Loading...

Articles

ՄԵՐ ԿԱՐՈՏԸ ՀԱՎԱՏԱԼ ՈՒ ՍՊԱՍԵԼ Է ՍՈՎՈՐԵԼ...

21:31, Thursday, 24 April, 2014
     Ամեն առավոտ մենք բարի լույս ու բարի օր էինք միմյանց մաղթում, ամեն երեկո ես հեռվից նայում էի քեզ, բարի գիշեր ու ջերմ երազներ մաղթում: Մենք հասկանում էինք իրար, թեպետ հեռավորությունը մեծ էր, բայց այսօր՝ առավոտյան, երբ սովորականի պես ես դուրս եկա, որ նորից ողջունեմ քեզ, ժպտամ քեզ… դու մռայլ էիր… սովորականի նման դու չժպտացիր, ես աչքերիդ փայլը չտեսա, քո հպարտ կեցվածքը իր տեղը զիջել էր մի խղճուկ ու անօգնական կեցվածքի: Դու էիր, ա՜խ, դու չէիր: Ոչինչ չկար, ոչ մեկ չկար. Ժամանակը կանգնել էր, ամեն-ամեն բան հող ու փոշի էր դարձել, մի ամբողջ տիեզերական հարթության վրա միայն ես և «ԴՈՒ» էինք: Ես կամաց շշնջացի.
     -Բարև…
     -Բարև, -կարծես աչքերդ շուրթերիդ փոխարեն թաքուն ու կամացուկ բարևեցին ինձ:
     Ատում եմ այս լռությունը, ատում եմ նրան իմ ամբողջ հոգով ու սրտով: Նա լլկում է ինձ, տանջում, առուծախի ենթարկում, շնչահեղձ անում ինձ: ՈՒզում եմ խախտել այս անիծյալ լռություը, բայց աչքերդ՝ թախծոտ, արցունքակալած ինձ լռեցնում են, հաս-կացնում, որ լռությունը երբեմն ավելի խոսուն է: Անցան ժամեր, երկինք ու երկիր միմյանց դեմ դուրս եկան, որոշեցին բաժանել ինձ ու իմ խորհրդավոր «Դու» -ին: Դու՝ Արարատ, դու իմ Հայ…ՈՒ այսպես գժվել կարելի է. ես, դու խենթ դարձած զրուցում էինք, թերթում անցյալը, գժվում, գոռում, բողոքում ու նորից լռում: Մի ներքին հպարտություն ու ոգևորություն կա ներսումս, Արարատս անկեղծանում է ինձ հետ, սիրտը բացում ու իր դարավոր սպիների պատճառը պատմում:
     Ամպերի նման գլխիս են հավաքվել հազարավոր հարցեր՝ ի՞նչ, ինչի՞ համար, ինչպե՞ս և ամենակարևորը՝ ինչու՞: Դժվար է, երբ դաժան իրողության թիրախում ես հայտնվում, տեսնես՝ ինչմե՞ս է ապրում Արարատս՝ այդ վշտով պատված սրտով: Երանի կարողանամ մի գեղեցիկ օր արթնանալ, արագ քեզ մոտ շտապել ու ձեռքդ բռնած քեզ տուն վերադարձնել, տառապյալ հայերի ուրախության ճիչը լսել, կորստյալ Մասիսի համն ու հոտը զգալ, ձայնը լսել, հպարտանալ ու գոռալ, որ նա իմն է, որ նա մերն է:
     Կարոտել եմ քեզ իմ «հայ» Արարատ, բայց կարոտս անհույս ու անհավատ չէ, անսփոփ ու որբ չէ: Մեր կարոտը հավատալ ու սպասել է սովորել: Չնայած կարոտը փաթաթվել է կոկորդներիս, այնուամենայնիվ այդ նույն կարոտը փրկում է մեզ օտարացումից: Զարթնի՛ր Մասիս մենք դեռ գալու ենք, դեռ հայը գալու է քո ետևից...
     Հեղինակ` Գայանե ՄՆՈՅԱՆ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3672 | 0 | 0
Facebook