Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

''Գիտական'' դավադրություն Հայոց Մեծ Եղեռնի դեմ

Սևակ Մելիքյան
21:12, երկուշաբթի, 05 մարտի, 2012 թ.
''Գիտական'' դավադրություն Հայոց Մեծ Եղեռնի դեմ
     ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 2010 թ. ընդունեց բանաձև` Թուրքիայում հայերի ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ: Նույն հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը 2010 թ. ապրիլի 15-ին նամակ է հղում գործընկերներին, որում ասվում է, որ Թուրքիան փորձում է թույլ չտալ վերոնշյալ բանաձևի անցումը Կոնգրեսի քննարկմանը, հայտարարելով, որ դա կհարվածի ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, տնտեսությանը և հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:
     Վերջին կես դարում նմանատիպ "սպառնալիքներ" Թուրքիայի կառավարության կողմից բազմիցս են հնչել: Նախկինում դրանք որոշակի ազդեցություն կարող էին ունենալ ԱՄՆ-ում հաշվի առնելով Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելը և ԽՍՀՄ-ի առկայությունը: Սակայն դժվար է պատկերացնել, որ դիվանագիտության ամենանուրբ հնարքներին տիրապետող Թուրքիայի կառավարությունը չի գիտակցում, որ այժմ աշխարհաքաղաքական իրադրությունն այլ է: Վերջին տարիներին թուրք-ամերիկյան հարաբերություններում հիմնախնդիրները խորանում են: Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունն իր արտաքին քաղաքականության մեջ որոշակի վերանայում է կատարել Թուրքիայի հետ հարաբերություններում: Ճիշտ է` Ամերիկայի Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում ռազմավարական մասնակցություն ցուցաբերող գործընկեր է համարում Թուրքիային, սակայն, վերջին տարիներին ամերիկացիներն ավելի ու ավելի քիչ են վստահում Թուրքիային և, մտահոգվելով այդ երկրի ներքին քաղաքականության մեջ իսլամական միտումների խորացմամբ, փորձում են իբրև հակակշիռ` աշխուժացնել միասնական թուրքական ազգայնականությունը: ԱՄՆ-ին անհանգստացնում էր տարածաշրջանում նոր ռազմական դաշինքների ձևավորման վտանգը, որոնցում Թուրքիան անկասկած կունենա առաջնային դեր: Սակայն, ամենալուրջ հակասությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև սկիզբ առավ այն օրից, երբ Թուրքիայի խորհրդարանը որոշեց արգելել իր ռազմակայանների տրամադրումն ամերիկյան զորքերին: Այս պահից սկսած, ԱՄՆ-ն արագ եզրահանգումներ արեց, և Փ. Վուլֆովիչը թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Վաշինգտոնն այլևս Թուրքիային չի համարում ռազմավարական դաշնակից և կասկած հայտնեց "Ինջիրլիկ" ռազմաօդային կայանի պահպանման անհրաժեշտության առիթով: Սա բավական լուրջ հակասություն է, որն անպատճառ կծավալվի: Ի դեպ, կարծում եմ, որ այս հակասությունների անմիջական հետևանք էր նաև վերջերս ամերիկյան կառավարական շրջանակում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման աշխուժացումը և 106-րդ բանաձևի գրանցած հաջողությունները:
     Պատմությունը կրկնվում է. Թուրքիայի կառավարության պահվածքը` նույնպես: 1948 թ. ՄԱԿ-ի Ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը Թուրքիայում հայերի ցեղասպանությունը հիշատակում է իբրև "այն գործողությունների օրինակ, որոնց վրա պատրաստվում է տարածվել "մարդկության դեմ հանցագործություն" տերմինն` իբրև նախադեպ Նյուրնբերգյան ռազմական դատարանների համար": Հանձնաժողովը նշում էր, որ Սևրի հաշտության պայմանագրի 230-րդ հոդվածի դրույթները նպատակ էին դնում` Թուրքիայի տարածքում ազգությամբ հայ և հույն քաղաքացիների դեմ իրականացված հանցագործությունների նկատմամբ վարվել համաձայն դաշնակիցների 1915 թ. նոտայի: Այս հոդվածը նախադեպ էր Նյուրնբերգի և Տոկիոյի կանոնադրությունների 5c և 6c հոդվածների համար և իրենից ներկայացնում է "մարդկության դեմ հանցագործությունների" կատեգորիաներից մեկի օրինակ: Այս հիշատակմանը հաջորդում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկումը` ապրիլի 24-ը "մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի օր" սահմանելու վերաբերյալ: Թուրքիայի կառավարությունը շտապում է սպառնալ, որ վերոհիշյալ որոշման ընդունումը կբերի լուրջ բարդությունների թուրք-ամերիկյան հարաբերություններում` ընդհուպ Թուրքիայի դուրս գալը ՆԱՏՕ-ից: Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն էր մուսուլմանական պետություններից և կարևոր աշխարհաքաղաքական դիրք էր զբաղեցնում: Ուստի, նման սպառնալիքները նպաստում էին հայերի ցեղասպանության հարցի քննարկման հետաձգմանը: Սակայն Թուրքիայի կառավարությունը միայն սպառնալիքներով չէր բավարարվում, այլ կազմակերպում էր նաև գիտական դավադրություններ, ինչպիսին