Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԵՐՏԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.ԱՍՆ-Ը ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ

Սևակ Մելիքյան
18:04, երեքշաբթի, 06 մարտի, 2012 թ.
ԳԵՐՏԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.ԱՍՆ-Ը ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ
     Ժամանակը ցույց տվեց, որ ղարաբաղյան հարցի շուրջ են սկսել ձևավորվել ՀՀ-ի և շատ այլ երկրների միջև քաղաքական փոխհարաբերությունները: Սկզբից ևեթ ԱՄՆ-ը բարյացակամ վերաբերմունք չի դրսևորում ԼՂ-ի նկատմամբ` վերջինիս համարելով տարածքների բռնակցման միջոցով հարցի կարգավորման ձգտող կողմ: ԱՄՆ-ի նման դիրքորոշումն ուներ իր բացատրությունը` ադրբեջանական նավթը, որը հանգեցնում է 1991 թ. սեպտեմբերին ամերիկյան "Ամոքո", "Յունոքալ" և "Մաք Դերմոթ Ինթերնեյշնլ" ընկերություններին մի շարք այլ համաշխարհային նավթային ընկերություն-ների կողմից "Ադրբեջանի միջազգային գործարկման ընկերություն" (ԱՄԳԸ) կոնսորցիումի հիմնադրմանը [1]: Այս հարցում գործնական կիրառում է գտնում ԱՄՆ-Մեծ Բրիտանիա համագործակցությունը, որը հիմնված էր այն մոտեցման վրա, որ Ադրբեջանի նավթի արդյունահանման և տեղափոխման ոլորտներում ՌԴ-ին կարելի է վերապահել ընդամենը "գործընկերոջ" դեր [2]: ԱՄՆ կառավարությունն անկասկած պետք է լրջորեն ուսումնասիրեր իրադրությունը այս հարցի շուրջ, որովհետև ինչքան էլ շահագրգռված էր ԽՍՀՄ-ի փլուզման հարցում, այնքան էլ չէր ցանկանում կորցնել իր վաղեմի ռազմավարական գործընկերջ` Թուրքիայի, այսպիսով նաև Ադրբեջանի վստահությունը` իր աշխարհաքաղաքական նկրտումների իրագործման հարցում: Սակայն միաժամանակ պետք չէր նաև լիովին ընդառաջ գնալ վերջիններիս, քանի որ նման քայլերով կարժանանար ՀՀ-ի թշնամական վերաբերմունքին, ինչը ԱՄՆ-ին ձեռնտու չէր, քանի որ այդ ժամանակ ի հակակշիռ ՌԴ-ի Վրաստանում ազդեցություն ձեռք բերելու մասին ԱՄՆ-ը չէր կարող մտածել. Վրաստանում դեռևս չափազանց ուժեղ էր ռուսական գործոնը:
     Ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի բացասական դիրքորոշումը սկսում է բացահայտորեն դրսևորվել հատկապես 1992 թ. փետրվարին, երբ պետքարտուղար Ջ. Բեյքերը հայտարարում է, որ ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում քաջալերելու է Թուրքիայի քաղաքականությունն՝ ընդդեմ Իրանի [3]: ԱՄՆ-ի կողմից Թուրքիային հովանավորելն ուներ իր հիմքերը. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ մուսուլմանական պետությունն էր: Բացի այդ, թուրքական բանակի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացումից հե-տո 1980 թ. մարտի 29-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել էր համաձայնագիր տնտեսական համագործակցության և պաշտպանության մասին: Այս համաձայնագրի կնքումից մի քանի ամիս անց՝ սեպտեմբերի 19-ին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ պատրաստել էր գաղտնի զեկույց, որտեղ հատուկ ընդգծված էր Թուրքիայի դերն ԱՄՆ-ի միջինարևելյան քաղաքականության մեջ: Հաշվի առնելով այս ամենը ՀՀ կառավարությունը փորձում էր հարցի քննարկման և լուծումների առաջարկման մեջ ցուցաբերել զգուշավորություն, սակայն, մեր տեսանկյունից, դա երբեմն հանգեցնում էր ՀՀ շահերին հակասող հայտարարությունների, մասնավորապես՝ երբ Լ. Տեր-Պետրոսյանը նշում է, որ ԼՂ հարցը Ադրբեջանի ներքին հարցն է: Դրա հետ մեկտեղ, ՀՀ նախագահը Ջ. Բեյքերին հայտնում է, որ "մեր քաղաքականությունն այն է, որ այդ ժողովուրդը պետք է ապրի իր հողի վրա: Ուստի պետք է ստեղծվի նրա անվտանգության երաշխիքներ, զինադադար հայտարարվի, և Ադրբեջանի ղեկավարության և ԼՂ-ի ժողովրդի կողմից ընտրված իշ-խանությունների միջև սկսվեն բանակցություններ" [4]: Փաստորեն ՀՀ նախագահի խոսքում կար հակասություն. մի կողմից հայտարարվում էր, որ ԼՂ հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է, մյուս կողմից՝ որ պետք են բանակցություններ ԼՂ-ի և Ադրբեջա-նի իշխանությունների միջև:
     Իրադարձությունների ընթացքը կտրուկ փոխվում է Շուշիի, Լաչինի, Աղդամի, Քելբաջարի, Ֆիզուլիի գրավումից հետո: Սա ամերիկյան կառավարական մարմինները որակում են որպես չհրահրված հարձակում ԼՂ-ի կողմից, իսկ Ս. Թաբոլթը նշում է, որ ԼՂ-ն փորձում է օգտվել Ադրբեջանի կառավարության անկայուն վիճակից [5]: Այս հարցը ճիշտ ներկայացնելու համար ՀՀ կառավարությունը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ռ. Շուգարյանը հայտարարում են, որ ԼՂ-ի այդ քայլերը հրահրված են եղել ադրբեջանա-կան կողմից: Ի պատասխան դրա՝ Ռ. Քազլերիչը նշում է, որ ԱՄՆ-ի համար տարբե-րություն չկա, թե որ կողմն է հրահրում. փաստն Աղդամի գրավումն է ԼՂ-ի կողմից: Ամերիկացի դիվանագետը շեշտում է նաև, որ համամիտ է ԵԱՀԽ Մինսկի խմբի նախա-գահ Մ. Ռաֆայելի այն մտքի հետ, որ "ԼՂ իշխանությունները խաղ են խաղում, նրանք քանիցս ցույց են տվել իրենց նվիրվածությունն ազգային շահերին և նպատակներին, այդ իսկ պատճառով կարիք չկա հավաստել այն ռազմական գործողություններով": Ռ. Քազլերիչը նաև մտահոգություն է հայտնում այն մասին, որ ԼՂ-ն, կողմ լինելով ՄԱԿ-ի 822 բանաձևին և ԵԱՀԽ-ի խաղաղության հաստատման նախաձեռնությանը, գործում է այլ ուղղությամբ և դարձել է ռազմականացված միավոր, որը հեռու է բազմակողմանի դիվանագիտությունից [6]: Սակայն սա չարյաց փոքրագույնն էր այնպիսի մեղադրանքի առաջ, ինչպիսին էր, օրինակ, 1993 թ. օգոստոսին Ռ. Ֆորսայթը հայտա-րարությունն այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը հանգում է այն կարծիքին, որ ԼՂ-ն նպատակամղված է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր ջանքերին և հույսը դրել է տարածքների գրավման միջոցով հակամարտության կարգավորման վրա [7]: Կարծում ենք, որ սա արդեն լուրջ ու նման քաղաքակրթություն ունեցող և աշխարհում ժողովրդավարութ-յուն "տարածող" երկրի կողմից թույլ քայլ էր այն դեպքում, որ նմանատիպ խնդիրնե-րում ԱՄՆ-ը դրսևորում էր ոչ միարժեք քաղաքականություն (օրինակ Կոսովոյում):
