Loading...

Articles

Ռումինացի վարորդին վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը դեռ պարզ չէ. Հարուցվել է քրեական գործ

01:32, Friday, 13 December, 2013

Լոռիում ռումինացի վարորդին վրաերթ անելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության Լոռիի մարզային վարչության Գուգարքի բաժնից:

Գործը հարուցվել է ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով) եւ 244-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

Երեկվա դրությամբ ռումինացուն վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը չէր պարզվել, եւ նա չէր հայտնաբերվել, այդ ուղղությամբ ձեռնարկվում էին մի շարք միջոցառումներ: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Ռումինայի քաղաքացին բեռնատար մեքենայով ապրանք էր բերում Հայաստան: Նա իջել էր, որպեսզի շղթաները ամրացնի անվադողերին, սակայն, նախնական վարկածով, վերեւից իջնող մեքենան կորցրել էր կառավարումը եւ վրաերթ արել: «Շտապօգնությունը» չի հասցրել տուժածին տեղափոխել հիվանդանոց, ռումինացին մահացել էր:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 00։30-ին, Վանաձորի Շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ կրծքավանադակի եւ որովայնի վնասվածքներով մահացած վիճակում Վանաձորի դիահերձարան է տեղափոխվել Իոան Դեիասը՝ 1960թ. ծնված Ռումինիայի քաղաքացի։

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդել էր, որ պարզվել է, թե Իոան Դեիասը բեռնատար մեքենայի վարորդ է եւ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում, նախնական վարկածով, Սատանայի կամուրջ կոչվող ճանապարհահատվածի մոտ, փորձել է շղթաներ գցել անվադողերին եւ ենթարկվել է վրաերթի։

Դեպքի վայր է մեկնել Ճանապարհային ոստիկանության եւ Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը։ Նախնական տվյալով, վրաերթը կատարվել է «Ֆորդ» մակնիշի մեքենայով, որի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Կատարվում են որոնողական աշխատանքներ կասկածելի մեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3322 | 0 | 0
Facebook