Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

«Բարի, գեղեցիկ, առաքինի». ներկայացվեց Ռիտա Շառոյանի նոր ֆիլմը

17:25, Суббота, 11 Июня, 2016 года
«Բարի, գեղեցիկ, առաքինի». ներկայացվեց Ռիտա Շառոյանի նոր ֆիլմը

Երեկ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն, մշակութաբան Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարաններ» հեղինակային ֆիլմաշարի իններորդ՝ «Բարի, գեղեցիկ, առաքինի» խորագրով ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է հայ անվանի աշուղ, բանաստեղծ Ջիվանու ծննդյան 170-ամյակին և նկարահանվել է ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով:

«Ի սկզբանե նպատակ ունեի անդրադառնալ հնագույն նվագարաններից քամանիին, սակայն նախապատրաստական աշխատանքների ընթացքում հասկացա, որ ֆիլմը թերի կլինի, եթե միայն քամանին ներկայացվի: Դրա համար էլ ֆիլմում գործիքը ներկայացվում է իր տիրոջ՝ Ջիվանու միջոցով. նվագարանն ու նվագողը միասին են հանդես գալիս», -նշեց Ռ. Շառոյանը, - «Իսկ երբ սկսեցի ուսումնասիրել թեման, հասկացա, որ Ջիվանուն շատ քիչ եմ ճանաչում: Նա միայն «Ձախորդ օրեր» -ով ու «Մայրիկ» -ով չի որոշվում: Նա 1000 բանաստեղծություն է մեզ թողել, որոնցից քչերն են հայտնի: Մենք իրավունք չունենք նրա գործերը թողնել չընթերցված, չմշակված, չուսումնասիրված: Ես նաև բացահայտեցի Ջիվանի հրապարակախոսին՝ որպես մարտնչող հայ մարդու տեսակ և արդարության դրոշակակիր»:

«Բարի, գեղեցիկ, առաքինի» ֆիլմի ստեղծման ընթացքում, ինչպես և «Հնագույն նվագարաններ» -ի նախորդ 8 ֆիլմերում, հեղինակը պեղել է բոլոր հնարավոր աղբյուրներից՝ երաժշտական գրադարաններ, մատենադարանի արխիվներ, հնագույն և արդի ամենատարբեր էջեր՝ փորձելով ամբողջական պատկերցում և գնահատական տալ ինչպես Ջիվանու կատարած մեծ ու նվիրական աշխատանքի, այնպես էլ քամանիի ստեղծման պատմության, կառուցվածքի, դարերի ընթացքում գործիքի կրած փոփոխությունների ու դրա նվիրյալների մասին:

Ռիտա Շառոյանը «Հնագույն նվագարաններ» հեղինակային ֆիլմաշարը նախաձեռնել է դեռևս տաս տարի առաջ: Առաջին ֆիլմը նկարահանվեց 2006 թվականին և նվիրված էր դուդուկին: Հետագայում նկարահանվեցին նաև զուռնային, քամանչային, պարկապզուկին, թառին, քանոնին, բամբիռին և հարվածային գործիքներին նվիրված ֆիլմեր, որոնցից յուրաքանչյուրը յուրօրինակ ու ինքնատիպ տեսահանրագիտարան է այդ գործիքի պատմության, հայ երաժշտարվեստում ունեցած դերի ու նշանակության մասին:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարար Արթուր Պողոսյանը, մշակութային գործիչներ: Հեղինակին շնորհավորելու էին եկել նաև բազմաթիվ մտավորականներ, երաժշտագետներ, պարզապես մշակութասեր մարդիկ, ովքեր սիրում ու գնահատում են Շառոյանի արվեստը:

Իրենց ելույթներում կինոգետ Էմանուել Մանուկյանը, լրագրող Վրեժ Սարուխանյանը, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը և ուրիշներ ըստ արժանվույն գնահատեցին Շառոյանի մեծ նվիրումն ու շեշտեցին նրա՝ հայ մշակույթի տարեգրության մեջ ունեցած ինքնատիպ ձեռագիրը:

ՀՀ Մշակույթի նախարարության կողմից, մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար, Ռիտա Շառոյանը պարգևատրվեց ՀՀ բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով, որը նրան հանձնեց փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4225 | 0 | 0
Facebook