Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը» վերջին շրջանում Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայերի նկատմամբ հարձակումների դեմ Ստամբուլի Քոջամուսթաֆափաշայից մինչեւ Սամաթիայի հրապարակ բողոքի երթ է կազմակերպել:
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ` հունվարի 27-ի կեսօրին «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» կազմակերպած բողոք-երթին մասնակցել են ներկա եւ նախկին պատգամավորներ Սեբահաթ Թունջելը, Էրթուղրլուլ Քյուրքչուն, Աքըն Բիրդալը, Ուֆուք Ուրասը, Հրանտ Դինքի եղբայր Խոսրով Դինքը, Կարո Պալյանը, Ֆերհաթ Թունչը եւ այլք:
Երթի ընթացում մասնակիցները պարզել էին «Հայ հարեւանիս չդիպչես», «Ատելությունը` ձեզ, մարդկությունը` մեզ», «Հայ ժողովրդի կողքին ենք, ռասիզմին տեղ չենք տալու» կարգախոսներ:
Սամաթիայի հրապարակում ելույթով հանդես է եկել Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, Մերսինից ընտրված պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն` շեշտելով, որ վերջին շրջանում հայերի դեմ հարձակումներն իրականացվել են այլատյացության հողի վրա: Նա կասկած է հայտնել, որ հնարավոր է, ոստիկանությունն է հարձակումների պատասխանատուն:
Դեկտեմբերից սկսված Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ։ Բոլոր հարձակումներն ունեն նույն ձեռագիրը։ Հարձակումներից մեկի ժամանակ հանցագործը կամ հանցագործները դաժանորեն սպանել են Մարիցա Քյուչուքին։ Հարձակումներից երկուսում հանցագործի դաժան ծեծի հետեւանքով 2 տարեց հայ կանայք զրկվել են աչքերից մեկից։ Իսկ մի դեպքում էլ փորձ է արվել առեւանգել հայ կնոջը։