     1993 թ. մայիսյան դեպքերից հետո ԱՄՆ-ը սկսում է գործածել նոր մարտավարություն՝ գիտաժողովներ հրավիրել ղարաբաղյան հարցի լուծման տարբերակների ուսումնասիրության համար և դրանց հրավիրել նաև հակամարտող կողմերի ներկայացուցիչներին: Նմանօրինակ խոշոր քննարկում էր 1992 թ. հունիսի 21-ին ԼՂ հակա-մարտության կարգավորման հարցին նվիրված համաժողովն ԱՄՆ-ում, որին մաս-նակցում էին նաև ՀՀ ԳԽ մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Ոսկանյանը և արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Շ. Քոչարյանը [8]: Ցավոք, խաղաղության հաստատման իմաստով սրանք անօգուտ հայտարարություններ էին: Մինսկի խմբի գործունեությունը ևս անարդյունավետ էր, և հարցը փակուղի էր մտել:
     Այս պայմաններում մնում էր հակամարտության կարգավորման գործընթացի մեջ ներգրավել նաև հակամարտող կողմերին, և այդ երկրները 1993 թ. հունվարի 6-ի հա-մատեղ հայտարարությամբ առաջարկում են հակամարտությունը լուծել քաղաքական մեթոդներով՝ Եվրոխորհրդակցության շրջանակում [9]: ԱՄՆ-ը ճկուն դիվանագի-տությամբ անում էր ամեն ինչ՝ սեփական շահերը չվնասելու համար:
     Օգտվելով առիթից՝ ՀՀ նախագահը հայտնում է, որ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների զինադադարի կնքման: Ինչպես հայտնի է, դրան կողմ էին Մինսկի համաժողովի բոլոր մասնակից երկրները, բացի Ադրբեջանից և Թուրքիայից: 1993 թ. ծավալված այս քննարկումները շարունակվում են նաև հաջորդ ամիսների ըն-թացքում ամերիկյան պատվիրակներ Ս. Թաբոլթի, Թ. Գաթի, Լ. Նափերի, Ռ. Ֆորսայթի, ԵԱՀԽ-ում ԱՄՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ջ. Մարեսկայի, Հ. Գիլմորի հետ:
     Շուտով, թվում է թե "համատեղ" լուծում որոնող երկու գերտերությունների ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, սկսվում է բացահայտ մեղադրանքների տարափ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Մեղադրանքները պաշտոնական էին, սակայն սկզբնական շրջանում գիտական ոլորտներից ու ամբիոններից էին հնչեցվում: Նմանօրինակ ամենահայտնի դեպքերից մեկը 1994 թ. հուլիսի 1-ին ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում Ջ. Մարեսկայի` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցին նվիրված դասախոսությունն էր, որում վերջինս նշում է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների հաջող ընթացքին խոչընդոտում է ՌԴ-ն [10]:
     Այսպիսով, պարզ էր, որ ԼՂ-ի հակամարտության խնդրի խաղաղ կարգավորումը տեսանելի չէր և ԵԱՀԿ համաժողովը անարդյունք էր: Սույն փաստը հաստատվել է նաև 1996 թ. Լիսաբոնում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության մեջ՝ ԵԱՀԿ գա-գաթաժողովի փաստաթղթում. "Մինսկի կարգավորման սկզբունքների վերաբերյալ կողմերի տեսակետների հաշտեցումը հաջողությամբ չպսակվեց" [11]:
     1996 թ. ԼՂ հարցն արժեվորվում է կարևոր մի իրադարձությամբ. ամերիկյան կող-մը, որը մինչ այդ ԼՂ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներ էր ունենում միայն ԼՂ-ի տարածքում, այժմ պաշտոնական հրավերներ է ուղարկում ԼՂ-ի ղեկավարներին: Այսպես, 1996 թ. հունվարի 28-ից փետրվարի 1-ը Վաշինգտոն է այցելում ԼՂ-ի պատվիրակությունը (նախագահ Ռ. Քոչարյան, Ա. Ղուկասյան, Ա. Հարությունյան): ԱՄՆ-ում պատվիրակությանն ընդունում են բարձր մակարդակով [12]: Սակայն դա ԱՄՆ-ի հերթական խաղերից էր, քանի որ դրան զուգահեռ ԱՄՆ-ի կողմից կատար-վում է մի քայլ, որի պատասխանը ոչ մի կերպ չենք կարողանում գտնել: Դա 1996 թ. հունվարի 8-12-ը Վաշինգտոնում անցկացվող "Մարշալի ժառանգությունը. ընկերակցություն հանուն ապագայի" խորագիրը կրող սիմպոզիումն էր, որը կազմակերպված էր բարձր մակարդակով՝ ԱՄՆ-ի նախագահի հատուկ հրավերով, սակայն որին Ադրբեջանն ու Հայաստանը հրավիրված չէին: Ադրբեջանի հրավիրված չլինելու փաստը հասկանալի էր՝ 907 հոդվածի սահմանափակումները, անհասկանալի էր Հայաստանի հրավիրված չլինելը:
     1997 թ. մայիսի ընթացքում համանախագահները մշակում են համընդգրկուն կար-գավորմանը միտված միասնական մոտեցում, որը կազմված էր հարցի լուծման երկու խմբերից՝ զինված հակամարտության ավարտի առաջնային միջոցառումները և երկրորդ` ԼՂ-ի կարգավիճակի ուսումնասիրության խումբը: Այսպիսով հակամարտության կարգավորման հարցը դրվում էր փուլային լուծման: Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը տվել էին իրենց համաձայնությունը, այժմ համանախագահներն իրենց ջանքերը կենտրոնացնում են այն բանն, որ համարժեք պատասխան ստանան նաև ԼՂ-ից: Սակայն հետագայում կնշվի, որ ԼՂ-ն "շարունակում էր բացասական դիրքորոշումը համանախագահների առաջարկների հիման վրա բանակցություններ վարելու հարցում": Այնուամենայնիվ, համանախագահները ստիպված էին փաստել, որ 1997 թ. ապրիլին կայացած բանակցությունների հերթական փուլը հստակ ցույց է տվել, որ դրանք փակուղի են մտել` ուղեկցվելով անպտուղ քննարկումներով [13]: Այս փաստը շեշտվելու էր նաև նախագահ Ռ. Քոչարյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 53-րդ նիստի ելույթում, որում մասնավորապես ասված է. "Ցավոք, ներկայումս բանակցությունների գործընթացը հայտնվել է փակուղում":
     Այս ամենի հետ մեկտեղ աճում էր միջազգային հանրության քաղաքական ճնշումը և Լ. Տեր-Պետրոսյանը փաստարկում է ԼՂ-ն "փուլ առ փուլ" Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտությունը: Դա հանգեցնում է 1998 թ. փետրվարի 3-ի իշխանափոխությանը ՀՀ-ում: Սկսվում է բանակցությունների նոր փուլ, որում հայկական կողմը դնում էր հիմնականում ԼՂ-Ադրբեջան ուղիղ բանակցությունների անհրաժեշտության վրա: Հայկական կողմը նաև առաջարկում է "3+3", այսինքն՝ ԼՂ, ՀՀ, Ադրբեջան և համանախագահներ ձևաչափի բանակցությունների գաղափարը, որն ավելի կդյուրացներ խնդրի լուծման գործընթացը: Իսկ Ս. Սեստանովիչը հատուկ շեշտում է այն հանգամանքը, որ ՀՀ նոր կառավարությունը պետք է ընտրություն կատարի փոխըն-դունելի տարբերակների միջև:
     Փաստորեն, իշխանափոխությունից հետո նախկին կառավարության կողմից ծրագրվող ԼՂ-ն Ադրբեջանին վերադարձնելու մարտավարության մասին խոսք անգամ չէր կարող լինել, ինչը լրջորեն անհանգստացնում էր նաև ԱՄՆ կառավարությանը: Դա հավաստում է Ս. Սեստանովիչը 1998 թ. հունիսի 3-ին Վ. Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ ՀՀ-ի նոր դիրքորոշումը բարդացնում է իրավիճա-կը, տարածքային ամբողջականության պահանջը չի կարելի դիտել որպես նախապայման, քանզի այն միջազգային իրավունքի սկզբունք է: Իսկ Վ. Օսկանյանը նշում է, որ դա արդեն հնարավոր փոխզիջումների գնալու ցանկության խնդիր է. եթե Ադրբեջանի համար անընդունելի է ԼՂ անկախությունը, ապա ՀՀ-ի համար անընդունելի է ԼՂ-ի` Ադրբեջանի կազմում մնալը:
