Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ/պատմվածք/

07:46, Friday, 24 May, 2024
ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ/պատմվածք/

Սկզբում ամեն բան լավ էր: Մոր գնալուց հետո հայրը ճաշ տաքացրեց, վերջում թեյեցին և, բակի լույսերը հանգցնելով, բարձրացան ձեղնահարկ: Պատուհանը փակ էր, ներսում՝ տոթ: Աղջիկը խնդրեց գիշերը բաց պահել փեղկը: Նոր հունիս էին մտել, և մոծակներ չկային: Հայրն օգնեց դստերը հագնել գիշերանոցը, ջուր տվեց ըմպի, ապա ինքը պառկեց: Մահճակալին մեկնվելիս՝ ծակոց զգաց սրտի հատվածում՝ այնքան անսպասելի ու ուժգին, որ չկարողացավ արտաշնչել: Դստեր անունն արտաբերել ևս ի վիճակի չեղավ. շրթունքներից ելածը ոչ թե հնչյունների հստակ կապակցություն էր, հերթագայություն, այլ անորոշ մի բան:

-Հայր, բան ասի՞ր, -աղջիկը, որ դեմքը պատի կողմն էր արել, շրջեց: -Քնեցիր, բա հեքիա՞թ:

Պատասխան չառնելով՝ երեխան լռեց: Նա նույնպես կքներ, սակայն անորոշ մի ձայն ևս որսաց ականջը. այդպես ռետինե խողովակից օդն էր դուրս գալիս՝ տեղը զիջելով ոռոգման ջրին, երբ բացում էին փականը:

-Ի՞նչ ես անում, չեմ հասկանում:

Հայրը չարձագանքեց: Պատուհանից թափանցող լույսը քիչ էր՝ որոշելու ծնողի քնած-չքնած լինելը: Աղջիկը վճռական իջնելով մահճակալից՝ անվարան գնաց դեպի անջատիչը:

-Լույսը վառում եմ, -ասաց, ձեռքը տարավ սեղմակին:

Սենյակը լուսավորվեց: Հայրը, յոգերի ուսմունքին հետևելով, գլուխը դեպի հյուսիս էր պառկել, ու հիմա վերստին հասկանալի չէր, ինչ բանի է: Աղջիկը տեսնում էր ուսի մի մասը, մահճակալից կախված ձեռքը: Մարմինը վերմակի տակ էր՝ ծնկամասում թեթևակի ուռուցիկ:

-Քունս չի տանում, -երեխան մոտենալով իր մահճակալին՝ նստեց, պատրաստ դիտողության, սակայն հայրը մնջվել մնացել էր:

Անորոշ տագնապ համակեց դստերը:

-Վախենում եմ, մոտդ գամ, -առանց պատասխանի սպասելու՝ ելավ, ոտաբոբիկ առաջացավ:

Հայրն աչքերն առաստաղին՝ լռում էր:

-Հայրի՞կ…-մատներով դիպավ ուսին:

Մարմինը տաք էր: Բարձրացնելով հատակին հասած ձեռքը՝ դրեց վերմակին, հետո հիշեց՝ նա անցյալում էլի է նման կատակներ արել. մեկնվել է գորգին, իբր մեռած է ու շունչը պահել: Ելնելով հոր փորին՝ խուտուտ է տվել վիզը, քթից, ականջից քաշել այնքան, մինչև փռթկոցով բացել է աչքերը կամ շնչահեղձ՝ դադարեցրել խաղը:

Երեխան շարժեց հորը, այնուհետ թեքվելով վրան՝ մատներով դիպավ կոպին, թեթևակի սեղմեց: Հայրը գոցեց մի աչքը, մյուսով շարունակեց նայել, բայց ոչ դստեր ուղղությամբ:

-Խաբում ես, գիտեմ, խաբում ես, որպեսզի հեքիաթ չպատմես, -նա քաշեց հոր ականջաբլթակից, ապա դարձյալ դիպավ՝ այս անգամ բաց աչքին: Կոպը կիսով չափ վրա եկավ: Աղջիկը բացեց-փակեց հոր ոպերը, հետո սրտնեղած՝ ելավ անկողնուն:

