Loading...

Articles

«ՊԳԵԴ-YSSF»-ի երիտասարդները երբեք չեն զինաթափվելու

10:14, Tuesday, 27 May, 2014
     «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը 2013-2014թթ-ի ուսումնական տարին սկսեց հավակնոտ կրթական ու հասարակական ծրագրերով, որոնք գրեթե բոլորն էլ ավարտվեցին նշանակալից արդյունքներով և գոհացնող ցուցանիշներով: Օրեր առաջ մեր Դպրոցում ավարտվեցին «Բանավեճի արվեստ» և «PR-Marketing և Գովազդ» առարկաների դասընթացները, որոնցով էլ մենք եզրափակում ենք այս ուսումնական տարին:
    
     Դասընթացներն հաջողությամբ ավարտած երիտասարդների համար Դպրոցը նախապատրաստել էր հավաստագրերի հանձնման և հրաժեշտի արարողություն, որին հրավիրվել էին նաև Դպրոցում որպես հրավիրված դասախոսներ Արմինե Դավթյանը և Լուսինե Իգիթյանը՝ «Խարիզմա» հասարակական կազմակերպությունից: Օրն այնքան հագեցած էր և առատ հուզիչ տեսարաններով, որ ժամացույցն՝ իր սլաքներով, արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում: Երկու ամսից քիչ ավելի միասին անցկացնելով, դասախոսներն ու սաները հարազատ էին դարձել միմյանց: Բացի ձեռք բերված գիտելիքներից, յուրաքանչյուրը մի մեծ բաժին դրական լիցքեր էր ստացել ամբողջ կյանքի համար:
    
     Դպրոցի 2014թ-ի ավարտական հավաստագրերի հանձնման արարողությունը սկսվեց «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ նախագահ Գևորգ Մանուկյանի հրաժեշտի և բարեմաղթանքի խոսքերով, որի մեջ, ինչպես միշտ, գերիշխում էին խրատներն ու պատվիրանները, գիտելիքների կիրառման կարևորությունը և դրանք պարբերաբար համալրելու ցանկությամբ զինվելու պատրաստակամություն ունենալը:
    
     Հավաստագրերի հանձնման պատվավոր պարտականությունն սկսեց Հ/Կ աշխատակազմի ղեկավար Սեդա Վարդանյանը, ում առաջարկով հավաստագիր ստացող յուրաքանչյուր ուսանող պետք է իր մաղթանքները հղեր հաջորդ ուսանողին: Շատ հետաքրքիր և հաճելի ստացվեց հավաստագրերի հանձնման այդ տարբերակը, ինչն ավելի ջերմ ու անկաշկանդ դարձրեց մեր ավարտական միջոցառումը: Արարողության մի հատվածում «Խարիզմա» Հ/Կ նախագահ Արմինե Դավթյանը բոլորիս հուզեց իր անակնկալով՝ ընթերցելով Պարույր Սևակի «Որդուս» բանաստեղծությունը, ինչն ավելի բորբոքեց բոլորիս հոգիները: Մեծ սիրով ուզում եմ կիսվել հատկապես այն տողերով, որոնք պարզապես «տակն ու վրա» արեցին իմ զգացմունքները.
    
    
... Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալիկս, կմեծանաս,
     Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
     Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
     Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին....
     Մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է մեջք են ծռում,
     Երբ որ պետք է, հռհռում են, պետք է՝ ժպտում, պետք է՝ լռում....
     ... Դու մի եղիր կյանքում տհաս, դու հենց այս գլխից, մի մոռացիր երբեք, տղաս.
     Ազնվությունն այն է միայն, որ չի փոխվում ՝ ոնց էլ շուռ տաս,
     Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ...
     Հպարտ եղիր, բայց ոչ գոռոզ, հորդ նման հպարտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,
     Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել....
    
    
Հուզմունք, թախիծ, ուրախություն, ամեն բան խառնել էր մեզ ու միավորել: Գրեթե բոլորիս մոտ գերիշխում էր այն միտքը, որ դժվար է պատկերացնել հաջորդ շաբաթն առանց դասընթացների, սակայն մեր ամուր և կայացած ընկերությունը մեր գործի շարունակելիության հույսեր է տալիս մեզ:
    
     Գրեթե բոլոր ուսանողների անունից ուզում եմ բարձրաձայնել ու մաղթել. «Թող այս հրաշալի ու ավարտական ակորդը հաղթական ավարտ լինի դպրոցի պատմության հերթական մասի և հրաշալի սկիզբ՝ հաջորդի համար»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3667 | 0 | 0
Facebook