Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՖՈՐՈՒՂ ՖԱՐՐՈԽԶԱԴ / բանաստեղծություններ

23:28, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
ՖՈՐՈՒՂ ՖԱՐՐՈԽԶԱԴ / բանաստեղծություններ
    

    
22.09.2020 20: 53
    

Բանաստեղծ Ֆորուղ Ֆարրոխզադը կարճ ժամանակում դարձավ Իրանի ամենասիրված գրական դեմքերից մեկը: Նրա անունը առաջին անգամ թնդաց գրական շրջանակներում` «Մեղք» անսքող, մերկ ու համարձակ բանաստեղծությամբ: Այնուհետեւ մեկը մյուսի ետեւից լույս տեսան` «Գերի», «ընդվզում» եւ «Պատը», բանաստեղծությունների ժողովածուները, որոնք ճանապարհ հարթեցին` «Մի այլ ծնունդ» եւ հետմահու հրատարակված «Հավատք ընծայենք սառը եղանակների սկզբնավորմանը»`

Ֆորուղ Ֆարրոխզադը նաեւ ճանաչված կինոսեցենարիստ էր: Նրա` «Տունը գորշ է» բորոտների դաժան կյանքի մասին վավերագրական կինոֆիլմը բազմիցս արժանացել է միջազգային փառատոնների բարձր մրցանակների, իսկ Արեւմտագերմանիայում կայացած 14-րդ կինոփառատոնը` վավերագրական ֆիլմերի առաջին մրցանակը, ի հիշատակ Ֆորուղ Ֆարրոխզադի կոչեց` նրա անվամբ:

Ֆորուղ Ֆարրոխզադը ապրեց բուռն ու դրամատիկական կյանք, որը ընդհատվեց 1966 թվին` 31 տարեկան հասակում` ավտովթարի հետեւանքով:


    
    
ՄԻ ԱՅԼ ԾՆՈՒՆԴ

    
Իմ ողջ էությունը խավարի պատգամն է,
Որ քեզ իր մեջ կրկնելով անվերջ
Հավերժ ծլարձակումների ու ծաղկումների
Արշալույսին կառաջնորդի:
Ես այս պատգամում
Քեզ կանչելով` հառաչել եմ, հառաչել:
Ես այս պատգամում
Քեզ պատվաստել եմ ծառին, ջրին ու կրակին:

    
Կյանքը գուցե
Մի փողոց է երկար, որով ամեն օր
Մի կին է անցնում զամբյուղով:
Կյանքը գուցե
Մի պարան է, որից մի մարդ իրեն կախում է ճյուղից:

    
Կյանքը գուցե
Այն մանուկն է` դպրոցից վերադարձող:
Կյանքը գուցե
Ծխախոտի վառելն է
Երկու գրգանքների միջեւ ընկած
Խոնջանքի պահին:
Կամ մտամոլոր անցորդի անցումը,
Երբ գլխարկը հանում է գլխից եւ անիմաստ մի ժպիտով
Մեկ այլ անցորդի «Բարի լույս» ասում:
Կյանքը գուցե այն պահն է պարփակ,
Երբ իմ հայացքը ավերում է իրեն
Քո աչքերի մեջ
ԵՎ սրանում կա մի զգացում,
Որ ես կձուլեմ լուսնի ըմբռման
Ու խավարի ընկալման հետ:

    
Այն սենյակում,
Որ մի մենության տարողությունն ունի,
Իմ սիրտը,
Որ մի սիրո տարողությամբ է,
Նայում է իր երջանկության պարզ պատճառներին,
Ծաղկամանի գեղեցիկ ծաղիկների անկմանը,
Այն տունկին, որ դու ես ցանել մեր տան պարտեզում,
ԵՎ ունկնդրում
Դեղձանիկների ձայնին,
Որոնք երգում են մի լուսամուտի տարողությամբ:

    
Ախ...
Այս է իմ բաժինը,
Այս է իմ բաժինը,
Իմ բաժինը
Մի երկինք է, որ խլում է ինձնից
Կախվող վարագույրն անգամ,
Իմ բաժինը, լքված մի սանդուղքից վայր իջնելն է
Եվ միացումս` փտած ու օտար ինչ-որ բանի հետ:
Իմ բաժինը
Հուշերի այգում տրտմորեն դեգերելն է,
Եվ նվաղումս մի ձայնի տրտմության մեջ,
Որ ասում է ինձ.
«Սիրում եմ ձեռքերդ»:
Ձեռքերս կցանեմ պարտեզում,
Կկանչեմ, գիտեմ, գիտեմ,
Եվ ծիծեռնակները մատներիս թանաքոտ փոսիկներում
Կձվադրեն,
Երկու երկվորյակ կեռասներից
Ականջօղ կկախեմ զույգ ականջներիս,
Ու եղունգներիս քրիզանթեմի թերթեր կամրացնեմ:
Մի փողոց կա, որտեղ
Ինձ սիրահարված տղաները,
Դեռ նույն խռիվ մազերով,
Բարակ վզերով ու նիհար ոտքերով,
Մտածում են այն աղջկա անմեղ ժպիտների մասին,
Որին մի գիշեր քամին տարավ իր հետ:

    
Մի փողոց կա, որին
Սիրտս գողացել է մանկությանս թաղամասից:

    
Մի ծավալի ճամփորդությունը ժամանակի գծում,
Եվ ինչ-որ ծավալով բեղմնավորել
Ժամանակի չոր գիծը.
Մի ծավալ` տեղյակ մի պատկերի,
Որ վերադառնում է հայելու հյուրընկալությունից:

    
Եվ այսպես է,
Մեկը մեռնում է`
Մյուսն ապրում է:

    
Ոչ մի որսորդ փոսի մեջ թափվող չնչին առվակից
Մարգարիտ որսալ չի կարող, երբեք:
Ես ճանաչում եմ
Օվկիանում ապրող
Փոքրիկ, տխուր մի ջրահարսի,
Որի սիրտը փայտե սրինգում,
Նվագում է հանդարտ ու կամաց.
Փոքրիկ, տխուր մի ջրահարս,
Որ գիշերը մի համբույրից մեռնում`
Եվ աղջամուղջին, մի այլ համբույրից ծնվում է նորից:

    
    
ԼԱՐՈՎԻ ՏԻԿՆԻԿ

    
Սրանից ավելի,
Օ~, այո,
Սրանից ավելի կարող ես լռել:

    
Կարող ես ժամեր, ժամեր շարունակ,
Անշարժ հայացքով, ինչպես մեռածի,
Սեւեռուն նայել ծխացող ծխին մի ծխախոտի:
Սեւեռուն նայել ձեւին գավաթի,
Գորգի վրա` գունաթափ ծաղկի,
Պատի վրա` անիմաստ խազին:

    
Կարող ես նիհար ու չոր մատներով
Վարագույրը մի կողմ քաշել ու տեսնել-
Փողոցում հորդառատ անձրեւ է թափվում:
Մի մանուկ գունավոր օդապարուկներով
Կանգնել է կամարի ներքո:
Մի մաշված սայլ, աղմկոտ շտապով
Ամայի հրապարակն է լքում:
Կարող ես վարագույրի մոտ մնալ անշարժ,
Սակայն` կույր, սակայն` խուլ:
Կարող ես ճչալ`
Չափազանց կեղծ, չափազանց օտար մի ձայնով.
«Սիրում եմ»:
Կարող ես հուժկու մի տղամարդու բազուկների մեջ
Մնալ գեղեցիկ ու առողջ մի էգ:

    
Մարմնով, ինչպես կաշվե սփռոց,
Երկու խոշոր, պինդ ծծերով,
Կարող ես մի հարբածի,
Մի խելագարի կամ թափառականի անկողնում
Անարատությունը պղծել մի սիրո:
Կարող ես ճարպկորեն հեգնել
Ամեն հանելուկ զարմանահրաշ:
Կարող ես միայն խաչբառեր լուծել,
Կարող ես անմիտ մի պատասխանով
Հրճվել սրտագին,
Պատասխանով անմիտ. հինգ կամ վեց տառ...
Կարող ես սառը գերեզմանի մոտ
Խոնարհված գլխով ծնկի գալ մի կյանք:
Կարող ես անհայտ մի գերեզմանում
տեսնել Աստծուն:
Կարող ես չնչին դրամով անգամ
Հավատամք գտնել:
Կարող ես փտել անկյուններում մզկիթի`
Ինչպես աղոթող մի ծեր ճգնավոր:
Կարող ես, ինչպես մի զրո
Հանման, բազմապատկման ու գումարման ժամանակ`
Միշտ միեւնույն արդյունքն ունենալ:
Կարող աչքդ իր բոժոժում խոր
Մի հին կոշիկի անգույն կոճակն համարել:
Կարող ես, ինչպես ջուր,
Չորանալ սեփական ջրափոսի մեջ:

    
Կարող ես մի ակնթարթի գեղեցկությունը,
Ինչպես րոպեական մի հիմար սեւ լուսանկար`
Ամոթով թաքցնել
Խորքում սնդուկի:
Կարող ես օրվա դատարկ մնացած շրջանակի մեջ
Պատկերը կախել մի դատապարտվածի,
Կամ պարտվածի,
Կամ խաչվածի:

    
Կարող ես դիմակներով ծածկել
Ճեղքերը պատի:
Կարող ես ձուլվել ավելի հիմար պատկերների հետ:
Կարող ես լինել, ինչպես տիկնիկները լարովի,
Ապակյա զույգ աչքերով նայել աշխարհին քո:
Կարող ես թավշե մի արկղի մեջ
Դարմանով լեցուն մարմնով
Տարիներ քնել`
Շողշողուն թեփուկների ու ժանյակների մեջ:
Կարող ես լպիրշ մի ձեռքի ամեն հպումից
Անիմաստ ճչալ ու ասել.
«Օ~, ես չափազանց երջանիկ եմ»:

    
ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴ

    
Կարմիր վարդ,
Կարմիր վարդ,
Կարմիր վարդ...
Նա ինձ տարավ պարտեզը կարմիր վարդի,
ԵՎ ալեծուփ իմ մազերին,
Մթության մեջ ամրացրեց
Կարմիր վարդ:
ԵՎ վերջապես
Քնեց ինձ հետ,
Ծաղկաթերթի վրա՝ կարմիր վարդի:

    
Ով աղավնիներ խեղված,
Ով անփորձ, ամուլ ծառեր,
Ով կույր լուսամուտներ,
Սրտիս տակ եւ կոնքերիս խորախորքում
Այժմ աճում է կարմիր վարդ,
Կարմիր վարդ,
Կարմիր,
Ինչպես դրոշը վերածնության:
Օհ, ես հղի եմ, հղի, հղի...

