Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ. ԽԱՂ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ

16:18, ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ. ԽԱՂ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ
    
Ծնվել է 1947 թ հունվարի 24- ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք խմբագրություններում, 1995-2003 թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2004 թ աշխատել է «Գրական թերթում որպես պատասխանատու քարտուղար, այնուհետև՝ 2005- 2012 թ . թ . որպես գլխավոր խմբագիր։ Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծական, արձակ և պիեսների ժողովածուների: Գրում է նաև մանուկների համար։ Նրա թատերգությունները բեմադրվել են Հովհ . Թումանյանի անվ . տիկնիկային, Համազգային, Կամերային պետական երաժշտական, Գյումրիի պետական ակադեմիական, Ալավերդու քաղաքային թատրոններում։ Ունի թարգմանական ժողովածուներ։ Թարգմանվել է ինչպես նախկին խորհրդային հանրապետությունների լեզուներով, այնպես էլ՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, պարսկերեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: ՀԳՄ անդամ է 1976 թ .

    
    
Սամվել ԿՈՍՅԱՆ

    
ԽԱՂ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ
/ Պատմվածք /

    
Երազում էի միլիոն դոլար գտնել: Այնքան ոգեշնչված էի, որ այդ մտքից արդեն շատերն էին ոգևորվել ու սկսել էին ինձ չափից դուրս մոտ - մոտ անել, մտածելով միլիոնից բաժին պոկել: Ոչ մեկին չէի մերժում: Ու երբ յուրաքանչյուրին իր բաժինը խոստանալուց հետո, փորձեցի հաշվել տակն ինչ մնաց, պարզվեց, որ միլիոնից մի հարյուր հազար ավելի եմ բաժանել, ուստի ում խոստացել ու դեռ ոչինչ չէի տվել, մտովի ներողություն խնդրելով, մտածեցի միլիոնի մասին ընդհանրապես մոռանալ: Այդ որոշմանը նպաստեց նաև աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ստիվ Ջոնսի, մահից առաջ թողած գրությունը: Միլիարդատերը գրել էր, որ . 30 դոլար արժեցող ժամացույցը և այն մեկը, որը 300 դոլար արժի, միևնույն ժամանակն են ցույց տալիս: 150000 արժեցող մեքենայով, թե 30 հազարանոցով, ճանապարհն ու տարածությունը միատեսակ են: Եթե այս ամենը մահից առաջ գրած չլիներ, կմտածեի մեծահարուստի հերթական կոկետությունն է, քանի որ ամբողջ կյանքում ձգտել է հարստանալ, վստահ, որ թանկն ավելի արագ ցույց կտա ժամանակը և առավելագույնս կկրճատի ճանապարհը: Ես էլ էի երևակայում, որ միլիոնը կօգներ հասարակության մեջ կարևորել իմ խոսքն ու դիրքը, վերջապես կազատեր սովորական և աննշան լինելու բարդույթից: Սակայն հասկացա, որ հիմար խաղի մեջ եմ ընկել և որ նման անլրջությունը լավ հանգրվանի չի հասցնի: Միայն խելագարը կարող է միլիոն կորցնել, այն դեպքում, երբ անհնար է, որ խելագարը միլիոն ունենա: Միաժամանակ հարուստ լինես թե աղքատ, շատ ուտես թե քիչ, ճանապարհորդես թե տանը մնաս, կյանքը նույնն է, կյանքի թանկն ու էժանը չկա, որովհետև մահը բոլոր կյանքերին նույն գինն է տալիս: Վերջ ցնորքին: Մինչև հիմա ընդամենը 10 դրամանոց մետաղադրամ էի գտել, փոխարենը զրկելով ինձ երկնքին ու աստղերին նայելու հաճույքից: Այլևս գլուխս խոնարհած չեմ քայլելու, հայացքով ասվալտը չեմ մաշելու, ինչից աչքերիս գույնն էլ փոխվել ու ասվալտից չի տարբերվում: Մարդկանց դեմքերն էլ եմ մոռացել ու ով գիտի, քանիսի կողոքով անցել ու չեմ նկատել: Հայացքս գետնից կտրելուց հետո, որքան էլ անսպասելի ու տարօրինակ, առաջինը Սոնայի դեմքը տպավորեց, ում հետ հարաբերություններս վաղուց էի խզել: Փորձեցի շրջանցել, իբր, չեմ նկատել, սակայն ձայն տվեց ու նրա բնավորությանը ծանոթ լինելով, ստիպված էի կանգնել: Սոնան առանց բարևելու միանգամից վրա տվեց .
