Ինչքան շատ եմ ճանաչում մարդկանց, այնքան շատ եմ սիրում շներին
Մեր քաղաքը ծայրահեղությունների քաղաք է: Կամ շատ-շատ լավ, կամ շատ-շատ վատ: Միջին որակներ չկան: Նույնն էլ կենդանիների հարցում: Գյումրու քաղաքապետարանի ավագանու մակարդակով որոշում է կայացվում կրակելով վնասազերծել շներին: Իսկ քաղաքապետարանից մի քանի փողոց վերև` Ղանդիլյան 95/6 հասցեում կողմնորոշումը ճիշտ հակառակն է` փրկել կենդանիներին ինչքան հնարավոր է:
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ցանկացած զգայուն Գյումրեցի այս հասցեն գիտի անգիր, իսկ Վարդանին ճանաչում է առաջին իսկ խոսքից: Այդ հասցեն մի փոքրիկ, մաքրամաքուր կլինիկա է հիշեցնում: Շատ-շատ մասնավոր ու պետական բուժ-հիմնարկներ, պոլիկլինիկաներ, ատամնաբուժարաններ պիտի որ նախանձեն այն պայմաններին, որ ստեղծել է Վարդան Բաղդասարյանը և որտեղ փողոցում հայտնված վնասված ու վիրավորված, խեղված ու կրակված փիսիկներն ու շնիկները իրենց զգում են ինչպես դրախտում:
Դժվար է պահպանողական Գյումրիում հաղթահարել որոշ բարդույթներ: Ինչպես նաև թափառող կենդանիների նկատմամբ երկակի վերաբերմունքը: Տարիներ շարունակ բժշկին հաջողվել է իր լուռ ու համառ աշխատանքով ստեղծել մտածողության մի ոլորտ, որտեղ այդ նույն պահպանողական Գյումրեցին անճանաչելի կենդանասեր է դառնում:
Վարդանը զուսպ է, ինքնամփոփ, զգայուն, որևէ պարտադրանքի չենթարկվող, ուղղամիտ, շքեղություն չի սիրում, ֆինանսներն էլ իր համար նպատակ չեն...
Հրաշալի է, որ այս օազիսը կա Գյումրիում և կա նրա նման բացառիկ նրբանկատ ու զգայուն մարդ, ով ցանկացած պահի, ցանկացած ժամի կարող է օգնել փողոցում հայտնված փիսիկին կամ շնիկին:
Հրաշալի է և մեր քաղաքի համար հազվադեպ:
Հասմիկ Մելքոնյան Գյումրի