    
ԱՅԳՈՒ ՆՎԱՃՈՒՄԸ

    
Այն ագռավը, որ թռավ
Մեր գլխի վրայով
Եվ սուզվեց թափառող ամպի
Մտորումներում անհանգիստ,
եվ կռռոցը ինչպես կարճ նիզակ,
Կտրեց լայնքը հորիզոնի
Մեր լուրը իր հետ կտանի քաղաք:

    
Բոլորը գիտեն,
Բոլորը գիտեն,
Որ ես ու դու այն այգուց հիմար ու ցուրտ
Տեսանք այգին
Եվ ձեռքից հեռու քմահաճ ճյուղից
Քաղեցինք խնձոր:

    
Բոլորը վախենում են,
Բոլորը վախենում են, սակայն ես ու դու
Ճրագին, ջրին ուհայելուն միացանք
Եվ չվախեցանք:

    
Խոսքը` երկու անվան թույլ պատվաստումի,
Եվ գրկախառնումը մի հին մատյանի
Թերթերի մեջ չէ:
Խոսքը իմ երջանկավետ վարսերից է,
Այրվող կակաչից` քո համբույրների,
Եվ մեր ճկուն մարմինների մտերմությունից:
Եվ փայլատակող մերկությունը մեր`
Ինչպես ձկների թեփուկը ջրում:
Խոսքը այն երգի արծաթյա կյանքից է,
Որ առավոտյան երգում է շատրվանը փոքրիկ:

    
Մենք այն ծփանուտ կանաչ անտառում
Մի գիշեր վայրի նապաստակներին,
Եվ այն հուզառատ սառնասիրտ ծովում`
Մարգարիտներով լի խեցիներին,
Եվ այն օտար, հաղթական լեռան
Երիտասարդ արծիվներին
Հարցում արեցինք,
Թե ի՞նչ պիտի անել…
Բոլորը գիտեն,
Բոլորը գիտեն, մենք թափանցել ենք
Սիմորղների[1] քնի մեջ` ցուրտ ու խաղաղ:
Մենք իրականությունը գտանք պարտեզում,
Անհայտ մի ծաղկի հայացքի մեջ ամոթխած,
Եվ գոյատևումը անպարփակ պահի մեջ,
Երբ զույգ արեգակ նայեցին իրար:

    
Խոսքը խավարում,
Թաքուն, վախվորած փսփսոցից չէ.
Խոսքը` օրվա, բաց լուսամուտի
Եվ թարմ օդից է.
Եվ այն օջախից, որի մեջ անպետք իրեր են այրվում
եվ այն հողից, որ արգասավոր է մի այլ ցանքսից.
Եվ ծնունդից, հասունացումից ու հպարտությունից:
Խոսքը մեր սիրահարված ձեռքերից է,
Որ կամրջվել են գիշերվա վրա`
Բույրի, լույսի ու զեփյուռի պատգամներով:

    
Հովիտ եկ,
Այն մեծ հովիտը,
Եվ կանչիր ինձ թավշե ծաղիկների շնչի ետևից`
Ինչպես եղնիկն իր զույգին:
Ծարագույրները թաքուն լցված են
Լացի անզուսպ մի ցանկությամբ:
Եվ աղավնիներն անմեղ
Իրենց սպիտակ բերդի բարձունքից
Նայում են երկրին:

    
    
    
[1] .Առասպելական թռչուն: / Այսուհետ բոլոր ծանոթագրությունները թարգմանչինն են/:

    
ՔԱՄԻՆ ՄԵԶ ԿՏԱՆԻ

    
Իմ փոքրիկ գիշերում,
Ավա~ղ,
Մամին հանդիպում ունի
Ծառերի տերևների հետ:
Իմ փոքրիկ գիշերում
Ավերվելու սարսափն է:

    
Ականջ դիր,
Լսու՞մ ես արդյոք սահքը խավարի:
Ես օտարոտի նայում եմ այս երջանկությանը:
Ես մոլեռանդորեն
Ընտելացել եմ իմ անհուսությանը:
Ականջ դիր,
Լսու՞մ ես արդյոք սահքը խավարի:

    
Այժմ,
Ինչ որ բան է անցնում գիշերվա միջով:
Լուսինը անհանգիստ է ու կարմիր…
Եվ այս տանիքին,
Որն ամեն պահ
Տագնապում էխարխլվելուց,
Սգավորների ամբոխի պես
Ամպերն ասես սպասում են անձրևելու:

    
Մի պահ,
Եվ դրանից հետո`
Ոչինչ…
Այս լուսամուտի ետևում
Գիշերն է դողում,
Եվ հողագունդը
Կնգ է առնում իր պտույտից:
Այս լուսամուտի ետևում
Ինչ որ անհայտ
Անհանգիստ է ինձ ու քեզ համար:

    
Ով ամբողջովին կանաչ,
Ձեռքերդ որպես այրող մի հուշ
Դիր իմ սիրահարված ձեռքերի մեջ:
Եվ շուրթերդ,
Որպես լինելության մի տաք զգայություն,
Իմ սիրահարված շուրթերի,
Քնքշանքին հանձնիր,
Քամին մեզ կտանի իր հետ,
Քամին մեզ կտանի իր հետ…

    
ԱՅՆ ՕՐԵՐԸ

    
Այն օրերն անցան:
Այն լավ օրերը:
Այն առույգ, առողջ օրերը:
Այն երկինքները` թեփուկներով լեցուն:
Այն ճյուղերը` կեռասներից ծանրացած:
Այն տնակները` բաղեղների հովանու տակ
Իրար կքած:
Այն տանիքները` քմահաճ օդապարուկների:
Այն փողոցները` ակացիայի բույրից խենթացած:

    
Այն օրերը անցան:
Այն օրերը,
Երբ կոպերիս արանքից
Պղպջակների պես եռում էին երգերս:
Ինչի վրայով աչքս սահեր`
Կխմեր այն` թարմ կաթի նման:
Ասես բիբերիս խորքում
Ըւրախության անհանգիստ նապաստակն էր,
Ըր ամեն առավոտ ծեր արևի հետ
Գնում էր անծանոթ դաշտերը որոնումների,
Իսկ գիշերը սուզվում մթության անտառներում:

    
Այն օրերն անցան:
Այն օրերը լուռ ու ձյունոտ,
Երբ տաք սենյակի ապակու ետևից
Ամեն պահ հայացքս սևեռվում էր դուրս,
Մաքուր իմ ձյուն…
Փափուկ բամբակի պես
Հանդարտ իջնում էր
Ճայտե հին ելարանին,
Լվացքի թույլ պարանին,
Ծեր եղևնիների վարսերի վրա…
Եվ մտածում էի վաղվա մասին,
Վաղը, - Ահ, -
Սպիտակ, լպրծուն ծավալ:

    
Վաղը…
Սկսվում էր տատիկի չադրայի խշխշոցով,
Եվ դռան շրջանակի մեջ
Անորոշ ստվերի հայտնությամբ,
Ըր հանկարծ արձակում էր իրեն
Լույսի սառը զգայության մեջ:
Եվ աղավնիների թափառող գծագիրը`
Գունավոր ապակյա գավաթների մեջ:
Վաղը…

    
Քուրսու ջերմությունը քնաբեր էր,
Ես համարձակ ու արագ,
Մայրիկի հայացքից թաքուն,
Հին, ստուգված արտագրություններից
Մաքրում էի գծերը կարմիր:
Հենց որ նստում էրձյունը,
Տխուր, տրտում քայլում էի պարտեզում
եվ չորացած յասամանների
Ծաղկամանների տակ
Թաղում էի մեռած ճնճղուկներիս:

    
Այն օրերը անցան:
Այն օրերը` հիացմունքի:
Այն օրերը` քուն ու արթմնի,
Այն օրերը…
Ամեն ստվեր գաղտնիք ուներ,
Ամեն փակված արկղ
Գանձ ուներ իր մեջ պահած:
Պահեստատան ամեն մի անկյուն
Ասես մի աշխարհ էր`
Լռության մեջ կեսօրվա,
Ով չէր սարսափում խավարից
Իմ աչքին հերոս էր անհաղթ:

    
Այն օրերն անցան:
Այն օրերը Նորուզի[1]:
Այն սպասումները`
Ծարդի ու արևի:
Այն սարսուռները բույրի`
Ծայրի նարգիզների լուռ ու ամոթխած հավաքում,
Երբ տեսակցում էին քաղաքը`
Ձմռան վերջին առավոտին:
Եվ մանրավաճառների կանչը`
Կանաչ բծերով երկար փողոցներում:

    
Շուկան լողում էր թափառող բույրերի մեջ`
Սուրճի ու ձկան սուր բույրերի մեջ:
Շուկան տարածվում էր քայլերի ներքո,
Ձգվում, ձուլվում էր
Ճանապարհի ամեն պահի մեջ
Եվ պտտվում էր տիկնիկների աչքերի խորքում:
Շուկան մայրիկն էր,
Որ արագորեն գնում էր դեպի
Հոսող, գունավոր ծավալները,
Եվ վերադառնում` լի զամբյուղներով:
Շուկան անձրև էր,
Որ հորդում էր, հորդում էր հորդում:

    
Այն օրերը անցան:
Այն օրերը`
Իրերի գաղտնիքներում սևեռվելու:
Այն օրերը,
Կապույտ երակների գեղեցկության հետ`
Զգուշավոր ծանոթության:
Մի ձեռք` վարդով,
Պատի այն կողմից,
Որ կանչում էր մեկ այլ ձեռքի,
Եվ փոքրիկ թանաքի բծեր`
Այս վախվորած, տագնապոտ ձեռքին:
Եվ սերը,
Որ բացահայտում էր իրեն
Մի ամոթխած բարևում:

    
Տոթ ու ծխածածկ միջօրեներին,
Մենք մեր սերըերգում էինք
Փողոցների փոշիների մեջ:
Մենք ծանոթ էինք
Խլածաղիկների պարզ լեզվին:
Մենք մեր սրտերը տանում էինք
Անմեղ քնքշությունների պարտեզը,
Եվ պարտք տալիս ծառերին
Եվ գնդակը համբույրի պատգամներով
Շրջում էր մեր ձեռքերի մեջ:
Եվ սեր էր կոչվում
Այն զգացումը մշուշոտ,
Որ մթության մեջ միջանցքի`
Հանկարծ գերում էր մեզ,
Եվ կլանում տաք շնչառությունների,
Տրոփյունների ու գողունի ժպիտներում:

    
Այն օրերը անցան:
Այն օրերը,
Արևից նեխող բույսերի պես`
Ճտեցին
Արևալույսի շողերի ներքո:
Եվ պողոտաների խառնաժխորում
Անդարձորեն կորան,
Այն փողոցները`
Ակացիայի բույրերից խենթացած:
Եվ այն աղջիկը,
Որ այտերը գունազարդում էր
Խորդենու ծաղկաթերթերով,
Ահ,
Այժմ կին է միայնակ,
Այժմ կին է միայնակ…

    
    
ԸՆԾԱ

    
Ես խոսում եմ գիշերվա սահմանից,
Ես խավարի սահմանից
ԵՎ գիշերվա սահմանից եմ խոսում:

    
Եթե գաս իմ տուն
Ով սիրելի,
Ինձ ճրագ բեր
ԵՎ մի լուսամուտ՝
Փողոցի երջանիկ ժխորը տեսնելու համար:

    
    
    
ԶՈՒՅԳ

    
Գիշեր է գալիս,
Եվ գիշերից հետո՝
Մթություն,
ԵՎ մթությունից հետո՝
Աչքեր,
Ձեռքեր,
ԵՎ հեւոցներ, եւ հեւոցներ, եւ հեւցներ...
ԵՎ ջրի ձայն,
Որ ծորակից կաթիլ-կաթիլ թափվում է ցած:
Հետո երկու կարմիր կետ՝
Երկու վառված ծխախոտի:
Ժամացույցի տիկ-տըկոց,
ԵՎ երկու սիրտ,
ԵՎ երկու մենակություն...

