Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատռված ծրար (շարք)

10:24, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Պատռված ծրար (շարք)
    
    
    
    

Բաց տարածության մեջ

Լուծվում է հույսը,

Դառնում է լույսի փոքրիկ մի կտոր:


    

Անկախատեսելի է հույսի մոտենալը -

Սիրում է քայլել ճեղքերի միջով՝

Պատուհանների…

Դռների…

Ու ամեն դեպքում

Մոտենում է քեզ - ինչպես ուրվական…


    

Իսկ ես՝ երազկոտ հիմար մի ասպետ

Բացել եմ դուռ ու պատուհան…


    

* * *

Աղոթքի ավա՞րտն էր,

որ բառը դարձավ բանաստեղծություն,

եղյամը հալվեց,

հալվեց դարձավ ցող…

Թե՞ սատանայի աչքն էր արցունքոտ

որ սպանեց մի օ՛ր՝

հոգնա՜ծ,

տառապա՜ծ…

ու երազանքը պառկեց որպես զոհ՝

սառը վերմակի ոտքերը գրկած…


    
    

* * *

Մի ներկա է ինձ բաժանում քեզնից -

Կարծես նոր ես իջել

Ռաֆայելի կամ Ռուբենսի նկարից,


    

Չեմ ցանկանում քեզ ձեռքերով շոշափել -

Կատարյալով

Միշտ էլ պետք է հոգու աչքով զմայլվել,


    

Թե ձեռք տամ քեզ կխաթարեմ և իմ և քո անդորրը

Խարազանով կամ անեծքով

կանցնի կյանքիս այդ օրը


    
    

* * *

Հարցերի հարցը

Իր խոնարհ գոյությամբ

Մոլորված աղավնու թևերի նման

Չի հանգստանում

Աշխարհի

Տանիքներին…


    

Քամին է վազում ինչպես երեխա,

Փորձում է ցրել ստվերները-

Եվ այստեղ արթմնի

Եվ այնտեղ Դրախտում:


    
    

Հարցերի հարցը

Իր խոնարհ գոյությամբ

Վաղո՜ւց եռում է դժոխքում:


    

Երազները մարմին չեն դառնում՝

Մնում են որպես ուրվականներ,

Ուրվականները գնացք չեն նստում

Դառնում են կյանքի քարացած կադրեր՝

Տարիների մեջ,

Դարերում, նաև

Շիրմաքարերին:


    

Հարցերի հարցը

Իր խոնարհ գոյությամբ

Դանդաղ մահանում

Ճանապարհներին…


    
    

* * *

Համբուրում եմ անցյալի քունքը:

Ինչո՞ւ…

Միայն ու միայն համոզվելու համար,

Որ նա դեռ կա ու բաբախում է…

Ի՞նչ դժվար է սպասելը…

Ինչո՞ւ…

Չգիտեմ սպասում եմ,

որ անցյալը մահանա՞,

թե՞ որ ետ վերադառնա:

Ո՛չ կվերադառնա անցյալը,

Ո՛չ էլ կմահանա…

Բայց ես միևնույն է

Համբուրում եմ անցյալի քունքը:


    

* * *

Այսօր իմ հերթապահության օրն էր Դրախտում,

վերադարձա հոգնած ու տանջված,

թևերս խանգարում են քնելուն

պահարանումս էլ տեղ չկա…

կախեցի լվացքի պարանից,

(գիտեի որ կտանեն)

հերն էլ անիծած, ինձանից ինչ հրեշտակ…


    

* * *

Սովորությունը Ցավից ավելի ցավոտ է…

Հիմա տրամվայներ չկան, իսկ ես սովորությանս համաձայն կարոտում եմ տրամվայների պատուհաններից նայելու իմ սովորությանը…

Տրամվայները մանկության երազանքներ են…չկան:


    

Ս.Ումառ-Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6870 | 0 | 0
Facebook