- Միլիոնը գտա՞ր:
- Ի՞նչ միլիոն:
- Չլինի՞ գտել ես, որ ծանոթներիդ չնկատելու ես տալիս:
- Որտեղի՞ց գիտես:
- Արտակին 50 հազար էիր խոստացել:
- Ինչքան հիշում եմ, Արտակը չես:
- Ամուսնանալուց հետո մի քիչ Արտակ էլ ես կլինեմ:
- Բա ինչո՞ւ ինձ հետ չամուսնացար:
- Որովհետև քո սիրո պաշարն ընդամենը մի շաբաթ կհերիքեր:
- Նրանն ինչքա՞ն է:
- Մինչ մահ …
- Կնշանակի անմահությունը երկուսիդ էլ հարմար կլինի:
- Ավելի լավ է 50 հազարը տաս:
- Որ գտնեմ:
- Գտնես, ձայն տուր: Գոնե մի անգամ գործը վաղվան մի թողնի, - ու առանց հրաժեշտ տալու, հեգնական ժպիտը դեմքին, հեռացավ: Սոնայի հեգնանքին թեև ծանոթ էի, սակայն, երբ հրաժարվել կամ փորձում էի հրաժարվել միլիոն գտնելու գայթակղությունից, այս հանդիպման տհաճությունից ներսս միանգամից կնճռոտվեց: Սոնային տեսնելը վատ նշան էր, թեև լավ ու վատ նշանի ընտրությունը ոչ թե քո, այլ մի այլ ուժի ընտրությունն է: Պատահականություններ էլ չեն լինում, բոլոր պատահականությունները որոշակի օրինաչափության հետևանք են: Կանխազգացումը, որ վատ նշանների շղթան հնարավոր է Սոնայով չավարտվի, չէր լքում, թվում էր սարդոստայնի վերածվել, որսում ու խժռում էր օրերիս հանդարտությունը: Անգամ հեռախոսազանգերն էին սկսել ներվայնացնել: Հերթական զանգը նույնպես չարագուշակ թվաց:
- Որ չզանգահարեմ, չես էլ հիշի: - Գևորգն էր ու նրա նեղացկոտ տոնը ստիպեց զգուշանալ:
- Միշտ էլ հիշել եմ:
- Մի ստիր:
- Ստելու ի՞նչ կա:
- Չլիներ, չէի ասի:
- Կարո՞ղ ես պարզ խոսել:
- Լսել եմ միլիոն ես գտել:
- Փնտրում էի, չգտա:
- Միևնույն է: Շատ վիրավորված եմ:
- Ինչի՞ց:
- Ում ասես բաժանել ես: Հիշեիր, մի բան էլ ինձ կհասներ:
- Քեզ ինչքա՞ն է պետք, - հասկանալով, որ դիմադրությունն անօգուտ է, փորձեցի խաղի ռիթմը չփոխել:
- Հարյուր հազարը չէր խանգարի: Չե՞ս իմացել, որ տունս գրավ եմ դրել …
- Հետո՞ …
- Հետո այն, որ կարող եմ փողոցում հայտնվել:
- Ծանր դեպք է:
- Ցավակցելու փոխարեն օգնելու մասին մտածիր:
- Մտածում եմ:
- Շուտ պիտի մտածեիր: Ընկերությունը միայն կենացները չեն: Անկեղծ, հիասթափված եմ:
- Իզուր:
- Փողը ե՞րբ կարող ես տալ:
- Երբ գտնեմ:
- Գիտեի, անլուրջ ես, բայց ոչ այս աստիճանի: Պիտի իմանաս, որ ընկերոջ ողբերգությունը ծաղրի վերածելը զզվելի է …
- Ախր …, - ու չշարունակեցի, որովհետև վերջին բառերից հետ հեռախոսն անջատել էր: Պարզվում է ինչքան վիճահարույց է անհեթեթ մտահղացումը, նույնքան դժվար է առանց հետևանքների դրանից հրաժարվելը: Ճիշտ և ճիշտ ինչպես այն անեկդոտում, երբ մեկը գնում է հոգեբույժի մոտ հայտնելու, թե ինչո՞ւ ինքը մարդ չէ, այլ գարեհատիկ: Հոգեբույժին ի վերջո հաջողվում է հակառակը համոզել: Սակայն վերջին պահին հիվանդը կասկածանքով հարցնում է . «Բժիշկ, որ մարդ եմ, միայն ես ու դու գիտենք, հավերը գիտե՞ն, որ մարդ եմ, այլ ոչ թե գարեհատիկ»: Իմ պարագայում էլ ոնց որ վիճակը նունն է: Արդյո՞ք նրանք, որոնց բաժին եմ խոստացել, տեղյա՞կ են, որ խաղն ավարտվել է: Հաստատ չգիտեն, և երևույթը գնահատելով, հավանաբար չեն էլ ուզում իմանալ: Այնպես որ մղձավանջը շարունակվելու է ու հայտնի չէ ինչքան կտևի: Կասկածս խորացավ, երբ Լիլիթի հետ հերթական հանդիպմանը, ով մեր հարաբերությունները գնահատելիս միշտ զուսպ էր, նա միանգամից ամուսնության մասին խոսք բացեց:
- Ինչի ? հանկարծ, - հարցրեցի, - մինչև հիմա խուսափում էիր այդ թեմայից:
- Ամեն թեմա իր ժամանակն ունի, - պատասխանեց մի տեսակ կոտրատվելով, որից թվաց ավազե քանդակ է ու անհարմար շարժումից կարող է ցրիվ գալ:
- Ի՞նչ է փոխվել, - նեղսրտեցի:
- Ուզում եմ ինքդ գլխի ընկնես: Միլիոնի մասին չե՞ս ուզում ասել:
- «Եվ դու Բրուտոս», - հիշեցի, սակայն չարտահայտվեցի, մտածելով ճիշտ չի հասկանա:
