Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

ՀԻՆ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ՝ ՆՈՐ ՇՆՉՈՎ ՈԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

15:01, Вторник, 15 Декабря, 2015 года
ՀԻՆ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ՝ ՆՈՐ ՇՆՉՈՎ ՈԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
    
    
    

Հարցազրույց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի հետ


    


     1932
թվականին հիմնադրված Հայպետֆիլհարմոնիայի նպատակը ի սկզբանե եղել է ազգային և համաշխարհային դասական ու ժամանակակից երաժշտության, կատարողական արվեստի քարոզչությունը: Գործունեության սկզբնական շրջանում ստեղծվեցին Հայֆիլհարմոնիայի առաջին կատարողական խմբերը՝ Թաթուլ Ալթունյանի երգեցիկ խումբը, հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը, Հայաստանի սիմֆոնիկ և ջազ նվագախմբերը, Կոմիտասի և Սպենդիարյանի անվան լարային քառյակները, գուսանական անսամբլը, երաժշտական փոքրիկ խմբեր: Համերգները հիմնականում անցկացվել են ներկայիս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Տարբեր խմբեր բազմիցս ելույթներ են ունեցել ԽՍՀՄ-ի մի շարք երկրներում՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների:

Հայֆիլհարմոնիայի գործունեության համար բեղուն ժամանակաշրջան էր 1958-1963 թվականները, երբ հին կոլեկտիվների կողքին ավելացան նորերը, ավելացավ նաև շրջագայությունների թիվը՝ ընդգրկելով հինգ աշխարhամասերը, ինչի շնորհիվ աշխարհում ճանաչում գտավ հայ երգարվեստն ու պարարվեստը:

Իր գործունեության շրջանակներում այսօր Հայֆիլհարմոնիայի ցանկում ինչպես գեղեցիկ ավանդույթ դարձած, այնպես էլ նոր, թարմ ծրագրեր են՝ ժամանակի շնչով ու հասարակության պահանջներին համապատասխան:

-Պարոն Մանասյան, ո՞րն է Ֆիլհարմոնիայի գործունեության գաղափարական ուղղվածությանը, և, առհասարակ, ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:

-Մեր հիմնական նպատակը, գաղափարական ուղղվածությունը, որդեգրած միակ սկզբունքը երաժշտական դաստիարակությունն է: «Ֆիլհարմոնիա» բառացի նշանակում է «ես սիրում եմ երաժշտությունը»: «Ֆիլհարմոնիա» բառը մենք հպարտությամբ ենք կրում և փորձում ենք մեր գործունեությամբ նպաստել հայկական երաժշտական արվեստի զարգացմանը, տարածմանը, երաժշտական ճաշակի ձևավորմանը թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների մոտ:

-Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մեծապես աջակցում է երիտասարդ արվեստագետներին: Ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ և ի՞նչ ծրագրեր են իրականացվում նրանց հետ համատեղ:

- Կա այսպիսի մի ասացվածք՝ ասա ինչպիսին է քո երիտասարդությունը և ես կասեմ՝ ինչպիսին է քո ապագան: Եթե ցանկանում ենք վաղը լավ հանդիսատես ու լավ կատարողներ ունենալ, պետք է այսօր հնարավորին չափով մեծ ուշադրություն դարձնենք երիտասարդությանը: Մենք ունենք մի ծրագիր, որը կոչվում է «Դեբյուտ»: Այն գործում է շուրջ հինգ տարի և ընդգրկում է արվեստի չորս ուղղություններ՝ կատարողական, երաժշտական-վոկալ, գեղանկարչություն և երգ: Այն երիտասարդները, ովքեր այդ ուղղություններում քիչ թե շատ հաջողություններ են ունեցել, միաժամանակ ցուցադրում են իրենց արվեստը: Այսինքն՝ մի միջոցառման ժամանակ միանգամից արվեստի չորս ճյուղեր ներկայացվում են հանդիսատեսին: Սա երիտասարդների կողմից շատ սիրված ծրագիր է, որովհետև բարեկամանում են ոչ միայն արվեստի ճյուղերը, այլ նաև երիտասարդ արվեստագետները: Դա նաև լավ առիթ է հետագայում ստեղծագործական համատեղ ծրագրեր մշակելու համար:

Հավատացնում են, այսօր ունենք շատ շնորհալի երիտասարդներ, ովքեր պարզապես աջակցության կարիք ունեն: Ֆիլհարմոնիան բազմիցս անվճար, երբեմն նաև իր միջոցներով օգնում է երտասարդներին, ճանապարհ է հարթում նրանց համար, հնարավորություն է տալիս հանդես գալ մեր դահլիճում: Սակայն դա բավարար չէ: Անհրաժեշտ է պետականորեն օժանդակել, օգնել շնորհալի մարդկանց: Հաշվի առնելով դա, ծրագիր ներկայացրինք՝ Պրոդյուսերական դպրոց հիմնելու համար: Նպատակն էր ստեղծագործողին բերել այսպես ասած մի վիճակի, որից հետո կկարողանա ինքնուրույն շարունակել, այսինքն, պետականորեն օգնել մարդուն՝ կայանալու: Ցավոք, ծրագիրը մերժվեց: Սակայն հետամուտ ենք լինելու և ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն կյանքի կոչվի:

Ֆիլհարմոնիան նաև նախաձեռնել է ճանաչողական մի ծրագիր՝ «Ուսանողական ֆիլհարմոնիա», որի նպատակն է ծանոթացնել երիտասարդներին այսօրվա երաժշտական արվեստին: Կարծում եմ, այն նույնպես կարող է ծառայել երիտասարդության երաժշտական դաստիարակության խնդիրներին:

-ՀՊՖ-ի գործունեության առանցքում նաև դպրոցականների մշակութային դաստիարակությունն է: Ի՞նչ ծրագրեր են իրականացվում այս ոլորտում:

-Մենք մի գեղեցիկ ծրագիր ունենք, որը կոչվում է «Դպրոցկանի ֆիլհարմոնիա»: Այն ՀՊՖ-ի ամենակարևոր աշխատանքային ուղղություններից մեկն է: Վստահեցնում եմ, սա ամենահայրենասիրական, ամենաէֆեկտիվ պետական մանկական ծրագիրն է: Ծրագրի իմսատը հետևյալն է, աշակերտները մասնակցում են մեր դաս-համերգներին: Ինչու դաս-համերգ, քանի որ դա դաս է՝ համերգի մեթոդաբանությամբ և համերգ՝դասի մեթոդաբանությամբ: Ընտրվում է որևէ թեմա, օրինակ, ազգային նվագարաններ, անվանի կոմպոզիտորներ կամ երաժշտական ստեղծագործություններ, և բեմից կատարվում է տվյալ թեմայի դասավանդումը: Դպրոցում անցնելու դեպքում ընկալումը այլ կերպ կլիներ, բեմի, դահլիճի ներկայությամբ և օգնությամբ երեխաները ավելի լավ են ընկալում թեման: Հավատացնում եմ, դաս-համերգիշնորհիվ երեխաները ամբողջությամբ յուրացնում են թեման:

-Ամեն դեպքում այսօր դաս-համերգները հասանելի են միայն երևանաբնակ աշակերտներին: Ի՞նչ աշխատանքներ են տարվում այն ավելի մեծ լսարան ընգրկելու համար:

-Ցավոք, մեր հնարավորությունները թույլ չեն տալիս ընդգրկել նաև մարզերի երեխաներին: Դրա համար ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ: Մենք չենք կարող հոգալ երեխաների տեղափոխման, սննդի, գիշերակացի համար: Սակայն հիմա այլ նախաձեռնություն ունենք, որով դաս-համերգները հասանելի կլինեն բոլոր երեխաներին: Մենք փորձում ենք այն դարձնել օնլայն: Քանի որ ծրագիրը հաստատուն է՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը երկուսին, նրանք կարող են այդ ժամին իրենց դպրոցներում, ուսուցիչների հետ օնլայն միանալ և ն երկա գտնվել դաս-համերգներին:

-Մայիսին մեկնարկեց «Մշակութայնի կրթoջախներ-դպրոց» ծրագիրը, որը կյանքի է կոչվել ՀՀ Կառավարության աջակցությամբ և Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Ի՞նչու ծրագիրն իրականացնող կազմակերպություն ընտրվեց հենց ՀՊՖ-ն:

-Սա գիտաճանաչողական ծրագիր է: Նպատակը սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների այցի ապահովումն է մայրաքաղաքի մշակութային օջախներ՝ Ազգային պատկերասրահ, Պատմության թանգարան և այլուր: Դրա շնորհիվ տեսական գիտելիքների մատուցումը համատեղվում է առարկայական ու գործնական գիտելիքների հետ: Ծրագրում ընդգրկված են Սյունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մի շարք սահմանապահ համայնքներ: Իսկ ծրագիրն իրականացնող կազմակերպություն է ընտրվել ՀՊՖ-ն՝ հաշվի առնել փորձը, մարդկային ռեսուրսներն ու աշխատանքային հմտություններ:

-Իսկ որքանո՞վ է Հայպետֆիլհարմոնիան նպաստում մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը:

- Վայոց Ձորում, Սյունիքում, Շիրակում, Լոռիում և Արցախում Ֆիլհարմոնիան ունի բաժանմունքներ, որտեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Մենք ուղարկում ենք խմբեր, կատարողներ, բայց տեղի ուժերով ևս իրականացվում են հետաքրքիր ծրագրեր: Օրինակ, Արցախի մասնաճյուղում, տեղացի ստեղծագործողների, կատարողների, երաժիշտների ուժերով բազմաթիվ համերգներ են կազմակերպվում: Ներգրավված են նաև երաժշտական դպրոցները, որոնք լավագույն ծրագրերը ներկայացնում են «Դպրոցականի Ֆիլհարմոնիայի» միջոցով: Ղափանում նույնպես կառույցը շատ ակտվ է գործում: Վանաձորում դեռևս նոր է, այդ պատճառով գնահատականներ տալը դեռ վաղ է: Սակայն մենք ձեռք բերվածով չենք բավարարվելու: Փորձելու ենք ընդգրկել այլ մարզեր ևս:

-Տևական ժամանակ է ՀՊՖ-ում, համերգային միջոցառումներից բացի, կազմակերպվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, ցուցահանդեսներ, բեմադրություններ: Ո՞րն է դրա նպատակը:

-Ֆիլհարմոնիայի հիմնական գործառույթը երաժշտական արվեստը ներկայացնելն է, բայց, քանի որ ունենք դահլիճ, մարդկային ռեսուրսներ, փորձ, որոշեցինք, մեր շենքը լցնել մշակույթով, արվեստով: Փորձեցինք բազմապլան դարձնել ՀՊՖ-ի աշխատանքը: Այսօր միայն դասական երաժշտությամբ չենք կարող բավարարել բնակչության մշակութային պահանջը: Ուստի ընդլայնեցինք մեր գործունեության շրջանակները՝ ցուցահանդեսների կազմակերպում, գրքերի քննարկումներ, հանդիպումներ, այլ միջոցառումներ: Դա, կարծում եմ, տվեց արդյունքը: Եթե տարիներ առաջ մեր դահլիճը զբաղված էր լինում ամսվա մեջ 2-3 օր, այսօր գրեթե ամեն օր այն զբաղված է: «Ֆիլհարմոնիա» հասկացությունն առաջին հերթին պետք է դրսևորվի կառույցի ներսում, և դրանով մենք նոր բովանդակություն, նոր ճաշակ, նոր հետաքրքրություն ենք մտցրել մեր գործունեության մեջ:

- «Առնո Բաբջանյան» հաներգասրահը միշտ էլ եղել է մեր հասարակության սիրելի վայրը: Այսօր էլ, ի տարբերություն շատ դահլիճների, այն միշտ լի է հանդիսականներով: Կարծում եմ, դա խոսում է այն մասին, որ Հայպետֆիլհարմոնիան լավագույն ձևով կատարում է իր առջև դրված խնդիրները:

-Ամեն համերգասրահ ունի իր դեմքը, իր բնավորությունը և իր ընդհանուր նախասիրությունները: «Առնո Բաբաջանյան» համերգասրահը ես համարում եմ էլիտար դահլիճ: Մենք միշտ փորձել ենք պահել մեր դահլիճի դեմքը և կարծում եմ, որ այո, մեր հանրության մեջ «Առնո Բաբջանյան» համերգասրահն ունի այդ համբավը: Պատահական չէ, որ դեսպանատները, լուրջ միջազգային կազմակերպություններ նախընտրում են հենց մեր դահլիճում անցկացնել իրենց միջոցառումները:

-Ձեր ղեկավարած տարիների ընթացքում ի՞նչ ծրագրեր են իրականացվել և որո՞նք եք առավել կարևորում:

-Երբ նշանակվեցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, առաջին ցանկությունս այն էր` վերականգնել հին ու գեղեցիկ ավանդույթները, սակայն նոր կառուցվածքով և գաղափարախոսությամբ: Այսօր մեծաքանակ անսամբլների գոյությունը, մանավանդ Հայաստանի պես սոցիալական դժվարին կացության մեջ գտնվող երկրների պարագայում, այնքան էլ արդարացված չէ: Այսօր ճիշտ կլինի ստեղծել մոբիլ, փոքր անսամբլներ, բայց բարձրաճաշակ, լուրջ երաժիշտների միավորմամբ: Ինձ շատ օգնեց նաև Փարիզում ընթացող «Մուզիկորա» միջազգային փառատոնին մասնակցելու հանգամանքը: «Մուզիկորա» բառացի նշանակում է երաժշտական շուկա: Մասնակիցը ծանոթանում է հրավիված երաժշտական խմբերին, նրանց կատարումներին, երգացանկին, և, եթե հետաքրքրություն է առաջանում, նրանց հետ կնքում է պայմանագիր: Տաս օր ուսումնասիրելով, ճանաչելով այդ ամենը, որոշեցի Երևան գալով Ֆիլհարմոնիայի կազմում ստեղծել ֆոլկլորային անսամբլ: Սակայն ֆոլկլորային երաժշտությունը, իր բնական վիճակում չէր կարող այսօրվա համար շատ հետաքրքիր լինել: Պետք էր այն վերափոխել: Ես հրավիրեցի Ռուբեն Ալթունյանին՝ միասին աշխատելու: Նա վերամշակեց ֆոլկլորային երաժշտությունը, մոդեռնացրեց, և այդպես ծնվեց այդ անսամբլ, որի անունը ակամայից դարձավ «Ֆոլկմոդեռն»: Իր գործունեության մի քանի տարիների ընթացքում խումբը համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում: Նման անսամբլ իր ժանրի մեջ չէր եղել, դա հայկական ժողովրդական նվագարանների վրա ստեղծված անսամբլ է, որտեղ միայն գործիքային կատարումներ են: «Ֆոլկմոդեռնից» բացի ստեղծեցինք դասական երաժշտությունը պրոպագանդելու համար մի խումբ, որը պայմանականորեն անվանել ենք «Պոպարտ, , : Երրորդը սիմֆո-ջազ ժանրի մեջ է՝ «The sounds of arts» ը: Սկզբմունքը, ինչպես «Պոպարտի» և «Ֆոլկմոդեռնի» դեպքում դեպքում, նույնն է՝ միայն գործիքային կատարումներով ներկայացնել բարձրաճաշակ գործեր: Մենք նաև ունենք թատերախումբ՝ Տաթևիկ Գրիգորյանի ղեկավարությամբ, որը գործում է «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» կազմում:

- Մի փոքր էլ ապագայի մասին: Ի՞նչ ծրագերե եք նախատեսում կյանքի կոչել առաջիկայում:

-Ծրագրեր շատ կան, բայց դրանցից կցանկանամ առանձնացնել մի քանիսը: Այժմ բանակցություններ են տարվում մոդեռն-բալետային խումբ ստեղծելու շուրջ: Դա նույնպես կարծես մեր գործառույթից դուրս է, բայց քանի որ այդ ժանրը չկա Հայաստանում, որոշեցինք նախաձեռնել: Մեծ ցանկություն ունենք վերսկսելու «Դելֆյան խաղերը»: Այն եզակի էր իր տեսակի մեջ, որում ընդգրկված էին հարյուրից ավելի գործիքներ, երաժշտական ժանրեր, տարատեսակ մրցույթներ: «Դելֆյան խաղերի» գաղափարախոսությունը մեզ շատ հարազատ է, և մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի տեղայնացնենք այն և դարձնենք ազգային: Հետագայում կազմակերպեցինք «Նավասարդյան խաղերը», որը սակայն, տեղի ունեցավ ընդամենը մեկ անգամ: Ֆինանսական դժվարությունների պատճառով ծրագիրը շարունակություն չունեցավ: Այսօր դրա անհրաժեշտությունը շատ կա, և մենք ամեն ջանք կգործադրենք՝ այն վերսկսելու համար:

-Վերջում անդրադառանք Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի առջև ծառացած խնդիրներին, որո՞նք են դրանք և ի՞նչ է արվում այդ խնդիրների լուծման համար:

-Խնդիրներն, անշուշտ, բազմաթիվ են: Նախ՝ ֆինանսականը: Հաճախ, մեր սկզբմունքներին դեմ գնալով, ստիպված վարձակալութան ենք տալիս մեր դահլիճը անորակ, անճաշակ մշակույթ ներկայացնողներին: Դա անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք այդ գումարով լուծել մի շարք խնդիրներ: Սակայն ծրագրերը կյանքի կոչելու համար մեծ աջակցություն է պետք: Մենք նաև մեր իրավունքները պաշտպանելու խնդիր ունենք: Ինչ է դա նշանակում: ՀՊՖ-ն միակ համերգային պետական կազմակերպությունն է և բոլոր պետական, արարողակարգային միջոցառումները, ըստ էության, մեզ պետք է հանձնարարվի: Սակայն այլևայլ ճանապարհով այդ միջոցառումների կազմակերպումը տրվում է մասնավոր կազմակերպությունների: Պետք է հասնենք նրան, որ վերականգնենք մեր իրավունքը:

Բայց այսօր մեր ամենամեծ խնդիրը լավ հանդիսատես պատրաստելն է: Երբ ասում են, որ Երևանը ունի լավ հանդիսատես, ես համաձայն չեմ: Ուներ, չգիտեմ ինչ պատճառով՝ չկա այսօր, գուցե երկրից գնացել են… Լավ հանդիսատես պատրաստելը Երաժշտական դպրոցների դերն է, ինչը չի արվում: Հավանաբար դա հաճախելիության նվազման պատճառով է նաև: Մեր նման կոլեկտիվները պետք է մտածեն հանդիսատեսի մասին: Մեր «Դպրոցականի» և «Ուսանողական» ֆիլհարմոնիաների գործունեությունը նաև այդ խնդրի լուծմանն է ուղղված:
    
    
     Հարցազրույցը մասնակի կրճատումներով տպագրված է «Հայոց աշխարհ» օրաթերթի 15.12.2015թ. #224/4463 համարում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4970 | 0 | 0
Facebook