     Հակամարտության նկատմամբ դիրքորոշումների փոփոխման նման ընթացքը և ՀՀ սոցիալական ու արտաքին քաղաքական վիճակի որոշակի կայունացումն աստիճանաբար սկսում են ստիպել լրջորեն հաշվի առնել ՀՀ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ՀՀ-ն այժմ, ի վերջո, խոսում էր հաղթող կողմի դիրքերից: Իսկ դա, կարծում ենք, գլխավոր նախապայմանն էր:
     1998 թ. միջնորդները հանգեցին, այսպես կոչված, ընդհանուր պետության գաղափարին, որն, ըստ համանախագահների, պետք է ստեղծվեր նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում, ինչը թույլ էր տալու, նրանց կարծիքով, համատեղել սահմանների անձեռնմխելիության և ազգերի ինքնորոշման սկզբունքները: ՀՀ-ն և ԼՂ-ն սկզբունքորեն համաձայնվեցին "ընդհանուր պետության" գաղափարն ընդունել որպես բանակցային գործընթացի հիմք, իսկ Ադրբեջանը մերժեց այն: Բանակցությունները նորից փակուղի մտան:
     1999-ից սկսվում է հակամարտության կարգավորման մի նոր, կարծում ենք, շատ կարևոր գործընթաց՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահների ուղիղ բանակցություններ: Դրա մասին որոշումը կայացվում է ԵԱՀԿ 1999 թ. Ստամբուլում տեղի ունեցած գագաթաժողովում: Սկսվեցին ՀՀ և Ադրբեջանի նախագահների ուղղակի շփումները (Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն, Քի Ուեստ (ԱՄՆ), Աստանա, Ռամբույե (Ֆրանսիա) և Բուխա-րեստ): Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ, ԵԱՀԿ նախարարների խորհրդի հաջորդ հանդիպման ժամանակ` Վիեննայում 2000 թ., նշվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման "խաղաղ գործընթացի հնարավոր առաջընթացը նախկինի պես բացակայում է" [14]: Մինսկի խմբի համանախագահները գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ նշում են, որ խնդրի լուծման միակ ճանապարհը երկու երկրների նախագահների ակտիվ հանդիպումներն են իրենց հիմնական առաքելությունը դրանց նպաստելն է ու մասնավորապես՝ հայկական զորախմբերի փուլային դուրսբերման կազմակերպումը ԼՂ հարևան ադրբեջանական տարածքներից (ընդ որում հստակ մոտեցում է ցուցաբերվում Քելբաջարի և Լաչինի շրջանների հանդեպ), ԼՂ-ի ապագա իրավական կարգավիճակի հանրաքվեին կամ համընդհանուր քվեարկությանը, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը, հետկոնֆլիկտային վերականգնողական աշխատանքների ֆինանսական աջակցությունը և, վերջապես, օկուպացված ու պատերազմից տուժած տարածքներում տեղահանվածների վերաբնակեցումը:
    
     ԱՄՓՈՓՈՒՄ
     ԼՂ հակամարտության կարգավորման անհաջողությունների պատճառը, կարծում ենք, Մինսկի խմբի ընդունած հիմնական սկզբունքներն էին. 1-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովում, 2-րդ՝ ԼՂ-ի այնպիսի կարգավիճակը, որը հիմնված կլիներ Ադրբեջանի կազմում ԼՂ-ին ամենաբարձր աստիճանի ինքնավարություն ապահովող ինքնորոշման վրա, 3-րդ՝ ԼՂ-ի և նրա ողջ բնակչության համար երաշխավորված անվտանգություն: Փաստորեն հարցի վերջնական լուծման դեպքում կողմերից մեկն ունենում էր տարածքային կորուստ, իսկ խմբի հիմնական սկզբունքներից առաջինը հակասում է դրան: Ի տարբերություն Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային համագործակցությանը՝ ԱՄՆ-ը բացասական մոտեցում է ցուցաբերում ԼՂ-ի հարցում և չէր ճանաչում այն որպես պետություն: Պատճառն ակնհայտ է: Սա լավագույն տարբերակն է Հայաստանի և Ադրբեջանի վրա անհրաժեշտության դեպքում հավասարապես ճնշում գործադրելու համար: Բացի այդ, այստեղ առկա է ադրբեջանական նավթի գործոնը, որն ԱՄՆ-ին թույլ չի տալիս հարցի կարգավորմանը մոտենալ պատմական ճշմարտության տեսանկյունից:
    