-Այ, իսկականից կնեղանամ, -ապա բղավեց, -հա՛յր, -ու փութվ շարժեց: -Եթե չխոսես, լաց կլինեմ, տես, -երեխան հեծկլտաց:

Արտասուքը ցայտեց աչքերից, վայրկյան անց այտերն ի վար հոսելով՝ հասավ բերանի անկյանը, շարունակեց ճամփա որոնել: Նա փորձեց զսպել իրեն, սակայն այլևս անկարող՝ անզուսպ հեկեկաց, միաժամանակ հոր ծնկներից տեղաշարժվելով, կծկվեց մահճակալի ազատ անկյունում: Արցունքը չօգնեց: Ուրիշ ժամանակ հայրն ընդոստ կթողներ խաղն ու գիրկն առնելով դստերը՝ կգգվեր, հետն էլ կմրմնջար՝ լավ, լավ, հանգստացիր, հիմա քեզ հեքիաթ կպատմեմ, ո՞րն ես ուզում, Հոնգուր-հոնգուրիկի ու Բուռ-բուռիկի մասին, հա՞: Բանը սակայն, հեքիաթի չէր հասնի, որովհետև դուստրը, մոռացած նեղսրտանքը, կսկսեր հարցերի տարափը՝ քույրիկներն ինձնից ավելի լացկան են եղել, չէ՞, Բուռ-բուռիկը Խանդութն է, թե՞ Սաթենիկը, իմ անու՞նն ինչ է, ես… ասե՞մ ով եմ, հիմա: Ես…

Հիշողությունները խաղաղեցրին երեխային: Թևքով սրբեց աչքերը, ետ տարավ դեմքը ծրարող մազափունջը: Տեսարանը նույնն էր: Հոր հետ բան է պատահել, ու նա օգնության կարիք ունի, -որոշեց աղջիկը: Հայացքն ակամա առավ ժամացույցին. Տասն անց էր: Նա ժամացույցից, ժամից ու ժամանակից չէր հասկանում, ընդամենը գիտեր, որ փոքրերի «Բարի գիշերը» վաղուց է անցել, որովհետև երբ թեյելուց հետո խնդրեց միացնել հեռուստացույցը, մեղեդին ծրագրի ավարտն էր ազդում: Այդպես էլ պատկերի հայտնվելուն չսպասելով՝ վերստին անջատեցին:

Ձեղնահարկի աստիճանահարթակի լույսը հայրը չի անջատում: Հիմա ինքը կհագնի հողաթափերը և դուրս գալով՝ օգնության կկանչի Վահան պապիկին: Հիշում է, հայրը գոցեց նաև դարպասը: Սողնակը ետ քաշել չի հաջողվի /երբեմն մեծերն են դժվարանում/, բայց ձայն տալ կարող է: Երկյուղելու հարկ չկա: Ամառանոցի իրենց փողոցում մշտական միայն պապն է ապրում՝ երկու շների հետ: Փրչոտը կապի տակ է, անհնազանդ Չալոն՝ միշտ դրսում: Հնարավոր է, հիմա պարսպին ելած լինի կամ թե դարպասի առաջ մրափելիս: Դուռը չբացած՝ կսկսի աճպարարությունը: Լավ շուն է, մարդամոտ:

Աղջիկն ընթացքում հագնելով շրջազգեստը և ոտքերն անցկացնելով հողաթափերը՝ բացեց դուռը: Խաղաղ գիշեր էր: Սանդուղքի մետաղյա բազրիքից բռնած, որպեսզի բան է, չսայթաքի, իջավ: Դարպասն ստվերել էին ծառերը: Մետաղյա դռնակը շրջանակին սեղմ չէր նստում: Աղջիկը մատնաչափ ճեղքից նայեց. Չալոն չէր երևում:

-Վահան պապիկ, -ձայնը թույլ հնչեց, անվստահ, բայց դա բավական էր, որպեսզի Փրչոտը հաչոցով հայտնի իր՝ բակում լինելը:

Շան ներկայությունից՝ թեկուզև բարձր, քարակոփ պարսպից անդի, աղջիկը գոտեպնդվեց:

-Վահան պապի, հայրիկս…-ձայնեց՝ չկարողանալով միտքը ձևակերպել:

Փրչոտը հաչաց՝ ձգելով շղթան: Լռության մեջ նրա հանած աղմուկն այնքան անախորժ էր, որ երեխան նեղսրտեց.

