«Նարեկ աղոթագրքի մեկնություն» «Դեղ կենաց և բժշկարան»
17:05, Понедельник, 19 Марта, 2018 года
«Նարեկ աղոթագրքի մեկնություն» «Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» («Սրտի խորքերից խոսք Աստծո հետ»): Եվ իսկապես, ամբողջ գիրքը, միջնադարյան հանճարեղ բանաստեղծ, հոգևորական և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու սրտի խոսքն է, աղոթքը, մենախոսությունը ուղղված Երկնային տիրոջը։ «Մատյան ողբերգության» կամ ինչպես անվանվում է հաճախ «Նարեկ», համարել են «դեղ կենաց» և աղոթագիրք բժշկարան։ Ամեն երեքշաբթի ժամը 18: 30-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կատարվում է Նարեկ աղոթագրքի մեկնություն, որի ժամանակ ընթերցվում և մեկնաբանվում են Նարեկ աղոթագրքը։ Իսկ թե ի՞նչ նպատակով է կատարվում աղոթագրքի մեկնությունը, այդ և մնացած հարցերին պատասխանեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։ Տեր հայրը ասաց, որ այդ մտահղացման հեղինակը եղել է ինքը, իսկ թե ի՞նչ պատճառով է հղացել աղոթագրքի մեկնության անհրաժեշտությունը, պատասխանեց. «Մեր ժողովրդի հոգևոր պատկերացումների մեջ Նարեկը առանցքային տեղ է գրավում։ Հաճախ մարդիկ այցելում են եկեղեցի, աղոթք խնդրում և խնդրում, որպեսզի Նարեկի աղոթք կարդան իրենց համար։ Շատ հաճախ բովանդակությունը և բժշկության աղոթքի մասին չգիտեն, բայց իրենց ենթագիտակցական մտածողության մեջ աղոթքը Աստվածաշնչի հետ միասին պատկերվում է որպես Նարեկ աղոթագրքի աղոթք։ Շատերն են ընթերցում գիրքը, նույնիսկ եթե չեն հասկանում գրքի բովանդակությունը ամբողջությամբ։ Նրանք խաղաղվում են, նրանց կյանքում դրական փոփոխություններ են տեղի ունենում» ։ Իսկ այն հարցին, թե աղոթագրքի մեկնությունից հետո հաճա՞խ են մարդկանց մոտ հարցեր առաջանում, Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը պատասխանեց, որ Նարեկը, այն աղոթագիրքն է, որից հետո հարցեր չեն առաջանում։ Եվ ավելացրեց, որ իրենք այնպիսի մանրամասնությամբ են փորձում ներկայացնել, որ ամբողջությամբ ընկալելի լինի։ Իսկ եթե հարցեր առաջանան, ապա մարդիկ իրենք իրենց են հարցեր տալիս իրենց կյանքի և քրիստոնեական վարքագծի վերաբերյալ»: Տեր հայրը նշեց նաև, որ աղոթագրքի մեկնությունից այն հատվածը, որը որ մեկնաբանվում է, ընդհանուր ընթերցվում է և ապա կատարվում բժշկության աղոթք։ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ աղոթագրքի մեկնությունը կշարունակվի այնքան, մինչև գիրքը ամբողջությամբ կմեկնաբանվի։ Աղոթագրքի մեկնությունը կարևորվում է մի հանգամանքով ևս, որ Նարեկում տեղ են գտել աստվածաշնչյան հատվածներ, որն էլ միջոց է դեպի Աստվածաշունչ գնալու և Սուրբ Գրքի ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու։ Պարզվեց նաև, որ Նարեկ աղոթագրքի մեկնությանը գալիս և մասնակցում են ոչ միայն Երևան քաղաքի բնակիչները, այլ նաև գալիս են տարբեր մարզերից և շրջաններից։ Իսկ թե նախկինում կատարվե՞լ է աղոթագրքի մեկնություն, տեր Հայրը ասաց. «Հավանաբար եղած կլինի։ Սակայն տեղյակ չեմ, թե աղոթագիրքը ամբողջությամբ մեկնաբանման ծրագիր եղել է, թե ոչ։ Դյուրին չէ, այն բավականին հոգևոր խորքեր ունի և մեկնությունը շատ ուշադրությամբ պետք է լինի։ Աղոթագրքի մեկնությունը այնպիսի սթափությամբ և նրբությամբ պետք է կատարվի, որպեսզի իր ունեցած ամբողջ ներքին բովանդակությունը փոխանցվի հավատացյալին»: Կարծիքները բազմազան են աղոթագրքի մեկնության վերաբերյալ և այդ առիթով զրուցեցի նաև Գայանե Գևորգյանի հետ, ով միշտ մասնակցում է աղոթագրքի մեկնությանը։ Նա ասաց, որ ինքը՝ որպես հավատացյալ, աշխատում է միշտ ներկա լինել աղոթագրքի մեկնությանը, քանի որ այն լրացուցիչ լիցքեր է հաղորդում։ Եվ առիթ է հաղորդակից լինելու եկեղեցում կատարվող ցանկացած միջոցառման։ Նշեց նաև, որ գրքի մեկնությունը Նարեկի բացահայտումն է մեկ այլ տեսանկյունից, որը կհետաքրքրի նաև Նարեկ աղոթամատյանին լրիվ անծանոթ մարդկանց։ Իսկ այն հարցին, թե ի՞նչ խորհուրդներ կտաք նրանց, ովքեր դեռ ներկա չեն գտնվել աղոթագրքի մեկնությանը՝ պատասխանեց. «Ովքեր դեռ երբևէ ներկա չեն գտնվել աղոթագրքի մեկնությանը, խորհուրդ կտամ անպայման մասնակցել, քանի որ դժվար ըմբռնելի մասերը և աստվածաշնչյան համեմատությունները շատ դյուրին բացատրվում և մեկնվում են: Բացի այդ, վերջում միշտ կատարվում է բժշկության և միասնական աղոթք, որը հավատացյալ մարդու համար, կարծում եմ, մեծ նշանակություն ունի»: Նարեկում ցոլարձակված է հույսի լույսը և Աստված բարեգութ է մարդու հանդեպ։ Մեծ է մարդու ներքին ուժը, որով նա կկարողանա մաքրագործվել։ Քանզի մարդը «եզակի պատկերն է Աստծո» , նախապես, մինչև մեղքերի մեջ թաղվելը, եղել է աստվածանման, ստեղծարար ու մաքուր։ Իմ ունեցած տեղեկությամբ, այսօրինակ Նարեկ աղոթագրքի նախաձեռնություն առաջին ագնամ է կատարվում: |
Нравится
1
Не нравится
0
8878 | 0 | 1 | 0