Loading...

Articles

ՀՅԴ-ն «ոչ»-ի հանրաքվեի կոչ է անում

15:38, Friday, 03 May, 2013
ՀՅԴ-ն «ոչ»-ի հանրաքվեի կոչ է անում
    
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ընտրողներին կոչ է անում Երեւանի ավագանու ընտրությունները վերածել գործող իշխանություններին «ոչ» ասելու հանրաքվեի. իսկ ոչ իշխանական ուժերին կոչ է անում հանդես գալ հստակ հայտարարությամբ` բոլոր ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքը համատեղ ուժերով վերահսկելու մասին:

    
ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այդ պարագայում նախ ընտրողները կհասկանան ով է իսկական ընդդիմություն, եւ ով ոչ, երկրորդ. տեղամասերում միասնական վերահսկողությունը հնարավորություն կտա նաեւ միմյանց ներկայացուցիչներին վերահսկել, որպեսզի նվազագույնի հասցվեն հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց «վաճառվելու» դեպքերը. - «Պետք է հստակ ասվի, որ մենք համագործակցելու ենք տեղամասերում, որպեսզի պահենք մեր ժողովրդի ձայնը, որովհետեւ եթե մենք ժողովրդին կոչ ենք անում գալ ընտրություններին եւ այդ ակտիվությունը հանդես բերել, սա բավարար չէ: Մենք դրա համար երաշխիք պետք է տանք, եւ այսօր դրա հնարավորությունը կա»:

    
Ոչ իշխանական 4 քաղաքական ուժերը միասին հանձնաժողովներում ունեն գրեթե նույնքան ներկայացուցիչ, որքան իշխող ուժերը, ինչը, ըստ Ռուստամյանի, ընտրակեղծիքների դեմ համատեղ պայքարի լուրջ հնարավորություն է:

    
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու նախագահական ընտրություններում դա հնարավոր չեղավ, դաշնակցության թեկնածուն պատասխանեց, որ նախագահական ընտրությունները միամանդատ էին եւ բոլորովին այլ տրամաբանությամբ էին ընթանում. – «Ավագանու ընտրությունները այլ են. ամեն մեկը շահագրգիռ է, որ իր ձայները պահի: «Բարգավաճ» -ը իր համար պիտի պահի, ՀԱԿ-ը` իր համար, մենք` մեր համար, «Ժառանգությունն»` իր համար: «Պահել» ասածը նաեւ ոչ միայն բացարձակ թվով պահելն է, այլ նաեւ տոկոսը պահելն է, որովհետեւ եթե դու հարյուր ձայն ես վերցրել, իսկ այնտեղ լցնում են եւ մյուսի-մյուսի վրա ավելանում է այդ թիվը, այդ քո հարյուրը, եթե 1000-ի մեջ 10 տոկոս էր, 1500-ի մեջ արդեն դառնում է 6-7 տոկոս: Այս բոլորի շահից բխելն է, որ ինձ հույս է տալիս ենթադրելու, որ այս անգամ տեղամասերում շատ ավելի մեծ կլինի վերահսկման հնարավորությունը»:

    
«Ազատություն» ռադիոկայանի հարցին թե, «ամեն դեպքում կա՞ երաշխիք, որ չեն վաճառվի հանձնաժողովների անդամներն ու վստահված անձինք», Ռուստամյանը պատասխանեց.– «Երաշխիք ոչ մի դեպքում չես կարող ամեն մեկի համար տալ, բայց ավելի հեշտ է մեկին գնել, քան չորսին։ Պլյուս եւս չորս վստահված անձի՝ ութին գնելն ավելի դժվար է, չէ՞։ Եվ որ ասում ենք համագործակցել` մենք մեր թերությունների վերաբերյալ էլ իրար պետք է տեղեկություն հաղորդենք: Եթե մեզանից ինչ-որ մեկը ինչ-որ մի բան այնպես չի անում, մեր գործընկերը կարող է մեզ տեղյակ պահել, զգուշացնել, մենք հետեւենք, կարողանանք կանխել»:

    
Արմեն Ռուստամյանը համոզված է, որ իշխող Հանրապետականի թեկնածու Տարոն Մարգարյանը առանց կեղծիքների չի ընտրվի Երեւանի ավագանու ընտրություններում, առանց բազմակի քվեարկությունների, ընտրակաշառքի, վարչական լծակների գործադրման նա «ձայն չի կարող հավաքել», իսկ այն դիտարկմանը, որ մարդիկ սիրում են Տարոն Մարգարյանին, դաշնակցական թեկնածուն արձագանքեց. – «Ես էլ եմ սիրում… Ես մարդկանց ընդհանրապես սիրում եմ, Տարոնին` մասնավորապես: Հիմա խնդիրը դա չէ, սիրո հարցը չէ, հարգելիներս… Տարոնին չեն ընտրում, ընտրում են Տարոնին նշանակող – ազատողին. Հանրապետականին են ընտրում»:

    
Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ընտրվելու դեպքում Արմեն Ռուստամյանը կհրաժարվի ԱԺ պատգամավորի իր մանդատից եւ կստանձնի Երեւանի քաղաքապետի պաշտոնը, իսկ ձայների մեծամասնությունը չհավաքելու պարագայում՝ ՀՅԴ-ն չի բոյկոտի եւ կվերցնի ավագանու իր վաստակած մանդատները: Բոյկոտի տրամաբանությունը Արմեն Ռուստամյանի համար անհասկանալի է։

    
«Չեմ կարծում, որ չվերցնելու որեւէ խնդիր կա, բոլոր պարագաներում էլ կվերցնենք մանդատները: Ազգային ժողովում 5 հոգի ենք, որ այդպես մտածես` 5 հոգին էլ այնտեղ առանձնապես բան չեն կարող անել, բայց բավականին լուրջ քայլեր կարողացել ենք այս ընթացքում, անել», - ասաց նա, - «Ամբիոնն օգտագործելը, եղած հնարավորություններն օգտագործելը միշտ ավելի լավ է, քան ամենահեշտ գործը` բռնել ու բոյկոտել, մի կողմ քաշվել: Դա ինչ-որ տպավորություն է ստեղծում, որ մեծ ինչ-որ մի քայլ կատարեցիր ինքնաարդարացման համար կամ քո վճռականությունը ցույց տալու համար, բայց դրանից հետո ամեն ինչ ավարտվում է»:

    
Եվ վերջում. լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք թեկնածուն նմանություններ չի տեսնում իրենց եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի միջեւ. խոսքը անցորդներին բարեւելուն էր վերաբերում։

    
«Բարեւը հո Րաֆֆունը չէ, բարեւն Աստծունն է… Ամենաառաջին բարեւ տվողը ավագանու ընտրություններում եղել է մեր Արծվիկ Մինասյանը` 2009 թվականին», - հակադարձեց Արմեն Ռուստամյանը:

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4349 | 0 | 0
Facebook