Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոլյա Տեր-Հովհաննիսյան. պատմվածքներ

12:31, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
Կոլյա Տեր-Հովհաննիսյան. պատմվածքներ
    
Կոլյա Տեր-Հովհաննիսյան
Ծնվել է Թավրիզում 1945 թվին: Ավարտել է տեղի հայոց միջնակարգ վարժարանը, ապա տեղափոխվել Թեհրան, ուր հեռակա կերպով մասնագիտացել է տնտեսագիտության մեջ՝ ԱՄՆ-ի Շիկագոյի Լասել համալսարանից:

    
Գրել սկսել է վաղ տարիքում, աշխատակցել է Թեհրամում հրատարակվող «Լուսաբեր» մանկապատենական ամսագրին:

    
Նրա բանաստեղծությունների առաջին հատորը «Մայթե՜ր, մայթե՜ր» խորագրով արժանացել է ՀԲՄԸ-ի Ալեք Մանուկյան «Գրական մրցանքի 1973-ի բանաստեղծության բաժնի» հիշատակության ու լույս տեսել նույն հիմնադրամի կողմից Բեյրութում:

    
Երկար տարիներ պաշտոնավարել է շվեդական միջազգային մի ընկերության մեջ՝ վերջին 12 տարիներին զբաղեցնելով ֆինանսի և ադմիրացիայի տնօրենի պաշտոնը:

    
2008 թվին Երևանում հրատարակվել է իր գրչին պատկանող «Ինեսսա» վիպակը («Աղբյուր» հրատարակչություն): Իր կարճ պատմվածքների ժողովածուն «Պղպջակ» խորագրով լույս է տեսել 2009 Երևանում («Լուսակն») հրատարակչություն):

    
Հոդվածներով ու էսսեներով աշխատակցել է Թեհրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթին և «Հույս» երկշաբաթաթերթին: Իր պատմվածքները տպագրվել են Բեյրութի «Բագին», Երևանի «Նարցիս», «Աղբյուր» հանդեսներում և Գրական Թերթում:

    
2007 թվից ի վեր հիմնադրել ու խմբագրում է Գրական Կամուրջ կայքը, որին մասնակցում են բազմաթիվ հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից:

    

Ութերորդ աթոռը

Մենք ութ աթոռ ունեինք, մնաց յոթը. մեկը կոտրվեց: Չէ, չկոտրվեց, հայրս ամուր հարվածեց հատակին, կտոր-կտոր եղավ: Ես ամեն բան տեսա կիսաբաց դռան արանքից ու տակս թրջեցի:
...Արթնացա անսովոր ձայներից, իջա անկողնուց ու մոտեցա դռանը... Ավելի ուշ իմացա, որ մայրս պնակը վերցրել էր ընթրիքի սեղանից, նետել հորս վրա. հայրս խաբս էր տվել, ու պնակը, դիպչելով դիմացի պատին, ջարդուփշուր էր եղել: Ինքը պատմեց լացը զսպելով. այսպիսի պահերին շրթունքներն ուրիշ ձև են լինում, տգեղանում է, իսկ մորս բերանը ժպտալիս շատ է սիրունանում: Հիմա էլ կերակրի մնացորդների հետքը երևում է պատի վրա, թեև նա շատ չարչարվեց մաքրելու համար բծերը: Մայրս ասում է՝ երբ տունը նորից ներկենք, դրանք կանհետանան: Նրանք վիճում էին, ավելի շուտ գոռգոռում: Ես ոչինչ չէի հասկանում նրանց խոսքերից: Մայրս անդադար կրկնում էր. «Էդ ***ը»: Իսկական կռիվ էր, անգամ իմ սենյակի կողմը չէին նայում, որ գլխի չընկնեմ, երբեք նման բան չէր պատահել մեր տանը: Մեկ-մեկ պատահել էր՝ իմ սենյակի կողմը նայելով, ցածրաձայն վիճել էին, մի քանի օր սկի չէին խոսել իրար հետ, հետո հայրս գրկել էր մորս, համբուրել, ու ամեն բան եղել էր առաջվա պես: Բայց չէին բղավել ու բան-ման ջարդել: Ուրեմն տեսա, թե հայրս ինչպես աթոռը վերցրեց ու հարվածեց հատակին... Ոչ մեկ անգամ, նա անդադար հարվածում էր, աթոռը դիմադրում էր, վերջը կոտրվեց: Հորս երբեք չէի տեսել այդպես, չէ, դա հայրս չէր, ուրիշ մարդ էր, հայրս այդպիսին չէր... Ուրեմն ամեն անգամ աթոռը հատակին հարվածելիս՝ ես ավելի շատ էի դողում, սենյակն էլ սառն էր, վերջը տակս թրջեցի: Հիմա էլ, օրեր անց, մենակ մնալիս կամ քնելիս տեսնում եմ, թե նա ոնց է ջարդում աթոռը. հիմա էլ վախենում եմ: Վախենում եմ իջնել նկուղ, որ իմ սիրած տեղերից մեկն է. չգիտեմ ինչու հայրս կոտրված աթոռն արագ տարավ նկուղ ու դեն չնետեց...
Հաջորդ օրը, երկար սպասեցի հորս, բայց նա աշխատանքից տուն չվերադարձավ ու գիշերն էլ չեկավ: Մինչև այդ պատահել էր, որ հայրս ուշ էր տուն եկել, իմ քնած ժամանակ, այսպիսի օրերին էին լինում նրանց ցածրաձայն վեճերը՝ իմ սենյակի կողմը նայելով: Ես ձևացնում էի, թե քնած եմ:
Հայրս չեկավ նաև հաջորդ օրը, բայց հետո իմացա, որ նախակրթարանում եղածս ժամանակ եկել էր ու, իր հագուստներն ու իրերը հավաքելով, գնացել: Գոնե այն ժամանակ գար, երբ ես տանն էի:

    
Օրեր անց, մի շաբաթ օր, նա հայտնվեց ու ինձ ասաց, որ պատրաստվեմ, գնում ենք զբոսանքի: Նայեցի մորս կողմը, նա գլխի շարժումով իր համաձայնությունը տվեց: Ինչքան էի ուզում, որ նրանք երկար խոսեն առաջվա պես, հայրս գրկի մորս ու համբուրի, ժպտան, նույնիսկ վիճեն, բայց նրանք բավարարվեցին միայն բարևելով ու իմ մասին մի քանի բառ փոխանակելով: Մայրս ասաց, որ լավ տղա եմ, ինձ լավ եմ պահում, արդեն ճանաչում եմ տառերն ու թվերը մինչև հարյուրը: Մայրս հորս չպատմեց, որ, Հրանտիկի հետ բակում խաղալիս, բեյսբոլի գնդակով փոս ենք գցել մեր մեքենայի դուռը:
Մի պահ որոշեցի խռով ձևանալ ու չգնալ հորս հետ: Ախր, ինքը գնալիս նույնիսկ ինձ ցտեսություն չէր ասել: Մի քիչ էլ վախենում էի: Բայց հորս շա՜տ, շա՜տ էի կարոտել, մեքենայով զբոսանքի ու պաղպաղակի հեռանկարն էլ պատճառ դարձավ, որ արագ հագնվեմ ու միանամ նրան: Մինչ հագնվում էի, նրանք փսփսալով խոսում էին ինձ անհասկանալի կրեդիտ քարտերի, ապահովագրության, մեքենան փոխելու մասին:
Հիմա ես երկու ննջարան ունեմ, մեկը մեր տանը, մյուսը՝ հորս բնակարանում: Հորս բնակարանը նոր է, լուսավոր, քաղաքի հարուստ թաղամասում: Ես շատ եմ սիրում թե՛ ինձ հատկացված սենյակն ու խաղալիքները, թե՛ Օլիվիային՝ հորս ընկերուհուն, որ բնակվում է այս բնակարանում: Հայրս այդպես էլ ասաց. «Ծանոթացի՛ր, ընկերուհիս է՝ Օլիվիան»: Նա շատ սիրուն է, մեծ կրծքեր ունի, շեկ մազեր, կարճ շալվար է հագնում և ինձ հետ միշտ խոսում է ժպտալով, օտար լեզվով է խոսում, բայց ես հասկանում եմ, որովհետև շատ չի խոսում ու երբեմն ապուշ հարցեր է տալիս:
Հորս բնակարանում խիստ կարոտում եմ մորս, մեր տանը՝ հորս: Հայրս ու մայրս էլ, վստահ, կարոտում են իրար, որովհետև երկուսն էլ երբեք վատ բաներ չեն ասում մեկը մյուսի մասին: Հայրս ասում է. «Մաման լավն է»: Մայրս ասում է. «Պապան վատը չէ, մարդիկ, որ բարկանում են, երբեմն աթոռ և այլ բաներ են ջարդում»: Իմ այն հարցին, որ եթե հավանում են իրար, ինչո՞ւ նախկինի պես միասին չենք ապրում, երկուսն էլ նույն բանն ասացին. «Այսպես ավելի հարմար է, մեծանաս՝ կհասկանաս»: Ես շատ եմ ուզում շուտ մեծանալ, որովհետև չեմ հասկանում՝ դրա ինչն է հարմար, ու տխրում եմ:
Շատ տխրեցի նաև ու հազիվ զսպեցի լացս, երբ նախակրթարանի տարեվերջի հանդեսին հայրս ու Օլիվիան չեկան, թեև խոստացել էին, որ կգան: Հայրս հետո ասաց, որ անհետաձգելի գործ էր առաջ եկել: Իհարկե, ես չհասկացա, թե ինչ է նշանակում անհետաձգելի գործ: Մեր տանը եղած ժամանակ էլ, ուշ վերադառնալիս, նա մորս ասում էր՝ անհետաձգելի գործ առաջ եկավ:
Մայրս մենակ էր, նստել էր Հրանտիկի մամայի ու պապայի կողքին ու թեև ժպտում էր, բայց մի տեսակ էր: Իմ գլխին պոզեր ու մեջքիս կանաչ թևիկներ էին դրել, դարձել էի թիթեռ, թռվռում էի՝ հազիվ զսպելով փղձուկս: Շատ էի ուզում, որ Օլիվիան ինձ տեսնի այդ տարազով: Շատ եմ ուրախանում, երբ նա երբեմն ինձ գրկում է, սեղմում կրծքին ու մեկ-մեկ համբուրում է:
Հանդեսի հաջորդ օրը, վախվխելով, հորս գնալուց հետո առաջին անգամ իջա նկուղ ու տնտղեցի ութերորդ աթոռի կտորտանքները: Նստեցի մի արկղի վրա ու լաց եղա: Հայրս ասում է, որ տղաները չպիտի լացեն: Մի կերպ մաքրեցի աչքերս, վերցրի աթոռի ոտքն ու հարվածեցի աթոռի թեքված նստատեղին: Թմբուկի ձայն դուրս եկավ: Նորից հարվածեցի, նորից հարվածեցի, էլի հարվածեցի... ու հեծկլտացի, մինչև որ մայրս ձայնի վրա վազելով հայտնվեց, ձեռքիցս հազիվ պոկեց աթոռի ոտքն ու գրկեց ինձ:
- Մի՛ լացիր, տղա՛ս, - ասաց նա, - նորը կգնենք, աթոռն ի՜նչ կարևոր է, մի հատ ավել, մի հատ պակաս:
Ես չգիտեի՝ ոնց բացատրեմ մորս, որ չեմ լացում աթոռի համար, որ չեմ լացում հորս ու Օլիվիայի՝ հանդեսին ներկա չգտնվելու համար, որ... ինքս էլ չգիտեմ, թե ինչու եմ լացում:
Մայրս ինձ բաց չէր թողնում իր գրկից, ու երբ նայեցի վեր, աչքերն արցունքոտվել էին...

    
    
Մայիս, 2020 թ.
Լոս Անջելես

    

Վեց-մեկ-վեց


    
Մարիշը ճմլկոտաց անկողնում, շուռ եկավ կողքի ու նորից քնելու անհագ ցանկություն զգաց: Երեկ երեկոյան ամերիկահայ տուրիստների մի ամբողջ խմբի էին հյուրընկալում. «Աղջիկ ջա՛ն, էս բեր, աղջիկ ջա՛ն, էն բեր» ... անդադար պատվերներ էին տալիս. այնքան գնաց, եկավ, որ ուժասպառ եղավ: Լիզայի մեջքը ցավում էր. բոլոր ծանր սկուտեղները ինքը մատուցեց: Բայց ավելի անտանելին՝ հագուստի բացվածքներին սևեռված տղամարդկանց պագշոտ հայացքներն ու ամեն առիթով իրեն հպվելու փորձերն էին, որոնք խմիչքի ներգործմանը համընթաց՝ դառնում էին ավելի համարձակ: Ամիսներ առաջ, եթե հայրն իմանար, թե ինչպիսի պայմաններում և հագնվածքով է ինքը սպասարկում ռեստորանում՝ կարգիլեր աշխատել. ծնկից շատ վեր՝ կարճ, հետևի կտրվածքով, սև գույնի փեշ, առանց գուլպայի, կարճաթև, նեղ, սպիտակ, բաց օձիքով թափանցիկ բլուզ՝ անվան պիտակը քորոցով կցված շապիկի փոքրիկ գրպանին. ահա նրա ռեստորանային համազգեստը, որի մեջ պարզորեն ուրվագծվում էին մարմնի բոլոր դարուփոսերը... Զուր չէր, որ Խորենը խանդի տեսարան սարքեց, վերջն ել խռովեց ու թողեց, գնաց: Բայց ախր Մարիշն ի՞նչ աներ, շատ դեսուդեն ընկավ, բայց չհաջողեց իր թերի մնացած ուսմանը համապատասխան կարգին աշխատանք գտնել: Իսկ հիմա ի՞նչ. հիմա երևի հայրը ստիպված կհանդուրժեր ամեն բան... Այս մտքից Մարիշը ցնցվեց ու հիշեց հյուր եկած կանանց խոսակցությունից մի պատառիկ.

    
-Ասոնք բոլորն ալ բարոյազուրկ ըլլալու են:

    
-Ի՞նծի կսես, ատանկ է, բոլորն ալ մեկ սանտրի կտավ են...

