Loading...

Articles

ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՓԼՎՈՂ ԹԱՏԵՐԱԲԵՄԻ ՎՐԱ

16:43, Friday, 15 January, 2021
ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՓԼՎՈՂ ԹԱՏԵՐԱԲԵՄԻ ՎՐԱ
    
    

(3. Շարունակություն)
     ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ– Տուր ինձ հազար ոսկի, ու ես կասեմ, թե որտեղ է դրախտի այգին:
     ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Տուր ինձ քո քսակը, Աբիսողոմ աղա: (Ուզում է գրպանից քսակը հանել):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հոս ա՞լ ոսկի կ’ուզեք: Կը բավե: Ալ չեմ տար:
     ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– (Կռվազան տոնով) Ինչպես թե՝ չեմ տար: Մարդկանց կու տայիր, մեզ չե՞ս տար: (Սկսում են կողոպտել: Մեկը հանում է ժամացույցը, մյուսը՝ մատանին: Փորձում են հանել հագուստները):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աս ի՞նչ կ’ընեք, աս ի՞նչ կ’ընեք: (Այլևս չի կարողանում խոսել): Հոս կան... կան... կանչե-ցեք... կանչեցեք... (Գալիս է ծառան):
     ԾԱՌԱ– Ո՞ւմ կանչեմ, Աբիսողոմ աղա: Հեղինակի՞ն:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հա... Հա... Հա-կոբ... Սեր... Սեր... գե-յի-չը:
     ԾԱՌԱ– Այստեղ Հակոբ Սերգեյիչ չկա: Սա դժոխքն է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի... Ի՞նչ... (Ամբողջովին կարկամում է):

Ծափահարելով գալիս է բեմադրիչը:

ԲԵՄԱԴՐԻՉ– Կեցցե՛ս, Աբիսողո՛մ աղա, կեցցե՛ս: Անկրկնելի էր: (Մյուս դերասանները նույնպես ծափահարում են: Աբիսողոմ աղան չի հասկանում, թե ինչ է կատարվում):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աս ի՞նչ կ’ընեք: Ուրեմն ասիկա կինո՞ էր: Ուրեմն ես չե՞մ մեռած:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Ո՛չ, Աբիսողոմ աղա, ո՛չ: Դու խաղացիր քո լավագույն դերը: Չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան հաջող կլինի: Այժմ անցնում ենք հաջորդ դրվագին: Պատրա՛ստ... (Դերասանները, որոնց մեջ նաև Ժակն է, պատրաստվում են: Աբիսողոմ աղային օգնում են, որ բեմից գնա): Առաջին խցիկ...
     ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ – Այս ի՜նչ է կատարվում, Տե՛ր Աստված, այս ի՜նչ է կատարվում:
     ՄՅՈՒՍ ԿԻՆԸ– (Կրկին խոսում է որպես լրագրող՝ խոսափողը ձեռքին): Ըստ մեր վիճակագրության՝ գործազուրկ է ժողովրդի զգալի մասը: Շատերն աշխատում են օրական 10-12 ժամ՝ մնալով չքավոր: Շահագործումը հասել է չլսված չափի... (Բեմադրիչն օպերատորին հասկացնում է, որ անցնի հաջորդ դրվագին: Առաջին դրվագում խաղացող դերասանները լռում են: Գործողությունը շարունակում են մյուս դերասանները):
     ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱՍԱՆ– Ո՞նց պիտի ապրեմ. հազիվ ծայրը ծայրին եմ հասցնում:
     ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Բոլորս էլ էդ օրին ենք:
     ՄԱՆԵԻ ՁԱՅՆԸ՝ ԴՐՍԻՑ– Արմե՜ն, Արմե՜ն:
     ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱՍԱՆ– (Մոտենում է պատուհանին): Ի՞նչ է:
     ՄԱՆԵԻ ՁԱՅՆԸ– Էլեկտրիկը եկել է, արի՛:
     ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱՍԱՆ– Գամ՝ ի՞նչ անեմ:
     ՄԱՆԵԻ ՁԱՅՆԸ– Ի՞նչ պիտի անես: Հոսանքն անջատում է:
     ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱՍԱՆ– Լավ: Ասա՝ գալիս եմ:
     ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Չի էլ ամաչում, ուզում է չորս երեխուն մթի մեջ թողնել, հա՞: Բա խիղճ չունի՞:
     ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Է՜: Հիմա էլ ի՞նչ խիղճ: Հիմիկվա խիղճը ա՛յ... (Մատներով ցույց է տալիս, որ փողն է):
     ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱՍԱՆ– Գնամ տեսնեմ՝ ի՛նչ եմ անում: (Դուրս է գալիս):
     ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– (Նրա հասցեին) Այսքան անխելք մարդ տեսած չկամ: Կարգին պաշտոն ուներ: Փողը զոռով տալիս էին, չէր վերցնում, թե՝ ես կաշառք ուտող չեմ:
     ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Սպիտակ ագռավ էր ձևանում, հա՞: Դե հիմա թող ուտի:
     ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Բա հիմիկվա մարդուն փող կտան, չի՞ վերցնի:
     ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Հե՛չ մեր դարի մարդ չի, հե՛չ:
     ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Ախպե՛ր, Զիմզիմովը ճիշտ էր: Աշխարհը մեղրով կարաս է. ով, շերեփը առած, մեկին դեսն է բոթում, մեկին դենն է բոթում ու շատը ինքն է վերցնում, ղոչաղը նա է: (Կարճատև դադար):
     ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Բանկի փողդ տվի՞ն:
     ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Էլ ի՞նչ տան: Փողերն առել թռել են:
     ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Լավ, էս երկրում կարգ ու կանոն ե՞րբ է լինելու: Օրենք ե՞րբ է լինելու:
     ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Է՜, ի՞նչ օրենք, ի՞նչ կարգ ու կանոն: Կաշառակերի աշխարհ է:

