Loading...

Articles

Հռետորական արվեստը՝ Պետական Գործիչների դպրոցում

12:19, Tuesday, 25 March, 2014
     «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» գործընկեր «Խարիզմա» Երիտասարդական Հասարակական Կազմակերպության ղեկավար Արմինե Դավթյանը և նույն ՀԿ-ի մասնագետ Լուսինե Իգիթյանը ԱՄՆ-Վերմոնտ համալսարանի պրոֆեսոր Ալֆրեդ Շնայդերի ղեկավարությամբ վերապատրաստվել են «Բանավեճի մշակույթ» ծրագրով և ստացել են այդ ոլորտում վերապատրաստողի որակավորում:
    
     2014թ-ի մարտի 22-ին հիշյալ մասնագետները մեր Դպրոցում իրականացրեցին «Հռետորական խոսքի արվեստ» թեմայով գործնական թրեյնինգ, որը բանավեճի մշակույթի անքակտելի մասն է կազմում: Ուսումնական ողջ գործընթացն անցավ խիստ դինամիկ պայմաններում, ինչը խոսում էր սեմինարն իրականացնողների բարձր պատրաստվածության ու նյութի տիրապետման մասին: Նրանց հաջողվում էր մատուցել ինչպես գիտելիքներ, այնպես էլ տեղում ցույց տալ դրա հնարավոր կիրառման ձևերն ու եղանակները: Ունկնդիրների համար ընտրված ինտերակտիվ մեթոդներն ու վարժությունները տալիս էին իրենց դրական արդյունքը՝ հնարավորություն տալով երիտասարդներին ինքնարտահայտվելու, հակադրվելու և բանավիճելու:
    
     Երիտասարդներին հատկապես գրավեց այն հանգամանքը, որ դասն ընթանում էր գրեթե իրենց ընտրած ուղղով և հենց իրենց անհանգստացնող խնդիրների շուրջ: Ինչպես Դպրոցի մյուս դասերի ժամանակ, այնպես էլ հիմա, հնարավոր չեղավ չքննարկել նաև այնպիսի հիմնախնդիրներ, որոնք առնչվում են պետական-քաղաքական և հասարակական ոլորտին, այս կամ այն տրամաչափի գործիչներին: Այնուհանդերձ, այդ ամենը ոչ թե շեղեցին ուսանողներին սեմինարի հիմնական բովանդակությունից, այլ հակառակը, նպաստեցին նյութի առավել առարկայական ընկալմանն ու յուրացմանը: Թրեյնինգը բավականին տարողունակ էր, հագեցած ժամանակակից ու կիրառական օրինակներով, ընդհուպ մինչև կենցաղային իրավիճակների նկարագրություններով, որոնք ավելի հեշտացնում էին առաջին հայացքից բարդ թվացող երևույթների ընկալումը և որոշ իրադարձությունների միջև հորիզոնականներ անցկացնելու գործընթացը:
    
     Յուրաքանչյուր դասավարտին տեղի ունեցող ամփոփիչ քննարկման՝ հետադարձ կապի ապահովման ժամանակ, Դպրոցի սաներն իրենց անթաքույց հիացմունքն արտահայտեցին դասավանդողներին՝ ինչպես տրված գիտելիքներից, այնպես էլ նրանց խորհուրդներից, որոնք նոր լույսի ներքո էին ներկայացնում հռետորական արվեստին առնչվող ու մինչ այժմ իրենց հստակ թվացող շատ նրբություններ ու հնարքներ:
    
     «Պետական Գործիչների Երիտասարդական դպրոց» հասարակական կազմակերպությունը, իր առջև նպատակ դնելով երիտասարդներին ապահովելու որակյալ, անհրաժեշտ ու կիրառական գիտելիքներով և հմտություններով, մշտապես պատրաստ է համագործակցել բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնց գերակա շահը բարեկիրթ երիտասարդություն և առողջ հասարակություն ունենալն է, համամարդկային արժեքներն ու մեր ավանդական արժեհամակարգի պահպանումը: Մեր սկզբունքներից մեկի համաձայն, մենք ոչ թե բողոքում ենք անորակ կրթությունից կամ երիտասարդների հանդեպ ցուցաբերվող անտարբերությունից, այլ փորձում ենք վերացնել տգիտությունը համատեղ աշխատանքով ու շարունակական ինքնակրթությամբ և նվաճել հարգանք՝ միմիայն վաստակելով:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5038 | 0 | 0
Facebook