    
Միթե ինքն էլ այդ տպավորությո՞ւնն է թողնում: Գուցե Խորենն իրավացի էր... Ինչևէ, տանը միակ աշխատող ձեռքն էր, ուրիշ աշխատանք չկար, չաշխատեր դրությունը անհուսալի կդառնար: Հեռուներից եկավ և դեռ տեղ չհասած՝ միանգամից իրենց տունն էլ ներխուժեց «Էդ անտեր մնացած տնտեսական տագնապը»: Մայրն էր դա այդպես կոչել ամիսներ առաջ. Ինքն ու հայրը ծիծաղել էին: Բայց հիմա ոչ ոք ծիծաղելու հավես չուներ: Կենսախինդ բնավորությամբ հայրը գործազուրկ դառնալուց հետո լրիվ կերպարանափոխվել էր: Ամեն օր, նոր գործ գտնելու հույսով՝ այս ու այն կողմ թափառելուց հոգնած, երբ ձեռնունայն վերադառնում էր տուն, սմքած ու անտրամադիր նստում էր գորգապատ թախտին, ծխում և հայացքը հառելով մի կետի՝ խորասուզվում մտքերի մեջ:

    
-Մարի՛շ, վեր կա՛ց, ուշ է, - ասես երազի մեջ լսեց մոր ձայնը, - ես գնում եմ:

    
Հիշեց՝ օրը շաբաթ է, մայրը գնում է վերնիսաժ անցյալից տան մեջ մնացած վերջին արժեքավոր իրերը վաճառելու մտադրությամբ: Երանի հաջողեր: Իր վաստակածը չէր բավարարում. հազիվ կարողանում էին մուծել բնակարանի վարձը: Գոնե եղբայրը շուտ վերադառնար ծառայությունից, մի բան աներ: Իրենից մեծ, ամուսնացած քույրը նախընտրեց մնալ գյուղում: Մարիշը կարոտով հիշեց գյուղում անցկացրած իր անհոգ մանկությունն ու պատանեկությունը, քրոջը, քրոջ անուշիկ բալիկներին... Որքա՜ն երջանիկ էր իր ընկերուհիների հետ: Շնորհիվ իր բարի և ծիծաղկոտ բնավորությանը՝ մի գյուղ էր, մի՝ Մարիշ, բոլորի սիրելին:

    
Շոգ էր, Մարիշը ճիգով նստեց անկողնու եզրին, ափերը դրեց ճմրթված սավանին ու ոտքերը կախեց վար: Այդպիսի հոգնածություն և մարմնացավ մեկ էլ զգացել էր գյուղում, ընկերուհիների հետ քարաժայռեր մագլցելիս: Բայց այնտեղ գոնե միտքը միշտ պայծառ էր, իսկ հիմա կարծես կշռաքարեր էին դրել գլխի մեջ: Լեռնաին մաքուր օդն ո՜ւր, ռեստորանի՝ ծխախոտի ծխով հագեցած, գաղջ օդն ո՜ւր... Լոգարանում հանվելիս, իրեն տեսավ պատից կախված խոնավությունից մգլապատ հայելու մեջ և առաջին անգամը լինելով գնահատողի աչքով նայեց իր մերկությանը. ճերմակ, անբիծ մաշկ, սլացիկ պարանոց, համաչափ, կլորավուն ուսեր, որոնց վրա թափված էին գանգուր, խարտյաշ մազերը, պիրկ կրծքեր, ձգված որովայն, բարեկազմ զիստեր ու սրունքներ... Ոչինչ, վատ չէ, սովորական, կանացի մարմին: Գուցե այսպես մերկ ու բնական այնքան էլ ուշադրություն չգրավեր... Մարիշը գիտեր, որ կնոջը դյութիչ դարձնողը նրա հագուկապն է. իր ծաղկավոր լայն շորերով գյուղում ո՞վ էր իրեն նայողը... Իսկ ահավասիկ չի կարողանում մոռանալ երեկ երեկոյան իր կրծքի բացվածքից հայացքը չկտրող՝ միջահասակ, թեթև ալեխառն մազերով բարետես տղամարդուն: Եղավ մի պահ, երբ ինքը հանկարծ ետ շրջվեց ու նրան բռնեցրեց իր ոտքերին և հետույքին նայելիս... Անշուշտ, դա առաջին դեպքը չէր, որ տնտղում էին իրեն, բայց այս անգամ սովորական դարձած բարկության ու զզվանքի հետ միախառնված ինչ-որ թաքուն հաճույք զգաց: Նույնիսկ դրդված իր արկածախնդիր բնույթից, որոշեց խաղալ տղամարդու ներվերի հետ. նրան մոտենալիս կռանում էր չափից ավելի, սեթևեթում էր, կամ նայելով նրա գինուց կարմրած աչքերի խորքը՝ խորհրդավոր ժպտում: Այնուամենայնիվ, հարմար պահ գտնելով՝ այդ մասին իր վրդովմունքը հայտնեց Լիզային:

    
-Շատ ապուշ ես, - ասաց Լիզան, - ես լինե՜ի քո տեղը և ունենայի քո սիրունությունը, կթքեի այս չարքաշ աշխատանքի վրա ու...

    
Մարիշը, ինչպես միշտ, չլսե՞ց, թե՞ չլսելու տվեց շարունակությունն ու հեռացավ, թեև զգաց, որ Լիզային խոսեցրեց՝ հենց այդ բազմիցս կրկնված խոսքերը լսելու համար... Իրոք, դա առաջին անգամը չէր, որ Լիզան բարբաջում էր «էն բանի» մասին... Լիզան ատում էր մատուցողուհու աշխատանքը, «մի գրոշի համար առավոտից իրիկուն» ոտքի վրա անվերջ շարժվելը, հնազանդորեն սրա ու նրա հրամանները կատարելը, արհեստականորեն ժպտալը և որ գլխավորն է՝ շեֆի կոպիտ ու գռեհիկ վերաբերմունքն անխոս հանդուրժելը. «Եթե պարապ մնալու վախը չլիներ, էդ *******ի բմբուլը քամուն կտայի», - ասում էր նա զայրացած: Լիզայի խոսքերն ու «գլխին էկածները» շատ ուժեղ էին ազդում Մարիշի վառ երևակայության վրա:

    
-Մեր արածն էլ ***ություն ա, - մի օր ասաց նա, - մի՞թե մեզ չեն ստիպում հագնվել մեր կամքին հակառակ, իրենց ուզածի պես՝ ամառ-ձմեռ կիսամերկ... Մի՞թե չեն ստիպում անդադար ժպտալ, երբ բարձրակրունկ կոշիկների մեջ ոտքի ցավից լացդ ա գալիս... Գոնե, էն բանում փող շատ կա, կայֆ կա, երբ հարուստ տղամարդը չոքում ա առջևդ ու շան պես լիզում...

    
Սառը ջրով լոգանքը քիչ մեղմեց մարմնի նվնվոցն ու թարմություն պարգևեց Մարիշի թմրած ուղեղին: «Տեսնես, Խորենն ինչ ա անում, կարո՞ղ ա գտել ա մեկին ու ինձ լրիվ մոռացել»: Մի պահ ուզեց հեռախոսել նրան: Երանի Խորենը գար, իրեն տաներ, ազատեր այս մղձավանջից: Սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ հայրն էլ աշխատում էր, Խորենի վիճակը, վիճակ չէր, հազիվ էր ծայրը ծայրին հասցնում... Ով գիտի՝ այժմ ի՞նչ օրի է: Որքա՜ն էր կարոտել Խորենին, իրենց համբույրներն ու թաքուն հանդիպումներին, բայց դրա հետ միասին զգում էր նաև խորը վիրավորանք. ինչո՞ւ նա չհասկացավ իրեն, մի՞թե չէր գիտակցում, որ ինքն աշխատում էր հորն օգնելու համար, բեռ չդառնալու համար, մի քիչ տնտեսելու և իր օժիտը պատրաստելու համար, իրենց ապագայի համար... Ա՞յդ էր նրա սերը, սիրո խոստումները. իրեն քաջարելելու, իր անձնազոհությունը գնահատելու փոխարեն, կոպտեց, փնովեց, ձենը գլուխը գցեց: «Ուրիշ աշխատանք չկա, էս էլ զոռով եմ գտել», - արդարացավ ինքը: «Չկա, վեր ընկի տանը, թե չէ՝ էդ վիճակով...»: Միթե իր արածն անձնազոհությո՞ւն չէր, չէ՞ր զոհում իր անձը հանուն հարազատ մարդկա՞նց: Չէ՞ որ դա անում է սրտանց, առանց պարտադրանքի: Իսկ իր անձնազոհության դիմաց մինչև անգամ պիտի արդարանա, պատասխան տա սիրած մարդուն, ծնողներին... Ինչո՞ւ: Անձը զոհում է, հո չի վաճառում: Իսկ գուցե՞ վաճառում է. հիմա ամեն-ամեն բան ենթակա է առ ու վաճառքի... Իսկ ի՞նչ անի, թողնի՞ ծնողներին, հեռանա՞... Ո՞վ է սահմանել այս «հարազատական» պարտավորություններն ու բարոյական նորմերը՝ «էսպես հագնվի՛ր, էնպես մի հագնվի՛ր «, «էսպես արա՛, էնպես մի՛ արա», և դեռ փող էլ աշխատիր, հորդ, մորդ պահիր... Աշխատանքը կամ փող վաստակելն էլ մի այլ պարտադրանք է... Զզվել էր ամեն ինչից...

