Պետք է հեռու մնալ իդեալներից և իդեալականացնելուց
Ավելի շատ դրսում ճանաչված և գնահատված քանդակագործ Վիգեն Ավետիսը առանձնանում է ոչ միայն իր ինքնատիպ ոճով, այլ նաև իր հստակ ու անկաշկանդ խոսքով: -Ինչպե՞ս կբնորոշեք արվեստագետ-քաղաքականություն կապը Դուք, որ ձեր հարցազրույցներով անկեղծ ու շիտակ մասնակցում եք քաղաքական կյանքին: - Ընդհանրապես ես չէի ուզենա բաժանել կյանքի տարբեր բնագավառները ըստ մասնագիտության. եթե ես քանդակագործ եմ և քանդակներ եմ ստեղծում, դա չի նշանակում, որ ես որևէ այլ գործ անելու ժամանակ չեմ ստեղծագործում. Այսինքն ապրելու ամեն մի վայրկյանը` ստեղծագործություն է: Կարծիք հայտնել քաղաքական կյանքի, այն էլ հայկական քաղաքական ընթացքի մասին, որը դեռ ընդամենը քսան տարվա կյանք ունի, դեռևս կազմակերպման ընթացքի մեջ է, ձևավոևված չէ` կան շատ սխալներ, և որոնց չանդրադառնալը իմ կարծիքով հանցանք է: Լինել Հայաստանում և չմասնակցել քաղաքական կյանքին, մտածող մարդու համար անթույլատրելի է: Ինչպես տեսնում եմ, շատ արվեստագետներ չեն կարող հեռու մնալ, և իրենց կարծիքը հայտնում են: Մի խոսքով արվեստագետը պարտավորություններ ունի նաև սոցիալական խնդիրների լուծման մեջ, այս դեպքում, քանի որ հայաստանյան իրականությունում սոցիալական խնդիրները և քաղաքական դաշտը սերտաճած են, հետևաբար արվեստագետը այսպես ասած նաև քաղաքական խորհրդատու է: Քաղաքական արվեստի համար շատ կարևոր է նաև երևակայությունը. քաղաքականությունը նույնպես երևակայություն է, ստեղծագործություն, թե ինչ կլինի վաղը…արվեստագետը տեսնում է, թե երկրորդ, երորրդ քայլը ինչ կլինի: Հեռատեսությունը, խորության տեսությունը արվեստագետը ունի, այլ խոսքով նրա խորհուրդները շատ կարևոր են: -Մենք մեր արվեստագետից ակնկալում ենք, նախ և առաջ քաղաքացի լինել, և իր քաղաքացիական դիրքորոշումը ունենալ: Ճի՞շտ է արվեստագետին նման պահանջ ներկայացնելը: -Արվեստագետին պետք չէ պահանջներ ներկայացնել, արվեստագետը ինքը հենց պահանջ ներկայացնողն է: Ամբողջ խնդիրն այն է, որ արվեստագետը աշխատող չէ որևէ մեկի համար, արվեստագետը ազատ մարդ է, իսկ ազատ մարդը իր ցանկությամբ և իր հոգու, խղճի դրդմամբ մասնակից է դառնում երկրի սուր իրավիճակին: Երբ, որ ամեն ինչ հանդարտ է, նրանք զբաղվում են իրենց ստեղծագործությամբ: -Ժողովուրդը պահանջի իրավունք չունի՞ արվեստագետից: -Իհարկե, իրավունք ունի, բայց այսեղ իրավունքի հարց չէ, այլ սպասելիքիների. քանի որ արվեստագետները նրանք են, ովքեր ներկայացնում են մշակույթը, իսկ մշակույթի ներկայացուցիչներից սպասելիքները ավելի մեծ են, քան սովորական մարդուց: Որոշ արվեստագետներ ժողովրդի սպասելիքները արդարացնում են, որոշները` ոչ, մի մասն էլ դարձել են պալատական ծառաներ, որը ուղղակի զզվելի է: -Ո՞րն է մտավորականի ձեր ընկալումը: -Կարծում եմ մտավորականը նա է, ով առաջին հերթին ունի պատասխանատվություն անձնական