Loading...

Articles

«Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին և լուծեցիր բոլորիս վրեժը»

09:47, Wednesday, 02 April, 2014
     Մարդասպանությունն աններելի է թե' իրավական, թե' բարոյական դաշտում: Սակայն երբեմն պետք է ճշտել ՄԱՐԴ սահմանման չափորոշիչները:
     Այսօր հայ հայ ազգային–ազատագրական շարժման մարտիկ ու մեծ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է, ով ի կատար ածեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի մահավճիռը:
     Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) 1912 թ-ին ավարտել է Երզնկայի Կեդրոնական վարժարանը, 1918–19 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:
     1913 թ-ին մեկնել է Եվրոպա՝ ուսումը շարունակելու, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան: Մեկնել է ռազմաճակատ, կռվել Անդրանիկի ջոկատում: 1918 թ-ին վիրավորվել է, տեղափոխվել Թիֆլիս:
     1919 թ-ին մեկնել է Հյուսիսային Կովկաս, ապա՝ Կոստանդնուպոլիս:
     1919–20 թթ-ին Կոստանդնուպոլսում տեղի է ունեցել երիտթուրքերի դատավարությունը. հայերի տեղահանության ու ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային հեռակա դատապարտել են մահվան:
     Շահան Նաթալիի նախաձեռնությամբ ստեղծվել է «Նեմեսիս» ահաբեկչական գործողության ծրագիրը, որը կարճ ժամանակամիջոցում իրագործել են Սողոմոն Թեհլերյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թոռլաքյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Ստեփան Ծաղիկյանը:
     Որոշելով վրեժխնդիր լինել Թալեաթից՝ Թեհլերյանը որոնել է նրան մի քանի երկրում և վերջապես հայտնաբերել Բեռլինում: 1921 թ-ի մարտի 15-ի առավոտյան Թեհլերյանը փողոցում դիմահար կրակոցով սպանել է Թալեաթին և հանձնվել ոստիկանությանը:
     Սողոմոնին բանտում առաջինը այցելում է մի վանական, ով տեսնելով նրան բացականչում է. «Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին և լուծեցիր բոլորիս վրեժը»:
     Դատավարության ընթացքում Թեհլերյանը, ընդունելով սեփական մեղքը, բացատրել է իր արարքի դրդապատճառը, մերկացրել երիտթուրքերի հանցավոր հակահայ քաղաքականությունը: Գերմանացի հասարակական և հոգևոր գործիչ Յոհաննես Լեփսիուսը` որպես վկա, մերկացրել է երիտթուրքերին և նրանց պարագլուխներին:
     «Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշային սպանելու մեջ»: «Ոչ», - դատարանի որոշումն էր: Սողոմոն Թեհլերյանը աշխարհում միակ արդարացված մարդասպանն է: Նա ընդունեց իր մեղքը, սակայն դատարանը անմեղ ճանաչեց Սողոմոնին:
     Դատավարությունը, ըստ էության, վերածվել է Թալեաթի և հայոց Մեծ եղեռնի մյուս կազմակերպիչների դատի: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանն արդարացրել է 25-ամյա Սողոմոնին և հենց դատարանի դահլիճից ազատ արձակել, իսկ գերմանական մամուլը պահանջել է դատ հարուցել Թուրքիայում 1912–15 թթ-ին Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ նրա հանցավոր լռության համար:
     Ազատվելուց որոշ ժամանակ անց Թեհլերյանը մեկնել է Հարավսլավիա` Բելգրադ, ապա` ԱՄՆ` Սան Ֆրանցիսկո:
     Երևանում դրվել է Թեհլերյանի կիսանդրին, Սան Ֆրանցիսկոյում` մահարձանը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4411 | 0 | 0
Facebook