    
Լոգարանում Մարիշը լվացքի համար առանձրացրեց սպիտակեղենն ու շապիկը: Շապիկի վրայից հանեց պիտակը և ստուգեց գրպանը: Այնտեղ մի բացիկ կար: Հիշեց, հեռանալիս՝ միջահասակ տղամարդը ժպիտը դեմքին մոտեցավ իրեն ու «Ապրիս, աղջիկս» ասելով՝ կանաչ թղթադրամի հետ մի բան խոթեց ձեռքը: Մարիշն այնքան հոգնած էր, որ անմիջապես մոռացավ դրա գոյությունը... Հիմա անհամբեր բացեց ծալված թուղթը և հազիվ կարողացավ կարդալ վատ ձեռագրով գրված տողերը. «Հոթելի լաբիին մեջ քեզի կսպասեմ երեկոյան կողմը, հինգէն-վեցի ատեն»: Իսկ ավելի ցած՝ նշված էր, միայն հյուրանոցի անունը և սենյակի համարը՝ 616... «Ինձ ի՞նչի տեղ ա դրել էդ... էդ..., ո՞նց ա հանդգնել» ... Մարիշը շառագունեց զայրույթից. Բացիկն, ասես, այրում էր ձեռքը... Մի պահ ուզեց պատռել ու դեն նետել, բայց անմիջապես հրաժարվեց այդ մտքից: «Կգնամ, էդ սրիկային տեղը կդնեմ», - մտմտում էր նա ջղայնացած...

    
Հայրը տանն էր. դեռ չէր նախաճաշել և սպասողական նայեց աղջկան. մեկը միշտ պետք է մատակարարի հորը: «Ո՜ւհ, այս տղամարդի՜կ...» . միջահասակ տղամարդու հանդեպ իր բարկությունը մտքում հոր վրա թափելուց հետո Մարիշը դուրս եկավ մատնաքաշ հաց և պանիր գնելու: Քայլելիս ոտնաթաթերը ցավում էին: Այս գիշեր ի՞նչպես էր աշխատելու: Ծանր օր էր սպասվում. քաղաքը լցվել էր արտասահմանից եկած քմահաճ տուրիստների խմբերով: Ինչ գնով էլ լինի պետք է դիմանա ու աշխատի, աշխատի, աշխատի... Հայտնի չէ՝ ի՞ր, թե՞ գործատիրոջ համար: Փաստորեն իր հոգին բերանն է գալիս չնչին աշխարտավարձի դիմաց, իսկ գրասեղանի հետև առոք-փառոք բազմած գործատիրոջը հասնում է առյուծի բաժինը... մեկն էլ չկա, որ պաշտպանի իրենց շահերը, էն էլ էս դարում: Թարսի պես Լիզայի մեջքացավն է բռնել: Իսկ գո՞ւցե դա սկի էլ մեջքացավ չէ, այլ՝ «փորացավ» գործից փախչելու համար... Լիզան վատ կին չէ, շատ է օգնել իրեն. Մարիշը հասկանում էր, որ կյանքի դաժան պայմաններն էին նրան ստիպում երեմն ստել, երբեմն լինել երկերեսանի. դեմքով լավիկն է, բայց տարիքն անցել է, այնպիսին չէ, որ կարողանար «էն բանով» զբաղվել... Մարիշը հանկարծ զգաց, որ իր բոլոր մտածումները գալիս ու հանգում են այդ կետին... «Երևի խելքս թռցնում եմ, - մտածեց նա, - կամ էլ Լիզայի ասելով՝ խելքի եմ գալիս...»: Այս մտքից ողնաշարում սարսուռ զգաց, ցնցվեց: Մի պահ իրեն պատկերացրեց միջահասակ տղամարդու հետ փակված հյուրանոցի 616 համարում... Ո՛չ, դա անկարելի էր: Ինչպե՞ս կարող էր այդպիսի բան մտածել: Ինչևէ, չի երկնչի, կգնա, նրան մի լավ տեղը կդնի ու այնտեղից հայդե՝ աշխատանքի...

    
Մայրը հոգնած ու անտրամադիր ներս մտավ այն պահին, երբ Մարիշը պատրաստվում էր տնից դուրս գալ: Նա հազիվ էր քարշ տալիս ձեռքի ծանր պայուսակը:

    
-Ոչ մի բան չծախվեց, - ասաց վհատ տեսքով, - մի երկու հոգի սակարկեցին, ցածր գնով ուզեցին չտվի:

    
-Է՛հ, դու էլ, տայիր, պրծնեիր, - ասաց հայրը դժգոհ:

    
-Կարաս՝ ինքդ գնա վաճառիր, - ասաց մայրը չարացած:

    
-Հենց միայն էդ էր մնացել, որ գնայի էնտեղ, ժամերով ցցվեի ու ծաղրի առարկա դառնայի, - ասաց հայրը:

    
-Չոռ ու ցավ դառնայիր, - մայրը ձայնը բարձրացրեց բարկությունից դողալով, բայց հանկարծ նկատելով Մարիշին՝ փոխված ձայնով զարմացած հարցրեց.

    
-Էդ ի՞նչի ես էդպես զարդարվել, ո՞ւր ես գնում:

    
-Աշխատանքի, - սառը պատասխանեց Մարիշը: Վերջերս շատ էր նեղվում հոր և մոր միջև ծավալվող՝ ամենօրյա վեճերից:

    
-Էսքան շո՞ւտ, միթե քո հերթափոխը ժամը վեցի՞ց չի:

    
Մարիշը անխոս դուրս եկավ և դուռն անձայն ծածկեց իր հետևից: «Երևի չստեցի, - անցավ մտքով ու նորից ցնցվեց, - գնում եմ աշխատանքի, բա ո՞նց» ... Մայրը դարձյալ դադարկաձեռն էր վերադարձել, հայրը չէր ցանկանում վար իջնել իր օդային ամրոցներից: Ի՞նչ էր լինելու այս բոլորի վերջը: Տարված տխուր մտքերով, Մարիշը չհասկացավ, թե ինչպես հասավ շքեղ հյուրանոցի նույնքան շքեղ ապակե դռան առջև: Զգաց, որ հետզհետե թուլանում է միջահասակ տղամարդուն իր տեղը դնելու վճռականությունը: Ի՞նչ գործ ուներ անծանոթ, օտար մարդու հետ: Իսկ գուցե նա պարզապես հավանել և ուզել է հանդիպել իրեն, ինչո՞ւ այդքան շուտ եզրակացրեց, որ նա իրեն դրել է... Մարիշը նորից բռնկվեց, բայց զգաց, որ կորցնում է քաջությունը: Ակամայից նայեց շուրջը. այս որտե՞ղ էր գտնվում ինքը: Ներս մտնե՞ր, թե՞ հեռանար: Ենթագիտակցորեն զգում էր, որ իր հաջորդ քայլը լինելու է անկյունադարձային: Ինքն այդպիսի զգացում ունեցել էր տարիներ առաջ, երբ մի անգամ քարափներում ստիպված պիտի ցատկեին մի լայն ճեղքի վրայից. ընկերուհիները վախեցան, ընկրկեցին ու որոշեցին շրջանցել ճեղքը: Բայց ինքը հավաքելով շրջազգեստի փեշերն ետ-ետ գնաց ու ցատկեց... Օ՝, որքան խորն էր իր հրճվանքն ու ուրախությունը, երբ ապահով կանգնած Ճեղքի մյուս կողմում՝ սկսեց տնազ անել ընկերուհիներին... Հիմա նրա մեջ խոսում էր արկածախնդրության նույն մոլուցքը: Գիտեր, որ այդ պահին, ոչ մի ուժ չէր կարող իրեն հետ պահել կայացած մտադրությունից:

    
Դռան էլէկտրոնային աչքը որսաց գեղեցկուհի աղջկան. ապակե փեղկերը թափով հեռացան իրարից, ու Մարիշը ներս մտավ համարձակ քայլերով...

    
    
    
* * *

    
-Եկուր հոս, աղջիկ ջան, - ետևից լսեց տղամարդու ձայնը և կտրուկ շրջվեց:

    
-Դուք ի՞նչ եք ուզում ինձանից, - հրացայտ աչքերով տղամարդուն նայելով և ձեռքում պահած երկտողը նրան պարզելով՝ ասաց Մարիշը, - ինչո՞ւ եք սա տվել հենց ինձ:

    
-Հանդարտվե, հանդարտվե, աղջիկ ջան, բարևդ ո՞ւր է. բան մը չէ ուզածս, - տղամարդը բազմանշանակ ժպտաց, - ըսի ծանոթանանք, եկուր, եկուր հոս նստինք:

    
Տղամարդու վերաբերմունքը բարեկամական էր, սակայն վստահություն չէր ներշնչում: Մարիշը նորից տատանվեց, բայց չընդդիմացավ: Նրանք նստեցին երկու ազատ դեղնագույն կաշվե բազկաթոռներին: Շուրջը հյուրանոցային եռուզեռ էր: Մարիշը նախանձով էր նայում համակարգչի առջև կանգնած, մուգ կապույտ կոստյումներ հագած՝ սպասարկող աղջիկներին, որոնք վարժ խոսում էին օտարերկրացի տուրիստների հետ: Ինչո՞ւ ինքը օտար լեզու չսովորեց. այ, սա կարգին աշխատանք է, լսել էր, որ լավ էլ վճարում են: Նրանց մոտեցավ մատուցողը:

    
-Ի՞նչ կփափագի խմել օրիորդը, - հարցրեց տղամարդը:

    
-Ջին, տոնիկ ջրով ու կիտրոնով: - Մարիշը ռեստորանից գիտեր զանազան խմիչքների տեսակները և այստեղ դա պետք եկավ. ի՞նչ կարևոր էր, որ ինքը երբեք ջին չէր խմել, այլ միայն մատուցել էր...

    
Տղամարդն իր համար սոդայով վիսկի պատվիրեց, ընդ որում հայացքը չէր կտրում Մարիշի բարեձև ծնկներից: Եվ՝ ոչ միայն նա. մոտիկից անցնող համարյա բոլոր տղամարդիկ խեթում էին գրավիչ արտաքինով, ոտքը ոտքին անկաշկանդ գցած աղջկան: Այդ երևույթը թե՛ վանում և թե՛ շոյում էր Մարիշի ինքնասիրությունը: Նրա մտքովն անգամ չէր անցնում կարճ փեշը հնարավորին չափ հավաքել ազդրերի շուրջ: «Նայում են, թող նայեն, էնքան նայեն, որ կշտանան», - մտքում չարախնդում էր նա ու զարմանում. այդ երբվանի՞ց էր իրեն այդքան ազատ զգացել... Տղամարդը հպարտությունից փքվել էր: Նա անդադար խոսում ու պատմում էր իրենց շրջագայությունների մասին: Հարուստ գործարար մըն է, հոս եկեր է թե՛ պտույտի և թե՛ բիզնեսի համար... Մարիշը ընկել էր երանության մեջ, նայում էր դիմացը նստած տղամարդու անդադար շարժվող ձկանման, նուրբ շրթունքներին և համարյա ոչինչ չէր հասկանում նրա պատմածներից: Լաբիի յուրահատուկ մթնոլորտը, մեղմ երաժշտությունը, ամեն ազգության ու տարազների տեր մարկանց չընդհատվող շարժումն ու բլբլոցը, փափուկ ու հանգստավետ բազկաթոռը և խմիչքի ազդեցությունը նրան հեռացրել էին իրականությունից: Իր ողջ էությամբ զգում էր երանավետ հանգստություն ու թմբիր: Տղամարդու մուգ սրճագույն, գծավոր փողկապը ծռվել էր մի կողմ և քրտինքի կաթիլներ էին հայտնվել ճակատին: Նա նորից խմիչք պատվիրեց և հաշիվը պահանջելով՝ ստորագրեց ստացականն ու նշեց սենյակի համարը՝ 616: Մարիշը լրիվ մոռացել էր՝ նրան «տեղը դնելու» իր որոշման մասին: Համակվել էր մի տարօրինակ զգացումով. Իրեն թվում էր, թե այդ բոլորը խաբուսիկ երազ է, թե այդ տղամարդը մաս չի կազմում շրջապատող իրականությանը... Չգիտեր նրա ով և ինչ մասնագիտության տեր լինելը, չգիտեր ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ, նույնիսկ անունը չգիտեր ու չէր ցանկանում իմանալ: Ռեստորանի բոլոր հյուրերի պես նա էլ վաղը ընդմիշտ կանհետանար իր կյանքից: Նա՝ սենյակ համար 616-ն էր, ինչպես ռեստորանում՝ համար այսինչ կամ այնինչ սեղանը... Այնուամենայնիվ, Մարիշը խայթվածի նման վեր թռավ տեղից, երբ տղամարդը բռնելով նրա ձեռքը և բերանը մոտեցնելով ականջին՝ շշնջաց.

    
-Հարյուր հիսուն դոլարեն ավել չեմ կրնար տալ:

    
-Ես, ես...

    
-Կհասկնամ կոր, պիտի ըսես, որ քեզի ավելին կու տան: Շատ աղվոր ես, շատ գեղեցիկ, չես նմանիր...

    
Մարիշը ցանկանում էր վերկենալ ու փախչել: Բայց ասես մեխվել էր բազկաթոռին ու զարմացած նայում էր առջևը նստած ու սպասողական իրեն նայող տղամարդուն:

    
- Դուք, հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ եք խոսում... Ես, ես... ձեր իմացածներից չեմ...

