեկնեցի հանգստավայր` ստուգելու մեզ անհրաժեշտ թիքեյանի առկայությունն այնտեղ: Ճանապարը ծախսեց քառասունհինգ րոոպե: Ես հեշտությամբ գտա ինձ հետաքրքրող հյուրանոցն ու առաջին հերթին շարժվեցի դեպի բար` մեկ-երկու վիսկի մեջս լցնելու և նյարդերս թուլացնելու: Բարում ես տեսա երկու հոգու` մոտավորապես 1, 8 մոտր հասակով և սարդ-դաջվածքով: Ու հենց այդ պահին ստացա հաղորդագրություն պատվիրատուից: «Որոնումները դադարեցնել: Որոնման օբյեկտը վերադարձել է»: Դժվար էր դիմանալ գայթակղությանը: Անցագրիս հո մոտս է: Անալիտիկ համակարգիչն էլ հո տրամադրությանս տակ է: Մատներս մուտքագրեցին իմ անունը: Ես սկսեցի խորտակել սեփական օրիգինալությանս մասին բոլոր իմ անուրջները: Պարզվեց, որ նույն օրը, նույն թաղամասում, նույն ժամին (փառք աստծու ոչ նույն կնոջից) ծնվել է մոտ հինգ հարևյուր հազար անվանակից: Նրանցից քսան-եռեսուն հազարը սովորել է ինձ հետ նույն համալսարանում: Հազարավորները` ինձ հետ նույն ֆակուլտետում: Մոտ երկու հարյուրի հետ ես աշխատում եմ նույն գործակալությունում և նրանցից չորսն ապրում են նույն շենքում, որում և ես: Այս 40 հազար բնակարանանոց շենքերում շատ դժվար է ճանաչել բոլոր հարևաներին, բայց ես այնուամենայնիվ որոշեցի գտնել ու ծանոթանալ նրանց հետ: Պարզեցի նրանց բնակարանների համարները: Գնացի դռները ծեծելու: Առաջին երկուսը աշխատանքի էին: Երևի որոնում էին մեկին կամ ինչ-որ մոռացված արխիվ քչփորում: Մեկը գնացել էր հանգստանալու: Հենց այնտեղ, որտեղ ես ման էի գալիս Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանին: Հավանաբար մենք հասցրել ենք լինել նույն բարում և ինչու չէ, մեզ հասցրել են վիսկի մատուցել հենց նույն բաժակով: Իսկ չորրորդը... Չորրորդի հետ պետք է ծանոթանայի հետո: Այն պահին երբ ես թակում էի նրա դուռը, խեղճը նույնն էր անում իմ դռան հետ` փորձելով ծանոթանալ հետս, չէ որ նա նույնպես ստացել էր անցագիր դեպի Գլխավոր անալիտիկ համակարգիչը և չէր դիմացել գայթակղությանը: _______________ Լիրիկական ակումբ Ամեն պեոտ ունենում է միջինը երեք մետր քառակուսի` ստեղծագործելու համար: *** Կտրվածքներն անում են ուսերի, վզի և ազդրերի վրա: Մաշկը ձեռքերի վրայից հանում են ձեռնոցի նման, ոտքերից` գուլպաների նման, գլխից` գլխարկի նման: Օգնում են հատուկ փոքրիկ դանակներով: Մկանային հյուսվածքներից մաշկը պոկվում է դժվարությամբ, կարիք է լինում տեղ-տեղ կտրել միացնող հանգույցները դանակով: Մաշկի հետ երբեմն պոկվում են նաև ճարպային գոյացությունները, երբեմն նկատվում են թարախագնդեր` դա այնքան լավ է արտացոլում տվյալ անձի առողջական վիճակը: Քերթվողը սովորաբար կորցնում է գիտակցությունն առաջին «կտորի» հանման ժամանակ: Երբ նրա ուսերից սկսում են ներքև քաշել իր մաշկը, նա սկսում է գոռալ մորթվող խոզի նման, բռավել