-Սուս, չես թողնում բան ասեմ:

Շունն ըմբռնեց, թե ոչ, սակայն լռեց: Երեխան լարվեց, հուսով էր, հրես, հրես կլսի դռների բացվել-խփվելու և Վահան պապի խռպոտ կանչը.

-Հա, գալի՜ս եմ:

Վերևից՝ ձեղնահարկի հարթակից, ավելի բարձր կհնչի, համ էլ դարպասի մոտ վախենալու է: Չալոն, տեսնես, ուր է կորել:

Աղջիկը ետ եկավ: Գուցե հայրիկն արթնացել է, - ընթացքում ծնված խոհից հուսավորված՝ բացեց ննջարանի դուռը: Դրսի կիսախավարից հետո ներսի վառ լույսը այլ ժամանակ տրամադրող էր, հիմա վախեցնող անդորր կար դատարկ, կոկիկ հարդարուն մահճակալներում, ժամացույցի թիկ-թակում, մեծ քրոջորդու՝ երկամյա Բագրատի ու իր խաղալիքների մեծղի արկղում, սենյակի մնացյալ խորշերում, հոր անշարժ կեցվածքում:

Թե իրենք ինչու մնացին: Հայրն էր, էլի՝ ես ու Տաթս չենք գալիս, դուք գնացեք: Մեքենայում, հո, տեղ կար: Այժմ բոլորը տանը կլինեին՝ լողացած, մաքուր:

Աղջիկը դարձյալ հեկեկաց, սակայն մոտ չգնաց մահճակալին, այլ, վերստին դուրս գալով հարթակ, հենվեոլով ճաղաշարին՝ հայացքն հառեց աստղերին: Ձեղնահարկի պատը մասամբ փակում էր տեսադաշտը, և լուսինը չէր երևում, փոխարենը դիմացն ամբողջ ազատ էր: Ահա շերեփը, հայրն է քանի՜ անգամ ցույց տվել: Ամենապայծառն աստղ չէ, այլ մոլորակ: Անու՞նն ինչ էր:

Մտաբերեց, որ պիտի ձայն տա պապին: Ոտքի ելնելով՝ որքան ուժ ուներ բղավեց.

-Վահան պապիկ…-ապա ականջ պահեց:

Փրչոտին ի՞նչ պատահեց: Հա՜, Չալոն չկա, դրա համար է ոռնում՝ մենակությունից:

-Սուս, թե չէ նորից լաց կլինեմ, -հազիվ իրեն լսելի՝ սաստեց շանը:

Ծարավ էր: Բացեց դուռը, մոտեցավ, ջուր լցրեց բաժակը, ումպերով խմեց, մնացածով թրջելով ափը՝ քսեց հորճակատին: Գուցե ուշքի գա, լավանա՞: Մի քանի կաթիլ ընկավ հոր կոպերին, քթարմատին: Վերմակի եզրով փորձեց մաքրել: Տեսավ լռվել, մետեցնել չի լինում՝ բարձրացնելով գիշերանոցի փեշը, սրբեց ծնողի դեմքը:

Հայր, խնդրում եմ, վեր կաց:

Իսկ եթե հանի մաքուր օդի՞, գուցե շունչը բացվի՞: Երեխա էր. մտածելն ու գործի անցնելը մեկ եղավ: Բռնելով հոր դաստակից սկզբում թույլ, ապա՝ ուժով քաշեց: Դիմադրություն չկար, և ծնողի գլուխը մինչև գոտկատեղ կախվեց՝ հասնելով հատակին: Անցնելով մահճակալի մյուս կողմն ու բռնելով ոտքերից՝ իր կողմը ձգեց: Վերմակը խանգարում էր: Ելավ մահճակալին, անկյունը քաշեց տակից՝ կրկնելով շարժումները: Մի փոքր էլ… Հայրը մահճակալից թեքությամբ խուլ թմփոցով ընկավ:

-Վախ, ցավե՞ց, հիմա կուղղեմ:

Ծնողը կողքի վրա ինչպես ընկել, մնացել էր՝ չռած ոտքերով, թևքի մեկը տակը, մյուսը դեմքին: Փորձեց դարձնել մեջքի վրա: Ուժը չպատեց: Լավ է, բերանքսիվայր չէր պառկած: Ուսերի, փորի կողմից հրեց: Դժվարությամբ, բայց հայրը դեմքով շրջվեց դեպի առաստաղը: Մարմնի մի մասով մահճակալի տակ էր: Գլխի կողմից քաշելով՝ ուղղեց:

-Հիմա, հիմա, -մրմնջում էր, տենդի մեջ շնչակտուր՝ կարգի բերում:

Մարմինը չէր պաղել, թեև չուներ առաջին պահի ջերմությունը: Գլխից, ուսերից բռնած՝ քաշելով հասցրեց դռանը: Շեմը կանգնեցրեց ընթացքը. այլևս անկարող էր շարժել: Հայրը, ուսի մի հատվածը դրսում, լռվել-մնացել էր: Բերելով բարձը՝ հարմարեցրեց գլխի տակ:

-Հանգստացիր, հիմա կլավանաս, հաստատ բան եմ ասում, -նա մեջքով հենվելով բազրիքին՝ դեմքով դեպի ծնողը, սպասեց արթնանալուն:

Տեսնես ժամը քանի՞սը եղավ: Մայրը, քույրը քնած կլինեն՝ անտեղյակ, որ Տաթն արթուն է, որ հայրիկը վատ է զգում՝ ոչ խոսում է, ոչ շարժվում: Ի՞նչ եղավ, ինչու՞ լռեց, մեկեն այսպես թուլացավ: Պատասխանի փնտրտուքի մեջ ահագին ժամանակ անցավ: Զգաց՝ քնում է, որպեսզի չընկնի, բնազդով պպզեց:

Երազում դարձյալ հոր հետ էր: Նա հանել էր բաճկոնը, գցել դստեր ուսերին ու ձեռք ձեռքի դիտում էին աստղացան երկինքը, որտեղ, հայրիկի ասելով, խավարից անդին էլի լուսատուներ կան, անթիվ արևներ, տիեզերքն էլ սահման չունի, ու այնտեղ ոչինչ չի մեռնում, իսկ Աստված ամենուր է, մարդը՝ նրա էության մի դրսևորումը…

Աղմուկն արթնացրեց մանկանը: Փողոցում մեքենա էր կանգնել՝ լույսերը վառած: Չալոն հաչում էր, փրչոտը կաղկանձում՝ կտրատելով շղթան: Լսեց դարպասների ճռնչյունով բացվելը: Ուրեմն՝ Վահան պապը քաղաք էր գնացել, իսկ Չալոն ետքից հասել է մայրուղի՝ սպասելով վերադարձին: Ահա թե ինչու պապը չէր լսում իր կանչը, ինչու՞ չէր արձագանքում Չալոն: Աղջիկը, բռնվելով ճաղաշարից և ուշադրություն չդարձնելով ոտքերին իջած թմրությանը, ելավ.

-Վահան պա՛պ, -կանչեց, -Վահան պապի՜կ, հայրիկս լավ չի զգում:
    
    


    

Արամ Հովհաննիսյան, «Հայրիկ, դու չես վախենում» շարքից:


    

Արամ Հովհաննիսյան, «Հայրիկ, դու չես վախենում» շարքից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1077 | 0 | 0
Facebook