    
- Հասկցանք, հասկցանք, երկու հարյուր դոլար, և վերջ, - ասաց տղամարդը և մի անգամ ևս թղթի կտորի վրա սենյակի համարը գրելով՝ դրեց շշմած Մարիշի ափի մեջ:

    
- Նայինք, շատ չուշանաս, աղջիկ ջան, վերը կսպասեմ քեզի... Լաւ չըլլար մեր միասին վեր ելլելը:

    
Մարիշը լուռ նայում էր նրան անփոփոխ, շշմած հայացքով:

    
- Մի երկմտի՛ր, աղջի՛կ ջան, - փաղաշուք ձայնով ասաց տղամարդը, - դրամը սկիզբեն կանխիկ կու տամ քեզի...

    
Մարիշը սթափ հայացքով նայեց դատարկ բազկաթոռին, ուր քիչ առաջ նստած էր տղամարդը: Նրան թվաց, որ քիչ առաջ ոչ ոք նստած չէր այդ բազկաթոռին, որ ոչ ոք չի սպասում իրեն, հիմա վեր կկենա ու կգնա այնպես, ինչպես եկել էր... «Ի՞նչի համար էի եկել, ի՞նչ դուրս եկավ», - համենայդեպս խորհեց նա ու քմծիծաղեց: Սենյակի համարը վաղուց էր սեպվել ուղեղում, բայց ասես վստահանալու համար բացեց ու նայեց սևով սպիտակի վրա գրված համարին. Վեց-մեկ-վեց: Դա նրան վերադարձրեց իրականությանը. ո՛չ, այստեղ այլևս անելիք չուներ: Ալարկոտ բարձրացավ տեղից ու դանդաղ քայլեց դեպի հյուրանոցի դուռը: Ինչքա՜ն արագ ավարտվեց վայելքի պահը: Ջինի ազդեցությունը դեռ չէր անցել, սակայն Մարիշի ուղեղը աշխատում էր սառն ու բնականոն: Նայեց ժամացույցին. քիչ էր մնացել հերթափոխին, բայց փույթ չէ՝ կհասցներ ներկայանալ ժամանակին: Հանկարծ, չգիտես որտեղից, հակասական մտքերն ու պատկերները միանգամից սկսեցին խուժել ու հաջորդաբար հայտնվել նրա գիտակցության պաստառի վրա: Ահա ռեստորանի խոհանոցը անլվա ամանների կույտերով ու այրված ճարպի տհաճ հոտով, ահա ինքը՝ հյուրերի պատվերները կեղծ ժպիտով նշելիս, խորովածով բեռնված ծանր սկուտեղը կրելիս և իրեն հառված տղամարդկանց լկտի հայացքները հանդուրժելիս, ահա Լիզան՝ իրեն «ապուշ» անվանելիս, Խորենը՝ վրան գոռգոռալիս, ահա իրենց փոքրիկ վարձու բնակարանը և այնտեղ տիրող լարված մթնոլորտն ու հոր, մոր անվերջանալի վեճերն ու անորոշ ապագայի մռայլ հեռանկարները... Եվ... երկու հարյուր դոլարը, որին տիրանալու բուռն ցանկությունը ոչ մի կերպ չի կարողանում վանել իրենից, թեև նունիսկ չգիտեր՝ դա քիչ, թե շատ էր... Միայն Լիզայից լսել էր, որ դրսից եկածները կծծի են... Առաջին անգամն էր, չստուգի՞ Լիզայի հետ... այդ մտքից ծիծաղը եկավ: Տատամսոտ կանգ առավ լաբիի կենտրոնում: Իրենից դեպի ձախ հյուրանոցի դուռն էր, դեպի աջ՝ վերելակը... Երկուսն էլ նրան տանում էին անձնազոհության ու տառապանքի ուղիով... Թերևս միայն այն տարբերությամբ, որ դեպի ձախ՝ էժան գնով պիտի վատնվեին իր կյանքի լավագույն օրերը, երիտասարդական ավյունն ու թարմությունը, իսկ դեպի աջ՝ թանկ գնով պիտի վաճառեր իր... մարմինն ու այդ բարոյականություն կոչվածը... Սրանցից ո՞րն էր ավելի ծանր կշռում... Տվյալ պահին ինքը հոգնած էր, թքած ուներ գորշ ու մռայլ աշխարհի վրա, դեռ ցավում էր իր շքեղ մարմինը, իր միակ ու անկրկնելի կապիտալը, որի հետևից վազում էին բազմաթիվ տղամարդիկ...

    
Պայուսակից հանեց բջջայինը և ուզեց զանգել Լիզային, բայց անմիջապես հրաժարվեց. երկար-բարակ խոսելու և բացատրություններ տալու տրամադրություն չուներ: Բավականացավ կարճ հաղորդագրությամբ.

    
-Լիզա ջան, չսպասեք, էլ չեմ գալու:

    
Մարիշը անվարան, կտրուկ թեքվեց աջ ու մոտենալով վերելակին՝ սեղմեց կոճակը: Նա համոզված էր, որ վեց-մեկ-վեց համարը հավերժ դաջված կմնա իր հիշողության մեջ...

    
    
Մարտ 2009 թ.
Թեհրան

    
    

Առիթ

-Ներեցե՛ք, - ասաց ուշացած տղամարդը ցածրաձայն ու տեղավորվեց միայնակ նստած կնոջ կողքի աթոռին: Ուրիշ դատարկ աթոռ չկար:

    
-Խնդրեմ, -ասաց կինը, հարևանցի նայեց եկվորի տեսք ունեցող տղամարդուն ու ազատ ձեռքով փեշը ավելի իջեցրեց բաց ծնկերի վրա: Մյուս ձեռքով բռնել էր գոգին դրած բավականին մեծ, սպիտակ, ոսկեգույն օղակներով պայուսակի կանթը:

    
«Քառասունհինգից ավել չես տա», մտածեց կինը և տարակուսեց՝ իր ի՞նչ գործն է:

    
Վավերագրական ֆիլմ պիտի ցուցադրվեր: Աթոռները շարել էին կիսաշրջանաձև, կողք-կողքի: Շատ մարդ չկար: Ֆիլմի հեղինակ-ռեժիսորը որոշ բացատրություններ տվեց: Ներկաները ծափահարեցին: Փոքրիկ էկրանի վրա սկսվեց ցուցադրումը:

    
Կինը փոխեց դիրքը՝ աջ ոտքը գցելով ձախի վրա:

    
Սրճարանի կիսամութի մեջ, տղամարդը նշմարեց կնոջ կաթնագույն, մերկ ծնկի ծալը և սկսեց աչքի տակով հաճախակի նայել այդ ուղղությամբ:

    
«Հազիվ քառասուն կլինի», մտածեց տղամարդը և տարակուսեց. իր ի՞նչ գործն է:

    
Ցուցադրումը ավարտվեց: Նորից ծափահարեցին: Լույսերն ավելացան:

    
-Դուք որտեղի՞ց գիտեք ռեժիսորին, - հարցրեց տղամարդը:

    
-Իր կինը մտերիմ ընկերուհիս է, -ասաց կինը ժպտալով:

    
«Լավիկն է», մտածեց տղամարդը:

    
-Ինքն էլ իմ դասընկերն է եղել: Ներգաղթելուց հետո ավելի քան երեսուն տարի չէինք հանդիպել:

    
-Դուք որտեղացի՞ եք:

    
-Եկել եմ Նահանգներից, կարճ ժամանակով, այս անգամ հրաշքով հանդիպեցինք, պատկերացրեք սկզբում չճանաչեցինք իրար. ասաց, որ իր ֆիլմերից մեկը պիտի ցուցադրի այս սրճարանում, հրավիրեց: Սրճարանը հազիվ գտա, -ասաց ու ծիծաղեց:

    
Նրանք միասին մոտեցան ու շնորհավորեցին: Կինը խոսքի բռնվեց ռեժիսորի կնոջ հետ: Հետո մոտեցան ֆուրշետի սեղանին, որի վրա շարված էր սրճի ու թեյի տեսականի, հարմարանքներ ու անուշեղեն: Կանայք սուրճ պատրաստեցին ու չորսով նստեցին ազատ սեղաններից մեկի մոտ. խոսք բացվեց արվեստի և տարբեր երկրների մշակութային խնդիրների մասին, ընդ որում տղամարդը երկար տարիներ անհաղորդակից լինելով նման թեմաներին՝ ընդհանրապես լսողի դերում էր:

    
Դուրս գալով սրճարանից, քայլեցին մինչև գլխավոր պողոտան:

    
Տղամարդը խնդրեց կնոջ ձեռքի համարն ու գրանցեց իր բջջայինի մեջ:

    
-Կզանգեմ, -ասաց նա, - See you:

    
Կինը ժպտաց, գլխով արեց ու նստելով առաջին պատահած տաքսին՝ հեռացավ:

    
«Դուրեկան տղամարդ է», - մտածեց կինը. նա սիրում էր զուսպ, քչախոս տղամարդկանց:

    
«Ինչ ապուշն եմ, պիտի հրավիրեի ընթրիքի», մտածեց տղամարդը: Չէր հասկանում ինչ խորհրդավոր բան կար այդ կնոջ մեջ, որ խախտում էր իր ինքնավստահությունը: Գուցե դա կնոջ բարձր ինտելեկտն էր, որով ինքը հմայվեց խոսակցության ընթացքում: Նույնիսկ չկարողացավ «դու» ի անցնել: «Առաջին հանդիպման համար, այսքանն էլ բավական է», - մխիթարեց ինքն իրեն ու տխրեց, որ մեկնում է երկու օրից:

    
Հաջորդ օրը տեղը չէր գտնում, տատանվում էր. կգա՞, չի՞ գա: Այնուամենայնիվ, զանգեց.

    
-Բարև, ինչպե՞ս եք:

    
-Ոչինչ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք, - ասաց կինը կրծքային, հաճելի ձայնով:

    
-Գիտե՞ք, երբ այստեղ եմ ինձ հրաշալի եմ զգում, -ասաց տղամարդը դուր գալու ցանկությամբ. չհաշված երեկվա հանդիպումը՝ իր այս այցելության ընթացքում հիասթափության պահեր շատ էր ունեցել: Դեռ երկու օր առաջ ուրախ էր, որ պիտի շուտով վերադառնա:

    
-Բոլորն էլ այդ են ասում, ասաց կինը, - բայց չեն մնում, գնում են:

    
- Ինչ արած: Ստիպված ենք: Մեր կյանքն էլ այսպես է դասավորվել:

    
-Գիտեմ:

    
-Երեկ ի՞նչ տպավորություն ստացաք ֆիլմից, չուզեցի հարցնել հեղինակի ներկայությամբ:

    
-Հաջող էր, վատ չէր ստացվել. ինձ ավելի շատ դուր է գալիս լիամետրաժ կինոն:

    
-Ինձ էլ, բայց հավանեցի, -ասաց, թեև կարգին չէր էլ հասկացել որոշ կադրեր, - տաղանդավոր տղա է, փոքրուց հատուկ սեր ուներ թատրոնի ու կինոյի հանդեպ:

    
-Այո, սա իր առաջին գործը չէր:

    
-Դուք ինչո՞վ եք զբաղվում, չե՞մ խանգարում:

    
-Ո՛չ, ո՛չ, հանգիստ եղեք... գիտաշխատող եմ:

    
-Երեկ դուք մենակ էիք, - ասաց տղամարդը կարճ դադարից հետո՝ ակամա հարգանք զգալով կնոջ հանդեպ, թեև կարգին չգիտեր «գիտաշխատողի» իմաստը:

    
- Այո, - ծիծաղեց կինը, - մենակ էի եկել, ինչո՞ւ եք հարցնում:

    
-Դե... մտածեցի ամուսին ունեք, դրա համար հարցրեցի:

    
-Ունեցել եմ, -ասաց կինը:

    
-Վաղո՞ւց է մենակ եք:

    
-Մի քանի տարի կլինի, իսկ դա ձեզ շա՞տ է հետաքրքրում:

    
-Ուղղակի ուզում եմ ձեզ նորից տեսնել, - ասաց տղամարդը ազատ շունչ քաշելով ու անտեսելով կնոջ հարցը, -ի՞նչ կասեք, եթե հանդիպենք երեկոյան:

    
-Դեմ չեմ, - ասաց կինը մի քիչ մտածելուց հետո, - աշխատանքից հետո անելիք չունեմ:

    
-Կգա՞ք ինձ մոտ... իմ բնակարանը..., - ասաց տղամարդն ու շփոթվեց: «Լավ չեղավ էսպես միանգամից, գոնե ասեի՝ «Համեցեք իմ բնակարանը» կամ «Ձեզ համար հարմա՞ր է հանդիպել իմ բնակարանում», էստեղ հո Ամերիկա չի, ի՞նչ կմտածի»:

    
Կնոջ պատասխանը ուշանում էր:

    
-Գիտե՞ք, տանել չեմ կարողանում սրճարանների ժխորը, բարձր երաժշտությունը, կասկածելի մաքրությամբ սնունդը, - ասաց տղամարդը արդարանալու պես, - տանը կարող ենք հանգիստ զրուցել... Վերջերս սկսել եմ խուսափել սրճարաններում թրև գալուց:

    
«Հենց միայն ա՞յդ, -մտածեց կինը, - ուրիշ բան չկա՞ գլխումդ...»:

    
-Լավ, կգամ, -վերջապես ասաց նա և շփոթվեց: «Լավ չեղավ, էսպես միանգամից, գոնե ասեի՝ «Կարող ենք պարզապես զբոսնել, աշնանային հաճելի եղանակ է», կամ ասեի՝ «Գուցե թատրոն գնանք»: Ի՞նչ կմտածի իմ մասին...»:

    
-Անկեղծ ասած, ես էլ չեմ սիրում սրճարանների մթնոլորտը, - ասաց կինը արդարանալու պես:

    
Տղամարդը ցնծում էր. տվեց իր բնակարանի հասցեն: Ժամադրվեցին:

    
Եկավ կես ժամ ուշացումով: Ավելի էր գեղեցկացել, փարիզյան թանկ օծանելիքի բույրը տարածվեց սենյակում: Մեկ ձեռքում երեկվա պայուսակն էր, մյուսում՝ մեկ շիշ հայկական գինի: Գուցե դա էր, որ բարևելիս ձեռքը չմեկնեց՝ տղամարդուն թողնելով սպասողական վիճակի մեջ:

    
-Ի՜նչ նեղություն, -ասաց տղամարդը վերցնելով գինին:

    
-Ոչ մի նեղություն, - ասաց կինը՝ հանելով սպիտակ ժակետն ու մնալով պարզ, ծնկից վեր երկնագույն շրջազգեստով, - հայկական ընտիր գինի է:

    
Տղամարդը շնորհակալություն հայտնեց, վերցրեց կնոջ ժակետն ու նրան առաջնորդեց հյուրասենեակ:

    
Բնակարանը նորակառույց էր, քաղաքի կենտրոնում, շքեղ կահավորված: Կինը աչքի անցկացրեց պատից կախված աբստրակտ ոճի, ճաշակով մեծադիր կտավները:

    
-Այստեղ ե՞ք գնել:

    
-Այո, հայ գրաֆիստի գործեր են, գնել ենք ցուցասրահից:

    
«Գնել ե՜նք... տեսնե՞ս ում հետ», -մտածեց կինը, ու թեև տվյալ պահին տղամարդու ամուսանցած կամ չասմուսնացած լինելը խնդիր չէր, այնուամենայնիվ հարցրեց:

    
-Երեխաներ ունե՞ք:

    
-Մեկ տղա... ապրում է մոր հետ: Բաժանված ենք, -ստեց:

    
Երկուսն էլ հանգիստ էին ձևանում, բայց օդում լարվածություն կար:

    
Կինը նստեց բազմոցին, ոտքը գցեց ոտքին ու երկու ձեռքով փեշը ցած իջեցրեց:

    
Տղամարդը կոնյակ լցրեց ու շոկոլադ առաջարկեց: Կինը վերցրեց կոնյակի բաժակն ու մոտեցրեց շրթերին: Շրթներկի կարմիր հետքը մնաց բաժակի վրա:

    
-Գնամ սուրճ պատրաստեմ, - ասաց տղամարդը:

    
-Այստեղ կանայք են սուրճ պատրաստում, -ասաց կինը թովիչ ժպիտով, - թույլ տվեք օգնեմ:

    
Երկուսով մտան փոքրիկ խոհանոցը:

    
Տղամարդը պահարանից հանեց սուրճի պարագաներն ու շարեց սեղանին:

    
-Դա՞ռն եք սիրում, թե՞ քաղցր:

    
-Դո՞ւք:

    
-Դառը:

    
-Ես էլ:

    
Տղամարդը մի պահ որսաց կնոջ հայացքը: Ժպտացին:

    
Սուրճը արագ եռաց. կինը վարժ շարժումով գազօջախից հեռացրեց սրճեփը, գավաթները լցրեց խնամքով ու դրեց սինիի մեջ:

    
Նրանք շատ մոտ էին կանգնած իրար, երկուսի ձեռքերը միաժամանակ մեկնվեցին դեպի սինին և դիպան իրար: Տղամարդը սարսուռ զգաց այդ հպումից և կնոջ մարմնի մոտիկությունից. հազիվ հաղթահարեց նրա ձեռքը բռնելու ու գրկելու անզուսպ ցանկությունը, որ սկսվել էր կնոջ ներս մտնելու պահից: Մի բան խլրտաց ընդերքում, կոկորդում չորություն զգաց ու թուքը կուլ տվեց...

    
«Գրկի՛ր, ինչի՞ ես սպասում, - ճչում էր մարմինը, բայց բանականությունը ավելի հզոր գտնվեց. «Չէ, ինչ կմտածի, կասի՝ խաբել եմ, բերել... համբերի՛ր, ժամանակին...»:

    
Կինը կանացի բնազդով ընկալեց տղամարդու հոգու կրքահույզ ալեկոծությունը. մի բան խլրտաց ընդերքում ու հազիվ զսպեց ձեռքերի դողը...

    
«Հիմա կմոտենա, - մտածեց, - չէ, թույլ չեմ տա, ի՞նչ կմտածի, կասի...»:

    
-Ես կբերեմ, -ասաց կինը վերցնելով սինին:

    
Նրանք վերադարձան հյուրասենյակ ու զբաղեցրին իրենց տեղերը:

    
Կինը իրոք հմայիչ էր իր երկնագույն շրջազգեստի մեջ:

    
Խոսակցությունը սկզբում չէր ստացվում: Կոնյակի առաջին կումերից հետո տղամարդը բողոքեց ամերիկյան բարքերից, կանանց շնորհված ազատություններից: Նա աշխատում էր թեմային տալ սեռական ուղղություն ու թափանցել կնոջ հոգու խորքը: Խոսեց տեղական ավանդույթների ու ամոթ կոչվող հասկացության մասին: Նշեց, որ իր կարծիքով, գիտության պակասի պատճառով վաղ ժամանակներում մարդիկ կենակցությունը համարել են ամոթ, արգելքներ են մոգոնել, որպեսզի այդպիսով կասեցնեն մարդկային աճը, և այլն, և այլն:

    
Կինը հասկանում էր տղամարդուն ու չարանում: «Ի՞նչ ես սար ու ձոր ընկել, միանգամից սրտինդ ասա, էլի, մեկ է ինձանից բան չես հասկանա»: Նա մի պահ, նկատեց իր սրունքներին հառված տղամարդու կրքոտ հայացքն ու ակամա՞, թե՞ սովորության համաձայն կրկին երկու ձեռքով իջեցրեց փեշը:

    
«Հիմար եմ, - մտածեց, - թող նայի, էլի..., ձևը չգիտեմ...»:

    
«Չէ, ճիշտ են ասում, էստեղի կանանց հեշտությամբ չես տիրանա..., - մտածեց տղամարդը:

    
Րոպեներն անցնում էին դանդաղ. կինը հոգնել էր տղամարդու բարբաջանքներից. երեկ, սրճարանում, ո՞ւր էր մնացել այս բլբլան լեզուն. պարզվում է շատախոսի մեկն է... Ինչե՜ր ասես չէր պատկերացնում, երբ սեղմեց տղամարդու բնակարանի դռան զանգի կոճակը: Մենակ մնալու օրվանից միշտ խուսափել էր տղամարդկանց սիրահետումներից. մտածում էր, որ սա եկվոր է, ինչպես եկել է, այնպես էլ կգնա, պատմություն չի սարքի... Ինքն իր ոտքով մտավ առյուծի վանդակը, իսկ ինչ դուրս եկավ... «Ի՜նչ առյուծ, աննորմալի մեկն է...»:

    
-Իմ գնալու ժամանակն է, - վերջապես ձանձրացած ոտքի կանգնելով՝ ասաց նա:

    
-Սպասե՛ք, միասին կընթրենք, - կնոջ անսպասելի վեր կենալուց շփոթված ասաց տղամարդը:

    
-Չէ՛, ընկերուհուս խոսք եմ տվել, -ստեց կինը, - պիտի գնամ:

    
Տղամարդը տեղի տվեց, չկար նախկին ուժեղ ցանկությունը: Քաղաքավարությամբ օգնեց նրան հագնել ժակետն ու ուղեկցեց մինչև դուռը:

    
-Շատ հաճելի էր, - ասաց նա:

    
Կինը խեթ նայեց նրան ու ասաց.

    
-Շնորհակալություն: Մնաք բարով:

    
«Լավ առիթ էր, բաց թողեցի, -մտածեց կինը տաքսիում՝ տուն վերադառնալու ճանապարհին:

    
«Լավ առիթ էր, բաց թողեցի, -մտածեց տղամարդն աչքը հառած կոնյակի բաժակի վրա մնացած կարմիր շրթներկին:

    
    
Դեկտեմբեր 2014
Թեհրան


    
     Подробнее здесь: https://nidoragir-grakan.webnode.ru/news/%d5%af%d5%b8%d5%ac%d5%b5%d5%a1-%d5%bf%d5%a5%d6%80-%d5%b0%d5%b8%d5%be%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b6%d5%ab%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%be%d5%a1%d5%ae%d6%84%d5%b6%d5%a5%d6%80/?fbclid=IwAR0GKKS_nBFSttgI5nqtkWiNBS-_q9JzFsB7_ErbBG0i9xb0JzK9Jdl3mRk#.X1eml2NRaYM.facebook

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4576 | 0 | 0
Facebook