Loading...

Articles

Ինչպե՞ս ճիշտ պայքարել սեզոնային և սննդային ալերգիաների դեմ

20:55, Saturday, 17 June, 2023
Ինչպե՞ս ճիշտ պայքարել սեզոնային և սննդային ալերգիաների դեմ
     Ալերգիաների առաջացման պատճառները բազմազան են, մինչև վերջ չուսումնասիրված: Ալերգիկ հիվանդությունները իմուն համակարգի գերզգայուն վիճակի հետևանք են: Սեզոնային ալերգիաներ, սննդային ալերգիաներ, դեղորայքային ալերգիաներ, ցանկը կարելի է անվերջ շարունակել: Ինչպե՞ս ճիշտ կառավարել ալերգիկ ռեակցիաները, խուսափել հիվանդության սրացումներից, և երբ դիմել բժշկի: Թեմայի շուրջ զրուցեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ Գոհար Մինասյանի հետ:
     - Ինչու՞ են ալերգիաները սրվում հատկապես ամռանը և գարնանը:
     - Կա ալերգիաների մի խումբ, որը կոչվում է սեզոնային: Դրանց առաջացումը կապված է ծառերի, ծաղկափոշու քթի և աչքերի լորձաթաղանթների վրա ունեցած ազդեցությամբ: Սա է պատճառը, որ այս խմբի ալերգիաները սրվում են հենց գարնան և ամռան ամիսներին, ծառերի ու ծաղիկների ծաղկման շրջանում: Սեզոնային ալերգիաները դրսևորվում են քթի փակվածությամբ, քորի զգացումով, փռշտոցով, քթահոսությամբ, ինչպես նաև աչքերի ոչ վարակային բորբոքումով, կարմրությամբ և արցունքահոսությամբ: Այս երևույթները կարող են զուգակցվել նաև մաշկի չորությամբ և ցանավորումով:
     - Կա՞ տարիքային խումբ, որին ավելի բնորոշ են ալերգիաները:
     - Ալերգիաները չունեն տարիքային սահմանափակում, սակայն ավելի հաճախ հանդիպում են երեխաների և դեռահասների մոտ:
     - Ինչո՞վ է պայմանավորված դեղորայքային ալերգիան:
     - Դեղորայքային ալերգիան օրգանիզմի իմունային համակարգի ոչ ադեկվատ, գերզգայուն պատասխանն է տվյալ դեղի կազմության մեջ մտնող բաղադրիչների հանդեպ: Դեղորայքային ալերգիայի պատճառները տարբեր են՝ ժառանգական նախատրամադրվածություն, դեղորայքային երկարատև ընդունում, սահմանված չափաբաժնի քանակի գերազանցում, միաժամանակ մի քանի տեսակի դեղորայքի ընդունում:
     -Հնարավո՞ր է մարդն ունենա ալերգիա այս կամ այն դեղորայքից և չիմանա այդ մասին, իսկ առաջին ռեակցիան հանգեցնի անդառնալի հետևանքի:
     - Այո, ցանկացած մարդ կարող է ունենալ ալերգիա որևէ դեղորայքի հանդեպ, և նախապես չիմանա այդ մասին: Որոշակի դեպքերում ցավոք սրտի՝ այդ դեղորայքի ընդունումը կարող է լինել ճակատագրական տվյալ անձի համար:
     -Սննդային ալերգիաների դեպքում որքանո՞վ է դիետան օգնում նվազեցնել կամ բուժել ալերգիան:
     - Սննդային ալերգիաների դեպքում դիետոթերապիան պարտադիր է: Եթե հայտնի է տվյալ մարդու համար ալերգեն հանդիսացող սննդամթերքը, ապա այն հանվում է սննդակարգից: Սա նպաստում է ալերգիաների սրացումների կանխմանը, սակայն ալերգիան որպես այդպիսին հիմնովին չի անցնում: Տարիների ընթացքում իմունային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված, հնարավոր է նաև ալերգիաների թուլացումը կամ վերացումը տվյալ անձի մոտ:
     - Ո՞րն է անաֆիլակտիկ շոկը, և ի՞նչ առաջին օգնություն կարելի է ցուցաբերել:
     - Անաֆիլակտիկ շոկը որևէ նյութի հանդեպ օրգանիզմի արագ և գերզգայուն պատասխանն է: Կլինիկական նշաններն են՝ մաշկի գունատությունը կամ կարմրությունը, Կվինկեյի այտուցների առաջացումը, շնչահեղձությունը, սուլող խզզոցների առկայությունը, շրթունքների և լեզվի այտուցը, որովայնային ցավերն ու փսխումը:
     Առաջին օգնության համար պետք է պառկեցնել հիվանդին ոտքերը իրանից վեր դիրքում, ապահովել թթվածնի մուտքը սենյակ: Եթե հիվանդին կատարվել է ներարկում, ապա ներարկման տեղից վեր դրվում է լարան (ժգուտ): Բժշկական առաջին օգնությունը ադրենալինի լուծույթի ենթամաշկային կամ ներերակային ներմուծումն է:
     - Կա՞ արդյոք ալերգիայի լիարժեք բուժում:
     - Ալերգիայի վերջնական և արմատական բուժում չկա, սակայն ճիշտ վարվելակերպի դեպքում կարելի է կանխել կամ նվազեցնել սրացումների հաճախականությունը:
     - Ինչ պետք է անի ալերգիա ունեցող անձը հերթական ռեակցիայից խուսափելու համար:
     - Եթե անձը գիտի, թե ինչից է իր մոտ առաջանում ալերգիա, ապա հնարավորինս պիտի խուսափի այդ ալերգենի հետ շփումից կամ ընդունումից, վարի առողջ ապրելակերպ, ընդունի առողջ սնունդ:
    
     Զրուցել ենք նաև Մարիամ Գզողյանի հետ, ով ունի ինչպես սննդային, այնպես էլ դեղորայքային ալերգիա:
    
     - Ինչպես են արտահայտվում Ձեզ մոտ ալերգիաները և ինչպե՞ս եք պայքարում դրանց դեմ:
     - Հիմնականում դրանք լինում են ցանի տեսքով, ունենում եմ փռշտոց, քոր, իսկ դեղորայքային ալերգիայի դեպքում՝ սրտխառնոց, թուլություն, դող, ջերմության բարձրացում։ Սննդային ալերգիաների դեպքում ոչինչ չեմ անում, պարզապես շատ ջուր եմ օգտագործում:
     - Հաճա՞խ եք այցելում բժշկի ալերգիայի դեմ բուժում ստանալու համար:
     - Ընդհանրապես չեմ այցելում, հղիության ընթացքում մի քանի անգամ ունեցել եմ դեղորայքային ալերգիա, որի ընթացքում բժշկից ստացել եմ համապատասխան բուժում:
     -Սննդային ալերգիաների դեպքում կարողանու՞մ եք պահել դիետա և որքանո՞վ են դրանք արդյունավետ:
     - Պարզապես չեմ օգտագործում այն սնունդը, որը կարող է ինձ համար ալերգիայի պատճառ դառնալ, դրանք են հիմնականում մրգերը, թթու, կծու ուտելիքները:
    
    
    
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ Գոհար Մինասյան
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ Գոհար Մինասյան
Մարիամ Գզողյան
Մարիամ Գզողյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5141 | 0 | 0
Facebook