    
    
    
[1] . Իրանցիների Նոր տարին, որը համընկնում է գարնան առաջին օրվա հետ:

    
ԿԱՆԱՉ ՊԱՏՐԱՆՔ

    
Ամբողջ օր լալիս էի հայելու մեջ:
Գարունը լուսամուտս
Հանձնել էր ծառերի կանաչ պատրանքին:
Մարմինս չէր ամփոփվում մենությանս բաժաժում:
Եվ թղթյա թագիս հոտը
Թունավորել էր
Արեւազուրկ տարածությունն այս:

    
Չէի կարող,
Այլեւս չէի կարող...
Փողոցի ձայնը,
Թռչունների ձայնը,
հեռացող թավշե գնդակների ձայնը,
Եվ աղմուկ աղաղակը փախչող երեխաների,
Եվ պարը փուչիկների,
Որոնք օճառի փրփուրից ելնող պղպջակների պես
Բարձրանում էին թելե ցողունից:
Եվ քամին,
Եվ քամին, որ ասես
Շնչում էր
Միասնական քնի
Ամենախավար պահերի խորախորքում,
Իմ հավատքի
Լուռ բերդապարիսպներն էին սեղմում,
Ու հին ճեղքերից
Սիրտս էին կանչում,
Իր իսկ անունով...
Ամբողջ օրը իմ հայացքը
Սեւեռված էր կյանքիս աչքերին.
Այն զույգ վախվորած, ահոտ աչքերին,
Որոնք փախչում էին իմ հայացքից անշարժ
Եվ ինչպես խաբեբաներ,
Ապաստան գտնում
Կոպերի անվտանգ մենության մեջ:

    
Ի՞նչ բարձունք,
Եվ ի՞նչ գագաթ,
Մի՞թե այս բոլոր ճամփաները ոլորապտույտ,
Այն սառն ու կլլող բերանի մեջ,
Չեն խաչվում մի տեղ ու անէանում:
Ի՞նչ եք տվել ինձ,
Ո~վ բառեր, պարզունակ ու սուտ եւ
Ո~վ մարմինների ու ցանկությունների
Անողոք տանջանք,
Եթե մի ծաղիկ ամրացնեի մազերիս վրա
Այս կեղծությունից,
Այս թղթյա թագից,
Որ նեխել է գլխիս վերեւում`
Ավելի շքեղ չէ՞ր լինի արդյոք:

    
Ինչպե՞ս անապատի հոգին գերեց ինձ
Եվ լուսնի կախարդանքը
Հեռացրեց ինձ հավատի հոտից:
Ինչպե՞ս մեծացավ սրտիս անավարտ կեսը
Եվ ոչ մի կես, չամբողջացրեց մյուս կեսին:
Կանգնեցի ու տեսա,
Թե ինչպես է
Հողը դատարկվում ոտքերիս տակից,
Եվ զույգիս մարմնի ջերմությունը
Չի փոխանցվում մարմնիս զուր սպասումին:

    
Ի՞նչ բարձունք,
Եվ ի՞նչ գագաթ,
Ինձ ապաստան տվեք,
Ո~վ ճրագներ անհանգիստ,
Ո~վ լուսավոր, կասկածոտ տներ,
Ուր արեւոտ ձեր տանիքներում,
Սավանները մաքուր
Ճոճվում են
Բուրավետ ծխերի գրկում:

    
Ինձ ապաստան տվեք,
Ո~վ հասարակ ու պարզ կանայք,
Որ ձեր մատների նուրբ մաշկի միջոցով
Հետեւում եք
Խլրտացող սաղմի ընթացքին հաճելի,
Եվ օդը ձեր ստինքների արանքում
Միշտ միաձույլ է
Թարմ կաթի բույրով:

    
Ի՞նչ բարձունք,
Եվ ի՞նչ գագաթ.
Ինձ ապաստան տվեք,
Կրակով լի օջախներ, երջանկության պայտեր,
Եվ ո~վ պղնձյա ամանների երգեր`
Գորշության մեջ խոհանոցի:
Եվ ո~վ կարի մեքենայի սրտառուչ մրմունջներ:
Եվ ո~վ գորգերի ու ավելների օրնիբուն պայքար:
Ինձ ապաստան տվեք,
Ո~վ սերեր կրքոտ ու գերող,
Որ գոյատեւումի ցավալի ցանկությունը,
Ձեր գրաված անկողինը,
Հարդարում է կախարդական ջրով
Եվ արյան թարմ կաթիլներով:

    
Ամբողջ օրը,
Ամբողջ օրը արձակված, լքված,
Ինչպես մի դիակ ջրի երեսին,
Ընթանում էի
Դեպի ամենախոր քարայրները ծովային,
Եվ ամենավայրի ձկները մսակեր,
Եվ մեջքիս ողերը նուրբ`
Մահվան զգացողությունից սարսռացին հանկարծ:

    
Չէի կարող,
Այլեւս չէի կարող:
Ոտքերս հրաժարվում էին ճանապարհից,
Եվ այն գարունը,
Եվ այն կանաչ պատրանքը,
Որ անցնում էր լուսամուտից,
Ասում էր սրտիս.
- Նայիր,
Դու երբեք առաջ չես գնացել,
Դու սուզվել,
Մխրճվել ես...

    
ԹՌՉՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՄԻ ԹՌՉՈՒՆ ԷՐ

    
Թռչունը ասաց.
-Ինչ բուրմունք է, ինչ արև,
Օ~, գարուն է եկել,
Եվ ես կգնամ ու կփնտրեմ իմ զույգին:
Թռչունը պատշգամբի եզրից
Թռավ,
Թռավ ու գնաց,
Ինչպես մի պատգամ:
Թռչունը փոքր էր,
Թռչունը չէր մտածում,
Թռչունը օրաթերթ չէր կարդում,
Թռչունը պարտք չուներ,
Թռչունը չէր ճանաչում մարդկանց:

    
Թռչունը օդի մեջ,
Կարմիր լույսերի վրայով
Թռչում էր անգետության բարձունքներում,
Եվ կապույտի պահերը փորձարկում էր խենթորեն:
Թռչունը, օ~, միայն մի թռչուն էր…

    
ՀԱՐՑՈՒՄ

    
Ողջույն ձկնիկներ…ողջույն ձկնիկներ…
Ողջույն, կարմիրներ, կանաչներ, ոսկևուններ,
Ինձ ասացեք,
Այն բյուրեղյա սենյակում, որը սառն է`
Ինչպես աչքի բիբը մեռածների,
Եվ փակ ու ամեհի`
Ինչպես քաղաքը կեսգիշերին,
Չե՞ք լսել արդյոք սրինգի ձայն,
Որ վախի ու մենության փերիների աշխարհից,
Ընթանում է դեպի աղյուսե ննջարանների վստահությունը,
Դեպի լարովի ժամացույցների օրորոցայինը,
Եվ լույսի ապակյա միջուկները:
Եվ ընթանալով,
Ոսկյա աստղերը երկնքից ընկնում են հողին,
Ու քմահաճ սրտերը փոքրիկ,
Պայթում են
Լացի անզուսպ ցանկությունից:

    
ԸՆԿԱԼՈՒՄ

    
Փոքրիկ լամպարում
Սպառվում էր լույսը…
Եվ լուսամուտը լցվեց գիշերով:
Գիշեր-
Անհեթեթ ձայների ժխորով լեցուն:
Գիշեր…
Ականջ դրի,
Մութ ու ահալի փողոցում.
Մեկն ասես իր սիրտը,
Ըրպես նեխած մի ծավալ,
Ճզմեց ոտքի տակ:
Մութ ու ահալի փողոցում
Մի աստղ պայթեց:
Ականջ դրի…

    
Զարկերակս ուռչել էր արյան պոռթկումից,
Եվ մարմինս…
Մարմինս տագնապում էր
Ցրիվ գալու երկյուղից:

    
Բոլոր շարժումներով հանդերձ`
Ինչպես ջուրը ճահճոտ
Հանդարտ ու կամաց
Նստվածք էի տալիս
Ու լերդանում փոսիկիս մեջ:

    
Ականջ դրի,
Ականջ դրի ամբողջ կյանքիս.
Մի քնձռոտ մուկ իր անցքի մեջ`
Անամոթաբար,
Մի անհեթեթ, անդուր երգ էր ծղրտում:
Համառ, անհասկանալի ծըվ-ծըվոցը,
Սին պահերը անցնում էին պտույտներով
Եվ ընթանում մոռացության մակերեսին:

    
Ահ, ես լցված էի կրքով,
Մահվան կրքով:
Զույգ ստինքներս ահասարսուռ զգացումից
Ձգվեցին հանկարծ:
Եվ ես հիշեցի
Առաջին օրը իմ հասունության,
Երբ ողջ մարմինս
Փթթում էր
Ապշած անմեղության մեջ,
Որ միաձուլվի`
Անհասկանալի,
Անհայտ
Այն առեղծվածին:

    
Փոքրիկ լամպարում
Դողացող գծով
Լույսը հորանջեց:

    
    
ԱՐԵՎԻՆ ԿՈՂՋՈՒՆԵՄ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ

    
Արևին կողջունեմ կրկին անգամ:
Առվակին, որ հոսում էր իմ մեջ:
Ամպերին, որ իմ ընդարձակ մտքերն էին:
Պարտեզում, բարդիների ցավագար աճին,
Որ ինձ հետ անցնում էին չոր եղանակներին:
Ագռավների երամներին,
Որոնք գիշերվա բույրը արտերի
Բերում էին ինձ ընծա:
Մայրիկիս, որ ապրում էր հայելու մեջ
Եվ իմ ծերության պատկերն ուներ:
Եվ հողին, որ իմ կրքերի կրկնությամբ`
Իր անհանգիստ ընդերքը
Կուտակում էր սերմերով կանաչ,
Կողջունեմ կրկին անգամ:

    
Կգամ, կգամ, կգամ-
Վարսերովս` բույրերի շարունակությունը
Հողի ընդերքի:
Աչքերովս` փորձությունները թանձր մթության:
Թփերով, որ քաղել եմ պատի այն կողմի պուրակից
Կգամ, կգամ, կգամ,
Եվ մուտքը կլցվի սիրով
Եվ ես մուտքում, նրանց ովքեր սիրում են,
Եվ այն աղջկան, որ դեռ այնտեղ
Սիրով լի կանգնած է,
Կողջունեմ կրկին անգամ:

    
    
ԳԻՇԵՐՎԱ ՍԱՌԸ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

    
Ես չեմ զղջում,
Ես խորհում եմ այս հպատակման,
Այս ցավագար հպատակման մասին:
Ես ճակատագրիս խաչը համբորել եմ
Իմ Գողգոթայի բարձունքներում:

    
Գիշերվա սառը փողոցներում
Զույգերը վարանումով
Շարունակ բաժանվում են մեկ-մեկուց:
Գիշերվա սառը փողոցներում
Հրաժեշտի շշունջից զատ
Ուրիշ ձայն չկա:

    
Ես չեմ զղջում:
Իմ սիրտն ասես ընթանում է
Ժամանակի մյուս կողմում:
Կյանքը շարունակաբար
ԿԿրկնի իմ սիրտը:
ԵՎ նա՝
Քամու լճակների վրայով անցնող
Խլածաղիկը կկրկնի ինձ:

    
Ախ տեսնու՞մ ես,
Թե ինչպես է պատռվում մաշկս,
ԵՎ ինչպես է կաթը լերդանում
Սառը ստինքներիս կապույտ երակներում:
ԵՎ արյունը
ինչպես է իր կրճիկային աճն սկսում
Իմ համբերատար գոտկատեղում:
Ես՝ դու եմ, դու,
ԵՎ նա, ով սիրում է,
Նա, ով հանկարծ՝
Բութ,
Անհասկանալի մի կապ է գտնում
Հազարավոր անհայտ ու անանուն
Բաների հետ:
Ես հողի կիրքն եմ սուր,
Որ բոլոր ջրերը քաշում է ընդերքն իր խոր,
Բերրի դարձնելով դաշտերն ամեն:

    
Լսիր
Հեռու-հեռավոր ձայնն իմ,
Աղջամուղջի ծանր մշուշների աղոթքներում,
Եվ ինձ տես
Հայելիների խաղաղ լռության մեջ,
Թե ինչպես նորից
Ձեռքերիս մնացորդներով
Շոշափում եմ
Բոլոր երազների խորքերը մութ:
ԵՎ սիրտս,
Լինելության անմեղ երջանկությունների վրա
Կտածում է,
Ինչպես բիծը արյան:

    
Ես չեմ զղջում,
Իմ մասին, ով իմ սիրելի,
Խոսիր
Սիրահարված աչքերով
Իմ նմանակ այն աղջնակի հետ,
Որին կգտնես գիշերվա սառը փողոցներում...
ԵՎ հիշիր ինձ
Նրա մելանուշ համբույրներում
ԵՎ քո աչքատակերի քնքուշ գծիկներում:

    
    
    
    
ԵՍ ՄԵՌՆՈՒՄ ԷԻ

    
Ես մեռնում էի քո սիրուց,
Թեեւ դու իմ կյանքն էիր...
............................................
Դու ինձ հետ գալիս էիր,
Դու իմ մեջ երգում էիր,
Երբ աննպատակ
Թափառում էիր փողոցներով,
Դու ինձ հետ գալիս էիր,
Դու իմ մեջ երգում էիր:
Դու թեղիների միջից,
Սիրահարված ճնճղուկներին
Հրավիրում էիր
Լուսամուտի այգաբացին,
Երբ գիշերը կրկնվում էր,
Երբ գիշերը չէր ավարտվում,
Դու թեղիների միջից,
Սիրահարված ճնճղուկներին
Հրավիրում էիր
Լուսամուտի այգաբացին:

    
Դու քո ճրագներով
Գալիս էիր մեր փողոցը:
Դու քո ճրագներով գալիս էիր,
Երբ երեխաները գնում էին,
Եվ ակացիայի ողկույզները ննջում էին,
Եվ հայելու մեջ
Ես մնում էի միայնակ,
Դու քո ճրագներով գալիս էիր:

    
Դու նվիրում էիր քո ձեռքերը,
Դու նվիրում էիր քո աչքերը,
Դու նվիրում էիր գգվանքներդ,
Երբ քաղցած էի,
Դու նվիրում էիր կյանքդ:
Դու նման էիր
Լույսի բարությանը:

    
Դու քաղում էիր կակաչները,
Եվ նրանցով
Ծածկում էիր իմ վարսերը,
Երբ մերկությունից դողում էին իմ վարսերը,
Դու քաղում էիր կակաչները:

    
Դու այտերդ հպում էիր
Ստինքներիս տագնապներին,
Երբ այլեւս
Ոչինչ չունեի ասելու,
Դու այտերդ հպում էիր
Ստինքներիս տագնապներին:
Դու ունկնդրում էիր
Իմ արյանը, որը գնում էր հառաչելով,
Եվ իմ սիրուն, որը մեռնում էր հեկեկալով:

    
Դու լսում էիր,
Սակայն ավաղ,
Չէիր տեսնում ինձ:

    
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ

    
-Գիշե՞ր, թե՞ տիվ:
-Օ~, ոչ իմ ընկեր, մայրամուտ է հավերժական:
Քամու մեջ անցնող զույգ աղավնիներ`
Ինչպես սպիտակ դագաղներ երկու:
Եվ հեռվից լսվող ինչ-որ ձայներ`
Այն դաշտից օտար,
Անկայուն ու թափառող,
Ինչպես շարժումը քամու:

    
-Մի խոսք պիտի ասել:
Մի խոսք պիտի ասել:
Իմ սիրտն ուզում է խավարի հետ մերձենալ:
Մի խոսք պիտի ասել:
Ինչպիսի ծանր մոռացում`
Խնձորը ընկնում է ծառից:
Կտավատի դեղին սերմերը
Փշրվում են
Սիրահարված դեղձանիկներիս կտուցներին:
Բակլայի ծաղիկը
Կապույտ նյարդները արձակում է
Զեփյուռի արբունքի մեջ`
Ազատագրվելով
Անորոշ սարսափի կործանումից:
Եվ այստեղ, իմ մեջ, իմգլխում…

    
Ահ…
Իմ գլխում թանձր կարմիր մասնիկների
Պտույտից բացի
Ուրիշ ոչինչ չկա,
Եվ իմ հայացքը ամոթխած ու օտար է
Ինչպես խոսքը կեղծ:

    
-Ես խորհում եմ լուսնի մասին:
-Ես` ինչ-որ մի խոսք` պոեզիայում:
-Ես խորհում եմ աղբյուրի մասին:
-Ես` հողի մեջ թաղված պատրանքի:
-Ես ցորենի առատ բույրի:
-Ես` հացի առասպելի:
-Ես` անմեղ խաղերի:
-Ես խորհում եմ ակացիայի բույրով հագեցած
Այն նեղ ու երկար փողոցի մասին:
-Ես` խաղերից հետո, այն դառն արթնության,
Եվ այն թմրությանը` փողոցից հետո,
Եվ երկար ու ձիգ այն դատարկությանը`
Ակացիայի բույրերից հետո:

    
-Հերոսություննե՞ր:
-Ահ…ծեր են ձիերը:
-Սե՞րը:
-Միայնակ է և կարճ լուսամուտից,
Նայում է դաշտերին` առանց Մեջնունի,
Այն անցուղուն`
Ապարանջանով,
Նուրբ սրունքների քայլքին
Մշուշոտ հիշողությամբ:

    
Իղձե՞րը:
-Կորցնում են իրենց
Դաժանորեն միատեսակ հազարավոր դռների առաջ:
-Փա՞կ:
-Այո, փակ, շարունակ փակ:
-Կհոգնես:
-Ես խորհում եմ մի տան մասին,
Թմրեցնող շնչով բաղեղների,
Աչքի բիբի պես` վառ ճրագներով:
Եվ ծույլ, անվրդով, խոհուն գիշերներով:
Եվ այն մանկան` անպարփակ ժպիտով,
Ինչպես կրկնվող
Օղակաձև կոհակը ջրում:
Եվ այն մարմնի`
Ինչպես ողկույզը խաղողի արյունով լեցուն:

    
-Ես խորհում եմ թալանի մասին:
Սև հոսանքների հափշտակության:
Գիշերը` լուսամուտում ինչ-որ բան փնտրող,
Այն վարանոտ լույսի,
Եվ այն փոքրիկ գերեզմանի,
Փոքրիկ,
Ինչպես մարմինը մանկան:

    
Գործ… գո՞րծ…
-Այո, սակայն այն հսկա սեղանի ետևում
Ծածուկ ապրում է անհայտ թշնամին,
Որ քեզ կրծում է դանդաղ,
Ինչպես մատյանն ու փայտը
Եվ հազարավոր անպետք
Շատ ուրիշ բաներ:
Եվ վերջապես, ինչպես մակույկը
Ջրապտույտի հորձանուտում
Դու կսուզվում մի գավաթ թեյում:
Եվ հորիզոնի խորքում
Ծխախոտի թանձր ծխից
Եվ անհասկանալի գծերից բացի
Ուրիշ ոչինչ, չես կարող տեսնել:

    
-Մի ա՞ստղ:
-Այո, հարյուր: Հարյուրավոր, սակայն
Գիշերվա այն կողմում փակված:
-Մի թռչու՞ն:
Այո, հարյուր, հարյուրավոր, սակայն
Բոլորը իրենց հեռավոր հուշերում
Ծերացական, հպարտ թևաբախությամբ:
-Ես խորհում եմ փողոցում լսված
Այն ճիչի մասին:
-Ես` պատի մեջ, մերթ ընդ մերթ անցնող
Անվնաս մկան:

    
-Մի խոսք պիտ ասել,
Մի խոսք պիտ ասել,
Այգալույսին,
Այն թռթռուն պահին,
Երբ մթնոլորտը, ինչպես զգացումը հասունացման,
Հանկարծ միաձուլվում է
Ինչ-որ անորոշ մի բանի հետ:
Ես ցանկանում եմ
Անձնատուր լինել ինչ-որ հորձանքի:
Ես ցանկանում եմ,
Անձրևել այն մեծ ամպից:
Ես ցանկանում եմ
Ասել` ոչ, ոչ, ոչ…

    
-Գնանք:
-Մի խոսք պիտի ասել:
-Գավա՞թ, անկողի՞ն, թե՞ քուն:
-Գնանք…

    
    
    
    
ԹՌՉՈՒՆԸ ՄԵՌՆՈՂ Է

    
Սիրտս նեղվում է,
Սիրտս նեղվում է...

    
Պատշգամբ եմ գնում եւ մատներս
Հպում եմ գիշերվա ձգված մաշկին:

    
Լապտերները մթության հարաբերակիցներն են:
Լապտերները մթության հարաբերակիցներն են:
Ոչ ոք ինձ չի ծանոթացնի
Արեւի հետ:
Ոչ ոք ինձ չի հրավիրի
Ճնճղուկների խնջույքին:

    
Հիշիր թռիչքը,
Թռչունը մեռնող է:

    
ՄԻԱՅՆ ՁԱՅՆՆ Է ՄՆԱՅՈՒՆ

    
Ինչու՞ կանգ առնել, ինչու՞,
Թռչունները ճախրեցին
Կապույտը որոնելու:
Հորիզոնն ուղղահայաց է,
Հորիզոնն ուղղահայաց է` շատրվանաձև,
Եվ տեսանելիության սահմանում
Պտտվում եմ մոլորակները լուսավոր:
Երկիրը բարձունքում
Հասնում է կրկնության,
Եվ օդային հորերը
Վերածվում եմ հարաբերակցության անցքափորվածքի,
Եվ օրը մի տարածություն է,
Որ չի զետեղվում
Օրաթերթի ճճվային նեղ ուղեղի մեջ:

    
Ինչու՞ կանգ առնել.
Ճանապարհը ընթանում է կյանքի մազանոթներով:
Լուսնի արգանդի տարածքասպան հատկությունը
Կոչնչացնի բջիջներն ապականված,
Եվ քիմիական մթնոլորտում`
Արևածագից հետո,
Միայն ձայնն է,
Ձայնն է,
Որ կներծծվի հյուլլեների մեջ ժամանակի:

    
Ինչու՞ կանգ առնել:
Ի՞նչ կարող է լինել ճահիճը,
Ի՞նչ կարող է լինել`
Արատավոր միջատների ձվադրման վայրից բացի:

    
Ճքված դիերը
Դիասառնարանի խոհերն են թերթում:
Տմարդը խավարի մեջ
Թաքցրել է իր մարդկային անէացումը:
Երբ ծղրիդը…Ահ,
Երբ ծղրիդն է անգամ խոսում,
Ինչու՞ կանգ առնել:

    
Ապարդյուն է արճճե տառերի ընկերակցումը,
Արճճե տառերի ընկերակցումը,
Չի փրկի երբեք մտորումները նվաստի:
Ես ծառերի սերնդից եմ,
Նեխած օդի շնչառությունը տրտմեցնում է ինձ:
Մեռած թռչունը ինձ հորդորեց,
Որ հիշեմ թռիչքը:

    
Բոլոր ուժերի սկիզբը միացումն է.
Միացում, միացում
Վառ արևի սկզբունքին
Եվ հորդալ լույսի գիտակցությանը:
Բնական է,
Որ կփտեն հողմաղացները:
Ինչու՞ կանգ առնել:
Ես ցորենի խակ հասկը
Կպահեմ ստինքիս տակ
Ու կաթ կտամ:

    
Ձայն, ձայն, միայն ձայն,
Զուլալ ջրի ձայնի աղերսը` հոսելու,
Աստղալույսի հեղումի ձայնը`
Հողի նյութային մակերեսին:
Իմացության սաղմի մակարդման ձայնը,
Եվ հիշողության ընդլայնումը
Միասնական սիրո:
Ձայնը, ձայնը, ձայնը
Միայն ձայնն է մնայուն:

    
Թզուկների աշխարհում
Չափման միավորները
Ճամփորդել են շարունակ
Զրոյի ուղեծրում:
Ինչու՞ կանգ առնել:
Ես չորս տարրերին եմ հնազանդվում,
Եվ սրտիս կանոնադրության համակարգումը
Կույրերի թաղային իշխանության գործը չէ:

    
Իմ ինչ գործն է
Ծայրագության երկար ու ձիգ կաղկանձը
Անասունի սեռանդամում:
Իմ ինչ գործն է
ՃՃվի նվաստ ընթացքը
Մսե ճեղքերում:
Ինձ արյունոտ ծաղիկների գերդաստանն է
Հարկադրել ապրել,
Արյունոտ ծաղիկների գերդաստանը,
Գիտե՞ք:

    
ՆԵՐԵՑԵՔ ՆՐԱՆ

    
Ներեցեք նրան.
Նրան, որ մերթ ընդ մերթ մոռանում է
Իր իր էության ցավագար միացումը
Անշարժ ջրերի
Եվ դատարկ, ամայի հորերի հետ,
Եվ հիմարաբար կարծում է`
Ապրելու իրավունք ունի:

    
Ներեցեք նրանք
Ներեցեք անտարբեր պատկերի զայրույթը,
Որի թղթյա հայացքում
Անէանում են
Շարժունակության հեռավոր բաղձանքը:

    
Ներեցեք նրան.
Նրան, որի ամբողջ դագաղի վրայով
Անցում ունի լուսնի կարմիր ընթացքը,
Եվ գիշերվա բուրմունքները այլայլված
Վրդովվում են նրա մարմնի
Քունը հազարամյա:

    
Ներեցեք նրան.
Նրան, որի էությունը ավերված է հիմնովին,
Խակայն, դեռևս
Աչքերն այրվում են
Լույսի մասնիկների պատկերացումից,
Եվ վարսերըապարդյուն
Դողդողում են հուսահատ
Սիրո հևքի ազդեցությունից:

    
Ով երկրի բնակիչներ`
Պարզ երջանկության,
Ով մտերիմներ`
Անձրևի տակ բացված լուսամուտների,
Ներեցեքնրան,
Ներեցեք նրան,
Քանզի դյութված է,
Քանզի կյանք արարող ձեր արմատները
Ականահատում են օտար հողերը նրա,
Եվ նրա դյուրահավատ սիրտը
Կարոտի չարաղետ հարվածներով
Այտուցվում է կրծքի անկյունում:

    
ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԻՇԵՐՎԱ ՄԵՋ

    
…Եվ ապշահար դեմքը`
Լուսամուտից այն կողմ,
Ասաց ինձ.
«Իրավացի է նա ով տեսնում է:
Ես, ինչպես զգացումը կորստյան,
Սոսկալի եմ,
Սակայն, Աստված իմ,
Ինչպե՞ս կարելի է
Խարսափել ինձնից:
Ես,
Ես, որ
Երկնքի մառախլապատ տանիքներին
Թեթև, թափառողնօդապարուկից բացի
Ուրիշ ոչինչ չէի:
Եվ սերս, ցանկությունս,
Ատելությունս ու ցավերս`
Գերեզմանատան գիշերվա օտարության մեջ,
Կրծոտել է`
Մահ անունով առնետը»:

    
…Եվ ապշահար դեմքը`
Այն նուրբ, գիսավոր,
Նվաղ ուրվագծերով,
Որի հոսող ձևերը
Քամին ամեն պահ մշուշում ու ավերում էր,
Եվ, որի փափուկ ու երկար վարսերը
Լուսնոտության թաքուն շարժումներով
Տարածվում էին
Ամբողջ գիշերվա տրոփյուններով,
Ինչպես ծովաբույսեր
Ընթանում էինլուսամուտից այն կողմ`
Ճչաց.
«Հավատացեք
Ես կենդանի չեմ»:

    
Ես նրանից այն կողմ, դեռևս,
Տեսնում էի թանձրացող մութը,
Եվ եղևնու արծաթյա մրգերը,
Սակայն նա, ախ…

    
Նա, սահում էր այս բոլորի վրայով
Եվ նրա անսահման սիրտը վեր էր սլանում,
Ասես, կանաչ զգայությունն էր ծառերի
Եվ աչքերը շարունակվում էին
Մինչև հավերժություն:

    
    
    
    
ՍԱՀՄԱՆԻ ՊԱՏԵՐԸ

    
Այժմ, վերստին, գիշերվա մեջ լուռ,
Վեր են ձգվում բույսերի պես
Արգելապատերը` պատերը սահմանի,
Որ պահապան կանգնեն իմ սիրո արտին:

    
Այժմ, վերստին, ստոր աղաղակները քաղաքի,
Ինչպես անհանգիստ ձկների վտառ,
Քոչում են իմ ափերից խավարամած:

    
Այժմ, վերստին,
Լուսամուտները
Իրենց գտնում են
Ցրված բույրերի
Հաճույքի մեջ միացման:
Այժմ, պարտեզում քնած ծառերը բոլոր
Կեղեւ են փոխում,
Եվ հողը հազար ծակոտիներով
Կլլում է լուսնի ցրված մասնիկները:

    
Այժմ,
Մոտ եկ ավելի
Եվ անսա
Սիրո տագնապահար հարվածներին,
Որոնք, ինչպես
Կոչնաթմբուկը նեգրական,
Տարածվում են ողջ մարմնիս սարսուռներում:

    
Ես զգում եմ,
Ես գիտեմ,
Թե պահը աղոթքի,
Այդ որ պահն է:
Այժմ աստղերը բոլոր
Մեկ-մեկու հետ կքնեն:

    
Ես գիշերվա հովանու տակ,
Կսահեմ բոլոր զեփյուռներից,
Ես գիշերվա հովանու տակ,
Իմ ծանր վարսերով
Խենթորեն ցած կթափվեմ քո ձեռքերի մեջ,
Եվ կնվիրեմ քեզ
Արեւադարձային այս ծաղիկները`
Ջահել ու կանաչ:

    
Ինձ հետ եկ,
Ինձ հետ եկ դեպի այն աստղը`
Այն աստղը,
Որ հազարավոր տարիներ
Հեռու է
Հողի սառնություններից,
Եվ երկրի սին կշիռներից,
Եվ ոչ ոք այնտեղ
Չի սարսափում լույսից:

    
Ես ապրում եմ ջրի վրա`
Լողացող կղզիներում:
Ես
Փնտրում եմ անծիր երկնքից մի կտոր,
Որ զերծ լինի ստոր մտքերի թանձրացումից:

    
Ինձ հետ վերադարձիր,
Ինձ հետ վերադարձիր`
Դեպի սկիզբը մարմնի,
Դեպի սաղմի կենտրոնը բուրավետ,
Դեպի այն պահը, որ ծնվեցի քեզանից:
Ինձ հետ վերադարձիր.
Ես անավարտ եմ քեզանից մնացել:

    
Այժմ, աղավնիները
Թռչկոտում են ստինքներիս գագաթներին:
Այժմ շուրթերիս բոժոժների արանքում,
Համբույրի թիթեռնիկները
Տարված են փախուստի մտքով:
Այժմ,
Մարմնիս խորանը
Պատրաստ է սիրո պաշտամունքի:
Ինձ հետ վերադարձիր,
Ես անկարող եմ բառերով ասել.
Քանզի սիրում եմ քեզ,
Քանզի «Սիրում եմ քեզ»
Խոսք է մի,
Որ գալիս է`
Անսահմանությունների,
Հնությունների
Ու կրկնությունների աշխարհից:
Ինձ հետ վերադարձիր...
Էլ անկարող եմ...

    
Թող գիշերվա հովանու տակ
Բերք վերցնեմ լուսնից,
Թող լցվեմ`
Անձրեւի փոքրիկ կաթիլներով,
Չաճած սրտերի,
Չծված երեխաների ծավալով:
Թող լցվեմ,
Գուցե իմ սերը
Օրորոց դառնա
Մի այլ Քրիստոս ծնելու համար:

    
    
ԵՐԿՐԱՅԻՆ ՊԱՏԳԱՄՆԵՐ

    
...Իսկ հետո
Արեւը սառեց
Եվ բարիքը հողից հեռացավ:

    
Եվ դաշտերը անապատների վերածվեցին,
Եվ ձկները տոչորվեցին ծովերի մեջ,
Եվ հողն իր գրկում
Էլ չընդունեց իր մեռյալներին:
Գիշերը,
Ինչպես վարանոտ մի պատկերացում,
Բոլոր սփրթնած լուսամուտներում
Շարունակ ալեկոծվում ու թանձրանում էր:
Եվ ճանապարհներն
Իրենց ընթացքը
Խավարի մեջ շարունակեցին:

    
Այլեւս ոչ ոք չմտածեց սիրո մասին,
Այլեւ ոչ ոք չմտածեց հաղթության մասին,
Եվ ոչ ոք
Այլեւս չմտածեց ոչինչի մասին:

    
Մենության քարանձավներում
Ծնվեց անպետքությունը,
Եվ արյունը բուրեց
Ափիոնի բույրով:
Հղի կանայք
Անգլուխ մանուկներ ծնեցին,
Եվ օրորոցներն ամոթից
Գերեզմաններին ապաստանեցին:

    
Ինչ դաժան ու սեւ օրեր էին,
Հացը տապալել էր առաքելության հզոր ուժը:
Թշվառ ու քաղցած մարգարեները
Փախան սարսափահար
Աստվածային ժամադրավայրերից,
Եվ մոլորված գառները,
Դաշտերի ամայության մեջ,
Էլ չլսեցին ոչ մի հովվի ձայն:

    
Բոլոր շարժումները,
Պատկերներն ու գույներն ասես,
Հայելիների հայացքի մեջ
Արտացոլվում էին գլխիվար,
Եվ ստոր խեղկատակների
Եվ լրբերի լպիրշ դեմքերին
Բոցավառվում էր սուրբ լուսապսակ:

    
Սպիրտի ճահճուտները`
Գաղջ,
Թունավոր գոլորշիներով
Իր խորքերը սուզեց
Մտավորականների անշարժ ամբոխին,
Եվ առնետները,
Հին պահարաններում,
Կրծոտեցին
Ոսկենախշ էջերը
Հին մատյանների:
Արեւը մեռել էր,
Արեւը մեռել էր եւ վաղը
Մանուկների հիշողության մեջ
Անհասկանալի ու մութ
Մի իմաստ ուներ:
Նրանք այս հին բառի խորթությունը
Իրենց դպրոցական տետրերում
Պատկերում էին սեւ, խոշոր բծերով:

    
Մարդիկ,
Ուժասպառ մարդկային ամբոխը
Ապշած ու հուսաբեկ,
Չարաբաստիկ դիակների բեռան տակ կքած,
Մի օտարությունից
Գնում էին
Մի այլ օտարություն,
Եվ մարդասպանության ցավագար ցանկությունը
Ուռճանում էր նրանց ձեռքերում:
Երբեմն մի կայծ,
Մի աննշան կայծ
Այս անկենդան լուռ բազմությանը
Ավերում էր միանգամից...
Նրանք հարձակվում էին մեկ-մեկու վրա:
Տղամարդիկ դաշույնով
Պատռում էին միմյանց կոկորդ,
Եվ անչափահաս աղջիկների հետ
Պառկում էին
Արյունաշաղախ անկողիններում:

    
Նրանք իրենց երկչոտության զոհերն էին,
Եվ հանցագործության սարսափելի զգայությունը
Խեղանդամել էր
Նրանց կույր ու բութ հոգիները:
Շարունակ,
Մահապատժի արարողության ժամանակ,
Երբ կախաղանի պարանը,
Մահապարտի սարսափահար աչքերը
Ուժգնորեն դուրս էր շպրտում ակնախորշերից,
Նրանք սուզվում էին
Իրենք իրենց մեջ,
Եվ կրքոտ մի պատկերացումից,
Նրանց հոգնած ու ծեր ուղեղը
Հանկարծ սուր ցավ էր զգում:

    
Սակայն շարունակ,
Հրապարակների շրջակայքում
Կտեսնեիր այս փոքրիկ մարդասպաններին,
Որոնք կանգնել են ու սեւեռվել են
Շարունակ ցայտող շատրվաններին:

    
Գուցե դեռ
Ճզմված աչքերի խորքում
Եվ սառցակալման ընթացքում
Դեռ մնացել էր
Մի ինչ-որ կիսակենդան մշուշոտ բան,
Որ ապարդյուն իր պայքարում
Ուզում էր ջրերի մաքուր երգին
Հավատք ընծայել:
Գուցե...
Սակայն ավաղ,
Արեւը մեռել էր
Եվ ոչ ոք չգիտեր,
Որ ՀԱՎԱՏՔ է կոչվում`
Սրտերից փախած
Անունն այն տխուր աղավնու:

    
Ահ, ո~վ ձայն բանտարկյալի,
Արդյոք, երբեւէ քո հուսահատ ճիչը,
Այս նողկալի գիշերվա միջից
Ելք չի՞ գտնի դեպի լույս:
Ահ, ո~վ ձայն բանտարկյալի,
Ո~վ ձայն վերջին ձայների...
ԼՈՒՍԱՄՈՒՏ
Մի լուսամուտ տեսնելու համար,
Մի լուսամուտ լսելու համար,
Մի լուսամուտ օղակի պես ջրհորի,
Որի տուտը հողի սրտին է հասնում,
Եվ բացվում է դեպի
Այս կրկնվող քնքշության
Կապտավուն տարածությունը:
Մի լուսամուտ, որ մենության փոքրիկ ձեռքերը
Ափեափ լցնում է,
Ողորմած աստղերի,
Գիշերային բուրմունքի նվիրումներով,
Եվ այնտեղից կարելի է
Արեւին հյուրընկալել խորդենու օտարությանը:
Մի լուսամուտ բավական է ինձ:

    
Ես գալիս եմ տիկնիկների աշխարհից,
Նկարազարդ մի գրքի այգու
Թղթյա ծառերի ստվերների տակից:
Չոր եղանակների ամուլ փորձություններից:
Ընկերության եւ սիրո հողոտ փողոցների անմեղությունից:
Այբուբենի խամրած տառերի աճման տարիներից:
Թոքախտավոր դպրոցի սեղանների ետեւից,
Այն պահից, երբ երեխաները կարողացան
Գրատախտակին «քար» բառը գրել,
Եվ սարյակները հնամյա ծառից թռան վախվորած:
Ես գալիս եմ մսակեր բույսերի արմատների միջից,
Եվ իմ հիշողությունը դեռ զեղուն է
Այն թիթեռնիկի սարսափահար ձայնից,
Որին խաչել էին մի տետրակի մեջ:

    
Երբ իմ վստահությունը կախված էր
Արդարության թույլ հավատքից,
Եվ ամբողջ քաղաքում պատառոտում էին
Իմ սրտի ճրագները,
Երբ իմ մանկական սիրո աչքերը
Կապում էին օրենքի գորշ թաշկինակով,
Եվ տագնապահար երազներիս քունքերից
Դուրս էին ժայթքում արյան շատրվաններ,
Երբ իմ կյանքը`
Պատի ժամացույցի տըկ-տըկոցից բացի,
Ուրիշ ոչինչ չէր,
Ոչինչ,
Հասկացա, որ պետք է... Պետք է
Խենթորեն սիրենք,
Որ պետք է... Պետք է
Խենթորեն սիրենք:

    
Մի լուսամուտ բավական է ինձ...
Մի լուսամուտ. գիտակցության պահի, հայացքի եւ լռության:
Այժմ ընկույզի տունկը
Այնքան է բարձրացել, որ կարող է
Պատի գոյությունը մեկնաբանել
Իր ջահել տերեւների համար:
Հայելուց հարցրու`
Անունը փրկչի:
Արդյոք երկիրը, որը ցնցվում է քո ոտքերի տակ,
Ավելի միայնակ չէ՞, քան` դու:
Մարգարեները ավերածության առաքելությունը
Իրենց հետ մեր դարը բերեցին:
Արդյոք այս կրկնվող պայթյունները
Եվ թունավոր ամպերը,
Այն սուրբ պատգամների արձագանքը չե՞ն:
Ո~վ ընկեր,
Ո~վ եղբայր,
Ո~վ արյունակից:
Երբ լուսին հասնես,
Ծաղկանց սպանդի տարեթիվը գրանցիր:

    
Երազները շարունակ,
Իրենց միամտության բարձունքից,
Նետվում են ներքեւ ու մահանում են:
Ես հոտոտում եմ
Հնացած իմացությունների գերեզմանին աճած
Քառատերեւ առվույտը:
Արդյոք այն կինը, որը թաղվեց պարկեշտության
Ու սպասումի պատանքի մեջ,
Իմ ջահելությունը չէ՞ր:
Արդյոք ես նորից կբարձրանա՞մ
Իմ հետաքրքրությունների սանդուղքից`
Տանիքին քայլող լավ Աստծուն ողջունելու համար:

    
Զգում եմ, որ ժամանակն անցել է,
Զգում եմ, որ «Պահի» իմ բաժինը
Պատմության էջերից պիտի ստանամ:
Զգում եմ, որ սեղանը կեղծ տարածություն է` իմ վարսերի
Եվ այս տխուր օտարականի ձեռքերի միջեւ:
Մի խոսք ասա ինձ,
Արդյոք նա, որ կենդանի մարմնի
Քնքշությունը նվիրում է քեզ,
Կենդանի լինելու զգացման ըմբռնումից,
Ուրիշ ի՞նչ կարող է պահանջել քեզնից:
Մի խոսք ասա ինձ...
Ես լուսամուտի հովանու տակ եմ:
Ես հաղորդակցվել եմ արեւի հետ:

    
    
ՔԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ

    
Ո~վ յոթ տարեկան,
Ո~վ հիացումների հեքիաթային պահ,
Քեզանից հետո ինչ որ անցավ,
Անցավ-գնաց
Անգիտության խենթ ժխորում:

    
Քեզանից հետո
Լուսամուտը,
Որը խիստ կենդանի
Ու պայծառ կապ էր
Մեր եւ թռչունի,
Մեր եւ զեփյուռի միջեւ`
Փշրվեց,
Փշրվեց,
Փշրվեց...
Քեզանից հետո
Կավե տիկնիկն այն,
Որը ջուր բառից բացի
Չէր ասում ոչինչ,
Խեղդվեց ջրի մեջ:

    
Քեզանից հետո,
Մենք սպանեցինք ձայնը ծղրիդների,
Եվ զմայլվեցինք`
Այբուբենի տառերից բարձրացող հնչյունի
Եվ զինագործարանների սուլոցի ձայնով:

    
Քեզանից հետո,
Մեր խաղատեղը,
Սեղանների տակից`
Սեղանների ետեւը,
Եվ սեղանների ետեւից`
Սեղանների վրա տեղափոխվեց:
Եվ մենք խաղացինք սեղանների վրա,
Եվ կորցրեցինք,
Եվ կորցրեցինք քո գույնը,
Ո~վ յոթ տարեկան:

    
Քեզանից հետո,
Մենք դավաճանեցինք մեկս մյուսին:
Քեզանից հետո,
Մենք արճճի կտորտանքներով,
Եվ ռմբակոծված արյան կաթիլներով,
Փողոցի գաջածածկ պատերի քունքերից
Մաքրեցինք բոլոր հիշատակները:

    
Քեզանից հետո,
Մենք հրապարակներում
Բղավեցինք.
«Կեցցե...
Կորչի...»:

    
Եվ հրապարակների խառնաժխորում
Փոքրիկ, երգող դրամների համար,
Որոնք ճարպկորեն
Եկել էին քաղաքը տեսնելու,
Ծափահարեցինք:

    
Քեզանից հետո,
Մենք` մեկս մյուսի արյան ծարավ,
Դատողություններ արեցինք սիրո մասին:
Եվ այդ նույն պահին,
Երբ մեր սրտերը
Անհանգիստ էին մեր գրպաններում,
Մենք սիրո բաժինքի համար
Դատողություններ արեցինք:

    
Քեզանից հետո,
Մենք դիմեցինք գերեզմաններին:
Եվ մահը շնչում էր տատիկի չադրայի տակ:
Եվ մահն այն հսկա ծառն էր,
Որի հոգնած ճյուղերին
Այս կողմի` «Սկզբի» շնչավորները,
Սրբերին ապավինելով լաթեր էին կապում,
իսկ մյուս կողմի` «Վախճանի» մեռյալները
Ճանկռոտում էին նրա ֆոսֆորե արմատները:
Եվ մահը նստել էր սրբի գերեզմանին,
Որի չորս անկյուններից
Հանկարծ բոցավառվեց չորս կապույտ կակաչ:

    
Քամու ձայն է գալիս,
Քամու ձայն է գալիս, ո~վ յոթ տարեկան:

    
Վեր կացա ու ջուր խմեցի,
Եվ հանկարծ հիշեցի,
Թե ինչպես
Քո ջահել արտերը
Սարսափեցին
մորեխների հարձակումից:

    
Որքա՞ն պետք է վճարել,
Որքա՞ն պետք է`
Այս աճող բետոնե խորանարդի համար վճարել:
Մենք այն, ինչ պետք էր
Ձեռքից տալ,
Ձեռքից տվեցինք:
Մենք ճամփա ընկանք
Առանց լապտերի.
Եվ լուսինը, լուսինը`
Այդ քնքուշ հեղուկը, շարունակ այնտեղ էր`
Կավապատ տանիքի մանկական հուշերում,
Եվ մորեխների հարձակումից սարսափող
Ջահել արտերի գլխավերեւում:

    
Որքա՞ն պետք է վճարել...

    
ՍԻՐՏՍ ՑԱՎՈՒՄ Է ՊԱՐՏԵԶԻ ՀԱՄԱՐ

    
Ոչ ոք չի մտածում ծաղիկների մասին,
Ոչ ոք չի մտածում ձկների մասին,
Ոչ ոք չի ուզում հավատալ,
Որ պարտեզի սիրտը այտուցվել է արևի ներքո,
Որ կամաց-կամաց պարտեզի հիշողությունը
Դատարկվում է կանաչ հուշերից:
Եվ պարտեզի զգայությունը
Ասես տարորոշ ինչ- որ մի բան է,
Որ փտել է պարտեզի միայնության մեջ:
մեր տան բակը միայնակ է:
Մեր տան բակը
Հորանջում է
Ինչ-որ անծանոթ մի ամպի
Անձրեւելու սպասումից:
Եվ դատարկ է մեր տան ավազանը:
Փեքրիկ, անփորձ աստղերը
Ծառերի բարձունքից ընկնում են հողին,
Եվ ձկների տան գունաթափ լուսամուտներից
Գիշերները հազի ձայն է լսվում:
Մեր տան բակը միայնակ է:

    
Հայրիկն ասում է.
«Ինձանից անցել է,
Ես իմ բեռը տարել
Եվ իմ գործը արել եմ»:
Եվ իր սենյակում
Առավոտից իրիկուն
Կամ «Շահնամե» է կարդում,
Կամ «Նասեխոլթվարիխ»:
Հայրիկն ասում է մայրիկին.
«Թող անիծվեն հավք ու ձուկ,
Երբ որ ես մեռնեմ` գրողի ծոցը,
Պարտեզ կլինի, կամ թե` չի լինի,
Ինձ բավական է կենսաթոշակն իմ»:

    
Մայրիկի ողջ կյանքը`
Դժոխքի սարսափազդու շեմին փռված
Աղոթագորգ է:
Մայրիկը շարունակ
Ամեն ինչի խորքում
Մեղսանքի ոտնահետքն է փնտրում,
Եվ կարծում է, թե ինչ-որ մի բույսի անեծք
Ապականել է պարտեզը:
Մայրիկը ողջ օրը աղոթք է կարդում:
Մայրիկը բնածին ու պարզ մեղանչող է,
Եվ փչում է բոլոր ծաղիկների վրա,
Եվ փչում է բոլոր ձկների վրա,
Եվ փչում է ինքն իր վրա:
Մայրիկը սպասում է Հարության օրվան,
Եվ այն ներման, որին կարժանանա...

    
Եղբայրս պարտեզը անվանում է գերեզմանոց:
Եղբայրս ծիծաղում է խոտերի խռովության վրա:
Եվ համարակալում է ձկների դիերը,
Որոնք հիվանդոտ ջրի մաշկի տակ
Վերածվում են հիվանդոտ մասնիկների:
Եղբայրս մոլեռանդորեն սիրում է
Փիլիսոփայությունը:
Եղբայրս պարտեզի բուժումը
Տեսնում է պարտեզի կործանման մեջ:
Նա հարբում է
Եվ բռունցքով հարվածում
Դռներին ու պատերին:
Եվ աշխատում է ասել, որ ինքն
Անչափ հուսախաբ, հոգնած ու տրտում է:
Նա իր հուսահատությունը
Անձնագրի, օրացույցի, թաշկինակի, հրահանի եւ գրչի հետ
Փողոց ու շուկա է տանում,
Եւ հուսահատությունը այնքան չնչին է,
Որ ամեն գիշեր կորում է
Գինետան ժխորում:

    
Եվ քույրս, որ ծաղիկների մտերիմն էր,
Իր սրտի պարզ խոսքերը`
Երբ մայրիկը ծեծում էր նրան,
Տանում էր
Ծաղիկների քնքուշ ու լուռ հավաքույթին:
Եւ մերթ ընդ մերթ, ձկների ընտանիքներին
Հրավիրում էր արեւի ու քաղցրավենիքի...
Նրա տունը քաղաքի մյուս ծայրում է:
Նա իր արհեստական տանը,
Կարմիր, արհեստական ձկներով,
Եվ արհեստական ամուսնու հովանու ներքո,
Եվ արհեստական խնձորենիների ճյուղերի ներքո,
Արհեստական երգեր է երգում
Ու բնական երեխաներ շինում:
Նա,
Երբ այցելում է մեզ,
Եվ շրջազգեստի քղանցքերը
Աղտոտում է պարտեզի սնանկությամբ,
Օծանելիքով բաղնիք է անում:
Նա, երբ այցելում է մեզ`
Հղի է:
Մեր տան բակը միայնակ է,
Մեր տան բակը միայնակ է:
Ամբողջ օրը դռան հետեւից
Պայթյունի ու փշրվելու ձայներ են լսվում:
Մեր բոլոր հարեւաններն իրենց պարտեզում,
Ծաղկի փոխարեն,
Գնդացիր ու ռումբ են ցանում:
Մեր բոլոր հարեւաններն
Իրենց հախճապատ ավազաններին
Կափարիչ են դնում,
Եվ հախճապատ ավազաններն
Անկամորեն
Վերածվել են վառոդի գաղտնի պահեստների:
Եվ մեր փողոցի երեխաները,
Իրենց դպրոցական պայուսակները լցրել են
Փոքրիկ ռումբերով:
Մեր տան բակը մոլորվել է:

    
Ես վախենում եմ
Սիրտը կորցրած ժամանակից:
Անպետքությանը մատնված
Այսքան ձեռքերի պատկերացումից:
Ես վախենում եմ,
Օտարացմանը մատնված
Այսքան դեմքերի երեւակայությունից:
Ես միայնակ եմ`
Երկրաչափության դասը խենթորեն սիրող
Աշակերտի պես:
Ես մտածում եմ,
Որ հնարավոր է
Պարտեզը հիվանդանոց տեղափոխել:
Ես մտածում եմ...
Ես մտածում եմ...
Ես մտածում եմ...
Եվ պարտեզի սիրտը այտուցվել է արեւի ներքո,
Եվ կամաց-կամաց պարտեզի հիշողությունը
Դատարկվում է կանաչ հուշերից:

    
    
ՀԱՎԱՏՔ ԸՆԾԱՅԵՆՔ ՍԱՌԸ ԵՂԱՆԱԿԻ ՆԱԽԱՍԿԶԲԻՆ

    
Ահա եւ ես,
Միայնակ մի կին`
Սառը եղանակի նախաշեմին,
Երկրի ապականված էության ըմբռնման,
Եվ երկնքի տրտում ու պարզ հուսախաբության,
Եվ բետոնե այս ձեռքերի անզորության
Նախասկզբին:

    
Ժամանակն անցավ,
Ժամանակն անցավ եւ ժամացույցը չորս անգամ ձայնեց,
Չորս անգամ ձայնեց:
Այսօր 1-ն է Դեյ1 ամսի:
Ես գիտեմ եղանակների գաղտնիքը,
Ես հասկանում եմ պահերի խոսքը:
Փրկարարը քնել է գերեզմանի մեջ,
Եվ հողը, հողը ընդունող
Ակնարկում է հանգստություն:

    
Ժամանակն անցավ
Եվ ժամացույցը չորս անգամ ձայնեց:

    
Փողոցով քամին է գալիս:
Փողոցով քամին է գալիս,
եվ ես խորհում եմ` ծաղիկների զուգավորման,
Սակավարյուն, նիհար ցողուններով բողբոջների
Եվ այս հոգնած, թոքախտավոր ժամանակի մասին:

    
Մի մարդ անցնում է թաց ծառերի կողքով.
մի մարդ, որի պարանոցից
մեռած օձերի պես,
Վեր է սողացել երակների կապտավուն հյուսքը,
եվ տագնապահար քունքերում
Կրկնում է այս բառը արյունոտ.
-Ողջու~յն:
-Ողջու~յն:
Եվ ես խորհում եմ ծաղիկների զուգավորման մասին:
Սառը եղանակի նախաշեմին,
Հայելիների ողբահանդեսում,
Եվ գունաթափ փորձությունների սգաթափորում,
Եվ լռության ուսմունքով բերրի այս մայրամուտին,
Նրան, ով գնում է այսպես`
Համբերատար,
Ծանր ու մոլոր,
Ինչպե՞ս կարելի
Կանգնելու հրաման տալ:
Ինչպե՞ս կարելի տղամարդուն ասել,
Որ նա կենդանի չէ:
Նա երբեք կենդանի չի եղել:

    
Փողոցով քամին է գալիս:
միայնության կենտ ագռավները
Պտտվում են հոգնածության ծեր այգիներում:
Եվ ինչ նվաստ է
Բարձրությունը ելարանի:

    
Նրանք մի սրտի ողջ միամտությունը
Իրենց հետ հեքիաթների պալատը տարան,
Եվ այժմ,
Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող է մեկը պարի ելնելով,
Մանկության հյուսքերը
Հոսող ջրերում թափել,
եվ խնձորը, որ վերջապես քաղել ու հոտոտել է`
Ոտքի տակ ճզմել:

    
Ո~վ սեր, ո~վ միակ իմ սեր,
Ի~նչ գորշ ամպեր են
Արեւի հյուրընկալության
Օրվան սպասում:

    
Ասես երեւակայական թռիչքի ուղեգծում էր,
Որ մի օր նկատվեց այն թռչունը:
Ասես պատրանքների
Կանաչ գծերից էին
Այն թարմ տերեւները,
Որոնք շնչում էին զեփյուռի տարփանքում:
Ասես,
Լուսամուտների մաքուր հիշողության մեջ այրվող
Այն մանիշակավուն բոցը,
Լապտերի անմեղ պատրանքից բացի,
Ուրիշ ոչինչ չէր:
Փողոցով քամին է գալիս:
Սա սկիզբն է ավերածության:
Այն օրը նույնպես
Քամին էր գալիս, երբ ավերվեցին քո ձեռքերը:
Սիրելի աստղեր,
Ստվարաթղթե սիրելի աստղեր,
երբ երկնքով մեկ սուտն է սուրում,
Այլեւս ինչպե՞ս ապավինել
Գլխահակ մարգարեների պատգամներին:
Մենք հազար տարվա մեռյալների պես
Կհասնենք իրար,
Իսկ հետո
Արեւը,
Մեր քայքայվող դիակների վրա
Դատողություններ կանի:
Ես մրսում եմ,
Ես մրսում եմ,
Ասես երբեք չեմ տաքանալու:
Ո~վ սեր, ո~վ միակ իմ սեր.
«Քանի՞ տարեկան էր այն գինին»
Նայիր, թե այստեղ
Ժամանակը ինչ կշիռ ունի,
Եվ ձկները ինչպես են ծամում իմ մսերը:
Ինչու՞ ես ինձ շարունակ պահում ծովի հատակում:
Ես մրսում եմ,
Ես ատում եմ խեցե ականջօղերը:
Ես մրսում եմ եւ գիտեմ`
Վայրի կակաչի ողջ պատրանքներից կարմիր,
Մի քանի արյան կաթիլից բացի`
Ուրիշ ոչինչ չի մնա տեղում:

    
Կթողնեմ գծերը,
Ինչպես նաեւ թվեր հաշվելը,
Եվ սահմանափակ ձեւերից երկրաչափական
Կապավինեմ զգայական ոլորտների տարածությանը:
Ես մերկ եմ, մերկ եմ, մերկ եմ,
Ինչպես մերկ լռությունը` քնքուշ բառերի միջեւ:
Եվ իմ բոլոր վերքերը սիրուց են,
Սիրուց, սիրուց, սիրուց:
Եվ այս մոլոր, թափառող կղզուն`
Օվկիանի ընդվզումից
Եվ լեռան հրաբխից անց եմ կացրել:
Եվ մասնատվելը`
Գաղտնիքն էր այն մարմնի միության,
Որի փոքրագույն մասնիկներից
Ծնվեց արեւը:
Ողջույն, ո~վ անմեղ գիշեր,
Ողջույն, ո~վ գիշեր, որ անապատի գայլերի աչքերը
Վերածում ես հավատքի ու վստահության
Ոսկրոտ փոսորակների:
Եվ քո առվակների մոտ
Ուռենիների ուրվականները
Հոտոտում են կացինների քնքուշ ուրվականներին:
Ես գալիս եմ անտարբեր մտքերի,
Ձայների եւ խոսքերի աշխարհից:
Եվ այս աշխարհը նման է օձերի բներին:
Եվ այս աշխարը լիքն է
Այն մարդկանց ոտնաձայներով,
Որոնք միաժամանակ, համբուրելով քեզ,
Իրենց մտքում քեզ կախաղան հանելու
Պարանն են հյուսում:
Ողջու~յն, ո~վ անմեղ գիշեր:

    
Լուսամուտի եւ տեսնելու միջեւ
Միշտ անջրպետ կա:
Ինչու՞ չնայեցի
Այն ժամանակվա պես,
Երբ թաց ծառերի կողքով ինչ-որ մարդ էր անցնում...
Ինչու՞ չնայեցի...
Այն գիշեր մայրս լացել էր կարծես:
ԱՅն գիշեր, երբ ես ցավին հասա,
Եվ սաղմը ձեւավորվեց:
Այն գիշեր ես ակացիայի ողկույզների հարսնացուն դարձա:
Այն գիշեր, երբ Իսֆահանը լցված էր
Կապույտ հախճասալերի արձագանքներով,
Եվ նա, ով կեսն էր իմ,
Վերադարձել էր իմ սաղմի մեջ,
Եվ ես հայելու մեջ տեսնում էի նրան,
Որ հայելու պես մաքուր ու պայծառ էր...
Եվ հանկարծ նա ձայն տվեց ինձ,
եվ ես ակացիայի ողկույզների հարսնացուն դարձա...

    
Այն գիշեր, մայրս լացել էր կարծես:
Ինչ ապարդյուն լույս էր,
Որ բոցավառվեց այս փակ լուսամուտի մեջ:
Ինչու՞ չնայեցի:
Երջանկության բոլոր պահերը գիտեին,
Որ կավերվեն քո ձեռքերը,
Եվ ես չնայեցի մինչ այն պահը,
Երբ բացվեց ժամացույցի լուսամուտը,
Եվ այն տխուր սոխակը չորս անգամ ձայնեց:
Չորս անգամ ձայնեց,
Եվ ես հանդիպեցի այն փոքրիկ կնոջը,
Որի աչքերը նման էին
Սիմորղների դատարկ բներին:
Եվ իր զիստերի թրթիռներում,
Ասես իմ երազների շքեղ կուսությունը
Իր հետ տանում էր դեպի
Անկողինը գիշերվա:

    
Արդյոք ես նորից
Իմ վարսերը կսանրե՞մ քամու մեջ:
Արդյոք ես նորից
Պարտեզում մանուշակներ կցանե՞մ:
Եվ փիփեթները կշարե՞մ
Լուսամուտի երկնքից այն կողմ:
Արդյոք կպարե՞մ նորից
Գավաթների վրա:
Արդյոք նորից դռան զանգը
Ինձ կտանի՞ ձայնի սպասման:
Մայրիկին ասացի. «Վերջ, այլեւս»:
Ասացի. «Նախքան մտածելը` պատահում է պատահարը,
Պետք է թերթին ցավակցական խոսք ուղարկել»:
Փուչ մարդ,
Հավատքով լեցուն փուչ մարդ:
Նայիր, թե ինչպես են ատամները երգում
Ուտելու պահին:
Եվ աչքերը պատռվում`
Հառելու պահին:
Եվ նա ինչպես է անցնում
Թաց ծառերի կողքով`
Համբերատար,
Ծանր ու մոլոր:

    
Ժամը չորսին,
Այն պահին, երբ երակների կապույտ հյուսքը,
Մեռած օձերի պես,
Պարանոցից վեր է սողացել,
Եվ տագնապահար քունքերում
Կրկնում է այս բառն արյունոտ.
- Ողջու~յն:
-Ողջու~յն:
Արդյոք դու
Երբեւէ հոտոտե՞լ ես
Այն չորս կապույտ կակաչները:

    
Ժամանակն անցավ,
Ժամանակն անցավ եւ գիշերն ընկավ
Ակացիայի մերկ ճյուղերի վրա:
Գիշերը սահում էր լուսամուտի ապակիների հետեւում,
Եվ սառը լեզվով կլլում էր
Անցած օրվա մնացուկները:
Ես որտեղի՞ց եմ գալիս,
Ես որտեղի՞ց եմ գալիս,
Որ այսպես թաթախված եմ գիշերային
Բուրմունքով:
Դեռ թարմ է հողը աճյունի.
Այն զույգ, մատղաշ,
Կանաչ ձեռքերի աճյունն եմ ասում:

    
Ինչ քնքուշ էիր, ո~վ սեր,
Ո~վ միակ իմ սեր:
Ինչ քնքուշ էիր, երբ ատում էիր:
Ինչ քնքուշ էիր, երբ փակում էիր
Հայելիների բաց կոպերը,
Երբ ջահերը պոկում էիր
Էլեկտրալարե ցողուններից,
Եվ մթության մեջ դաժան
Ինձ տանում էիր
Դեպի արոտավայրերը սիրո.
Մինչ այն մտացիր գոլորշին,
Որ արդյունք էր հրդեհվող ծարավի`
Նստում էր քնի կանաչ խոտերին:

    
Եվ ստվարաթղթե այն աստղերը
Պտտվում էին շուրջը քաոսի:
Ինչու՞ բառը ձայնով ասացին:
Ինչու՞ հայացքը
Տեսնելու` տանը հրավիրեցին:
Ինչու՞ շոյանքը
Տարան վարսերի ամոթխած կուսությանը:
Նայիր, թե այստեղ
Մարմինը նրա` ով բառերով խոսեց
Եվ հայացքով երգեց,
Եվ շոյանքով սանձահարվեց,
Ինչպես խաչվեց պատրանքների սյունին:
Եվ քո հինգ ճյուղ մատերի հետքը,
Որոնք նման էին հինգ արդար խոսքի`
Ինչպես մնաց նրա այտին:
Ի՞նչ է լռությունը, ի՞նչ, ի՞նչ, ո~վ միակ իմ սեր:
Ի՞նչ է լռությունը:
Չասված խոսքերից բացի:
Ես դադարում եմ խոսելուց,
Սակայն ճնճղուկների լեզուն
Հոսող նախադասությունների կյանքի լեզուն է`
Բնության տոնի:
Ճնճղուկների լեզուն, այսինքն`
գարուն, արեւ, գարուն:
Ճնճղուկների լեզուն, այսինքն`
Զեփյուռ, բույր, զեփյուռ:
Ճնճղուկների լեզուն`
Մեռնում է գործարաններում:

    
Սա ո՞վ է,
Սա, որ հավերժական ճանապարհին
Գնում է դեպի միաստվածության պահը,
Եվ իր մշտնջենական ժամացույցը լարում է
Մաթեմատիկական հանումների ու
Հիմարությունների տրամաբանությամբ:
Սա ո՞վ է,
Սա, որ աքաղաղների կանչը`
Օրվա սրտի սկիզբը չի համարում,
Համարում է նախաճաշի բույրի սկիզբը:
Սա ո՞վ է,
Սա, որ սիրո թագը կրում է գլխին
Եվ փտել է հարսանեկան զգեստների մեջ:

    
Ուրեմն, վերջապես
Միեւնույն ժամանակում
Արեւը չծագեց
Անհուսության զույգ բեւեռներում:
Դու դատարկվել ես
Կապույտ հախճասալերի արձագանքներից:
Եվ ես լիքն եմ այնքան,
Որ ձայնիս վրա աղոթք են կարդում:

    
Երջանիկ դիեր,
Հոգնած դիեր,
Լուռ ու խոհուն դիեր,
Բարեհամբույր, բարետես, ախորժագրգիռ դիեր`
Ժամերի որոշակի կանգառներում,
վարանոտ, վաղանցիկ լույսերի ֆոնին`
Անպետքության նեխած պտուղները գնելու
Անհագուրդ կրքով...
Ահ,
Որքան մարդիկ խաչմերուկներում,
Անհանգիստ են վթարներով:
Եվ այս արգելակների ճիչը
Այն պահին, երբ ուր որ է ահա,
Մարդը պիտի, պիտի ճզմվեր ժամանակի անիվի տակ`
Մարդ, որը անցնում էր թաց ծառերի կողքով...

    
Ես որտեղի՞ց եմ գալիս:

    
Մայրիկին ասացի. «Վերջ այլեւս»:
Ասացի. «Նախքան մտածելը` պատահում է պատահարը,
Պետք է թերթին ցավակցական խոսք ուղարկել»:

    
Ողջու~յն, ո~վ մենություն պանդխտացած:

    
Սենյակը հանձնում եմ քեզ,
Քանզի գորշ ամպերը միշտ
Նոր պատգամների մքրման մարգարեներն են:
Եվ մի մոմի վկայության մեջ
Լույսի այն գաղտնիքն է քողարկված,
Որ լավ գիտի այն վերջին,
Այն բոցը վերձիգ:
Հավատք ընծայենք,
Հավատք ընծայենք սառը եղանակի նախասկզբին:
Հավատք ընծայենք`
Պատրանքների այգիների ավերվածությանը,
Անգործ ընկած մանգաղներին
Եվ բանտարկված հատիկներին:
Նայիր, ի~նչ ձյուն է գալիս:

    
Ճշմարտությունը, գուցե,
Այն ջահել զույգ ձեռքերն էին,
Այն զույգ ձեռքերը,
Որոնք թաղվեցին
Անվերջ տեղացող ձյան շերտերի տակ,
Եվ հաջորդ տարի,
Երբ գարունը լուսամուտի երկնքի հետ կքնի միասնաբար,
Եվ մարմնում կշատրվանի
Թեթեւ ցողունների կանաչ շատրվանները:
Կբողբոջի, ո~վ սեր, ո~վ միակ իմ սեր:
Հավատք ընծայենք սառը եղանակի նախասկզբին...

    
Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

    
     Подробнее здесь: https://nidoragir-grakan.webnode.ru/news/%d6%86%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b2-%d6%86%d5%a1%d6%80%d6%80%d5%b8%d5%ad%d5%a6%d5%a1%d5%a4%c2%a0-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%c2%a0/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5498 | 0 | 0
Facebook