- Կարող ենք բնակարան գնել, ճոխ հարսանիք, շքեղ ավտոմեքենա, - գնալով ավելի էր ոգևորվում Լիլիթը, - ճանապարհորդություններ՝ Փարիզ, Ամստերդամ, Հավայան կղզիներ ... Քանիսի սիրտը նախանձից կճաքի, էն որ երևակայում էին, հիմա կերազեն մտերմանալ, բայց …
- Չշարունակես, - չդիմացա ու բղավեցի, - Միլիոնը չկա, մոռացիր: Միֆ էր, ցնորք, խաղ էր, որ առանց սկսվելու վերջացավ: Չգտա, չեմ գտել, չեմ գտնելու և այլևս չեմ որոնելու:
- Չբղավես, - իր հերթին պոռթկաց Լիլիթը ու տեսա թե ինչպես ավազե քանդակը քարի վերածվեց: - Չբղավես, - կրկնեց և աչքերից ատելություն ժայթքելով, եզրափակեց, - Այլևս չզանգահարես:
Պարզվում է, հիմարության հետևանքներն իսկապես անկանխատեսելի են: Մարդկության ողբերգությունն է երևի, երազների հետևից գնալով, կորցնել իրականությունը: Ես ուզում էի գտնել ու հիմա անընդհատ կորցնում եմ ու հայտնի չէ էլի ինչքան եմ կորցնելու: Եվ ամենացավալին, որ քանի շաբաթ անց դատարան ներկայանալու ծանուցագիր ստացա: Իմ դեմ դատարան հայց էին ներկայացրել, պահանջելով խոստումներիս տեր լինել ու պարտքերս մարել:

    
    
ԱՌԱՅԺՄ ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
ՙՀնարավոր է վերնագիրը մինչև վերջ էլ չգտնվի, որովհետև շատ ավելի հասարակ բաներ են անհասանելի, ինչպես ասենք, ծառերն ինչու՞, երբ կատուներից ավելի մրսկան են ու ջերմասեր, տաք եղանակները թողած, ձմռանն են մերկանում: Վերնագիրն, իհարկե կարևոր է, բայց եթե ուղեղիդ մեջ բառերը չեն հավաքվում ու նրանց քաոսային շարժումից դատարկությունն ավելի է ընդարձակվում, ապա ավելի լավ է շրթունքներդ կարես ու լուռ մնաս, որովհետև այդ պահին բոլոր ասածներդ քո դեմ են լինելու … Շատ կարևոր է, որպեսզի օրը ձանձրույթի մարաթոնի չվերածվի, քանի որ ձանձրույթը շրջանցելու համար վառ երևակայություն ու տաղանդ է պետք: Հնարավոր է տաղանդն էլ չօգնի, որովհետև վերջերս նա էլ նախկին էկոլոգիական մաքրությունը չունի և ավելի հաճախ քաղաքականության կրունկների տակ է … Իսկ քաղաքականության մեջ մաքուր կրունկներ չեն լինում … Մաքուր տեղ չի մնացել, որ կրունկն անցնի ու մաքուր մնա … Հնարավոր է մաքուր բառեր դեռ հանդիպեն, բայց հիմա էլ խնդիրը մաքուր բերան գտնելն է, որ կարողանաս առանց վարակելու, ողջ ու առողջ բառերին իրականություն հասցնել: Անեծքը շատացել է: Իսկ արտասվելու տրամադրություն չկա … Ամեն օր անիմաստության կպչուն տիղմը դանդաղ ծածկում է դեպի արկածները տանող բոլոր ճանապարհները, երևակայության թռիչքների բոլոր մոդելները, երակներդ լցնում է տարբեր հիվանդություններով, որոնք փոքրիկ գիշատիչների պես լափում են ուժերդ և թշվառ լրտեսների պես մահվանը տեղեկություններ հաղորդում առողջությանդ մասին … ՚ Այստեղ ձեռագիրն ընդհատվում էր … Տետրի հաջորդ էջի վրա ծուռումուռ տառերով գրված էր . ՙԿախարդանք չկա: Շատ բաներ չենք տեսնում ու միևնույն է, անտեսանելին էլ կյանքի մեջ է … ՚: Մի քիչ ներքևում ևս մի քանի բառեր . ՙ Հոգնեցի, ով կարող է, թող շարունակի … ՚: Տետրի մնացած էջերը մաքուր էին … Տետրը սեղանին գցելով մոտեցավ պատուհանին ու դուրս նայեց … Խնձորենին իրեն տեսնելով թափահարեց ճյուղերը … Ընկերն ի՞նչ էր ծրագրավորել, որ վերնագիրը դժվարացել էր գտնել … Վերնագիրն ինչո՞վ էր կարևորվել, որպես գաղափա՞ր էր, թե՞ բովանդակություն … Գուցե խոսքը խավարի անատոմիայի մասին է և վերնագիրն այդպես էլ հնչելու էր` խավարի անատոմիա … Բայց այդ ամենը ծիծաղելի թվաց ; Հնարավոր է ընկերը ձանձրույթը փարատելու համար մի քանի տող է խզմզել և վերնագրի բացակայությունն էլ մտքի խաղ է … Ամենամոտիկ տունը մոտ երկու հարյուր մետրի վրա է և եթե ինքդ քեզ զբաղմունք չհորինես, ձանձրույթը ամեն փորձության կարող է ենթարկել … Ընկերական հավաքներն ուրիշ են, ամառանոցը հենց ընկերական հավաքների համար է: Ձանձրույթը աղմկոտ միջավայր չի սիրում, ձանձրույթի սիրելիները միայնակներն են: Տեքստը նորից կարդաց: Հնարավոր է տողերը կարճ են, որովհետև հուզական պահը կարճ է տևել: Չհասկացավ ինչու սենյակը միանգամից հեղձուցիչ դարձավ: Դուրս գալով քայլեց խնձորենու կողմը: Քամին ահագին տերև էր թափել գետնին: Հավաքեց թափված տերևները, հենց ծառի տակ կույտ արեց ու ինքն իրենից գոհ պառկեց խոտերին: Կանաչ խոտի, անցյալ տարվա արդեն փտած խնձորի, անծանոթ ծաղիկների բույրը զարմանալի երանությամբ լցրեց ներսը: Երանությունից փակեց աչքերը: Քաղաքն ասես լուծվում էր բնության պատկերի մեջ, ծուխն ու փոշին, ամենատարբեր աղմուկները գոլորշու պես քուլա - քուլա դուրս էին գալիս աչքերից, քթանցքներից ու կոկորդից: Այն զգացողությունն էր, որ մարմինը թեթևանում է ու քամու բերանն ընկած տերևի պես ուր որ է կթռչի: Փորձեց խնձորենու ճյուղերից բռնվել, որ քամին ավելի հեռու չքշի … Նույն պահին էլ տերևը ծառից պոկվելով օրորվելով իջավ ու հպվեց շրթունքներին: Տերևի հպումից փշաքաղվեց ու նոր զգաց, որ հողին պառկած սառել է: Ոտքի կանգնեց: Նորից տան կողմը քայլեց և նոր միայն նկատեց, որ նկուղի կիսապատուհանի ապակիները կոտրված են: Մտածեց էլի փորձել են ինչ որ բան տանել կամ տարել են … Շատերն էին բողոքում, որ ձմեռները, երբ ամառանոցները դատարկվում են, գողությունները շատանում են: Ձմեռվանից հետո առաջին անգամն էր այստեղ և հնարավոր է, որ իրոք գողերն են կոտրել կիսապատուհանի ապակիներն ու փորձել են ներս մտնել: Չնայած նկուղում արժեքավոր ոչինչ չկար, այնուամենայնիվ, պետք էր ստուգել: Սենյակում աթոռներից երկուսը շրջված էին: Երևի ինքն է սենյակից դուրս գալիս պատահաբար դիպել ու շրջել: Աթոռներն ուղղեց և պատրաստվեց նկուղ իջնել:
Նկուղում մի քանի աման - չաման էր գետնին թափված, կանոնավոր դարսված փայտի կույտը շաղ էր տված հատակով մեկ: Վառեց լույսը և տեսածից վեր թռավ: Անկյունում գորշ գայլի մարմինն էր ... Ակամայից հետ - հետ, դեպի ելքը քայլեց, սակայն գայլն անշարժ էր: Գետնին ընկած փայտերից մեկով փորձեց գայլին շարժել, սակայն գայլը դիրքն էլ չփոխեց: Մի քիչ էլ մոտեցավ, բզբզեց, սակայն գայլը չէր շարժվում: Ավելի մոտեցավ և ոտքով հրեց: Գայլի գլուխը թեքվեց և անկենդան աչքերը հուշեցին, որ կենդանի չէ: Ներսը դատարկություն զգաց: Գուցե նրանից, որ ավելի անսովոր բանի էր սպասում, քան սատկած գայլն է: Նկուղ իջնելիս նույնիսկ տագնապի զգացողություն ուներ ու քիչ լարված էր: Տագնապն ու լարվածությունը միանգամից ցնդեցին ու մնում էր գայլին նկուղից դուրս հանել: Գիտեր, որ գայլերը 30 կիլգրամից ծանր են լինում: Բայց այս մեկը չորացել էր և հավանաբար ավելի թեթև կլիներ: Իրոք, միայն մորթին ու ոսկորներն էին … Բահով բարձրացրեց ու կիսապատուհանից էլ դուրս հանեց: Ինքն էլ դուրս եկավ ու նույն բահով գայլին այգու հեռավոր անկյունը տարավ և այնտեղ էլ թաղեց: Դատարկության զգացողությունը չէր լքում: Բջջայինով զանգահարեց ընկերոջը: ՙ Ալո, ես եմ … Ամառանոցից եմ խոսում: Երևի կգիշերեմ ու առավոտը շուտ դուրս կգամ: Տեսել էի՞ր … Ինչու՞ չասացիր, որ տեսել ես: Ես դուրս հանեցի ու այգում թաղեցի … Ի՞նչ ոգի … Գայլի ոգին սենյակու՞մ էր … Վախից ու ձանձրույթից աչքիդ ոգիներ են երևացել … Զգույշ կլինեմ, դու ուշադիր եղիր ոգուն հետդ քաղաք տարած չլինես: Ինչ որ բան լինի` զանգահարիր ՚: Խոսելուց հետո դատարկությունն ավելի խորացավ: Տեսնես գայլը ե՞րբ է հայտնվել: Գայլերը ձմռան շեմին սովորաբար միայնակ չեն դուրս գալիս: Սա հաստատ միայնակ է եղել: Գայլերը փակ տարածքներ չեն սիրում, սա պատուհանը կոտրել ու նկուղ է մտել: Ի՞նչ է