Հենվել եմ օրվա փշաքաղ ուսին,
Երկունքի ցավը պատել է լուսնին,
Տղաբերքի հետ եղեգան փողից
Հուր է բարձրանում, այս դեպքում՝ նորից։
Մով ծովերի մեջ ցոլքերը արծաթ
Տիրոջ ձանձրույթն են ձկան պես ներկում,
Ընդունայնության սահմանը անցանք,
Խառնակ ամբողջի դրույթն ենք հերքում։
Շարժումի մեջ է ամեն բան չքնաղ,
Կնոջ նման է կյանքը՝ նրբիրան,
Այս ասուխոսում եթե դու չկաս,
Աշխարհ չես եկել երկրում Նաիրյան։
Պստիկ լուսնավոր քո տեղն է թափուր
Աստծուն ուրացած այս գնդի վրա,
Այծենակաճիդ դե փոշին թափ տուր,
Գնալ-դառնալուդ պարն է Թամզարա։