Ամայի փողոցն այս ես գիտեմ.
Ձգվում է պանդոկից անկյունի,
Հասնում է Կույսերի աղբյուրին
Եվ մարում խավարում գինետան:
Կառապան Ալեքն է՝ քո քեռին,
Միասին ենք անցել այս ուղին,
Քաղաքը և այս ծառուղին…
Հիշել ենք անգամ Մելիքին:
Օտար էր Մելիքն այս քաղաքում`
Ինքնամփոփ ու ծպտյալ ծերունի,
Իմաստուն իր խոսքի արանքում,
Թասընկեր, թախիծը աչքերում:
Բազազն է վերից վար մեզ չափում`
Ձեռքերը փորի շուրջ տարածում,
Հուշերում փնտրում է վրիպակ,
Գրպանում՝ դահեկան ու քսակ:
Փալանչի աղան է տրիբուն,
Բանում է ու խոսում օրնիբուն.
Որդեգիր տղային հարմար
Կույս չկա՝ մարմինը մարմար:
Հյուսնի մոտ մարազմ է-զառամախտ,
Մատները թողել է անցյալում,
Կառչել է անկյունի անհաստատ
Թթենուց, որ կտրել են վաղուց:
Պճնամոլ Հարութն է՝ անկայուն,
Անպատեհ հումորներ է անում,
Կանանց մեջ դարձել է ասելիք,
Վարկ ունի, պարտատեր ու տալիք:
Կառապան Ալեքը ու ես
Անցնում ենք հուշերիս փողոցով,
Դու կգաս, հրեշտա՜կ անմարմին,
Գույնզգույն, վառվռուն գոգնոցով:
Ամայի փողոցն այս- ես գիտեմ.
Ձգվում է պանդոկից անկյունի,
Հասնում է Կույսերի աղբյուրին
Եվ մարում խավարում գինետան: