Վերջիվերջո դա ՀԱԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի կայքն է
Կայքի լրահոսին ծանոթանալիս մի պահ նույնիսկ անհասկանալի է դառնում վերջիվերջո դա ՀԱԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի կայքն է: Մեր հավաստի աղբյուրը հայտնում է, որ ԲՀԿ-ն իր PR-ի համար քողարկված ձևով օգտագործում է «iLur.am» -ը, ինչի դիմաց գումարներ է տալիս անձամբ Լևոն Զուրաբյանին: «iLur.am» -ում աշխատավարձը տրվում է ամսվա կեսին, քանի որ Լ. Զուրաբյանին նույնպես գումարները փոխանցվում են այդ ժամանակ: Վերջին շրջանում խմբագրության աշխատակազմում առկա է դժգոհություն առ այն, որ կայքի գործունեության ապահովման համար գալիս են մեծ գումարներ, սակայն իրենց հասնում է դրա միայն մի մասը, այն տրվում է ուշացումներով և նույնիսկ լինում են դեպքեր, երբ ուշացումների կամ հարգելի բացակայության պատճառով համապատասխան պահումներ են արվում առանց այդ էլ ցածր աշխատավարձից: Կայքի լրագրողների վրդովմունքն իր գագաթնակետին է հասել այն ժամանակ, երբ նրանք չեն ստացել վերջին ամսվա աշխատավարձը, իսկ պատճառը եղել է այն, որ Լ. Զուրաբյանն այդ գումարները ծախսել է «Կալբասնոցում» իր 50-ամյակը նշելու համար: Բանն այն է, որ ՀԱԿ փոխնախագահի իրական ծնունդը մարտի 9-ին է, սակայն խնջույքը կազմակերպվել է մեկ շաբաթ անց՝ մարտի 16-ին, որովհետև Երևանի մի քանի ռեստորաններ «հարգալից» կերպով մերժել են ԱԺ պատգամավորի՝ խնջույքն կիսաապառիկ անցկացնելու առաջարկը, ինչից հետո նա ստիպված է եղել հետաձգել իր ծննդյան արարողությունը՝ մինչև ամսվա կես, որպեսզի տեղ հասնեն ԲՀԿ-ի փողերը: Արդյունքում ստացվել է, որ Լ. Զուրաբյանը Կոտայքի մարզի «Կալբասնոց» օբյեկտում իր 50-ամյակը նշել է «iLur.am» -ի լրագրողների աշխատավարձի համար նախատեսված փողերով: Մեր աղբյուրը խոստացավ առաջիկայում անդրադառնալ նաև ԲՀԿ-ում Լևոն Զուրաբյանի ֆինանսական «կուրատորի» և գումարների փոխանցման մեխանիզմների թեմային: |