ու աղերսել, իսկ հետո կորցնում է ուշքը: Գլխի մաշկը հանում են ոտքերն ու ձեռքերը մորթազերծ անելուց հետո: Գլխի մաշկը հանելու ընթացքում նա արդեն մահացած է լինում: *** Ակումբում կախված է ցուցանակը` երեկոյան ժամը 21-ին լինելու է լիրիկական մենամարտ բանաստեղծներ Էմանուիլ Շահունցի և Արամազդ Արայի միջև: Ներքևում` փայտե տախտակի վրա տրված էր համառոտ նկարագրությունը` «Էմանուիլ Շահունցը խիստ հանգի և ռիթմի վարպետ է, երկաթե մտքի ու ռացիոնալ մտածողության կրող: Արամազդ Արան արևելյան տիպի պոետ է, նա գովերգում է պահը, խորանում է պահի մեջ ու հավերժացնում այն»: Լիրիկական մենամարտը կլինի Վերջին Մակերեսի գրառման իրավունքի համար, հաղթողը պետք է արդարացնի իր ընտրած գիծը: Հաղթող կճանաչվի երեք անպատասխան խոսք մատուցածը: Պարտվողը կզրկվի իր գրական ժառանգությունից»: Առաջին հյուրերը սկսեցին ժամանել դեռ 20: 00-ից: Դրանք ակումբի պատվավոր անդամներն էին, որոնց դեմքերը միշտ ծածկված էին լինում դիմակներով: Դիմակները հանում էին միայն ակումբի տարածքում: Նրանց դեմքերը վաղուց անճանաչելի էին դարձել, սակայն հեշտ էր ճանաչել նրանց իրենց ձեռագրերով: Դրանք մեծագույն պոետներն էին, որոնք էլ հիմնել էին Լիրիկական ակումբը: Եթե մերկացված լինեին նրանց ոտքերը, հնարավոր կլիներ տեսնել, թե ով ինչ քնարերգություն է նախընտրում ամենից շատ ու ինչի վրա է «կանգանած» գրական դաշտում: Ոմանց մոտ դա սիրային բանաստեղծություն է, ոմանց մոտ հայրենիքի գովքն է, ոմանց մոտ էպիկական պոեմները: Կան այնպիսիները, որոնք նախընտրել են գոտական մռայլ ստվերներն ու իրենց ողջ մակերեսը նվիրել խավարի գեղագիտությանը: Ոտքերը կրում են այն պոեզիան, որը հիմքն է տվյալ անձի: Հետո արդեն ըստ անցած ուղու և ապրած կյանքի բարձրանում են տողերը մարմնի այլ մասերով, հասնում վզին, հետո տեղ գտնում այտերի, ճակատի և նույնիսկ քթի վրա: Մեծագույնը բոլոր պոետներից, մեծագույնն էր բառի բուն իմաստով: Նա հսկա էր ինչպես սումոյի մարտիկը: Նա մի քանի անգամ խոշոր էր բոլոր մյուսներից ու նրա գրական ժառանգությունն էլ ավելի ծավալուն էր: Ժամանել էր նաև ակումբի վստահված նկարիչը, ով պետք է գրի առներ Վերջին Մակերեսի տողերը: Նա բերել էր իր հատուկ թանաքները ոսկյա սրվակի մեջ ու սպասում էր մենամարտի ավարտին: Շահունցն ու Արամազդը կանգնած էին դեմ դիմաց: Նրանց շուրջը բանաստեղծների օղակն էր: Բանաստեղծները լուռ էին և կենտրոնացած. նրանք որոշելու էին մենամարտի հաղթողին: Շահունցն ու Արամազդը մերկ էին: Նրանք կարող էին կարդալ միմիանց բանաստեղծությունները, նրանց առջև բաց էին նույնիսկ ամենանվիրական դաջվածքները: Շահունցի մոտ դաջվածքներից ազատ էր միայն ճակատը, իսկ Արամազդի մոտ քիթը: Վերջին Մակերեսը լրացնելու իրավունք ձեռք բերելու համար էին նրանք մասնակցում այդ ծիսական