Loading...

Articles

«Տիկի՛ն Մեյթիխանյան, դե այդ բառերով նախադասություն կազմեք»

21:15, Monday, 21 January, 2013
«Տիկի՛ն Մեյթիխանյան, դե այդ բառերով նախադասություն կազմեք»

Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) հայոց լեզվի եւ գրականության թեստերի վերաբերյալ կազմակերպվել էր քննարկում, որը վարում էր ԳԹԿ խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նշել էինք, որ քննարկումը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի, ու Մանուկ Մկրտչյանը ձեռքն անընդհատ սեղանին էր խփում՝ ներկաներին հանդարտեցնելու մղումով:

Այդ ամենի առանցքում Փառանձեմ Մեյթիխանյան-Աշխեն Ջրբաշյան զույգն էր, որն էլ կազմել էր թեստերը: Դեռ այդ ժամանակ լեզվաբանները դրանք որակել էին անգրագիտություն բուրող: Այս տարի էլ կրքերը բորբոքված են շտեմարանի առիթով, որի առայժմ առաջին մասն է լույս տեսել: Ի դեպ, շտեմարանի համահեղինակներ են դարձյալ Փառանձեմ Մեյթիխանյանն ու Աշխեն Ջրբաշյանը, ինչպես նաեւ Ալբերտ Մակարյանը, Ռիտա Սաղաթելյանը, Մարիամ Կուլախսզյանը, Պետրոս Կարեյանը, Անիչկա Ղազարյանը, Միրցա Հալաջյանը, Աննա Աբաջյանը, Լեոնիդ Թելյանը, Սամվել Մուրադյանը, Ռուբեն Սաքապետոյանը, Գայանե Խալաթյանը, Գայանե Մկրտչյանը, Արշալույս Գալստյանը, Վաչագան Ավագյանը:

Օրերս ԳԹԿ-ում մի «փակ» հանդիպում էր կազմակերպվել աղմուկ հանած ու, ըստ մասնագետների, բազմաթիվ սխալներով եւ վրիպակներով լեցուն շտեմարանի հեղինակների հետ: Դրան մասնակցել էր նաեւ 87 դպրոցի հայերենի ուսուցիչ Անահիտ Ուզունյանը, որին «Առավոտը» խնդրեց տպավորություն հայտնել հավաքի եւ բարձրացված հարցերի վերաբերյալ:

Մասնագետը փաստեց, որ մթնոլորտը շատ լարված էր, քանի որ եւ հեղինակները, եւ նրանց հետ հանդիպմանը ներկայացած հայերենի ուսուցիչները խոսել են միմյանց համար ոչ հաճո թեմայով: Տիկին Ուզունյանի ասելով, ներկաները փաստել են, որ դպրոցն ավարտած երեխայի համար բարդ է ծրագիրը, ու պահանջվող ծավալով եւ խորությամբ ուսումնասիրելը՝ դժվար եւ աննպատակահարմար: «Ախր գործ ունենք երեխաների հետ, ոչ թե բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողի կամ նեղ մասնագետի, ինչու ավելորդ սթրեսի ենթարկել երեխային», - զարմանք է հայտնում մեր զրուցակիցը: Նա պատմեց, որ Փառանձեմ Մեյթիխանյանն ասել է, թե առաջիկայում մասնագետներով կհավաքվեն ու վիճելի առաջադրանքները կքննարկեն: «ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացել էր, թե էնպես կանի, որ դիմորդն ի վիճակի կլինի ինքնուրույն պարապել, բայց երեխային ներկայացվող պահանջներն այնպիսին են, որ նախ ուսուցիչը պիտի մարսի, հետո մատուցի երեխային, ինչը ժամանակի խնդիր է ու մտապահելու: Մենք շտեմարանի հեղինակներից հետաքրքրվեցինք՝ գուցե պատվե՞ր ունեին բարդ առաջադրանքներ կազմելու, որպեսզի առավելագույն միավոր ոչ բոլորը կարողանան ստանալ՝ զուբրիտով: Ամեն դեպքում տպավորությունն այդպիսին էր: Իմիջիայլոց, մեր պայքարը Մեյթիխանյանի մարդկային տեսակին չի վերաբերվում՝ հիմա կին է, ասել են՝ ինչ անի, ինքն էլ արել է: Ու քանի որ արվել է կարճ ժամանակում, բնական է, որ արդյունքն այսպես պետք է լիներ: Բացի այդ, մատուցման եւ որակի խնդիր կա», - նշում է Ուզունյանը: 87 դպրոցի ուսուցչուհին հայտնեց, որ Փառանձեմ Մեյթիխանյանին քանիցս առաջարկել է շտեմարանում ընդգրկված մի շարք բառերով, այդ թվում «դարձիչ»-ով ու «հոտոտ»-ով, նախադասություն կազմել, սակայն առաջարկը մնացել է օդում կախված: Շտեմարանի համահեղինակը նախադասություն կազմելու փոխարեն՝ ընդամենը հարցրել է. «Ինչու դուք էդպիսի բառեր չե՞ք օգտագործում»: Անահիտ Ուզունյանը մտահոգված է. «Ցավոք, ես հասկացա, որ տպագրվելու է նաեւ շտեմարանի երկրորդ մասը, որովհետեւ ամեն մեկն աշխատանք ունի արած եւ վճարվելու ակնկալիք կա, այսինքն՝ բիզնեսի նման բան է դարձել: Իսկ մեր պայքարի նպատակն այն էր, որ գոնե շտեմարանի երկրորդ մասը լույս չտեսնի, երեխաները հասցնեն ադապտացվել առաջինին: Ախր այնպիսի հնարանքով են ստեղծված հարցադրումները, որ ահագին բան ամբարած ու սովորած երեխան կարող է վերջում վատ գնահատվել»:

Հիշեցնենք, որ Ֆեյսբուքում եւս ստեղծվել է՝ «Պայքար անորակ շտեմարանների դեմ» խումբ, որն առաջարկում է վերանայել դրանք:
    
    
     Աղբյուրը`aravot.am

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
24245 | 3 | 0
Facebook