Համակարգիչներ
18:37, երեքշաբթի, 07 մայիսի, 2013 թ.
Դպրոցներում, գրասենյակներում և տանը դրանցով ձևակերպում են փաստաթղթեր, ստեղծում մանրակերտներ, կատարում բարդ հաշվարկներ, պահպանում վիթխարի քանակությամբ տեղեկույթ: Համակարգիչը կատարում է իր էլեկտրոնային հիշողության մեջ ներդրվող հրահանգները, որոնց հաջորդականությունն անվանում են ծրագիր: Համակարգիչը կարող է կատարել ցանկացած գործառույթ՝ աշխատել և՜ որպես տեքստային պրոցեսոր, և՜ որպես հանրագիտարան, և՜ որպես մաթեմատիկական հզոր հաշվիչ, նույնիսկ կարող է կառավարել ինքնաթիռը, եթե հանդերձված լինի համապատասխան ծրագրերով: Համակարգչի օգտագործումը խնայում է ձեր ժամանակը, ջանքերն ու գումարը։ Համակարգիչների ստեղծման պատմությունից Դեռևս 1830-ական թվականներին, էլեկտրականության հայտնագործումից շատ առաջ, անգլիացի մաթեմատիկոս Չառլզ Բեբիջը պատրաստել է մեխանիկական համակարգիչ: Միջոցներ չունենալու պատճառով հեղինակն այդ մեքենան իր ժամանակին չի կառուցել. այն ստեղծվել է միայն 1991 թ-ին և հաջողությամբ գործել: Էլեկտրոնային առաջին համակարգիչները պատրաստել են Վոն Մոչլին և Պրեսպեր Էկհարտը Ամերիկայում 1950-ական թվականներին: Միկրոսխեմաների փոխարեն դրանցում կային հազարավոր էլեկտրոնային լամպեր, որոնք նման էին սովորական էլեկտրական լամպերի և մեծաչափ էին: Սակայն դրանց հզորությունը շատ ավելի փոքր էր ժամանակակից դյուրակիր համակարգիչների հզորությունից: 1950-ական թվականների վերջերին լամպերը փոխարինվեցին փոքրաչափ (սիսեռահատիկի մեծության) տրանզիստորներով, ինչի շնորհիվ համակարգիչների չափերն զգալիորեն փոքրացան, իսկ հզորությունը կտրուկ աճեց: 1972 թ-ին հայտնվեցին առաջին միկրոսխեմաները՝ չիփերը, իսկ 1978 թ-ին ամերիկացիներ Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը ստեղծեցին առաջին անհատական համակարգիչները: Այդ ժամանակներից ի վեր՝ միկրոպրոցեսորները դարձան անհամեմատ ավելի հզոր, իսկ համակարգիչները՝ ավելի էժան ու հասանելի: Մեր օրերում գիտնականներն աշխատում են ստեղծել նոր համակարգեր՝ նեյրոհամակարգիչներ, որոնք ունակ կլինեն ինքնակատարելագործվելու և ինքնաուսուցանվելու: Համակարգչի ապարատային և ծրագրային ապահովումը Համակարգիչը բաղկացած է ապարատային և ծրագրային ապահովման մասերից:
Ինչպես է կառուցված համակարգիչը Յուրաքանչյուր համակարգչի «սիրտը» միկրոչիփն է՝ բարդագույն էլեկտրոնային սխեմաներով սիլիցիումի փոքրիկ թիթեղը: Այն կոչվում է միկրոպրոցեսոր: Համակարգչի այս հատվածը կատարում է բոլոր հաշվարկները և մշակում կատարվող ծրագրի հրահանգները: Միկրոպրոցեսորն իրավացիորեն համարվում է անհատական համակարգիչների «էլեկտրոնային ուղեղը»: Ծրագրեր և տվյալներ պահելու համար համակարգիչն ունի նաև հիշողության միկրոսխեմաների հավաքածու: Կա հիշողության 2 տեսակ՝ գործութային (օպերատիվ) և հիմնային:
Լրացուցիչ (ծայրամասային) սարքեր Սրանք հիմնականում ներմուծիչ և արտանցիչ սարքեր են:
Որոշ լրացուցիչ սարքեր կիրառվում են տվյալների միաժամանակյա ներմուծման և արտանցման համար: Դրանցից ամենատարածվածը տվյալները մագնիսական սկավառակների վրա գրանցելու և տեղեկույթը սկավառակներից կարդալու համար նախատեսված սկավառակատարն է: Մագնիսական սկավառակները լինում են ճկուն կամ դիսկետ և կոշտ կամ վինչեստր: Պնակիտները կամ ամփոփ սկավառակները՝ CD-ներ (compact disk) և DVD-ներ (digital video disk` թվային տեսասկավառակ), հիմնականում օգտագործվում են մեծ ծավալով տվյալներ պահպանելու համար: Մոդեմը ներմուծիչ-արտանցիչ համակարգ է, որը հնարավորություն է տալիս հեռախոսային կապուղով մի համակարգչից մյուսը տվյալներ հաղորդել և նույն եղանակով տեղեկույթ ստանալ |
Հավանել
1
Չհավանել
0
9460 | 0 | 1 | 0