էր, օրինակ, 1980-ական թթ. տեղի ունեցածը, որի համար խթան հանդիսացավ 1980 թ. մարտի 29-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական և պաշտպանության ոլորտների համագործակցության պայմանագրի ստորագրումը: Դրանով ԱՄՆ-ի միջինարևելյան քաղաքականության իրագործման նպատակներում Թուրքիային տրվում էր հատուկ ընդգծված դեր: Բարենպաստ այս դրությունից օգտվելով` 69 "գիտնականներ" հանդես են գալիս հայտարարությամբ, որով կասկածի տակ են դնում պնդումներն այն մասին, թե Թուրքիայում հայերի ցեղասպանություն է տեղի ունեցել` հիմնավորելով դրանք հաստատող փաստաթղթերի բացակայությամբ և եղածների անհստակությամբ: Հիմք ընդունելով սույն հայտարարությունը` ԱՄՆ Պետդեպարտամենտում 1982 թ. հնչեցվում է պնդում առ այն, որ հայերի ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը կարող են լինել ոչ հստակ. "քանի որ 1915 թ. Փոքր Ասիայում տեղի ունեցած իրադարձությունները կասկածահարույց են, Պետդեպարտամենտը հավանություն չի տալիս այն պնդումներին, թե թուրքական կառավարությունը ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ": Սրան էլ հետևում է Ամերիկայի թուրքական ընկերակցության 1985 թ. հայտարարությունը, որում կասկած է հայտնվում Թուրքիայում հայերին ցեղասպանության ենթարկելու իրողությունը:
     Իրականում, 69 "գիտնականներից" միայն չորսն են իրենց ուսումնասիրություններում գործնականորեն զբաղվել ցեղասպանության պատմական ժամանակաշրջանին. դրանք են Ստան Ֆորդ Շոուն, նրա թուրքազգի կինը` Եզալ Կուրալ Շոուն, վերջինների նախկին ուսանող Ջ. Մակարտին և Ֆ. Ստոդարտը` Միջին Արևելքի ինստիտուտի տնօրենը (բոլորը ֆինանսավորվել են Թուրքիայի կառավարության կողմից): Նշենք, որ վերջինների աշխատանքները գիտական շրջանակներում լուրջ քննադատության են արժանացել. համարվել են ոչ արժանահավատ և թույլ: Հետաքրքրական է, որ հայտարարության տակ ստորագրող մյուս գիտնականների մեծ մասն իրենց ուսումնասիրությունների համար դրամաշնորհներ են ստացել պրոթուրքական կազմակերպությունների` Վաշինգտոնում թուրքական ուսումնասիրությունների և Անկարայում ամերիկյան ուսումնասիրությունների ինստիտուտների կողմից: 
     "Գիտնականների" կասկածահարույց այս ցուցակը ստիպել է հայկական կազմակերպություններին կատարել ուսումնասիրություններ: Հայկական համագումարի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ հայտարարության տակ "ստորագրող գիտնականներից" շատերը նույնիսկ տեղյակ չեն, որ իրենց "ստորագրությունն" առկա է այդ փաստաթղթի տակ: Թե ինչպե՞ս են մի շարք հեղինակավոր գիտնականների ազգանուններ հայտնվել այդ ցուցակում, կարելի է ընդամենը "ենթադրել". օրինակ, խաբեության կազմակերպիչները այցելել են գրադարան, պատվիրել հեղինակավոր գիտնականների այն աշխատությունները, որոնց վերնագրում առկա է "Թուրքիա" անունը, արտագրել հեղինակի ազգանունը և ընդգրկել այդ ցուցակում. "դե եթե աշխատության վերնագրում առկա է "Թուրքիա" անունը, ապա դրա հեղինակը հաստատ թուրքամետ է և դեմ չի լինի, որ առանց թույլտվության, իր ստորագրությունը ևս լինի հայտարարության տակ": Կարծում եմ, եթե այդ կազմակերպիչները "տառաճանաչ" լինեին և գոնե կարդային այդ աշխատությունների համապատասխան բաժինները, ապա "անհարմար վիճակի" մեջ չէին հայտնվի, քանի որ, օրինակ` ամերիկացի հայտնի գիտնական Բ. Լյուիսն այդ հայտարարության տակ "ստորագրելուց" առաջ, իր` "Ժամանակակից Թուրքիայի ստեղծումը" աշխատությունում, նշում է. "1915 թ., երբ 1,5 միլիոն հայ զոհվեց….": 
     Նման բացահայտումներն աննկատ չեն մնում նույնիսկ այն դեպքում, երբ պետք չէ դրանք նկատել: Ահա թե ինչու այդ կեղծ հայտարարությունը երբեք չի վերատպվել և դրա տակ իրավամբ ստորագրող "գիտնականները" երբեք չեն համաձայնվել հարցը քննարկելու` հայ պատմաբանների առաջարկին:
    
     Հետգրություն
     Կոլումբիայի դաշնային շրջանի ԱՄՆ-ի վճռաբեկ դատարանը 1993 թ. որոշում է, որ հայերի ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի փաստաթղթերի անհստակության մասին պնդումը "հակասում է ԱՄՆ-ի երկարատև քաղաքականությանը" և, ի վերջո, փաստաթուղթը հերքվում է:
    
     Սևակ Մելիքյան
     Պատմական գիտությունների թեկնածու 
    
     Օգտագործված աղբյուրներ և գրականություն
     1. ՀԱԱ, ֆ. 326:
     2. ՀՀ ԳԱԱ ՀՑԹԻ, բ. 25, House Resolution 398, 106 th Congress, 1st Session, November 18, 1999.
     3. Մուրադյան Ի., Թուրք-ամերիկյան հարաբերությունների տարածաշրջանա-յին հիմնախնդիրները, թ. 2, Երևան, 2004:
     4. http://lragir.am/armsrc/politics34076.html
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
10
Չհավանել
0
8075 | 62 | 0
Facebook