մենամարտին: Սրահը, որտեղ նրանք հավաքված էին, լուսավորված էր սովորական լամպերով: Լամպերի դեղնավուն լույսը խտացնում էր բոլոր գույներն, ավելի խորդհրդավոր դարձնում ծեսը: Բանաստեղծներից մեծագույնն ու խոշորագույնը նետեց մետաղադրամը` որոշելով թե ով է առաջինը սկսելու իր խոսքը: Վիճակն ընկավ Շահունցին: Շահունցը ժպտաց ու ասաց հանգով. Կանգնած եմ ես, ոտքերս սեր Ամուր հենված հողին այս սև Սև տարիներ պահից առաջ Ես երգել եմ սիրո մի կանչ... Արամազդը քմծիծաղ տվեց: Նրան հաճելի չէր մրցակցի հասարակ խոսքը: Նա ասաց այսպես. Հազար պոետ է կանգնած հիմա Մենամարտի օրն է այսօր: Ես ցնծում եմ արդեն: Շահունցը շարունակեց իր խոսքը: Ես թողել եմ ճակատը իմ Իմ ճակատը պիտի ասի Իմ ճակատը պիտի պատմի, Ու ճակատիս գիրը վկա Ես կմեռնեմ բառից քո տկար... Արամազդ` Բթության փայլ Բանաստեղծների օղակի մեջ լսվեցին հավանության ձայներ: Արամազդի դիպուկ ու կարճ արտահայտությունները սիրված էին շատերի կողմից: Շահունց` Տեսեք սրան, էս վարպետին Միտքդ կարճ է, բառերդ` շեղ Չես կապում դու սիրտ և սեր Չես ասում դու և ոչ մի բան Չկա քո մեջ ստեզխագործ ԲԱՆ: Արամազդ` Խխունջը գիտի թռչելու մասին Խխունջը տեսել է երեկ մի թռչուն... *** Մարմնի մաշկը դուրս է գալիս համեմատաբար հանգիստ: Դժվարություն են կազմում թերևս սեռական օրգանները: Դրանց վրայից մաշկը հանելու համար պետք է լինում երբեմն քրտնել` այդքան մարնամասն ու նյարդային աշխատանք է դա: Մարմնի վրայից մաշկը պոկելու համար կտրվածք են անում մեջքից` ողնաշարի վրայով: Հետո նույն փոքրիկ դանակի օգնությամբ հանում են այն ամբողջովին: Կտրվածքը կրծքից անելու դեպքում մաշկը դուրս կգար վերնաշապիկի նման, սակայն կրծքի վրա կտրվածք անելը նպատակահարմար չէ: Լավագույն տողերը սովորաբար լինում են հենց այնտեղ, ու ափսոս է նույնիսկ մեկ տառ վնասելը: *** Շահունցը մի քանի քայլ կատարեց ու հայտնվեց Արամազդի դիմաց: Այժմ նրանք կարող էին լսել միմյանց շնչառությունը: Շահունցի ճակատն ազատ էր դաջվածքներից, իսկ Արամազդի ճակատին գրված էր` «Լուսինը հարյուր ու միլիոն տարի Արծաթ գույնը հարյուր ու միլիոն տարի Ես մի կետ եմ, ես մի ցող եմ տերևի վրա» Շահունցի քթին մեկ տարի առաջ գրված տողերն էին` «Ինչն է քաշում, ինչն է տանում պոետին Բույրն է նրա սիրելիի…» Մեկ տարի առաջ Շահունցը չէր խնայել իր քիթն ու նույնիսկ տեղ էր հատկացրել բազմակետերի համար, ինչն իրոք շքեղություն էր: Երկու պոետները կանգնած էին դեմ դիմաց: Նրանց կատաղած աչքերը չորացնում էին իրար: Նրանց ատամները պատրաստ էին պատռել կոկորդները, կռծել շնչափողն ու խմել հակառակորդի արյունը: Շահունցը բարձրացրեց ձեռքը. Ես տեսնում եմ, դու շուն տգետ, Չես հասկանում որ այս պահից Գործ կունենաս բազուկիս հետ: Շահունցն իջեցրեց ձեռքն Արամազդի ծնոտին: Հարվածը ծանր և յուղալի