-1-
Չա՜ր է …
Չա՜ր է Նրբությունը-
Երեկոյի հետ խաչվող
Անուժ քամու նման,
Երևի հենց դրանի՛ց է Տխրությունը
Երես առել անսահման…
Գայլի ագահ ձագի նմա՜ն
Պլպլացող աչքերով,
Մեկ մահի՜ն է նայում սոված,
Մե՛կ էլ կյանքին չո՜ր ու ցոփ:
Ասես Տերը ցանցով մա՜նր
Անցկացրել է կյա՜նքը սին,
Թողել է լոկ Տխրությունը՝
Նրբությանը վերադիր:
-2-
Լույսի նման
Նրբությունը
Չունի ո՛չ ճիշտ, ո՛չ էլ սխալ,
Փո՜րձ է անում Նրբությունը
Տխրության հետ մերձենալ:
Սավանով մեկ սփռվում է
Ու մարմինս տխրեցնո՜ւմ,
Լո՜ւռ է սիրտս,
Շո՜ւրթս,
Հոգի՜ս,
Միայն աչքե՜րս են խոսում:
-3-
Ո՞վ կլսի խոսքը աչքի
Տխրության լո՜ւռ սավանում…
Թե աչքերս էլ Տերը փակի
Ի՞նչ կմնա այս կյանքում:
Կմնա լո՜կ ժամանակը՝
Նրբության կարմիր փեշերից կախված,
Կա՛մ էլ լրիվ հակառակը՝
Նրբությո՜ւնը
Ժամանակից վերացած: