Loading...

Articles

ԲԱՌԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՉՈՒՂԻՆԵՐՈՒՄ

15:22, Thursday, 23 July, 2020
ԲԱՌԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՉՈՒՂԻՆԵՐՈՒՄ

ԲԱՌԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՉՈՒՂԻՆԵՐՈՒՄ Բառերի հետաքրքիր, երբեմն էլ տարօրինակ իմաստափոխությունների մասին գրվում է հաճախ։ Նկատի ունենալով թեմայի նկատմամբ ընթերցողների հետաքրքրությունը՝ այսօր մենք նույնպես կխոսենք այդ մասին։

Նախ ասենք, որ իմաստափոխության երևույթներն ունեն իրենց «տեսակները» ։ Մի դեպքում կատարվում է բառիմաստի ընդլայնում, մի դեպքում՝ նեղացում, մի դեպքում՝ շրջում, վերաիմաստավորում։
     Ինչպես հուշում է հենց անվանումը, իմաստի ընդլայնումն այն երևույթն է, երբ բառի իմաստի շրջանակը լայնանում, մեծանում է։ Իհարկե, դա չի կատարվում մեկ-երկու օրում կամ տարում։ Հաճախ բառին «հաջողվում է» իր սահմաններն ընդարձակել բազում տարիների, դարերի ընթացքում։
     Այսօր շատերին գուցե զարմանալի թվա, որ «կայսր» բառն առաջացել է Հռոմի միապետ Հուլիոս Կեսարի անունից։ Հատուկ անուններ են եղել նաև «բոյկոտ» և «նիկոտին» բառերը։ Մի դեպքում, դառնալով «հասարակ», անմահացել է անգլիացի հարկահավաք-գործակալ Չառլզ Բոյկոտը, որին իռլանդացի հարկատուները, որպես բողոք, անտեսում էին, բոյկոտում, մյուսում՝ առաջին անգամ Ֆրանսիա ծխախոտ ներմուծած Ժան Նիկոն։
     Ժամանակին Պարսկաստանում կար մի գավառ՝ անունը Խուժաստան (Խուժիստան) ։ Ասում են, թե այստեղի բնակիչները հայտնի են եղել իրենց անկիրթ, վայրենի վարքով, և այդ հանգամանքը դարձել է պատճառ, որ այս հատուկ անունն էլ Խուլիգան-ի պես լինի պաշտոնանկ ու դառնա «հասարակ» բառ՝ «խուժան» ։
     Ահա ևս մի օրինակ, թե ինչպես բառերի ճակատագրի ու հեղինակության հետ կարող են խաղալ սովորական մահկանացուները։
     Այսպես՝ բառերին իրենց ճիշտ ուղուց «շեղել» ՝ նոր իմաստ են տվել նաև Քաջ Նազարը, Վերգոն, Հուդան...
     Հիշենք նաև զինվորականներին։ Ո՞վ չգիտի, որ մարշալը բարձր կոչում է։ Այնքան բարձր, որ շատ երկրներում զինվորականների փոքր թվակազմը թույլ չի տալիս ունենալ այդպիսի կոչում։ Իսկ ի՞նչ է այն նշանակել նախկինում։ Ենթադրելն անգամ դժվար է. ընդամենը՝ ձիապան...
     Մի ժամանակ իր «համեստ» տեղն է ունեցել նաև լատիներեն «մինիստր» բառը, որ նշանակել է ծառա, ծառայող։ Իհարկե, այժմ նույնպես մինիստրները (նախարարները) ծառայում են, բայց արդեն այլ կարգավիճակով․․․
     Ծառա է նշանակել նաև հաճախ գործածական «արբանյակ» բառը, որն այժմ այդ դերը կատարում է փոխաբերական իմաստով։
     Որտեղ՝ ձի, այնտեղ՝ կառք։ Իսկ որտեղ կա ձի ու կառք, այնտեղ պետք է լինի նաև կառապան, որպեսզի այն վարի։ Ահա այսպես էլ, կառք վարելով, ասել է՝ կառավարելով ծնվել են կառավարիչները, որոնք ժամանակի ընթացքում սկսել են ոչ թե կառք վարել, այլ հիմնարկներ ու պետություններ։ Ապա կառավարողներն էլ միացել ու ստեղծել են կառավարություն, և արդեն դժվար է հիշել, որ այս ամբողջն սկսվել է ընդամենը սովորական կառք վարելուց։
     Տեղափոխվելով կայսրերի, ձիապանների ու կառքերի դարաշրջան՝ մտաբերենք նաև տվյալ ժամանակների զինանոցը՝ նետ, նիզակ, պարսատիկ, տեգ...
     Ապա ստեղծվեց նաև մի այնպիսի զենք, որը բարակ ու հատու էր, կտրող։ Այն շատ սուր էր, որի պատճառով այդպես էլ կոչվեց՝ սուր։ Այսպես՝ «սուր» բառը, որ ցույց էր տալիս հատկանիշ, իմաստն ընդլայնեց, ստացավ նոր նշանակություն և դա պահեց մինչ օրս։
     Ի՞նչ կասեք շամպայն-ի մասին։ Ի՞նչ կարող էր այն նշանակել. խաղողի տեսա՞կ, հյո՞ւթ, թե՞...
     Այս դեպքում թերևս շատերը գիտեն, որ գործ ունենք ֆրանսիական Շամպայն տեղանվան հետ, որը դարձել է տվյալ խմիչքի անունը։ Եվ վաղուց արդեն գոյություն ունի ոչ միայն ֆրանսիական շամպայն, այլև հայկական, ռուսական...
     Ֆրանսիական քաղաքի՝ Կոնյակի անունն է վերցրել մեկ այլ խմիչք՝ կոնյակը, որը հիմա հայտնի է ամբողջ աշխարհում։ Նույն կերպ իսպանական Խերես դե լա Ֆրոնտերա տեղանվան առաջին բաղադրիչը «դարձել է» գինի և տարածվել նաև Հայաստանում։
     Դառնանք նաև լիմոնադ-ին։ Բառացիորեն այն նշանակում է լիմոնի հյութ։ Բայց այս բառը ևս այնքան է ընդլայնել իմաստը, որ լիմոնադ է դարձրել անգամ տանձի, խնձորի, զանազան այլ մրգերի ու հատապտուղների, այդ թվում՝ թարխունի հյութը։
     Քանի որ ամեն խմիչք ունենում է իր գույնը, հիշենք նաև մի տարածված գույնի անուն՝ բորդո... Սա էլ ֆրանսիական «Բորդո» գինու գույնն է։ Այս գինին էլ, իր հերթին, վերցրել է այն տեղանքի անունը, որտեղ արտադրվել է։
     Հակառակ իմաստն ընդլայնելու երևույթի՝ բառիմաստի նեղացման դեպքում բառի գործածության սահմանները փոքրանում են, սեղմվում։
     Դեռևս նախորդ դարի սկզբներին մեր մեծերը մտածում էին, թե ի՛նչ բառ ստեղծեն՝ թարգմանելու համար պալտո-ն։ Եվ ո՞վ գիտի, թե ում մտքով անցնում է նոր կյանք, նոր իմաստ տալ գրաբարյան մի բառի՝ վերարկու-ին։ Թեև շատերն ընդդիմանում են, բայց բառն իրենն անում է. մի փոքր նեղացնում, փոխում է իմաստը և վրան գցվող ինչ-որ շորից, ծածկոցից «դառնում» ձմեռային հագուստ...
     Վերադառնա՞նք ըմպելիքներին։ Ինչո՞ւ չէ։ Մանավանդ որ դրանք լինում են ոչ միայն ոգելից, այլև զովացնող։
     Եթե հիմա մենք պատվիրենք սեղանին դնել խմիչք, առաջին հերթին նկատի կունենանք ոգելիցը։ Բայց դա՝ հիմա։ Իսկ առա՞ջ...
     Այսպես պատվիրելիս նախկինում մենք սեղանին կտեսնեինք թե՛ գինի, թե՛ գարեջուր, թե՛ թան, թե՛ կաթ...
     Ինչո՞ւ։ Որովհետև մի ժամանակ խմիչք-ը ուներ ավելի լայն իմաստ։ Մեր նախնիները խմիչք ասում էին այն ամենին, ինչ խմելու էր։ Եվ նրանք չէին սխալվում, որովհետև բառը հենց այդ իմաստն էլ ուներ։
     Այդպես՝ լայն իմաստ ուներ նաև «գրող» բառը, որ նշանակում էր առհասարակ որևէ բան գրող։ Սակայն այս բառն էլ որոշեց ձեռք բերել ավելի մեծ հեղինակություն, ավելի «ազնվանալ» և քիչ-քիչ ստացավ այն իմաստը, որն ունի այժմ։ Այսինքն՝ գրով ստեղծագործող՝ արձակագիր, թատերագիր, բանաստեղծ...
     Գրչության արվեստով զբաղվող, ստեղծագործող իմաստն է ունեցել նաև «գրիչ» բառը։ Հիշենք միջնադարյան մեր գրիչներին, որոնք ինչե՜ր ասես չեն գրել. ասք ու առակ, մատյան ու տաղ, սաղմոս ու շարական...
     Խոսեցինք այն մասին, որ հատուկ անունները կարող են դառնալ հասարակ։ Եվ քանի որ հիշեցինք «ազնվանալու» մասին, բերենք նաև հակառակ օրինակը։
     Ազնիվ, ազնավուր...
     Կարծում եք՝ վերջին բառը փոքրատառով գրվեց սխալմա՞մբ։ Ո՛չ։ Այս «հասարակ» բառն է, որ դարձել է մեր մեծ հայրենակցի ազգանունը (Ազնավուրյան / Ազնավուր), և հիմա ԱԶՆԱՎՈՒՐ-ը մենք նախ և առաջ ընկալում ենք որպես հատուկ անուն։ Սակայն եղել է ժամանակ, որ այս «ազնվական» բառը համարվել է գավառական։ Հավատալի չէ՞։ Բառարաններն են վկայում...
     Ազնիվ,
     Ի՞նչ հետևության ենք հանգում։ Բառերն էլ կարող են ոչ միայն հնանալ, հիրավի կամ հանիրավի կերպով համարվել ապարդի ու ոչ հարգի, այլև ստանալ նոր կյանք, նոր արյուն։
     Գուցե մի քիչ էլ զբաղվենք թռչնաբանությա՞մբ։
     Փորձենք, քանի որ, ինչպես համոզվեցինք, ամեն գիտություն սկսվում է բառով և չունի կյանք՝ առանց բառերի։
     – Ի՞նչ է թռչունը։
     – Տարօրինակ հարց, – կասեք։
     – Իսկ հա՞վը։
     – Ավելի քան տարօրինակ...
     Այդպե՞ս եք կարծում։ Այդ դեպքում ստուգաբանենք։
     Հավ ասելիս հիմա բոլորս հասկանում ենք ընտանի թռչուն, որը, կարելի է ասել, ամենևին էլ չի թռչում։ Բայց, ա՛յ, նախկինում հավերը ոչ միայն թռչունների ա՛յս տեսակն էին, այլև այն բոլոր փետրավորները, որոնք կարող էին նաև սավառնել, անցնել աշխարհից աշխարհ, երկրից երկիր... Սակայն օրերից մի օր ժամանակը չար կատակ խաղաց այս բառի հետ. կտրեց նրա թևերը, և հավը դարձավ ոչ թե սավառնող թռչուն, այլ գետնի վրա քայլող երկոտանի։ Այնպիսի՛ երկոտանի, որը սնունդ գտնելու համար պիտի ծվարեր մարդու հայացքի տակ և քուջուջ աներ հող ու դարմանի մեջ։
     Այժմ ակնարկ նետենք վերևում գործածված բառերին՝ «սնունդ», «դարման», «հայացք» ...
     Նետենք ակնա՞րկ։ Բայց մի՞թե ակնարկը նետում են։ Չէ՞ որ դա ժանրի անվանում է։
     Իհարկե, առարկելի չէ. ժանրի անվանում է, բայց... իմաստներից մեկով, հիմա։ Այս բառը, որի արմատներն են ակն-ը և արկ-ը (բառացիորեն՝ աչք ձգել, նետել) նախ և առաջ նշանակել է «հայացք, նայվածք» ։ Աչքով-ունքով ինչ-որ բան ասելուց, հասկացնելուց էլ ծնվել է ակնարկել-ը։ Ընդ որում, նետել-ն էլ նետ արձակելն է։ Դուրս է գալիս, որ հայացքը կարելի է նետի պես արձակե՞լ։ Ինչ կա որ. թող լինի... Եվ քանի որ մենք էլ ընդամենը թռուցիկ հայացք նետելով պարզեցինք այս բառերի գաղտնիքը, անցնենք վիշտ ու ցավ բուժող դարման-ին, որի մասին գրեցինք քիչ առաջ։ Բուժո՛ղ, բայց դարձյալ սկզբնական իմաստով, իմաստներից մեկով, որովհետև այն դեղ, սնունդ էր նախկինում։ Հետո իմաստի նեղացման պատճառով քիչ-քիչ այնքան սեղմվեց այս բառի «պարունակած» սննդի շրջանակը, որ դարման-ը նշանակեց միայն հարդ։
     Ասացինք, որ դարման-ը նշանակում է նաև դե՞ղ։ Անշո՛ւշտ նշանակում է։ Ո՞վ չգիտի։ Իսկ դե՞ղ-ը։ Երևի արդեն զգացիք, որ մի գաղտնիք էլ ունի վերջինս։
     Այս բառն էլ մի ժամանակ նշանակել է բույս։ Կարելի է ենթադրել. քանի որ բույսերը հաճախ օգտագործել են բուժման նպատակով, ուստի դրանց անվանել են դեղ։ Բայց հետո այս բառերից ամեն մեկը գնացել է իր ճանապարհով, և բաժանվել են նրանց ուղիները...
     «Համեմող բույս» իմաստն է ունեցել «համ» բառից կազմված «համեմ» բառը, որն այժմ գործածում ենք որպես այդ բույսերից միայն մեկի անուն։ Հիմա մեզ համար տարօրինակ է, որ ժամանակին համեմ են կոչվել շատ բույսեր։ Անգամ՝ սոխի մանր սերմը, սամիթը։
     Այլ կերպ ասած՝ համեմ-ը նշանակել է նաև համեմունք, որով մեր նախնիներն իրենց ճաշատեսակներին տվել են համ ու հոտ։ Անշուշտ պարզ է, որ համեմ-ից կազմված «հեմեմել» բառն էլ նշանակում է ոչ միայն համեմով, այլև համեմունքով համեղացնել ուտելիքն ու ըմպելիքը։
     Այսպե՛ս, այո՛։ Ի՞նչ ասես, որ չի պարզվում, երբ պարապ չես նստում ու փորփրում ես բառերի կենսագրությունը։ Այլ կերպ ասած՝ երբ շրջում ես բառերի զարմանահրաշ աշխարհում և պարապում, ասենք, պատմություն կամ բառագիտություն...
     Պարապ... Պարապել...
     Արդյո՞ք այս բառերի մեջ էլ չկա հակասություն։ Չէ՞ որ պարապ-ը նշանակում է անգործ, ազատ, առանց զբաղմունքի, իսկ նրանից կազմված պարապել-ը՝ ճիշտ հակառակը՝ ունի անգործ ու ազատ չլինելու, որևէ բանով զբաղվելու իմաստ։
     Հակասությունն ակնհայտ է, և այս երևույթը նույնպես ունի իր անունը։ Սա էլ կոչվում է բառիմաստի շրջում։ Տվյալ դեպքում բառերի ճակատագիրը որոշել է գլխիվայր շրջել պարապ-ը՝ փոխելով նրա՝ անգործի, անբանի կարգավիճակը։
     Իրար հետ նույնպիսի հակասության մեջ են նաև դեղ-ն ու դեղել-ը, որը, չգիտես ինչու, փոխել է իր արմատի իմաստներից մեկը և ցանկացել մարդկանց ցավը ոչ թե մեղմել կամ բուժել, այլ հակառակը... նրանց թունավորել։ Ահա թե որքան «չար» կարող են լինել նաև բառերը։
     Նույն կերպով բառերի ճակատագիրը վերաիմաստավորել է նրանցից շատերին։ Եվ վերաիմաստավորել է այնպես, որ հաճախ դժվար է հավատալ, թե դրանք եղել են վաղուց՝ միջնադարում, հնադարում։
     Եթե ասենք, թե հնում եղել է օդապարիկ, թերևս ոմանք կասկածեն։ Եվ գուցե ճիշտ էլ անեն, սակայն զարմանալիորեն դա... փաստ է։
     Օդապարիկ... Այսինքն՝ օդի մեջ շրջող, ճախրող, պարող։
     Կարծում եք՝ խոսքը թռչունների՞ մասին է։ Մասնավորապես։ Բայց այս բառը կապվում է նաև, ո՛չ ավել, ո՛չ պակաս... ձիերի հետ։ Զգացի՞ք պատկերավորությունը...
     Իսկ գուցե ունեցել ենք նաև օդաչունե՞ր, եղել է գնա՞ցք...
     – Դե իհարկե՛, – արդեն վստահաբար կասեն շատերը։
     Հետևությունը ճիշտ է, սակայն օդաչուներն այն ժամանակ ոչ թե վարում էին ինքնաթիռ, ասենք՝ «ՄԻԳ» ու «Բոինգ», այլ պարզապես օդով թռչում էին։ Այլ կերպ ասած՝ «օդաչու» նշանակում էր օդի միջով թռչող, չվող, սլացող, որը կարող էր լինել նաև... նետը։ Գնացք-ն էլ ոչ թե նշանակում էր երկաթգծերի վրայով ընթացող շոգեքարշ, ջերմաքարշ, վագոնների մի ամբողջ շարժակազմ, այլ, մասնավորապես, երթ, շարժում, տեղափոխություն։
     Քանի որ հիշեցինք շոգեքարշն ու ջերմաքարշը, խոսենք նաև նրանց շարժող ուժի՝ կրակի, քուրայի մասին։ Ո՞վ կարող է քուրան կապել հանցագործության հետ։ Այն էլ՝ ծանր՝ քրեական։ Դժվա՞ր է...
     Ստուգաբանենք։ «Քրեական» բառը ծագել է քուրա-ից և սկզբնական իմաստով նշանակել է հանք, հանքային, մետաղային։ Կռահո՞ւմ եք շարունակությունը... Կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա եք։ Այո՛, քրեական, այսինքն՝ հանքերում կրակի, քուրայի հետ կապված աշխատանքը դարձել էր թիապարտության պես բան։ Որքան դժվար էր թիավարության գործը, նույնքան տաժանակիր էր նաև թեժ հնոցի մոտ աշխատելը։ Դժվար էր այնքան, որ այդ աշխատանքը պարտադրում էին որպես պատիժ։ Ներկայիս ըմբռնումով դա պատիժն էր քրեական հանցագործների։
     Պարզ է, որ այդ աշխատանքն էլ պիտի կատարվեր ոչ թե պետությանը պատկանող ձուլարաններում (հասկանալի է, որ այդպիսիք չկային), այլ անձնական, սեփական։ Այս վերջին բառն էլ կապվում է սեպուհ-ի հետ։ Սեպուհ կոչվում էին նախարարական տոհմերից սերված իշխանները, ազնվական ծագում ունեցող անձինք։ Այն ամենը, ինչ պատկանում էր նրանց, կոչվում էր սեպուհական (սեպուհ+ական) ։ Վերջինս հնչյունափոխության հետևանքով դարձել է «սեփական», մասամբ փոխել նաև իմաստը և մտել մեր ժամանակների ամենագործածական բառերի շարքը։
     Մտածում եք, թե պաղպաղակ-ը հին դարերի հետ գործ չունի և ստեղծվել է այն ժամանակ է, երբ արվել է սառնարանի գյո՞ւտը։ Իզուր։ Այս բառը նույնպես եղել է վաղուց։ Դեռևս այն ժամանակ, երբ մարդու մտքով էլ չէր անցնում, թե ամառվա տապին հնարավոր է նման բան ճաշակել։
     Հարկավ արդեն ենթադրեցիք, որ այս դեպքում էլ պաղպաղակ է կոչվել մեկ այլ բան, և չսխալվեցիք։
     Պաղպաղակ-ը հետո պիտի իմաստափոխվեր և դառնար սառն անուշեղեն, իսկ սկզբնապես այն նշանակում էր թափանցիկ ու փայլուն սառնատեսակ քար, բյուրեղային կվարց, բյուրեղ։ Բառի որքա՜ն տեղին վերաիմաստավորում՝ վերածնունդ...