Գնում են: Ուրախ-ուրախ գալիս է Աբիսողոմ աղան: Բեմադրիչն օպերատորներին հրահանգում է դարձյալ նկարահանել ծածուկ:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Սողոմո՛ն, Սողոմո՛ն... Մա՛նչս: (Գալիս է Սողոմոնը): Գրունին հրապարակ հանած է քերթվածներդ: Նկարդ ալ տպած է: (Ցույց է տալիս մի հանդես: Սողոմոնը այն վերցնում, նկարը տեսնում և ուրախությունից ցնծում է):
     ԲԵՄԱԴՐԻՉ– Ստո՛պ: (Սողոմոնի գլխին կարծես սառը ջուր են լցնում): Լավ էր: Այժմ, Աբիսողո՛մ աղա, կուզենք, որ քո խոսքն ասես Սողոմոնին: Ահա, կարդացել ես նրա բանաստեղծությունները և...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Մի պահ մտածելուց հետո) Մա՛նչս, դուն ինչո՞ւ միշտ կոյուղիին առնչվող հանգամանքներու մասին կը գրես:
     ՍՈՂՈՄՈՆ– Ժամանակակից բոլոր գրողներն ալ ատ խնդիրը կը շոշափեն: Պարոն Գրունի կ’ըսե, թե ատիկա նոր մտածողություն մըն է. թե գրականությունը թարմացվելու կարիք ունի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եվ այդ մասին մուսայո՞վ կը գրեն, թե՞ առանց մուսայի:
     ՍՈՂՈՄՈՆ– Պարոն Գրունի մեզի ազատություն տված է: Կ’ըսե. «Ով կ’ուզե, թող մուսայով գրե, ով կ’ուզե, թող առանց մուսայի գրե: Ով կ’ուզե, թող իմաստով գրե, ով կ’ուզե, թող առանց իմաստի գրե»:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛, դուն իմաստո՞վ կը գրես, թե՞ առանց իմաստի:
     ՍՈՂՈՄՈՆ– Ես իմաստով կը գրեմ: Պարոն Գրունի կ’ըսե, թե ես փիլիսոփայական ոճի բանաստեղծ մ’եմ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց Գրունին չի՞ սխալեր...
     ՍՈՂՈՄՈՆ– Ի՞նչ կ’ըսես: Ան գրական տիտան մըն է: Զինքը աշակերտած բոլոր գրականագետները կ’ըսեն, որ պարոն Գրունի դարձած է գրական նոր դպրոցի հիմնադիր:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Լավ է: Լավ է: Կեցցե՛ք, : Քեզնից Սողոմոնն էլ հետ չի մնում, Աբիսողոմ աղա: Հիմա հանգստացեք: Այս երկու օր շատ չարչաչվեցիք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հա՛: Հոգնեցա: Կ’ուզեմ քիչ մը պառկել:

Մթնում է և քիչ անց աստիճանաբար լուսավորվում: Աբիսողոմ աղան բազմոցի վրա քնած է: Գալիս են Ժակը, Մանեն և ծառան:

ԾԱՌԱ– Դեռ չի արթնացել: Շա՛տ էր հոգնած: Կարող եք այստեղ սպասել: (Հեգնանքով) Աղային օտար մարդ հո չե՞ք:
     ԺԱԿ– Բա որ խանգարե՞նք:
     ԾԱՌԱ– Մի՛ մտահոգվեք: Հեշտ չի արթնանում: Հիմա սուրճ կբերեմ: (Գնում է: Մանեն և Ժակը նստում են):
     ՄԱՆԵ– Շատ խաղալն էլ մի բան չէ:
     ԺԱԿ– Ինչո՞ւ:
     ՄԱՆԵ– Երբ միշտ դերի մեջ ես, կյանքն էլ թատրոն ես կարծում:
     ԺԱԿ– Բոլոր դերասանների համար էլ այդպես է: Դերը կյանքի շարունակությունն է, կյանքը՝ դերի:
     ՄԱՆԵ– Ինչ-որ առումով բոլոր մարդիկ էլ ոչ միայն դերասան, այլև բեմադրիչ են. իրենք են բեմադրում իրենց կյանքը:
     ԺԱԿ– (Ժպտալով) Իսկ դու այսօր ի՞նչ կբեմադրես ինձ համար:
     ՄԱՆԵ– (Ցանկալի հայացքով նայում է): Իսկ դու ի՞նչ կուզես:
     ԺԱԿ– Օ՜...
     ՄԱՆԵ– Կուզե՞ս՝ քեզ համար պատմեմ հեքիաթներն հազար ու մեկ գիշերվա:
     ԺԱԿ– (Սկսում է խաղալ): Չէ՛, չեմ ուզում, իմ գեղեցկուհի:
     ՄԱՆԵ– Ինչո՞ւ, իմ տե՛ր: (Հետագա ամբողջ խոսակցությունն ընթանում է թատերական տոնայնությամբ):
     ԺԱԿ– Որովհետև... Որովհետև ես չունեմ այդքան համբերություն:
     ՄԱՆԵ– Իսկ եթե դառնամ քո Ջուլիետա՞ն, իմ Ռոմեո՛:
     ԺԱԿ– Ո՜չ: Ի՞նչ ես ասում: Ես չեմ ցանկանա, որ դու ինձ համար այդպես վաղաժամ...
     ՄԱՆԵ– Իսկ Դեզդեմոնա՞, իմ խանդոտ մավր: (Մտնում է Դեզդեմոնայի դերի մեջ): Ի դեպ, դու ինչո՞ւ ինձ սպանեցիր, հը՞...
     ԺԱԿ– Դե... Գիտե՞ս, այն նենգ Յագոն...
     ՄԱՆԵ– (Բարկացած) Իսկ քո՛ խելքն ո՞ւր էր, անմի՛տ սևամորթ: Հա՛, ի միջի այլոց, ո՞ւր է հավատարմության այն... (մի պահ մտածում է, թե ինչ ասի) այն թալիսմանը, որ ես Նյու Յորքում նվիրեցի քեզ:
     ԺԱԿ– Թալիսմա՞նը...
     ՄԱՆԵ– Այո՛, թալիսմանը: Հապա բացի՛ր բազուկդ: (Հարձակվում է Ժակի վրա և վերնաշապիկի թևքը բարձրացնում): Թալիսմա՛նը, Օթելլո...
     ԺԱԿ– Թալիսմա՞նը...
     ՄԱՆԵ– Չկա... Դու ինձ... դավաճանել ես: Դու ինձ սպանեցիր, Օթելլո՛, քեզ դրած սրբի տեղ, բայց ինքդ աջ ու ձախ շնացել ես... (Աբիսողոմ աղան արթնանում է, նստում և տարօրինակ հայացքով նայում: Մանեն Օթելլո-Ժակին գցում է հատակին և կոկորդը բռնում): Թալիսմա՛նը, Օթելլո...
     ԺԱԿ– Ես... ան... ան... անմեղ...
     ՄԱՆԵ– Թալիսմա՛նը...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատ ի՞նչ կ’ընեք: (Գալիս է ծառան՝ սկուտեղը ձեռքին): Ատ ի՞նչ կ’ընեք: (Ծառային) Օգնե՛, փրկե՛: Կը խեղդե...
     ՄԱՆԵ– Թալիսմա՛նը...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Զանգում է): Շտապեցե՛ք: Հոս... հոս... հոս Դեզդեմոնան կը խեղդե Օթելլոն:
     ՄԱՆԵ– (Սկուտեղի վրայից դանակը վերցնելով) Վե՛րջ... Խեղդեցի... Ես լուծեցի իմ վրեժը, որն ինձ տանջում էր արդեն չորս դար: Բայց առանց նրա, առանց իմ Օթելլոյի՝ ես ապրել չեմ կարող: (Իրեն դանակով խփում և «մահացած» ընկնում է):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Խուճապահար) Ի՞նչ կ’ընես, ի՞նչ կ’ընես... (Գալիս է մի ոստիկան):
     ՈՍՏԻԿԱՆ– (Նույնպես՝ արտիստական տոնայնությամբ) Ո՞ւր են, որտե՞ղ է կատարվում այդ զարհուրելի ողբերգությունը:
     ԾԱՌԱ– (Ամենքի պես խաղալով) Այստե՛ղ: Ահա՛ այդ անագորույն տեսարանը:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Օգնեցե՛ք, փրկեցե՛ք...
     ՈՍՏԻԿԱՆ– (Սովորական տոնով) Ո՞վ: Ե՞ս:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հապա ո՞վ:
     ՈՍՏԻԿԱՆ– Ես օգնելու համար չեմ եկել:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ինչի՞ համար հապա:
     ՈՍՏԻԿԱՆ– Դեպքի վերաբերյալ արդեն գործ է հարուցված: Ես քննությունը պիտի վարեմ: (Նստում է, բացում թղթապանակը): Բոլոր փաստերը Ձեր դեմ են, Աբիսողո՛մ աղա: Ձեզ մեղադրանք է ներկայացված:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ինծի՞...
     ՈՍՏԻԿԱՆ– Այո՛: Հանցանքը կատարվել է Ձեր տանը:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛... Հետո՞ ինչ:
     ՈՍՏԻԿԱՆ– Դեզդեմոնան Ձեզ ճանաչել է: Դեպքի վայրում Դուք եք եղել: Դուք եք ականատե՛սը, վկա՛ն:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛... Է՛... Ատ ի՞նչ կը նշանակե: Ատ հանցա՞նք կը համարվի:
     ՈՍՏԻԿԱՆ– (Ծառային, որը փորձում է «զոհերին» օգնել) Դե հանգի՛ստ թող այդ մեռելներին: Ասի՝ գործը արդեն կազմված է: (Աբիսողոմ աղային) Իհարկե՛ համարվում է: Այն էլ ի՜նչ հանցանք: Ընդ որում ես դեռ պիտի պարզեմ. գուցե Դո՞ւք եք սպանել:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես...
     ՈՍՏԻԿԱՆ– Ձեզ ցմահ բանտարկություն է սպառնում: Ինչո՞ւ թույլ տվիք, որ կատարվի այս... աշխարհացունց ողբերգությունը: (Աբիսողոմ աղան շվարած լռում է: Ծառան մոտենում և նրա ականջին ինչ-որ բան է ասում):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ես կապ չունիմ աս ողբերգության հետ: Աս ողբերգությունը Շեքսպիրը սարքած է: Զինք դատեցեք: Ես մանչս կ’ուզեմ կարգել: Գրողներու գործերուն չեմ խառնվիր: (Գալիս է բեմադրիչը: Աբիսողոմ աղան ուրախանում է): Ուրեմն աս ա՞լ փորձ էր: (Ժակն ու Մանեն բարձրանում են):
     ԲԵՄԱԴՐԻՉ– Ի՞նչ է այստեղ կատարվում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մենք «Օթելլո» կ’խաղանք: Ասիկա ներկայացում էր:
     ՈՍՏԻԿԱՆ– Ինձ համար ներկայացում-չներկայացում գոյություն չունի: Գործը արդեն կազմված է: Ձեզ պիտի դատեմ:
     ԾԱՌԱ– Բայց Աբիսողոմ աղան իսկապես մեղավոր չէ: Շեքսպիրն է այդպես գրել:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Ինչե՞ր եք խոսում: Մենք «Օթելլո» չենք խաղում: Հիմա նկարահանումներ պիտի անենք:
     ՈՍՏԻԿԱՆ– (Աբիսողոմին) Ահա՛, լսեցի՞ք: Սա խաղ չէր: Ներկայացում չէր:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Խաղ չէ՞ր: (Նայում է Ժակին: Վերջինս գլուխը բացասաբար տարուբերում է): Է... Է... Հապա...
     ՈՍՏԻԿԱՆ– Տեսա՞ք: Ասում եմ, չէ՞:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Խաղ չէր, թող ըլլա խաղ: Աս ալ՝ ատանկ խաղ:
     ՈՍՏԻԿԱՆ– Լավ, թող լինի խաղ: Տարբերություն չկա: Ձեզ կդատեմ ներկայացման մեջ ու դարձյալ կուղարկեմ բանտ, որովհետև Շեքսպիրը գրել է, որ Օթելլո՛ն պիտի խեղդեր Դեզդեմոնային, իսկ այստեղ...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛... Հիմի ալ թող Օթելլոն խեղդե, եթե ատանկ ճիշտ է: Ինձմե ի՞նչ կ’ուզեք: Վերջապես ոչ մեկն ալ մեռած չէ:
     ՈՍՏԻԿԱՆ– Ինձ համար նշանակություն չունի՝ մեռած է, թե չէ: Գործը կազմված է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Բեմադրիչին) Չեմ հասկնար, ի՞նչ կ’ուզե աս մարդը ինձմե:
     ԲԵՄԱԴՐԻՉ– (Ոստիկանին) Գժվեցի՞ր: Դուրս եկ դերից: Հիմարություններ դուրս մի՛ տուր:
     ՈՍՏԻԿԱՆ– (Դերից չկարողանալով, չկամենալով դուրս գալ) Ոչ մի հիմարություն էլ չկա: Գործը կազմված է: Ինձնից այդպես հեշտ չեք պրծնի: Չե՛ք պրծնի... (Գնում է):
     ԲԵՄԱԴՐԻՉ– (Հետնաբեմի կողմը նայելով) Բռնե՛ք դրան: Մի՛ թողեք գնա: Դո՛ւրս բերեք դերից:

Բոլորը «ոստիկանի» հետևից գնում են: Բեմը մթնում և քիչ անց լուսավորվում է: Գալիս են Մանեն և Ժակը:

ՄԱՆԵ– Բա՛: Սա էլ այսպես:
     ԺԱԿ– Լսի՛ր: Քեզ մոտ կողմնացույց չկա՞:
     ՄԱՆԵ– Որոշեցիր ճանապարհորդե՞լ:
     ԺԱԿ– Չէ՛: Ուզում եմ տեսնել, թե սլաքը այստեղ քանի՞ աստիճան է շեղվում:
     ՄԱՆԵ– Առանց փորձելու էլ կարող ես լինել վստահ, որ մագնիսական դաշտը մեր երկրում կայուն է:
     ԺԱԿ– Չի կարող պատահել: Սլաքը այստեղ պիտի շեղվի 180 աստիճան:
     ՄԱՆԵ– Ինչո՞ւ:
     ԺԱԿ– Հենց այնպես: Իր հաճույքի համար...
     ՄԱՆԵ– Գլուխս պտտվում է:
     ԺԱԿ– Դա նրանից է, որ սլաքի ուղղությամբ չես նայում: Շփոթում ես հյուսիսն ու հարավը: Ասենք, չես էլ կարող չշփոթել, որովհետև հարավայիններն այստեղ հյուսիսում են, հյուսիսայինները՝ հարավում:
     ՄԱՆԵ– Հերիք է փիլիսոփայես: Գնանք:
     ԺԱԿ– Ո՞ւր:
     ՄԱՆԵ– Հյուսիս՝ բախտ փնտրելու:
     ԺԱԿ– Բախտը կաշառքով է, քեզ չի հասնի: Մի անհամեստ հարց. հանցագործներին այստեղ իսկապե՞ս դատում են:
     ՄԱՆԵ– Նայած՝ ինչ հանցագործների:
     ԺԱԿ– Ասենք թե... խոշո՛ր, մե՛ծ հանցագործներին:
     ՄԱՆԵ– Ձե՞ռ ես առնում:
     ԺԱԿ– Չէ՛, ինչո՞ւ:
     ՄԱՆԵ– Էլ ի՞նչ մեծ հանցագործներ, եթե պիտի դատվեն: Մեզ մոտ ընդունված է, որ մեծ հանցագործները լինեն դատավորի դերում ու դատեն... անմեղներին:
     Եթե զգաս, որ շնչահեղձ ես լինում, կասես:
     ԺԱԿ– Լավ կլինի, եթե նախ ճշտենք, թե որտեղ եմ ես. երազո՞ւմ, թե՞...
     ՄԱՆԵ– Թե...
     ԺԱԿ– Հաստա՞տ:
     ՄԱՆԵ– Հաստա՛տ:
     ԺԱԿ– (Նայում է Աբիսողոմ աղայի լուսանկարներին, որոնք այդ պահին փակցնում են պատերին): Իսկ ինձ թվում է, թե սա իսկապես կինո է: Մի կինո, որի գլխավոր կերպարներից մեկն էլ այս պատվավոր ազգայինն է:
     ՄԱՆԵ– Չէ՛, Ժակ: Սա իրականություն է, և արդեն սկսվել է մեր համազգային խաղի հաջորդ փուլը: Այլ կերպ ասած՝ խաղում ենք ընտրություն:

Գնում են:
     Գալիս են բեմադրիչը և Մարկոս աղան:

ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– (Նկատելով դահլիճում նկարահանումներ անող օպերատորին) Չեմ հասկանում, թե ինչո՛ւ եք այս նկարահանումներն անում: Այսպիսի խայտառակ ֆիլմ սարքում:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Հետո, Մարկոս աղա, հետո կհասկանաք: (Մոտենում է օպերատորին):

Գալիս է Աբիսողոմ աղան: Մարկոսը նույն՝ դժգոհ տոնով խոսակցությունը շարունակում է նրա հետ:

ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Իսկ դո՞ւ ինչպես ես քեզ նման բան թույլ տալիս, Աբիսողոմ աղա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եղբա՛յր, բան ըսե, բան հասկնամ: Ինչո՞ւ կանպատվես զիս: Գողությո՞ւն ըրած եմ, տունե՞ր քանդած եմ, դավաճա՞ն եղած եմ:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ավելի խայտառակ բան ես արել, ավելի խայտառակ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Դե խոսե՛, ըսե՛: Ի՞նչ ըրած եմ:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Դու ի՞նչ լեզվով ես գրել քո օֆիսի, հոթելների ու ռեստորանների վրա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛, ի՞նչ լեզվով գրեի պիտի: Մեր լեզվով գրած եմ:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Այսինքն (նմանակելով Աբիսողոմին) ՝ հայերեն տառերով գրած ես, մեսրոպյան այբուբենով գրած ես:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Եվ դու քեզ պատվավոր եվրոպական ես համարում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց մի՞թե պարտադիր պահանջ է, որ եվրոպական մարդերը...
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Իհարկե՛ պարտադիր է, իհարկե՛: Դու պիտի անգլերե՛ն գրեիր, եվրոպակա՛ն անուններով կոչեիր:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ես չէի գիտցած: Հիմա կը կարգադրեմ, որ փոխեն անմիջապես:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Դու ոչ միայն քեզ ես վարկաբեկում, այլև մեզ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Լրագրին մեջն ալ բացատրություն կը գրեմ, որ եղածը թյուրիմացության հետևանք մըն է:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Անպայման պետք է մի բան անել, անպայման: Թե չէ...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Քեզ վրա գավառականի պիտա՛կը կմնա, հետամնացի խարա՛նը կմնա, և մանչդ ալ առանց կարգվելո՛ւ կմնա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Իսկ դու ի՞նչ կը կարծես: Բարեգործություն անելիս, որևէ մեկին հովանավորելիս էլ հետևիր, որ նա անունդ չվարկաբեկի: Որ նա նույնպես լինի եվրոպական: Քո հովանավորած աղջիկները հեռուստացույցով հայերեն առոգանությամբ են խոսում, ազգային բարքերից են խոսում ու հաճախ էլ եվրոպականին դեմ են լինում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Պահանջիր, որ այսուհետև անգլերենի ակցենտը նմանակեն, եվրոպական բարքերը քարոզեն և ազգայինին էլ միշտ դեմ լինեն:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հարկա՛վ պահանջելու եմ, հարկա՛վ: Ես չեմ թողնի, որ իմ՝ եվրոպականին անունս պախարակվե:

Հնչում է երաժշտություն: Գալիս է պարախումբը...
     Վերջինիս գնալուց հետո զրուցելով գալիս են Մանեն և Ժակը: Խոսում են բավական լուրջ տոնով:

ԺԱԿ– Դուք բոլորդ մղձավանջի մեջ եք: Մի ահավոր ողբերգության: (Գալիս է նկարահանող խումբը):
     ՄԱՆԵ– Իսկ գուցե սա իսկապես ֆի՞լմ է: Երա՞զ, զառանցա՞նք...
     ԺԱԿ– Ո՛չ, Մանե:
     ՄԱՆԵ– Ախր հնարավոր չէ, որ մի ամբողջ ժողովուրդ... (Մի պահ տիրում է լռություն):
     Իմ կյանքն էլ, Ժա՛կ, անցնում է այնպես, ինչպես այստեղ շատ-շատերինը: Ընդհանուր ֆարսի, անհեթեթության մեջ չի իմաստավորվում: Դադարում են ծափերը, և իշխում է անձնական դատարկությունը, ծանր լռությունը: Երբ ծովը «դժբախտ» է, չի կարող նրա մեջ մի առանձին կաթիլը լինել «երջանիկ», ինչպես չի կարող, որ կապույտ ջրում լինեն առանձին կարմիր կաթիլներ...
     Կյանքում էլ ես ունեմ այն դերը, ինչ որ թատրոնում... Ե՛ս, դո՛ւ, նա՛, բոլո՛րս ընդամենը սպասարկու կերպարներ ենք, որ իմաստավորենք «մե՜ծ» կերպարների կյանքը:
     «Բեմադրիչը» ի սկզբանե որոշել է մեզ գլխավոր դեր չտալ, և քանի որ միայն գլխավոր դերասաններով ներկայացում չի լինում, ուստի խաղում ենք նաև մենք:
     ԺԱԿ– Վաղո՞ւց ես մենակ:
     ՄԱՆԵ– Այո՛: Եվ իմ ամբողջ կյանքը միայն իմ դերն է: Անձնական կյանք չունեմ: Երևի ճակատագիր է. իմ կյանքում ես այդպես էլ ոչինչ չկարողացա փոխել:
     ԺԱԿ– Ես էլ առանձնապես լավ չեմ: Երբ այստեղից գնացինք, տասը տարեկան էի, և մտքովս չէր անցնում, թե այսքան երկար հայրենիք չեմ գա: Ամերիկյան հասարակությանը ես այդպես էլ չմերվեցի, մնացի օտար: Մինչ օրս էլ ապրում եմ խորթ միջավայրում: Այն, ինչ ասիր դու, կարող էի ասել ես: Երևի ճիշտ են ասում. մենք չենք գնում այն ուղղությամբ... Այս մոլորակի, երեք համարի այս ինքնաշարժի ղեկը զավթել է մի ինչ-որ միմոս ու մեզ տանում է ոչ այն ուղղությամբ...
     ՄԱՆԵ– Ու եթե անկեղծ լինենք, մենք էլ ազնիվ չենք: Վկա՝ մեր այս խաղը: Սա սրիկաների խաղ է, Ժա՛կ:
     ԺԱԿ– Իսկ եթե նա արժանի՞ է:
     ՄԱՆԵ– Ընդամենը՝ արդարացում: Մեղմացուցիչ դեպք հանցանաց: Մեզ նույնպես վարակել են խաբեության բացիլները, բայց մենք դա չենք զգում: Չենք գիտակցում, որ նույնպես ստում ենք, կեղծում: (Կանգնում է Ժակի դիմաց, նայում աչքերին): Ես հոգնել եմ: Ուզում եմ հեռանալ, վերանալ այս իրականությունից:
     ԺԱԿ– (Երգում է):
     Երբ կհոգնես, կգազազես աշխարհից՝
     Դարձի՛ր իմ մոտ, վերադարձի՛ր դու նորից...