կյանքում, երկրորդը` մասնագիտության, երորրդը` ազգային արժեքների պահպանման և չորրորդը մարդկության արժեքների պահպանման և ավելացման մեջ: Մտավորականը Հիսուս Քրիստոսի պես աշխարհի ցավը տանող մարդն է, և այն մարդն է, որը փնտրում է ելքեր կոնկրետ իրավիճակից դուրս գալու համար: -Սովորաբար արվեստագետը համարվում է ընդդիմություն, արդյո՞ք այդպես է և արդյո՞ք այսօր կա արվեստագետ-իշխանություն-ժողովուրդ եռանկյունին: -Առաջին հերթին արվեստագետն ընդդիմանում է ինքն իրեն, ինքն իր թուլություններին, որպիսի չգնա առևտրի, չվաճառի իր տաղանդը, որովհետև դրանք ուժեր են, որոնք կենտրոնացած են արվեստագետների մոտ. այդ ուժերի հետ պետքէ շատ զգույշ, շատ խնամքով վարվել, որ ի չարս չօգտագործվի, քանի որ չարը ամեն ինչ անում է որ արվեստագետին դեպի իրենը տանի, գնի: Իսկ եռանկյունին կա, թե ոչ. ցավոք պատկերը շատ տհաճ է, կան մտավորականներ, որոնք այն դարձրել են բութ եռանկյունի կամ անիմաստ երկրաչափական մարմին: Չէ՞ որ հավասարաչափ եռանկյունին երկրաչափական ամենակարևոր մարմիներից է, որտեղ մեկը մյուսի հետ հարաբերվում են… այդ երկրաչափությունից դուրս քաոսային վիճակ են ստեղծում այն մտավորականները, որոնք, որ խախտում են այս հարմոնիան` ժողովուրդ և ժողովրդի խոսք, որը մտավորականն է և օրենսդրական մարմին: Այդ եռանկյունին միշտ պետք է աշխատի, բայց ցավոք այս վերջին շրջանում այն խախտվել է, որովհետև մտավորականները սկսել են համագործակցել իշխանությունների հետ մենակ թողնելով ժողովրդին: -Ինչպե՞ս կբնորոշեք այս պահի Հայաստանի ու հայի վիճակը: -Շատ ստեղծագործական իրավիճակ է: Հայաստանում բոլորը ստեղծագործում են. գիտեք ինչ, գլուխ են հանում և այդ դժվար իրավիճակում ինչ որ ձևով իրենց ընտանիքը պահում են: Համեմատելով եվրոպական իրականության հետ, այնտեղ ամեն ինչ կարգավորված է, չկա ստեղծագործական ավյուն: Իհարկե, դժվար է ապրել հայկական իրականությունում, բայց հետաքրքիր է: Դժվար և բարդ իրավիճակ է Հայաստանում: Այսօր ամեն հայ բնակիչ մասնակից է` սքսած ամենաբարձր ընտրությունից, վերջացրած ամենասովորական հարցի լուծմանը: -Ի՞նչ տեղ ունեն մարդու կյանքում հեքիաթներն ու իդեալները: -Հեքիաթները դրանք խորհուրդներ են: Եթե հեքիաթները կարողանաս ընկալել, վերլուծել և ներառել անձնական կյանքիդ մեջ, դա կբացի շատ դռներ, շատ գաղտնիքներ կբացահայտես, որովհետև դրանք կոդեր են: Պետք է շատ ուշադիր լինել հեքիաթների խորհուրդներին: Դրանք մեր պապերի, մեր անցիալի սեղմված ճշմարտություններն են, որ ամեն օր կարելի է բացահայտել: Իսկ իդեալներ և իդիալականացնել ես չեմ ընդունում, դրանք սուտ արժեքներ են: Պետք է միշտ թարմ պահել ուղեղը, իդեալներից հեռու կանգնել, որովհետև, եթե իդեալ ես ընկալում և ընդունում, քո անձնական կյանքը տափակում է, խորությունը կարցնում ես, կանգ ես առնում մի իրավիճակի վրա: Պետք է զգույշ լինել իդիալականացնելուց: |