     «Լուսավոր», «լուսազարդ» . որպես բացատրություն՝ այս բառերն են գրված մեկ այլ հին բառի ծննդյան վկայականում։ Մի բառի, որն ամենևին առնչություն չուներ այն երևույթի հետ, որը պիտի հայտնագործվեր միայն 19-րդ դարում։ Այս դեպքում էլ խոսքը լուսանկար-ի մասին է։ Դեռևս չկար ո՛չ լուսանկարչությունը, ո՛չ որևէ լուսանկար, բայց կար... բառը։ Ահա և բառը վերաիմաստավորելու մի հրաշալի օրինակ ևս։
     Քանի՞ բնակարան կգտնենք մեր օրերում, որի պատերը պաստառապատ չեն։ Հավանաբար՝ քիչ։ Հասկանալի է, որ հնում պաստառ չի ունեցել ոչ մի բնակարան։ Իսկ լեզո՞ւն... Արի ու տես, որ լեզուն այս բառն ունեցել է։ Այն նշանակել է շորի կտոր, աստառ, որոնք ամենևին կապ չեն ունեցել ներկայիս պաստառների հետ։ Իսկ որպեսզի ունենային, բառը պիտի վերաիմաստավորվեր, որն էլ հաջողությամբ արել է։
     Անցնե՞նք տպագրությանը։
     Երբ որևէ բան հրատարակվում է, ասում ենք, որ այն լույս է տեսել, տպագրվել է։ Իսկ ի՞նչ ենք ասում չտպագրվածների մասին։ Դրա համար նույնպես ունենք հարմար բառ՝ անտիպ։ Օրինակ՝ անտիպ երկեր, անտիպ ձեռագրեր։ Իսկ անցնո՞ւմ է մեր մտքով, որ այս անտիպ-ի նախնական իմաստը տպագրության հետ որևէ կապ չունի (նշանակում է անձև, անկերպարան) ։ Դժվար թե։ Բայց դա կարևոր չէ, որովհետև մենք հիմա դուրս ենք գալու տպարանից, որպեսզի մտնենք... աստվածների սրբավայր (կացարան) ։ Սակայն այդ սրբավայրում մենք կգտնենք ոչ թե Տիրին ու Վահագնին, Զևսին ու Ամուրին, այլ Կոմիտասին, Փափազյանին, Սարյանին...
     Հասկանալի՞ է, որ այս դեպքում էլ խոսքը պանթեոնի մասին է։ Հռոմեացիներն այսպես էին կոչում իրենց աստվածներին նվիրված տաճարը։ Այս անունն այնուհետև տրվեց այն վայրերին, որտեղ թաղվում էին մեծ, երկնաշնորհ անձինք, արվեստի, գիտության «աստվածները» ։
     Ահա այսպես, սիրելի՛ ընթերցող։ Այսպես՝ ամեն բառի տակ թաքնված է մի կյանք, ամեն բառ ունի իր գաղտնիքներն ու ծննդյան վկայականը, կենսագրությունը։ Այս պատճառով են ասում, որ լեզուն նաև գիտություն է ու պատմություն։

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2760 | 0 | 0
Facebook
COMMENT.am