ստացվեց: Արամազդի աչքերից կայծեր թռան: Նա երերաց ու նահանջեց, բայց չընկավ: Մեկ-երկու րոպե անց այսպես խոսեց. Ծանր հարված, ամուր ոսկոր Անհուն դարեր, մսրա բուրգեր: Արամազդը թափ տվեց իրեն այս բառերից հետո ու գոռաց: Նրա ճիչը շփոթեցրեց ոչ միայն Շահունցին, այլև ներկա գտնվողներին: Նրանք ավելի շփոթվեցին, երբ Արամազդը, թափ հավաքելով վազեց ու ողջ ուժով գլխով հարվածեց Շահունցի փորին: Շահունցը կծկվեց եւ սկսեց խեղդվել: Արամազդն ասաց. Ջրի հատակին վերջին անգամ Լուսն էր տեսնում մեռնող ձուկը: Րոպեն է եկել: Շահունցը փորձում էր քաշել շունչը, փորձում էր մի բան ասել, բայց շատ ուժեղ էր հարվածը: Նա ոչ մի կերպ չէր կարողանում գոնե մեկ ձայն հանել: Իսկ Արամազդը հասցնում էր արդեն իր վերջին հարվածը. Թեյնիկի մեջ եռում է ջուրը, Բաժակները սպասում են նրան: Ես հաղթում եմ մենամարտը: Բոլորը ծափ տվեցին: Բանաստեղծներից մեծագույնն ու ամենախոշորն ասեց. -Մեր ակումբի օրենքներով, եթե մենամարտողներից մեկը չի պատասխանում միանգամից երեք խոսքի, ինքստինքյան պարտվում է: Այսօր սակայն, նշանավոր է, քանի որ վճռվում է գրական ժառանգության հարցը: Ու հաղթողի իրավունքով, Արամազդ Արան այսօր կստանա այն ամենն, ինչ ստեղծել է Էմանուիլ Շահունցը: Բոլորը ծափ տվեցին ու շնորհավորեցին Արամազդին: Նրա անդամը հրճվանքից արթնացել էր ու այժմ կարելի էր կարդալ նրա վրա գրված տողերը` «Միշտ քնած է իմաստունը միշտ հանգիստ է իմաստունը բայց երբ հանկարծ նա զարթնի կգան բոլոր կողմերից` համբուրելու համար իմաստունին քնած»: Շահունցը լացում էր: Շահունցը չգիտեր, թե ինչու այդպես ստացվեց: Շահունցն անիծում էր իրեն` շնչել չկարողանալու համար: Նրան պառկեցրեցին հատուկ տախտակների վրա: Մի պահ փորձեց դիմադրել, բայց թողեց: Սուր, փոքրիկ դանակը կատարեց առաջին կտրվածքները` ուսերի, ազդրերի ու վզի վրա: Քիչ անց լսվեց Էմանուիլ Շահենցի ոռնոցը: Նրա մաշկը` ողջ նրա գրական ժառանգությունը, դրեցին հատուկ սպիրտային լուծույթի մեջ ու տվեցին Արամազդ Արային: Դա նրա ապագա հավաքածույի առաջին նմուշն էր: Արամազդ Արան դասվեց Քերթողների շարքին ու իրավունք ստացավ կոչվել «Մեծ»: Շահունցի մարմինը բաժանեցին կտորների ու ցրեցին ողջ քաղաքով մեկ` ի ուրախություն անտեր շների: *** Մաշկի պատվաստումների ժամանակ օգտագործում են հետաքրքիր մի տեխնոլոգիա: Հատուկ ասեղների միջոցով մարդու մաշկը կարող է մեծացնել իր մակերեսը մռտ տաս անգամ: Մաշկը ասես բաժանում են մանր թելերի, որոնք հետո վերածվում են լիարժեք միասնական հյուսվածքի: Այդպես օրինակ` մեկ սանտիմետր քառակուսի մաշկը կարող է նման դեպքում փոխարինել մոտ 10 սանտիմետր քառակուսի վնասված հատված: Միջին մարդու մաշկի մակերեսը երեք քառակուսի մետր է: Դժվար է պատկերացնել, որ այն կարող է ձգվել ու հասնել եռեսունի: Բայց դա այդպես է: |