     CONCLUSION
     We strongly believe that the reason NK conflict settlement fails is the set of the basic principles adopted by the OSCE Minsk Group. These are, firstly, the provision of the territorial integrity of the Republic of Armenia and Azerbaijan, Secondly, the status of Nagorno Karabakh which would be based on the right of self-determination providing the highest level of autonomy for Nagorno Karabakh in the area of Azerbaijan, and thirdly, the security guaranteed for Karabakh and for its people. As a matter of fact, in case of the final resolution of the conflict one of the parties would sustain territorial losses, whereas the first of the key principles of the Minsk Group contradicts it. In spite of its economic, political, scientific and cultural cooperation with the Republic of Armenia, the US has been demonstrating a negative approach to the Karabakh issue and has not yet recognized it as a separate country. The reason is evident. It is the best way to exert equal pressure on both Armenia and Azerbaijan in case of need. Apart from this, the factor of Azerbaijani oil stores is not to be ignored which does not permit the US to tackle the issue from the perspective of historical truth.
    
     Օգտագործված աղբյուրներ և գրականություն
    
     I. Տե՛ս Chronology of AIOC Oil Contract //Azerbaijan International, Sociar Section, Winter 1994 (2.4), p. 10-11.
     2. Տե՛ս Cohen A., The New Great Game: Pipeline politics in Eurasia//Eurasia Studies. Ankara, 1996, vol. 3, N 1, p 44.
     3. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 326, ց. 9, գ. 38, թ. 1, 2, 4:
     4. Տե՛ս նույն տեղում, գ. 75, թ 3:
     5. Տե՛ս ՀՀ ԱԳՆ ՊԴԱ, ց. 1, գ. 232, թ. 128-129:
     6. Տե՛ս նույն տեղում, թ. 130-131:
     7. Տե՛ս նույն տեղում, թ. 144-147:
     8. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 113, ց. 168, գ. 210, թ. 4:
     9. Տե՛ս "Հայաստանի Հանրապետություն", 6 հունվարի 1993:
     10. Տե՛ս ՀՀ ԱԳՆ ՊԴԱ, ց. 1, գ. 237, թ. 37-38:
     11. Տե՛ս Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն, Պատմությունը, Գործունեությունը և. Հեռանկարները, Երկրորդ հրատարակություն, Երևան, 2006, էջ 210-211:
     12. Տե՛ս ՀՀ ԱԳՆ, ց. 1, գ. 242, թ. 20-23։
     13. Տե՛ս Եվրոաայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն, էջ 211-212:
     14. Տե՛ս նույն տեղում, էջ 213:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
7972 | 0 | 0
Facebook