փնտրել … Գուցե ոչինչ էլ չի փնտրել … Հանկարծակի մտքում ծագած մտքից փշաքաղվեց: Չի կարող պատահել … Նորից զանգահարեց ընկերոջը . ՙ Հա, ես եմ: Մոտդ հանրագիտարան կա՞ … Գայլերի մասին եմ ուզում իմանալ … Փորձիր ճշտել, գայլերը ինքնասպանություն գործու՞մ են … Եթե այո, ի՞նչ դեպքերում … Ինձ թվում է մեր գայլը ինքնասպանություն է գործել … Կարող էր դուրս գալ ու փախչել … Ծեր չէր թվում … Ատամներից գուշակեցի … Ե՞րբ կզանգես … Ինչ ոգի, ինչ բան: Հանրագիտարանը գտիր: Սպասում եմ՚: Մեխանիկորեն մոտեցավ սեղանին, տետրը վերցրեց ու անսպասելի գլխատառերով գրեց . ԻՆՔՆԱՍՊԱՆ ԳԱՅԼԸ:
ՙԼավ էլ վերնագիր է, - մտածեց, - միայն թե տակը գրելու բան չկա: Դժվար է գուշակել, թե գայլն ինչու՞ պիտի ինքնասպան լիներ: Մոտավոր եզրակացությունների համար էլ գոնե մի քիչ գայլ պիտի լինել … Ավաղ … ՚ Եվ ջնջեց գրածը, այնպես, որ ոչ մի տառը չկարդացվի … Հետո զղջաց, որ գայլին թաղել է … Պիտի ստուգած լիներ մորթը վնասվա՞ծ է թե՞ չէ … Եթե վիրավոր լիներ, ինքնասպանության տարբերակը բացառվում էր … Թեկուզ վնասված լիներ, ոհմակից ինչու՞ պիտի առանձնանար … Ինչ որ բան այնպես չէր ու գլխի չէր ընկնում, թե հատկապես ինչը … Նորից ընկերոջը զանգեց . ՙ Գտա՞ր հանրագիտարանը … Ի՞նչ իմացար … Ոնց թե ոչինչ … Էդ մասին, որ չեն գրել, բա ի՞նչ են գրել … Ասում եմ կարող է ինքնասպանություն էլ չլինի ... Չկողմնորոշվեցի թաղելուց առաջ ստուգել, հնարավոր է արդեն վիրավոր է նկուղ մտել ... Վաղը մյուս օրը գրադարան կմտնեմ … Հնարավոր չէ գայլերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ չլինեն … Ինչու՞ գամ … Մաքուր օդին կքնեմ, առավոտյան կգամ … Քեզ համար վերնագիր էի գտել` ինքնասպան գայլը, բայց հետո ջնջեցի: Նորություն ունենաս, զանգիր … Ես էլ կզանգեմ՚: Զգաց, որ ամեն զրույցից հետո հոգնածություն է զգում: Համենայնդեպս, հետաքրքիր օր է և չի ձանձրանում: Որոշեց հարևաններին այցելել: Չնայած այդ օրերին ամառանոցը դեռ մարդաշատ չէր, բայց հուսով էր գոնե մի երկուսին հանդիպել: Առաջին դուռը փակ գտավ … Երկրորդում բախտը ժպտաց: Ամառանոցի տիրոջ հայրը երևի քաղաքի ժխորից էր փախել, անցյալ տարվա տերևներն էր հավաքել ու վառում: Բարևեց ու խոսքի մեջ, նկուղը մտած գայլից պատմեց: Ծերուկը չզարմացավ, հակառակը, հաստատեց, որ ձմռանը իսկապես գայլերը շատ են այս տարածքում: Մի անգամ ձմռանը գործով ամառանոց է եկել և գայլերի բազմաթիվ ոտնահետքեր է նկատել: Որ գայլը նկուղ է մտել, հեշտությամբ բացատրեց . ՙ Ուրեմը շատ սոված է եղել՚: Մի քիչ էլ զրուցեցին ու որոշեց այցելությունները չշարունակել: Պարզվում է ոչ մի արտառոց բան, ոչ մի ինքնասպանություն, պարզապես շատ սոված է եղել, ներս է մտել, ուտելիք չի գտել, ուժասպառվել է ու չի կարողացել դուրս գալ … Ընդամենը … Այս բացահայտումից ասես օրվա որակը միանգամից փոխվեց … Անհայտին, անսովորին հաղորդակցվելու լարվածությունը փոխարինվեց հանկարծակի հայտնված անիմաստությամբ և ձանձրույթով: Չնայած ուշ էր, նույնիսկ մտածեց քաղաք վերադառնալ: Արդեն իր ամառանոցի դարպասների մոտ այգում ինչ որ շարժվում նկատեց: Համոզվելու համար տրորեց աչքերը և երբ նորից նայեց, ոչ մի շարժում էլ չկար: Բայցևայնպես, ցանկապատի դուռը բացելիս ուշադիր շուրջն էր նայում: Ամեն ինչ խաղաղ էր, միայն տերևներն էին քամուց խշշում: Սենյակի դուռն ավելի համարձակորեն բացեց: Սենյակում էլ փոփոխություններ չնկատեց: Նորից ընկերոջը զանգահարեց . ՙ Իմացա … Ձմեռն էստեղ գայլերը լիքն են … Ոչ մի ինքնասպանություն էլ չկա … Շատ է սոված եղել ու չի կարողացել դուրս գալ … . Ասում եմ ափսոս, որ այդպես է, հիմա չգիտեմ ինչով զբաղվել … Ներսս միանգամից դատարկվեց, ոնց որ երեխայի ձեռքից սիրած խաղալիքը