«Գյուղի տղան»
10:20, Пятница, 08 Июня, 2018 года
«Մամ, պապ հեչ չմտածեք հետ եմ գալու» ։ 2017թվականի հունվարի 15-ին Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում՝Մադինայում, ուրախություն էր տիրում։ Միանգամից վեց հայրենասեր տղաներ գնում էին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու։Վեցից մեկն էր Ալեք Կարապետյանը՝ գյուղի տղան։ Գյուղացիները նրան այդպես էին անվանում, քանի որ օգնության ձեռք էր մեկնում բոլորին։ -Ալիկս հուլունքների մի շղթա ուներ, -պատմում էր քույրը, -ամեն օր մի հուլունք էր կտրում և մի կողմ դնում։ Կտրում էր, քանի որ մոտենում էին բանակ գնալու օրերը։Իսկ այսօր ես պատահմամբ գտա այդ շղթան և տասնհինգ հուլունք դեռ մնացել էր, - ասաց և սկսեց լաց լինել։ -Իսկ.... -Այո', այդ տասնհինգ հուլունքները խորհրդանշում են նրա ծառայած տասնհինգ ամիսները։ Մի պահ փշաքաղվեցի։ Ինչպե՞ս։Ախր... Ինչու՞...հարցեր որոնք չունեն պատասխաներ։ Ալիկը դեռ փոքրուց շատ ակտիվ էր։Գուցե դպրոցում չի փայլել իր առաջադիմությամբ, սակայն նա աչքի էր ընկնում այնպիսի մի հատկանիշով, որը բացակայում է շատ շատերի մոտ՝ «թասիբով» , ինչպես ասում են ընկերները ու շրջապատող մարդիկ։ «Գյուղից լավ տեղ չկա հոխպեր (այդպես էր դիմում ինձ և ես սկսում էի ժպտալ այդ բառից), -ասում էր ինձ, - կգնամ կծառայեմ, հետ կգամ, կամուսնանամ ու կապրեմ այստեղ։Թե չէ ի՞նչ կա ձեր քաղաքի մեջ։Երբ պետք լինի կգամ» ։ 2018 թվականի ապրիլի տասնհինգի առավոտյան տարածվեց չարաբաստիկ մի լուր։ Արցախի N զորամասերից մեկում զինվոր է մահացել։ Ամբողջ գիշեր անհանգիստ էի և զգում էի՝ ինչ որ մի վատ լուր եմ լսելու։ Ստացա հեռախոսազանգ.... Չէ’.... Աստված իմ ո’չ..... Գիտեք, երբ թշնամուց է լինում մահացու հարվածը, ինչ որ տեղ կարող ես հասկանալ, բայց երբ սպանվում է ծառայակից ընկերոջ ձեռքով ուղղակի... Մադինայում գարուն էր, չքնաղ գարուն. Ալիկի սիրած գարունը, որը նա այդպես էլ չտեսավ։Եթե մեկը շարադրություն գրելու լիներ գարնան մասին այդ ժամանակ՝ միանգամից «Գարուն է» -ն կդառնար «Գարուն էր» , - քանի որ այդ գույժից հետո գարունը կորցրեց իր փայլը։ Ամեն ինչ կտայի, միայն չտեսնեի այն պահը, երբ զինվորական մեքենան բերեց Ալիկին։ Սպաներից մեկը մոտեցավ հորեղբայրներիցս մեկին, տվեց իրերը և ասաց. «Սա զինվորի իրերն են։Հեռախոսները տվել եմ մյուս հորեղբորը։ Կաշխատենք ուղարկել բոլոր իրերը, եթե ինչ որ իր մնացած լինի» ։Մի պահ աչքերիս առջևով անցավ հայկական ֆիլմերից մեկի՝ «Գիքորը» ֆիլմի տեսարաններից մեկը, երբ բուժքույը Գիքորի իրերը տալիս է Համբոյին։Սպայի այդ արարքից մի պահ չարացա. չէ՞ որ մեզ ոչ հագուստն էր հետաքրքրում, ոչ էլ մի զույգ գուլպան։Մենք մեր որդուն էինք ուզում: Ես չեմ պատկերացնում ավելի ծանր վիշտ, քան այն, երբ որդուն տուն են տանում։ Հայրերը երեք դեպքում կարող են բաժակ բարձրացնել՝ նախ երբ որդուն են ուղարկում բանակ և օրհնում նրան, երկրորդ՝ տղային են ամուսնացնում և մյուսը, երբ.... « «Քու'րս, ինձ սազում ա չէ՞ իմ համազգեստը» , -հարցնում էր Ալիկս ինձ։Իսկ ես ասում էի՝ շա’տ, Թանկս» , -շարունակեց քույրը։ Իսկ երբ հերթը հասնում էր ծառայելուն մեր փոքրիկ գյուղի մեծ զավակը ասում էր. «Ես հո մամայի պեչկա չեմ որ չծառայեմ» ։ Քառասուն օրից ավելի է ինչ Ալիկը էլ չկա, սակայն նրա մասին խոսելու ու նրան հիշելու են միշտ։Ալիկի անկյունը միշտ դատարկ է մնալու, ոչ ոք նրա պակասը լրացնել չի կարող, չէ որ այս կյանքում յուրաքանչյուրս մեր տեղը և դերը ունենք։Առաջվա նման Շիրինը՝ Ալիկի ավագ եղբայրը, էլ կատակներ չի անում։ Նրա ընտանիքը իր զինվոր որդուն է կարոտում։Իսկ երբ անցնում ես տան մոտով զգում ես, որ առաջվա շունչը չկա։ Կանցնի որոշ ժամանակ և գյուղը կապրի իր առօրյայով և ինչու չէ նաև զրույցի ընթացքում Ալիկին հիշելով, սակայն սպի չի դառնա երբեք զինվորի ծնողի վերքը։Մայրը միշտ հիշելու է, որ զինվոր «բալա» է կորցրել, հայրը չի համակերպվի զինվոր որդու չգալու հետ, եղբայրը չի ընդունի, որ իր փոքր եղբայրը էլ հետ չի վերադառնա, իսկ քույրը արցունք աչքերին կսպասի նրան միշտ։ Նրանցից ոչ ոք չի համակերպվելու այս ցավին, նրանք այդպես էլ սպասելու են, թե երբ պիտի անցնի այն ինը ամիսը, որ իրենց զինվորը տուն գա (ավաղ այդպես էլ չի անցնի): Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի տասնվեցին Ալիկին հետմահու պարգևատրեց «Մարտական ծառայություն» մեդալով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար։ Հունիսի երկուսին Մարտակերտի զորամիավորումում տեղադրվեց հուշաղբյուր՝ նվիրված Ալիկի հիշատակին։ Հուշաղբյուր-հուշաքարը մոր կերպարանքով է՝ծնկի ջուր է տալիս զինվորներին։ Ախ’, այդ չարաբաստիկ տասնհինգ թիվը՝ հունվարի 15, ապրիլի 15 և 15 հուլունքներ... Նաիրա Կարապետյան Երևանի պետական համալսարան Ժուռնալիստիկայի ֆակուլտետ Երրորդ կուրս (հեռակա)
|
Нравится
1
Не нравится
0
6145 | 0 | 1 | 0