Սկսում է երգել նաև Մանեն, կատարում են զուգերգ, որից հետո պատկերը փոխվում է: Գալիս են Աբիսողոմ աղան և Սողոմոնը:

ՍՈՂՈՄՈՆ– Գրունիին մոտ այսօր ծեր գրականագետ մը եկավ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ան ա՞լ նյութ խնդրեց գովաբանելուն համար:
     ՍՈՂՈՄՈՆ– Անիկա կռիվ ըրավ: Չարենցեն, Սևակեն ու մյուս հներեն ներողություն խնդրեցավ, անոնց բանաստեղծություններ դրավ մերիններուն կողքը և ըսավ. «Դե հիմի համեմատե և ցույց տուր, թե որն է առաջընթաց»:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛, Գրունի չփակե՞ց անոր բերան:
     ՍՈՂՈՄՈՆ– Գրունի անոր ըսավ, որ ատոնք համեմատելի չեն կրնար ըլլալ, քանի որ կը գնահատվեն տարբեր չափանիշներով: Բայց ատանկ պարզունակ բանը չհասկցավ այդ ապուշը: «Ի՞նչ չափանիշներով», – ըսավ: Եվ պարոն Գրունի շատ եվրոպական անուններ տվավ ու պարզաբանեց, որ ատիկա եվրոպական ուղղություն մըն է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛, ետքը համոզվեցա՞վ:
     ՍՈՂՈՄՈՆ– «Ո՞րն է առանց իմաստի, առանց մեծատառերու, առանց կետադրական նշաններու գրելուն իմաստ», – կը պոռար ան: Գրունի անոր կ’ուզեր հասկցնիլ, որ դա ձեռագիր մըն է, ոճ մըն է, ինքնատիպություն մըն է, իսկ ծեր ապուշը կ’ըսեր. «Բայց ո՞րն է այդ ոճին իմաստը»: Գրունի անոր նորեն պարզաբանեց, որ այդ ոճն ինքնին արդեն իմաստ է, բայց ծեր ավանակը վիրավորեց մեծ բանաստեղծը: «Քու այդ ոճովդ ժամանակին քու պապ Փանջունին կ’ըսեր, թե անձնվեր հեղափոխականի մը համար պայքարը արդեն նպատակ մ’է», – ըսավ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ու չամչցա՞վ այդ գավառական գրականագետ:
     ՍՈՂՈՄՈՆ– Վայրկյան մը չամչցավ: Այդ բութ արարածը բան մը հասկցնելու համար Գրունի նոր մեթոդ մշակելու է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կը նշանակե՝ ան խավարամիտ մըն է:
     ՍՈՂՈՄՈՆ– Ան հետամնաց ազգային մըն է: Մոռցա ըսել: Գրունի ըսավ, որ գրքիս առաջին մասը անգլերեն թարգմանել տված է և շուտով ձեռնարկի պիտի ֆրանսերեն, իտալերեն, չինարեն, ճապոներեն ու... կարակալպակերեն թարգմանելու գործը:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսել է թե նոր գրականությունը հուժկու թափ առած է:
     ՍՈՂՈՄՈՆ– Գրունի կ’ըսե, որ հին բանաստեղծները ընթերցողին ճաշակը փչացուցեր են, և մենք գրական նոր ճաշակ պիտի ձևավորենք: Իսկ եթե ճիշդը ըսելու ըլլամ, գրականությունը ինծի ալ չի գրավեր: Բանաստեղծ եղած լմնցած եմ արդեն ու հիմա կը ցանկամ քեզի պես քաղաքական գործիչ ըլլալ: Կ’ըսեն, թե բանաստեղծը հիմա առանձնապես բան մը չէ: Պաշտոն չունեցող բանաստեղծը հաշվի չեն առներ: Ան բոլորին կողմե արհամարհված է: Քերթված գրելը հիմա քիչ մըն ալ ամոթ է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ուրեմն ստեղծագործել ալ չե՞ս ուզեր:
     ՍՈՂՈՄՈՆ– Անհրաժեշտություն եթե ըլլա, բանաստեղծ մը կը վարձենք, և ան իմ անունեն կը գրե: Գրունի անանկ մեթոդներ մշակած է, որ քերթված գրելն ալ դժվար խնդիր մը չէ:

Գալիս է միջնորդ կինը՝ Մերանը:

ՄԵՐԱՆ– Սողոմոն, մա՛նչս, քեզի համար աղջիկ գտած եմ. ճիշդ և ճիշդ քու ուզածիդ նման:
     ՍՈՂՈՄՈՆ– Աղվորի՞կ աղջիկ մ’է:
     ՄԵՐԱՆ– Հուրի-փերին օրինակ քեզի: (Նստում է): Ըսիր՝ մազերը սև ըլլան ու երկա՞ր:
     ՍՈՂՈՄՈՆ– Ատանկ մազերը շատ կը սիրեմ:
     ՄԵՐԱՆ– Քիչ մը գե՞ր:
     ՍՈՂՈՄՈՆ– Փափուկ միսերը կը գրավեն զիս:
     ՄԵՐԱՆ– Աչքերը...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մանչս ինծի քաշած է. սևն ալ կը սիրե, կապույտն ալ:
     ՄԵՐԱՆ– Ես հենց ատանկ աղջիկ ալ գտած եմ:
     ՍՈՂՈՄՈՆ– Աչքի մեկը՝ սև, մեկը՝ կապո՞ւյտ:
     ՄԵՐԱՆ– Ճիշդ քու ուզածիդ նման, մա՛նչս:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Մեկուսի) Է՜... Աս կնիկ Պոլսո միջնորդ կնիկներուն ծալավ, գրպանը դրավ: Հոն այնքան ազնիվ էին, կ’ըսեին՝ աչքի մեկը սև, մեկը կապույտ չըլլար, սա կ’ըսե... (Դառնում է Մերանի կողմը): Ան եվրոպականի՞ն աղջիկ է:
     ՄԵՐԱՆ– Հապա ազգայինին հո չէ՞, Աբիսողոմ աղա: Հայրը պատվավոր եվրոպական մըն է. հոթելներու, վաճառատուներու, «Ջիպ» -երու տեր է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հոթելներուն վրա հայերեն հո չէ՞ գրած:
     ՄԵՐԱՆ– Ի՞նչ կ’ըսես: Մի՞թե ես թույլ կու տայի ինծի բարեխոսիլ ատանկ գավառականին աղջկա համար:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Դե շտապե՛, Մերան, շտապե՛: Մանչս էլ չի համբերի:
     ՄԵՐԱՆ– (Դռան կողմը գնալով) Աչքիս վրա, Աբիսողո՛մ աղա, աչքիս վրա: (Դուրս է գալիս):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մա՛նչս, միջնորդ կիները իրարու հերթ չեն տար: Տե՛ս, չսխալիս. անպայման եվրոպական մարդու աղջիկը ընտրե: Գավառական ազգայիններու հետևեն չ’երթաս:

Գալիս է Մարկոս աղան:

ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Աբիսողոմ աղա՛, Աբիսողոմ աղա՛, շնորհավորում եմ: Դու ջախջախիչ հաղթանակ ես տարել: (Աբիսողոմն անհամբերությամբ նայում է): Ընտրվել ես պատգամավոր: Երեսփոխան:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Իրա՞վը կ’ըսես:
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ընտրողների իննսունինը տոկոսը ձայնը քեզ է տվել:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՜նչ կ’ըսես, ի՜նչ կ’ըսես: Ուրեմն մեր ոսկիները քամուն տված չենք: Ուրեմն Աբիսողոմ աղան արդեն...
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Երեսփոխա՛ն է, երեսփոխա՛ն է...