խլեն … Դրսում ուժեղ քամի է … Քիչ հետո երևի քնեմ … Վաղը կտեսնվենք՚: Քնելու համար դեռ շուտ էր: Մոտեցավ պատուհանին և նույն պահին էլ սարսափած ընկրկեց, պատուհանի մյուս կողմում գայլը թաթերը ապակուն հենած ներս էր նայում: Բնազդաբար դեպի դուռը նետվեց և պտտացրեց փականը, սակայն չէր համարձակվում պատուհանին նայել: Մարմինը պատած սառը քրտինքից տհաճություն զգաց: Ձեռքերով ամուր փակել էր դեմքը և դժվար է ասել որքան ժամանակ դռան մոտ ծնկած մնաց: Վերջապես ձեռքերը իջեցրեց դեմքից, բայց աչքերը դեռ չէր համարձակվում բացել: Առանց աչքերը բացելու կանգնեց և մի քանի քայլ դռնից առաջացավ: Զգուշորեն շրջվեց պատուհանի կողմն ու միանգամից բացեց աչքերը: Պատուհանի հետևում միայն ծառերի սաղարթներն էին քամուց տարուբերվում: Համոզվելով, որ ոչ ոք չկա, ավելի մոտեցավ … Դրսում արդեն մթնող երեկոն էր ու ծառերն էին: Քամին ուժեղացել էր և սաղարթներն ավելի բարձր էին խշշում … Գայլի դեմքը տպավորվել էր և չէր հավատում, որ տեսածը կարող է տեսիլք լինել: Փորձեց գայլի դեմքը մանրամասնել … Զարմացավ, որ չմտաբերեց, թե ինչպիսին էին աչքերը, մռութը, դունչը … Պարզապես գայլի դեմք էր ու վերջ: Աստիճանաբար շնչառությունը կարգավորվեց և հետաքրքրասիրությունը ամբողջովին գրավեց ներսը: Պատուհանից հեռացավ, սեղանից վերցրեց տետրը և ընկերոջ գրածը նորից կարդաց: Կասկած չուներ, որ գայլի դեմքը ընկերն էլ է տեսել: Ոգի ասելով դա էր ակնարկում: Ընկերոջ գրածին մի քանի տող ավելացնելու անզուսպ ցանկությունը ստիպեց նստել և գրիչը ձեռքն առնել: Երկար չգիտեր ինչից սկսել և երբ ուզում էր գրիչը գցել, անսպասելի միտքը համարյա այրեց քունքերը . ՙԱմենատեսանելի անտեսանելին մահն է: Մահն է արժեքավորում ապրելը, այլապես ամեն ինչ անիմաստություն է, ամեն ինչ … Միայն զարմանալի է, որ այդքանով հանդերձ մահն ինքը ամենամեծ անիմաստությունն է … ՚: Գրածը նորից կարդաց, ուզեց նորից ջնջել, բայց փոխարենը գրեց ՙշարունակելի՚:

    
0, 75 ԳՐԱՄ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

    
Մեկն ասել է, ճշմարիտը մեծ երջանկությունն է: Բոլորը հավատացել և փոքր ուրախությունները լուրջ չընդունելով այդ մեծն են փնտրում: Էլ չեն ապրում, փնտրում են, հավատալով, որ բախտը կժպտա ու մեծ երջանկությունից իրենց էլ բաժին կհասնի: Չգիտեն ինչպիսին է էդ մեծ երջանկությունը, չեն պատկերացնում, բայց կարևորը գտնելն է, կգտնեն, կիմանան ու կվայելեն: Պարզվում է կյանք ասածը էդ երջանկությունը փնտրելն է, չնայած դա էլ չլիներ, ուրիշ ի՞նչ էր լինելու … Մենք ընդամենը պարապ հսկիչներ ենք, որպեսզի չխախտվի գիշեր - ցերեկ հերթականությունը: Հիմա երաժշտությունը խանգարում է կենտրոնանալ և ծանոթ պատկերների միջից առանձնացնել մտերիմ զգացումները: Անկեղծորեն հոգնեցրել են շնորհակալությունները, որոնց բովանդակությունը հաճոյանալն է: Ու ուզում ես հարցնել, այս ժամին ի՞նչ են անում այստեղ, երբ ասելիքը սպառվել է և տհաճ են հնչյունները, որոնք երբեք չեն իմացել ինչպես են բառ դառնում և գոյատևում են, որովհետև դատարկության մեջ կեղծ հնչյունն էլ տարողություն ունի: Հիմա նայում եմ աջ ու ձախ և չգիտեմ ուղղությունը, որը կարող է մոտեցնել մեծ երջանկությանը, նայում ու զարմանում եմ, որ բոլոր ուղղություններն անցնում են անցյալի միջով, որ նույնն է, թե մի անգամ արդեն անցել եմ այդ երջանկության կողքով ու չեմ նկատել: Կամ ուժերս են քիչ եղել, կամ իմաստությունս ու աշխարհում շատ է պատահում, որ տեսնում ու անցնում ես, որովհետև միտքդ չի կարողանում տեսածդ իմաստավորել: Երևի մահն էլ կողքիդ է ու չես տեսնում, պահապան հրեշտակդ էլ և ամենակարևորը` այլմոլորակայիններն են պտտվում շուրջ բոլորդ, ու նրանք են քեզանից