Լսվում են կրակոցներ, բղավոցներ: Սկսվում է խառնաշփոթ, իրարանցում: Նկարահանող խմբի հետ գալիս են Մանեն ու Ժակը:

ՄԱՆԵ– Բա՛: Տեսա՞ր՝ ուր հասանք:
     ԺԱԿ– Տեսա, Մանե՛, տեսա: Ինչքան հասկանում եմ, սա արդեն խաղի հաջորդ փուլն է:
     ՄԱՆԵ– Այո՛, սա արդեն հաջորդ փուլն է, և մենք խաղում ենք կռիվ-կռիվ:
     ԺԱԿ– Գրողը տանի, բայց սա արդեն ավելի քան լուրջ է:

Բարձրախոսից լսվում է ինչ-որ մեկի ձայնը.
     – Ամեն ինչ կեղծվել է: Իշխանությունը բռնանում է մեր կամքին:
    
     ԲԵՄԱԴՐԻՉ– Լավ է, լավ է, լավ է... Ընդհանուր պլան: (Մոտենում է մի տղամարդ):
     ՏՂԱՄԱՐԴ– Դուք ի՞նձ էլ նկարեցիք:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Այո՛, այո՛, բոլորին էլ նկարեցինք:
     ՏՂԱՄԱՐԴ– Խնդրում եմ, հանեք այդ մասը. փախչողի դերում ես չեմ ուզում...
     ԲԵՄԱԴՐԻՉ– Հնարավոր չէ, պարո՛ն, հնարավոր չէ:
     ՏՂԱՄԱՐԴ– Մի անգամ էլ նկարեք, ես...
     ԲԵՄԱԴՐԻՉ– Ո՛չ, ո՛չ: Խաղալու երկրորդ հնարավորություն մեր ֆիլմում չի տրվում:
     ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ– Այս ի՜նչ է կատարվում, Տե՛ր Աստված, այս ի՜նչ է կատարվում...

Բեմը դանդաղ մթնում է, ձայները մարում են, և մի որոշ ժամանակ տիրում է լռություն:
     Աստիճանաբար լուսավորվում է: Ժակը դերասաններից մեկի հետ բերում է երկու մեծ կտավ:

ԺԱԿ– Սա էլ դնենք այստեղ... Լավ է: Ազատ ես:

Մյուս դերասանը գնում է: Ժակը կանգնում է կտավների մոտ և, քթի տակ ինչ-որ երգ մրմնջալով, գծում ու նկարում: Մեկ այլ դերասան դահլիճի աջ դռնից ներս է մտնում և բեմ տանող աստիճանների վրա տախտակ սղոցում: Նա բանվորի հագուստով է, արտաքինը՝ այնպես փոխված, որ մինչև խոսելը հանդիսատեսը չի ճանաչում:
     Գալիս է Մանեն:
    
     ՄԱՆԵ– Ժա՞կ: Այս ի՞նչ գործի ես:
     ԺԱԿ– Հիմա կտեսնես, Մանե... Հիմա կտեսնես... Սա այսպես... (Մի քիչ հետ է գնում, նայում նկարներին, ապա մոտենում ու շարունակում): Մնացին ընդամենը վերջին շտրիխները... Ես պատկերում եմ, Մանե՛... մեր կյանքում ամեն բան կարգավորելու համար նախատեսված... մեխանիզմները: Այսինքն, մեր հասարակարգերի... շարժիչները: Ահա՛, վե՛րջ: Կարող եք նայել: (Նկարները շրջում է հանդիսատեսի կողմը): Սրանք մեր հասարակարգի խորհրդանշական մեխանիզմներն են: Տե՛ս, թե ինչպես է գործում այս մեկը՝ անթերի, կատարյալ: Բառացիորեն՝ խժռում է այն ամենը, ինչը իրեն խոչընդոտում է: Այնպիսի հզորություն ունի, որ կանգնեցնել գրեթե անհնար է:
     ՄԱՆԵ– Եվ չի էլ փչանո՞ւմ:
     ԺԱԿ– Սա շատ կատարելագործված մեխանիզմ է: Ինքը իր վատ գործող մասերը նորոգում է, փոխում: Մի խոսքով՝ կատարյալ հրաշք:
     ՄԱՆԵ– Իսկ ինչպե՞ս է գործում:
     ԺԱԿ– Սրա, այսպես ասած, վառելիքը ընչաքաղցությունը, փողապաշտությունը, շահամոլությունն ու սրանց բոլոր տարատեսակներն են:
     ՄԱՆԵ– (Ցույց է տալիս մյուս նկարը): Իսկ սա՞:
     ԺԱԿ– Իսկ դա մեր պետական, մշակութային մեխանիզմն է: Տեսնո՞ւմ ես. ատամնաանիվների մի մասը չկա: Եղածներն էլ ծռված են, ժանգոտ:
     ՄԱՆԵ– Բայց առանձին անիվներ կարծես թե պտտվում են:
     ԺԱԿ– Ճիշտ է: Բայց ընդամենը՝ առանձին անիվներ: Իսկ որպեսզի գործի ամբողջ մեխանիզմը, այն պետք է հիմնովին նորոգել:
     ՄԱՆԵ– Ինչպե՞ս:
     ԺԱԿ– Մի՛ մոռացիր, որ կա (ցույց է տալիս առաջին նկարը) այս ամենակուլ հրեշը: Իրականում նա մխրճված է սրա մեջ, գործում է սրա ներսում: Եվ քանի դեռ գործում է այսպես անթերի, մի պտուտակ անգամ հնարավոր չէ փոխել:
     ՄԱՆԵ– Իսկ ի՞նչ անենք, Ժակ:

Գալիս է բեմադրիչը:

ԲԵՄԱԴՐԻՉ– Դեռ չեկա՞ն: Էլի ե՞րթ է: (Բանվոր դերասանը ինչ-որ բանի խփում, չխկչխկացնում է: Բեմադրիչը զայրանում է): Չե՞ս տեսնում՝ խոսում ենք, ի՞նչ ես չխկչխկոցը գցել: (Հանկարծ ճանաչում ու զարմացած մոտենում է): Աշո՞տ… Այս ի՞նչ ես անում:
     ԴԵՐԱՍԱՆ– Ինձ հետ գործ չունեք: Ես իմ դիմումը արդեն գրել եմ:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Ի՞նչ դիմում:
     ԴԵՐԱՍԱՆ– Այսօրվանից ես դերասան չեմ: Բանվոր եմ:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Ոնց թե... Այդ ինչո՞ւ... Քո արածը ախր... (տոնը ամբողջովին փոխած, մեղմությամբ) վայել բան չէ: Դու շնորհալի դերասան ես:
     ԴԵՐԱՍԱՆ– Հետո՞ ինչ:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Այդ տախտակը մեկ ուրիշն էլ կկտրի, բայց ամեն մարդ բեմի վրա չի՛ խաղա: Խելքի՛ եկ:
     ԴԵՐԱՍԱՆ– Ես խելքի գամ, դու իմ տունը կպահե՞ս: (Ճամպրուկը ձեռքին՝ դահլիճով անցնում է մեկ ուրիշ դերասան: Նրան տեսնելով՝ բեմադրիչն արդեն շփոթվում է):
     ԲԵՄԱԴՐԻՉ– Այ քեզ բա՜ն... Այդ ո՞ւր, Կարե՛ն: Դո՞ւ ուր ես գնում:
     ԴԵՐԱՍԱՆ– Հեռու... Լոս:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Բայց այսպես ախր չի լինի:
     ԴԵՐԱՍԱՆ– Ասում են, որ այնտեղ... Ինչ-ինչ, բայց դերասաններին սոված չեն պահում: Չեն ասում. «Տնից շոր բեր, բեմի վրա հագի»: (Գնում է):
     ԲԵՄԱԴՐԻՉ– Տղանե՛ր, բայց այսպես... Ախր առանց թատրոնի, առանց արվեստի՝ չի լինի: Ճիշտ է, ժողովուրդը ձեր բացակայությունն առաջին օրը չի զգա, երկրորդ օրը չի զգա, գուցե և մի ամբողջ տարի չզգա, բայց հետո...
     ՄԱՆԵ– Լավ, բայց այսպես ի՞նչ կլինի վերջը:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Վերջը՝ չգիտեմ, բայց վաղը արդեն ներկայացումն է...

Դանդաղ մթնում է և լուսավորվում: Գալիս է պարախումբը, որի գնալուց հետո բեմն սկսում է պտտվել: Պարբերաբար երևում են Աբիսողոմ աղան, Սողոմոնը, Մարկոս աղան, Գրունին և մյուս գլխավոր կերպարները:
     Բեմը կանգնում է՝ ներկայացնելով այն պատկերը, որը ներկայացման սկզբում էր: Զգացվում է, որ ոչ թե փորձն է այլ ներկայացումը:

ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Այս ի՜նչ է կատարվում, Տե՛ր Աստված, այս ի՜նչ է կատարվում:
     ՏՂԱՄԱՐԴ– Գժվե՜լ կարելի է, գժվե՜լ: (Մյուս կինը զանգում է: Լսվում է գերանի կոտրվելու ձայն):
     ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ– Էդ՝ ո՞ւմ:
     ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ– Սադայելին:
     ԱՌԱՋԻՆ ԿԻՆ– Այստեղ քի՞չ կան:
     ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ– Դրա համար էլ զանգում եմ:

Կրկին լսվում է կոտրվող գերանի ճռռոց: Բեմի տակից մի տղամարդ տագնապած բարձրանում է բեմ:

ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ– Ներկայացումը դադարեցրե՛ք: Ներկայացումը դադարեցրե՛ք: Բեմը փլվո՛ւմ է: (Դերասանները փորձում են ուշադրություն չդարձնել):
     ԴԵՐԱՍԱՆ-ԼՐԱԳՐՈՂ– Ըստ մեր վիճակագրության...
     ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Չե՞ք լսում: Ասում եմ՝ բեմը փլվում է: Դադարեցրե՛ք խաղը:
     ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ– (Վերջինիս, ցածր) Գժվե՞լ ես: Ցած իջիր:
     ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Չե՛մ գժվել: Իսկապես փլվում է: (Բեմադրիչին) Աստված կսիրեք, դադարեցրե՛ք: (Դարձյալ լսվում է կոտրվող գերանի ձայն): Լսո՞ւմ եք: Չի՛ դիմանում: (Նորից է լսվում կոտրվող գերանի ձայն: Բեմը ցնցվում է: Դերասանները խուճապի են մատնվում: Բեմ բարձրաձած տղամարդը դիմում է հանդիսատեսներին): Ի՜նչ եք անտարբեր նայում: Ասում եմ՝ փլվում է: (Վերևում ինչ-որ բան դղրդոցով ընկնում է):
     ՁԱՅՆ ՎԵՐԵՎԻՑ– Տանիքը փլվե՛ց: (Բեմը նորից է ցնցվում):
     ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ – Դե սթափվե՛ք վերջապես: Ասում եմ՝ փլվում է: Չի՛ դիմանում:
     ԲԵՄԱԴՐԻՉ– (Խուճապի մատնված) Ի՞նչ անենք:
     ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ– Սթափվե՛ք, սթափվե՛ք: Ասում եմ՝ փլվո՛ւմ է: Չի՛ դիմանում...

Մի քանի վայրկյան տիրում է լռություն...
     Վարագույրը դանդաղ փակվում է:
     2002 թ.

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9008 | 0 | 0
Facebook