խլում տեսածդ իմաստավորելու կարողությունը, բայց չես տեսնում ու չես կարողանում այնպես անել, որ չխլեն: Ընդհանրապես, պաշտպանությունը ամենադժվարն է մարդու համար, որովհետև ծնված օրից մարդուց գողանում են` գողանում են հարազատները, բարեկամները, ընկերները, տիեզերական անանուն ու անտեսանելի ուժերը ու երբ էլ ոչինչ չի մնում գողանալու, մարդուն են տանում: Ոգի ասածը, որը լքում է մարմինը` մարդն է, առանց գրպանների ու առանց ոչնչի … Ու տանում է նույն պահապան հրեշտակը, որը կողքիդ էր, բայց չէիր տեսնում ու կողքիդ էր, որովհետև ինքն էր քեզ տանելու … Ոգու տանելու ձևը պիտի իմանաս, որովհետև ոգին կամավոր հեռացողը չի և հեռանալիս էլ նրան չի լքում անսահման ցանկությունը` փնտրել մեծ երջանկությունը: Եթե իմանային ինչ է, երևի գտած կլինեին և պայծառատեսների ու գուշակների աշխարհի կործանման կանխատեսումները վաղուց իրականություն կլինեին, քանի որ աշխարհին կործանումից ցանկությունն է փրկում` գտնել ու ճանաչել մեծ երջանկությունը … Չարչարվում են, շատ են չարչարվում, միլիոնավոր ենթադրություններ կան, հավասարումներ ու բանաձևեր, կիլոմետրանոց հաշվարկներ են անում, բայց արդյունքը չնչին է, որովհետև ամեն ինչի մեջ ներծծված է անիմաստութունը … Հետո որոնումները թողած փորձում են անիմաստությունը չեզոքացնել: Շատ անգամներ են գոռացել ու թմբուկներ հնչեցրել, իբր հաջողվել է, իբր կարողացել են անիմաստությունը հիմնականից բաժանել, բայց ավաղ, ամեն անգամ անիմաստության հետ հիմնականն էլ է ցնդել: Ու ամեն ինչ սկսվել է նորից, ոգևորվել են, հիասթափվել ու սկսել են, հավատալով, որ մի օր պատահականությունը կօգնի բացահայտելու գաղտնիքը և վերջապես կհաջողվի օրորվել երջանկության ալիքների վրա, պարտադրել երանությանը բացելու իր նոր, հեռանկարային շերտերը, հասկանալ արևի լույսի շնչառությունը, տերևների լռության խորհրդավորությունը, սիրո համար հազար ու մի գույներ որդեգրել և երկխոսության մեջ մտնել պահապան հրեշտակի հետ, հեշտացնելով ոգու մնալ - հեռանալու պայմանավորվածությունները, փորձելով հաշտության ու խաղաղության սփռոցի տակ թաքցնել նախանձն ու քենը, չարն ու զազրելին: Պատկերացնում եմ կենացների քանակը, ժպիտների լայնությունը` փողոցից - փողոց, քաղաքից - քաղաք, երկրից - երկիր, մոլորակից - մոլորակ … Բառերը մեղուների պես ծաղկից - ծաղիկ են թռչում և նեկտարը տեղափոխում են իմաստուն նախադասությունների մեջ … Բայց ավաղ, ցանկալի պատահականությունը ուշանում է և ցանկությունների գնացքը ամեն առավոտ շարժվում է առանց նրա և երեկոյան վերադառնում է դատարկությունից կանաչած ապակիներով: Մինչև որ … . Հասկացան, որ պիտի փնտրեն նրան, ով առաջինն է ասել, որ ճշմարիտը մեծ երջանկությունն է: Բայց ոչ մեկը չի տեսել ու անձամբ չի լսել նրան … Ո՞վ է, ինչացու՞ է, ի՞նչ ազգից է: Եթե գտնեն հարցնելու են, թե ո՞նց է, որ էդ մեծ երջանկությունը մարդու մեջ չի տեղավորվում, մարդու երևակայության մեջ էլ չի տեղավորվում, եթե տեղավորվեր, որոշ ժամանակ հետո նրան ընտելացնելու, մարդուն կապելու ձևերը կգտնեին: Բոլորը փնտրում էին և յուրաքանչյուրը համոզված էր, որ հենց ինքն է գտնելու, առաջինը ինքն է ճանաչելու և որ առաջինը լինելու պահը մեծ առավելություն է, քանի որ հնարավոր է մեծ երջանկությունը բաժանելու իրավունքը իրեն տրվի: Եվ մտովի պատկերացնում էին, թե իրավունքը ստացել են, բայց քիչ անց հուսահատությունից կանաչում էին, երբ պարզվում էր, որ նույնիսկ պատկերացումներում հնարավոր չէ հավասար բաժանել` մեկին շատ էր հասնում, մյուսն ընդհանրապես դատարկաձեռն էր հեռանում: Սակայն երևույթն այնքան էլ չէր անհանգստացնում, որովեհետև եթե ասողին գտնեին, նա ճիշտ բաժանելու ձևն էլ կհուշեր: Ու փնտրում էին: Նա հիմա հազարադեմ էր, հազարաձև, մեկից հազար տարեկան, հազար ցեղ ու ազգից էր, հազար լեզու գիտեր: Առաջարկում էին նրա անունով փողոց կոչել` գուցե հայտնվի: Եկեղեցիներում մոմ էին վառում, աղոթելով Աստծուն գտնել նրան: Նա ամենուր էր ու ոչ մի տեղ չէր, նրան փնտրում էին, իսկ նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել ու չերևալ: Բոլորը ոնց որ հանելուկի մեջ: Ովքեր եղել էին համակենտրոնացման ճամբարներում, ասում էին, որ հանելուկը այդ ճամբարներից համարյա չի տարբերվում: Ոչ մեկը գետնին ու երկնքին չէր նայում, զբաղված էին իրար լրտեսելով: Նույնիսկ արտաքնոցում հնարավոր չէր մեկուսանալ: Միջավայրը փոքր ինչ աշխուժացավ, երբ սևազգեստ մեկը հայտարարեց, որ խոստովանության ժամը մոտենում է ; Հիմա բոլորը սպասում էին, թե երբ է այդ մեկը հայտնվելու ու խոստովանելու, որ ինքն է մեծ երջանկության հեղինակը, ապա քանդելու է հանելուկը և ազատության միջով առաջնորդելու է դեպի բաղձալի երջանկությունը: Սակայն խոստովանության ժամն ուշանում էր: Մի քանիսը սկսեցին կասկածել, որ այդ մեկն իրենց հիմարացրել է, բայց նրանց չէին ուզում լսել, նույնիսկ սպառնացին ու սադրիչներ անվանեցին, իսկ մի քանիսը առաջարկեցին հրապարակայնորեն կախել սադրիչներին: Գործը դրան չհասավ, քանի որ կանայք էլ սկսեցին բողոքել: Փորձեցին կանանց էլ վախեցնել: Բայց կանայք այնպես աղմկեցին, որ հանելուկի պատերը սկսեցին ճաքճքել: Կանանց համարձակությունից ոգևորված սադրիչ համարվողները շարունակեցին կիսատ գործը և անսպասելի սկիզբ առած միտինգը հետզհետե մարդաշատ էր դառնում: Ամենաոգևորվածը երեխաներն էին, որ մեծահասակների խաղերից հոգնած, աշնան տերևների պես դեղնել ու քամու բերանն ընկած պտտվում էին հանելուկի ներսում: Հիմա ոգևորությունից շիկնած քարեր էին նետում, իրենց ասելով, անտարբերության ապակիների վրա: Բողոքի միտինգը ոնց որ ձնագունդը գլորես` մեծանում էր ու մեծանում: Հռետորներից մեկը նկատեց, որ բոլորը իրենց են միացել ու բողոքում են: ՙԲայց բողոքն ու՞մ դեմ է՚ հուսահատված գոռում էր հռետորը: Վերջապես նրա ձայնը հասավ հավաքվածներին և լռությունը մառախուղի պես ծածկեց բոլորին: ՙՈւ՞մ դեմ է, ու՞մ դեմ է՚ արձագանքում էր հռետորի ձայնը և ոչ ոք չէր մտածում պատասխանել, որովհետև չգիտեին ում դեմ և ինչու են բողոքում: Համատարած լռության մեջ որոտ էր երեխայի լացը, որը համոզում էր մորը իրեն զուգարան տանել: Մի ուրիշը բղավեց, որ սոված է: Տարբեր ձայներից լռության մառախուղը ծվեն - ծվեն եղավ ու օդ բարձրացավ: Արևի շողերը միանգամից լուսավորեցին միջավայրը ու բողոքավորները առաջին անգամ իրար երեսի նայեցին: Մի քանի վարկյան անց լռության մառախուղը նորից բոլորին իր մեջ փակեց, ասես արև չէր էլ եղել: Մեկը չկար, որ չմտածեր, թե դիմացինը հիմարացել է: Բոլորը հիմար էին ու բոլորը խելոք, բոլորը խղճում էին իրար ու պախարակում իրենց, որ հիմարների խելքին ընկել` պարապ - սարապ ժամանակ են սպանում, երբ մեծ երջանկությունը հնարավոր է տանն իրենց է սպասում: Ես տանն էի, պատուհանից հետևում էի միտինգին և փորձարկումներ էի անում գտնելու, թե դատարկության որ չափաբաժինն է վնասակար մարդու առողջության համար: Մեծ երջանկությունը նույնիսկ տան կողքով չէր անցել, բայց այդ մասին լռեցի, որովհետև բողոքավորներին դիմելն ավելորդ էր: Ոչ մեկը մյուսին չէր հավատում ու չէր լսում:

    
     https://nidoragir-grakan.webnode.ru/news/%d5%bd%d5%a1%d5%b4%d5%be%d5%a5%d5%ac-%d5%af%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%b2-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab/
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3390 | 0 | 0
Facebook